HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Նոր Ընտրական օրենսգիրք. հերթական ծուղա՞կ, թե՞ «պատմական շանս»

Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները պետք է հրապարակվեն, ընտրատեղամասերում տեղադրվեն տեսախցիկներ, իսկ դիտորդների արտոնագրումը վերացվի. մարտի 15-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակության հիմնական պահանջն ամփոփ ներկայացրեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Քննարկման նպատակն էր հանրային բանավեճի միջոցով վեր հանել ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած բացերն ու արդյունավետ ընտրական մեխանիզմների ապահովման խնդիրները:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» միավորման (ԳՀԲՀ) կողմից կազմակերպված թվով երկրորդ քննարկմանը ներկա չէին որպես բանախոսներ հրավիրված ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցի՝ նոր Ընտրական օրենասգրքի ընդունումը բխում է իշխանության սահմանադրական փոփոխություններ անցկացնելու տրամաբանությունից, այն է՝ կառավարման համակարգի փոփոխման միջոցով իշխանության լծակների տիրապետման խնդրի լուծումը: Վերջինի դեպքում հանրությունը լիարժեք մասնակցություն չունեցավ նախագծի մշակմանը: Այս անգամ ՔՀ անդամները մասնակցել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կազմակերպված նախագծի քննարկմանը, որին ներկա էին նաև Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչները, և ներկայացրել իրենց մոտեցումները: 

«ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ն արձանագրել է, որ նույնիսկ 70-ից ավելի քրեական գործերի հարցուցումը այն արդյունավետ մոտեցումը չէր, որը կարող էր բարձրացնել ժողովրդի վստահությունը ընտրական գոծընթացների հանդեպ, քանի որ մենք բոլորս էլ տեսանք այդ խախտումների բնույթը, և ընդհամենը 70 կամ 100 քրեական գործերը ոչ համարժեք վերաբերմունք են հանդիսանում»,- ասաց Սաքունցը:

Սաքունցը զարմանքով նշում է, որ ընտրությունների ժամանակ կատարված իրենց դիտարկումներն առ այն, որ 60 տոկոս մասնակցություն ապահոված ընտրատեղամասերում տեղի են ունեցել լցոնումներ, ՀՔԾ-ն այդ դեպքերի առնչությամբ որոշում չի ընդունում՝ որակելով դրանք չհիմնավորված, իսկ դատարանն էլ հաստատում է այդպիսի դիրքորոշումը, մինչդեռ Եվրոպական դատարանը գտել է, որ վիճակագրական տվյալների համեմատությունը հիմք կարող է լինել ընտրակեղծիքների առկայության փաստը վիճարկելու համար (Քարիմովն ընդդեմ Ադրբեջանի): 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նոր Ընտրական օրենսգիրքը որակեց խնդրահարույց և նշեց, որ այն արդեն իսկ ներկայացվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, քանի որ դրա մշակման սկզբնական փուլում քաղաքացիական հասարակությունն ընդհանարպես մասնակից չի եղել:

«Սա խախտում է հանրաքվեից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված հանձնարարականն այն մասին, որ ընտրական օրենսգրքի մշակումները պետք է լինեն ներառական»,- ասում է նա: 

Տիգրանյանն ընդգծում է, որ արդարդատության նախարարության կողմից կառավարության նիստին ներկայացնելու պահին նախագիծը դրված չէր ո՛չ ԱՆ-ի, ո՛չ ԿԸՀ-ի և ո՛չ էլ կառավարության կայքերում, ինչը նշանակում է, որ խախտվել է հանրային քննարկման համար 15-օրյա ժամկետում քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցության օրենսդրական պահանջը: Մինչդեռ հիմնավորող փաստաթղթերում պետք է ներառված լինեին նաև առաջարկվող կարգավորման ազդեցության գնահատումները, որոնք այդպես էլ տեղ չեն գտել նախագծին կից ներկայացվող տեղեկանք-եզրակացության մեջ: 

Անդրադառնալով նախագծում տեղ գտած էլեկտրոնային համակարգին՝ Տիգրանյանը նշեց, որ այն էլեկտրոնային քվեարկություն չէ, այլ ընդհամենը գրանցման համակարգ է և չի վերաբերում թղթային անձնագրեր ունեցողներին։ Սակայն նախագծում ներկայացված չէ պահանջ այն մասին, որ ընտրատարածքների ընտրողների ռեգիստրում պետք է գործի միասնական փոխկապակցված համակարգ, որի միջոցով հնարավոր կլիներ պարզել, թե արդյոք տվյալ անձը մեկ այլ ընտրատեղամասում արդեն քվեարկել է թե ոչ, ինչն այս համակարգ դարձնում է անօգուտ:

«Ստացվում է, որ մի քանի փաստաթուղթ ունեցող անձը կարող է քվեարկել։ Բացի այդ էլեկտրոնային գրանցման աշխատանքը կատարելու համար ավելացվել է ևս մեկ սուբյեկտ՝ էլեկտրոնային մասնագետը, որը հասկանալի չէ՝ հանձնաժողովի անդամ է, թե՝ ոչ, կամ ասենք՝ որ ժամին վերջինս իրավունք ունի մուտք գործել ընտրատեղամաս, ինչ պարտականություններ ունի»,- նշեց Տիգրանյանը։

Նա մանրամասն ներկայացրեց ընտրական գործընթացում մասնակից սուբյեկտների իրավունքների սահմանափակման, անհարկի նորամուծությունները՝ գունավոր թերթիկների, ընտրածրարը «ճիշտ» դակելու և ընտրական գործընթացը քաղաքացու համար բարդացնող այլ մանրամասները:

Լևոն Բարսեղյանը առաջարկվող ընտրական համակարգը բնորոշեց որպես ծաղրանկար: Ըստ նրա՝ ստացվում է, որ հանրությունը հարկեր է մուծում այն բանի համար, որ մշակվի նոր Ընտրական օրենսգիրք, որի նպատակն է ապահովել ընտրությունների կեղծումը, ոչ թափանցիկ լինելը և հանրությանը հաշվետու չլինելը: Բարսեղյանն ընդգծեց տեղական դիտորդների նկատմամբ դրսևորվող խտրականությունը, որոնցից պահանջվում է քննություն հանձնել: Ասպարեզ ակումբն այս սահմանափակումը շրջանցում է՝ ընտրություններին ներկայացնելով ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչն առաջացնում է իշխանության դժգոհություն:

«Նոր նախագծի մեջ գրել են՝ ութ հոգի կարող են լինել դիտորդ և ԶԼՄ ներկայացուցիչ. ստացվում է, որ որոշ դիտորդների արյունն ավելի կապույտ պետք է լինի, քան մյուսներինը, և հետո ինչպես են որոշելու, թե քանի դիտորդ ու քանի ԶԼՄ ներկայացուցիչ պետք է լինի»,- ասում է Բարսեղյանը և ավելացնում, որ ճեղքերն ու ճաքերը, միևնույն է, կօգտագործվեն՝ շրջանցելու համար նաև ցուցակները տեսալուսանկարահանելու միջոցով հանրությանը հասանելի դարձնելուն խոչընդոտող բոլոր սահմանափակումները: Բարսեղյանը մտահոգություններ հայտնեց նաև տեղական ընտրությունների առնչությամբ նախագծում տեղ գտած թերությունների կապակցությամբ: 

«Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի ծրագրի համակարգող Դանիել Իոնեսյանը գտնում է, որ առաջարկվող պրոցեդուրաները շատ բարդ են: Ըստ նրա՝ նույնիսկ գոյություն ունեցող ավելի պարզ մեխնիզմի դեպքում ընտրություններին մասնակցող տարեց մասնակիցներին դժվար է հասկանալ, թե ինչպես պետք է քվեարկել, մինչդեռ հիմա առաջարկվում է գլուխ հանել գունավոր թերթիկներից ու այլ անհարկի բարդացումներից.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ընտողների գերակշիռ մեծամասնությունը տարեցներ են՝ ընտրական պրոցեսը կարող է ուղղակի տապալվել»,- գտնում է Իոնեսյանը: 

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը ընդգծեց, որ անհրաժեշտ է սուղ ժամկետներում միասնական մոտեցում մշակել ու կոնկրետ առաջնայնություն հանդիսացող պահանջներ ներկայացնել, որի դեպքում հաջողությունն ավելի հավանական է, քան եթե ներկայացվի առաջարկների մի մեծ ցուցակ: Մանուկյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններն այլևս ավելի կարևոր են դառնում և սրան պետք է շատ լուրջ վերաբերվել:

«Հայաստանում երբեք այսքան կոնսոլիդացիա չի եղել այս հարցի առնչությամբ, և եթե մենք այս պատմական շանսը բաց թողեցինք, մեղավորը մենք կլինենք»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա էին նաև «Ժառանգության» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին տեղի ունեցած նախորդ քննարկման ժամանակ օրենսգրքի նախագիծը դեռևս հրապարակված չէր: 

Համանման քննարկումներ են նախատեսված նաև Գյումրիում և Վանաձորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter