HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միքայել Արամյանցի Ախթալայի դղյակը գրավադրված է բանկում

Նևիս կղզիների Չարլսթոն քաղաքում գրանցված «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան Միքայել Արամյանցի դղյակը գնել է Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամից 2005թ. սեպտեմբերի 27-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով: «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի սեփականատերը հանդիսացել է Սերոբ Տեր-Պողոսյանը (վերջինս 2011 թվականին մանկապղծության մեղադրանքով դատապարվել է 15 տարվա ազատազրկման, իսկ 2014թ. մահացել է):

Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը դղյակի հաշվեկշռային արժեքը գնահատել է 57 հազար դրամ, այն ժամանակ՝ գրեթե 100 դոլար: Այս մոտեցումներով էլ «Դեբեդ» տուրիստական հանգրվանի (Արամյանցի դղյակ) 3682,3 քմ շենքերը, 27,1 հա հողամասը, 25քմ պոմպակայանը և վերջինիս հարող 2,9 հա հողամասը, 287,5 հա զբաղեցնող անասնագոմերը և վերջինիս հարող 0,3512 հա հողամասը «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիային ուղիղ վաճառքով օտարվել է 1,2 մլն դրամով, ներառյալ՝ 200 000 դրամ ավելացված արժեքի հարկը: Պայմանագրի կողմերի իրավունքներով և պարտականություններով «Մեթըլ Փրինսը» պարտավորվել է  օբյեկտի վրա կատարել ներդրումներ և 15 տարի չփոխել հանգրվանի պրոֆիլը, այսինքն` այն օգտագործել բացառապես զբոսաշրջության նպատակով: Դրա փոխարեն «Մեթըլ-Փրինսի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը Արամյանցի տունը օգտագործել է մանկապղծության նպատակով: Այն այսօր էլ անմատչելի է հանրությանը: Սերոբ Տեր-Պողոսյանի ազատազրկումից հետո նրա կինը՝ Մադլեն Թաշճյանը, Միքայել Արամյանցի տունը գրավ է դրել «Առէկսիմբանկում»: Դեռ 1 տարի առաջ Մադլեն Թաշճյանը Արամյանցի դղյակի տարածքից հանել է իրեն պատկանող արժեքավոր գույքը, որից էլ կարելի է ենթադրել, որ նա որոշել է չվճարել վարկը, իսկ դրա դիմաց Մ. Արամյանցի դղյակն իր ամբողջ տարածքով թողնել բանկին:

«Միքայել Արամյանցի տան գրավով Մադլեն Թաշճյանին վարկավորման նպատակով «Առէկսիմբանկից» որևէ մեկը չի եղել Արամյանցի տանը, այդ դեպքում տարածքի  պահակները դա կիմանային»,-ասում է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:  Քաղաքապետը կարծում է, որ Միքայել Արամյանցի տունը հանրությանը ծառայեցնելու խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով:  

Միքայել Արամյանցի տան  հետագա ճակատագրի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

-Ի՞նչ է սպասվում Միքայել Արամյանցի տանը:

- Միքայել Արամյանցի տունը պատմական կառույց է: Ցավոք սրտի, տարիներ առաջ մի մեծ սխալ է կատարվել՝այն սեփականաշնորհել են Ախթալայի ԼՀԿ-ի հետ միասին: Արամյանցի տան սեփականատերը հայտնի Սերոբն էր՝ իր կնոջ հետ: Հետագայում,ինչպես գիտեք, Սերոբը և իր կինը ստեղծել էին «ԼՕԶԷ» ՍՊԸ-ն, որն էլ դարձել է Արամյանցի տան սեփականատերը: Սերոբի ձերբակալվելուց  հետո ՍՊԸ-ի և  Մ. Արամյանցի տան սեփականատերը դարձել է Մադլեն Թաշճյանը: Երբ մենք փորձեցինք հասկանալ, թե ՍՊԸ-ն այս պահին գործո՞ւմ է, թե՞ չի գործում, տեղեկացանք, որ ՍՊԸ-ն վարկ է վերցրել Հայաստանի բանկերից մեկից, և Արամյանցի տունը որպես գրավ դրված է բանկում: Որոշ բանկային գաղտնիքներ կան, մենք չկարողացանք մեզ համար պարզել: Համենայնդեպս, Արամյանցի տունը սեփականատիրոջից հետ վերցնելու գործընթացն ուժի մեջ է: Դրա համար մենք բազմիցս դիմել ենք կառավարություն: Մշակույթի նախարարությունը նախարարի գլխավորությամբ անձամբ շահագրգռված են, որ Արամյանցի տունը վերադարձվի համայնքին կամ պետությանը: Հիմա մնում է ընդհանուր հայտարարի գանք: Ուղղակի կանգնել ենք որոշ բարդությունների առաջ: Քանի որ Արամյանցի տունը բանկում գրավադրված գույք է, արդեն մեզ համար խնդիրներ են առաջանում հետագա աշխատանքներում:

Համենայնդեպս, ամեն ինչ անելու ենք, որ Արամյանցի տունը ճանաչվի պետական սեփականություն: Հավանական է, որ պետական սեփականություն դառնալուց հետո այն հանձնվի հուշարձանների պահպանության գործակալությանը: Քանի որ Մ. Արամյանցի տան տարածքը փակ է, ես մուտք չեմ գործել: Այնտեղ եղել եմ շատ շուտ, բայց իմացել եմ, որ ամբողջ դղյակը անմխիթար վիճակում է, և դղյակի պատի մի զգալի հատվածը արդեն փլվում է: Ըստ մասնագետների, իհարկե, հնարավոր է դղյակը վերականգնել, ուղղակի պետք է այնտեղ  ժամանակին վերանորոգման աշխատանքներ սկսվեն, այլապես շենքը կկանգնի փլուզման եզրին:

- Հնարավոր չէ՞ Արամյանցի տունը դարձնել զբոսաշրջության կենտրոն:

-Մինչև մտածելը, թե Արամյանցի տունը ինչ պետք է դառնա, պետք է կարողանանք այն սեփականատիրոջից վերցնել: Դա իրականում լուրջ գործընթաց է: Այն  ավարտին հասցնելուց հետո կարելի է մտածել, թե Արամյանցի տունը ինչ կարող է դառնալ: Բայց որ Մ. Արամյանցի տունը պատմական լուրջ արժեք է ներկայացնում ՀՀ-ի համար, դա արդեն բոլորս  ենք հասկանում: Այս առումով, ինձ թվում է, ջանքերը երբ  միատեղենք,հնարավոր կլինի հասնել այդ հաջողությանը:

- Հնարավո՞ր է Ձեր կողմից հանձնարարություն լինի այնտեղ հսկողություն սահմանելու համար: Սեփականատերը արդեն 15 ամիս է՝ Արամյանցի տան պահակներին աշխատավարձ չի վճարել: Տարածքը լքելու դեպքում դղյակը կարող է  թալանվել:

-Եթե շենքի ներսից ինչ-որ բան էլ տանեն, դա իրենից արժեք չի ներկայացնում:

-Բայց այնտեղ նորակառույց շինություններ ու գեղեցիկ ծառեր կան, որը կարող են կտրել:

-Դե, բնականաբար, այդ աստիճանի որևէ մեկը թույլ չի տա: Ինչ վերաբերում է շենքին, տանիքին ու ծառերին, իհարկե, չենք թողնի:

- Կառավարությունը տեղյա՞կ է Արամյանցի տան շուրջ ստեղծված իրավիճակին:

-Այո, այո: Կառավարությունը տեղյակ է: Մտածում էինք, որ միակ ճանապարհը Արամյանցի տունը գերակա շահ ճանաչելն է: Բայց կանգնեցինք փաստի առաջ՝ Արամյանցի տունը բանկում գրավ դրված լինելու պատճառով: Դա մի փոքր դժվարացնում է մեր աշխատանքը: Հիմա կտեսնենք՝ իրավական ինչ մոտեցումներ կլինեն, միգուցե արդեն իրավաբանները մեզ կհուշեն: Միանշանակ, Միքայել Արամյանցի տունը սեփականատիրոջից հետ վերցնելու խնդիրը մեր հսկողության տակ է: 

Գլխավոր լուսանկարում՝ Միքայել Արամյանցի ընտանիքը` դղյակում

Մեկնաբանություններ (2)

Գնուն
Ես մտածում էի թե Հայաստանում էսպիսի շինություններ չկան, որ հեքիաթ է հիշեցնում,բայց ար ու տես,որ կա; Բացառիկ շինություն ու իսկական հնություն,121 տարեկան : Պետքա լուրջ մտածել էս իսկական պատմա-մշակութային արժեքի մասին,հասկանալիա,որ այն ունի սեփականատեր,գրավադրված է,բայց չենք կարող թողնել,որ հենց էնպես գնա ու վերանա էս առանձնատունը: Չեմ հասկանում չկա էնպիսի մարմին,որը մտածումա էս տան մասին: Ու խնդիրը նաև գալիսա էնտեղից,որ քչերը գիտեն,էս շինության մասին:
Գեւորգ
Այդ գործի համար Ա. Նալբանդյանին կարելի է հատուկ շնորհակալություն հայտնել ու հաջողություն ցանկանալ՝ որպես Լոռեցի: Իսկ էդ ,,սեփականաշնորհում,, կոչվող գողության կնքահորը, (որը հիմա Մոսկվայում պաշտոնի է խցկվել) ամոթ ու անարգանք: Նա ,,լոռեցի,, կոչվելու իրավունք չունի, քանի որ կոպեկներով ծախվեց մանկապիղծ Սերոբին - Արամյանցի տան հետ միասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter