Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Եթե չվաճառեինք, կարող է և փակեինք հիմնարկը». Հրաչ Ջաբրայան



«Հետքի» հարցերին պատասխանում է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը

-«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի վաճառքի մասին պայմանագիր եք կնքել ռուսական «Պոլիմեթալ Ինթերնեյշընլ» (Polymetal International) ընկերության հետ: Նախորդ տարվա ապրիլին «Հետքին» ասել էիք, որ պիտի հանդիպեք վարչապետի հետ, և եթե 3,8 մլրդ դրամը (ֆիննախի օպերատիվ հետախուզության վարչությունը 2014-ին մի շարք խոշոր ընկերությունների դեմ լրացուցիչ վճարման ենթակա գումարների ակտեր էր կազմել) բռնագանձեն ու նոր ռոյալթիներ հաշվարկեն, կփակեք հիմնարկը: Արդյո՞ք դա է պատճառը, որ վաճառում եք հանքը:

-Չեմ կարող ասել, որ դա էր պատճառը, բայց ասեմ, որ չարյաց փոքրագույն տարբերակն էր հանքը վաճառելը: Եթե չվաճառեինք, կարող է և փակեինք հիմնարկը: Հակառակ որ 2015 թ. արտադրության տեսակետից լավ տարի էր, մանավանդ պղնձի ու ոսկու գների անկումը շատ մեծ բացասական ազդեցություն ունեցավ, և տարին փակեցինք մոտ 10 մլն դոլար զուտ վնասով: Եթե նկատի առնենք, որ անցյալ 4 տարիներին միասին մոտ 48 մլն դոլար գումար ենք կորցրել, առավել ևս ներդրումները, որոնք պիտի կատարվեին, այլևս իմաստալից չէր մեր ռազմավարական ծրագրերի մեջ հանքավայրը պահելը: Եվ կարծում եմ՝ ճիշտ որոշում էր այն վաճառելը: Գոնե կշարունակի աշխատել:

-Մյուս կողմից՝ հենց Կապանում խոսակցություններ կան, որ Շահումյանի հանքավայրում ոսկու պաշարներով շերտն ավելի է խորացել, և արդեն դժվար էր այնտեղից հանքաքար հանելը: Այսինքն՝ նաև հավելյալ ռեսուրսներ պետք է ներդրվեին դրա համար: Կա՞ նման խնդիր:

-«Պոլիմեթալ» ընկերության հայտարարության մեջ կտեսնեք, որ 16 մլն տոննայից ավելի պաշար կա, ստորգետնյա հետախուզության աշխատանքները շարունակվում են, տարեցտարի հայտնաբերվում են նաև պաշարներ այդտեղ:

Ինչ վերաբերում է հանքի խորանալուն, նորմալ է, ստորգետնյա հանք է, ինչքան շահագործես, այնքան խորը պիտի գնաս կամ ընդլայնես: Եվ աշխատանքները կշատանան: Կարող է հանքը նոր մեեթոդների կարիք ունենա: Ճիշտն ասած, անցյալ տարի մասնագետներ էի հրավիրել, եկան նայեցին, որոշ տարբերակներ մեզ ներկայացրեցին, թե ինչպես հանքը կարելի է ավելի արդյունավետ շահագործել: Մնացածը հիմա կմնա նոր սեփականատիրոջ հայացողությանը, թե ինչպես կուզեն օգտագործել, բայց վստահ եմ՝ նոր մեթոդներ կներկայացնեն հանքում:

-Վաճառքի մասին պայմանագրում նշվում է, որ 10 մլն դոլարը կանխիկ միջոցներ են, 15 մլն-ի էլ բաժնեմաս է տրվելու «Դանդիին», հավելած՝ 2 տոկոս ռոյալթին, որը չպիտի գերազանցի 25 մլն դոլարը: Դա նշանակում է, որ «Պոլիմեթալում» «Դանդին» բաժնեմաս է ունենալու , այո՞: Եվ այդ բաժնեմասը մոտ քանի տոկոս է լինելու:

-Չեմ կարող ասել, «Պոլիմեթալի» բաժնետոմսերի մասին մանրամասնություններ չունեմ: Իրենց բաժնետոմսերից 15 մլն դոլարանոց բաժնետոմս գալու է «Դանդի Փրիշս Մեթալս»-ին, և առաջիկա արտադրությունից, այսինքն՝ խտանյութը, որ պիտի արտահանեն, վաճառեն, ձուլեն, դրա շահույթի 2 տոկոսը՝ մաքսիմում 25 մլն դոլար, կփոխանցվի «Դանդիին»: Այդ մեկը մեզ համար շատ կարևոր է, որովհետև նշանակում է, որ հանքավայրը տակավին աշխատելու է, ներդրումներ են լինելու: Բնականաբար, ինձ համար ամենակարևոր բանն այն է, որ հանքավայրը ներդրում ունենա, աշխատանքը շարունակվի այդտեղ: Եվ ուրախ եմ ասել, որ «Պոլիմեթալ» ընկերության ծրագիրը աշխատանքը շարունակելն ու նոր ներդրումներ կատարելը, որ շատ կարևոր է այժմ Սյունիքի համար:

-Այսինքն՝ բաժնետեր եք դառնալու «Պոլիմեթալում»: Եվ անուղղակի մասնակցություն ունենալու եք հայաստանյան հանքարդյունաբերությունում:

-Որպեսզի հստակ լինի. «Դանդի Փրիշս Մեթալս»-ը (նկատի ունի կանադական ընկերությունը- հեղ.) կունենա 15 մլն դոլարի բաժնետոմս «Պոլմիեթալ» ընկերության մեջ, որը կապ չունի Կապանի հետ: Կապանի հետ կապված ռոյալթիների 2 տոկոսն է լինելու, որ փոխանցվելու է առաջիկա տարիներին, թե ինչքան կարտահանեն, ինչքան կմշակեն, ինչքան շահույթ կունենան, թե ինչքան ժամանակում այդ երկու տոկոսը կհասնի 25 մլն-ի, չգիտեմ:

-Իսկ ի՞նչ կտրվածքով է հաշվարկվել այդ երկու տոկոսը:

-Անկեղծ ասած, չեմ կարող ասել, այդ անձինք փակ դռների հետևում բանակցություններ վարեցին...

-Դուք չե՞ք մասնակցել այդ բանակցություններին :

-(Մի պահ դադար է պահում -հեղ.) Չէ, չեմ մասնակցել (ծիծաղում է- հեղ.):

-Էժան չե՞ք վաճառել հանքը:

-Գուցե էժան թվա՝ նկատի առնելով, որ այդտեղ հսկայական ներդրումներ ենք արել: Բայց մի քանի ֆակտորներ կան, որոնք նկատի պիտի առնենք. մետաղի գները, որոնք շատ ցածր են այս պահին, և Կապանի հանքավայրի ներկա արտադրությունը համաշխարհային մակարդակով եթե նայեք, շատ-շատ փոքր է, այսինքն՝ արդարացուցիչ եկամուտ չունի այդ հանքը: Երկրորդ՝ նկատի պիտի առնենք, որ 2016 թ.-ի համար ծրագրված կապիտալ մեծ ներդրումներ կան, որոնք այժմ իր վրա պիտի վերցնի «Պոլիմեթալ» ընկերությունը:

Եթե այս բոլորը նկատի առնենք ընդհանուր պատկերի մեջ, կարող է այդքան էլ էժան չէ, բայց եթե միջազգային գները նորմալ լինեին, հանքն արդյունավետ արտադրություն ունենար, շահույթ թողներ այս պահին, կարող ենք համարել, որ էժան էր:

-Հիմա քանի՞ աշխատող ունեք:

-1200:

-Նրանք շարունակելո՞ւ են աշխատել:

-Բնականաբար, չեմ կարող պատասխանել նոր սեփականտիրոջ կողմից:

-Բայց բանակցություններում ինչ-որ խոստումներ տվե՞լ են այդ մարդկանց:

-Խոստումներ ոչ մեկը չի տա, որովհետև տրամաբանական չէ: Մենք չենք կարող պահանջել խոստումներ, բայց, բնականաբար, մեր ցանկությունն է, որ թիվը չնվազի, նույն թվով մարդիկ շարունակեն աշխատել, հուսով եմ՝ աշխատավարձերն ավելի կբարձրացնեն: Ինչո՞ւ եմ այդպես ասում: «Պոլմիեթալ» ընկերությունը շատ հզոր ընկերություն է: Եթե նայենք նրանց տարեկան արտադրության կարողություններին, իսկապես, շատ ուժեղ են ֆինանսապես:

-Իսկ այդ դեպքում Ձեր ասած հզոր ընկերությունն ինչո՞ւ հետաքրքրվեց համաշխարհային ֆոնին Կապանի փոքր արտադրությամբ:

-Կարծում եմ՝ ճիշտ կլինի իրենց հարցնեք: Իրենց հայտարարության մեջ կարդացի, որ ծրագիր ունեն մշակել Լիճքվազի հանքը, որ անցյալ տարի վերցրել էին: Իմանալով, որ Կապանի հանքավայրից ոչ շատ հեռու է Լիճքվազի հանքը, նկատի ունենալով, որ այսօր մեր ֆաբրիկան օգտագործում ենք 50 տոկոս կարողությամբ, և մեր ֆաբրիկան կարողություն ունի շատ ավելի մշակել՝ իրենք ծրագրեր ունեն Լիճքվազի հանքավայրը շահագործել, միացնեն, փորձեն ստեղծել կենտրոն: Իսկ թե դրանից ավել ինչ ծրագրեր ունեն, չեմ կարող ասել:

-Վայոց ձորում Ձեր ընկերությունը ոսկու հետախուզման լիցենզիա ունի: Ի՞նչ եք պատրաստվում անել այդտեղ:

-Այդտեղ կա երկու տարածք, որոնք անցյալ տարի, այլ ընկերության հետ միանալով, ձեռք բերեցինք, մակերեսային հետախուզման աշխատանքներ էինք ուզում տանել անցյալ տարի: Գեոլոգները գնացին, այդ տարածքներից նմուշներ հավաքեցին, և նախնական տվյալներով արդարացնում է: Այս տարի կշարունակենք հետախուզական աշխատանքները: Կարող է մի քանի հորատումներ անենք այս տարի, և տեսնենք՝ եթե արդյունք տվեց, եկող տարվա ամռանը կարելի է մշակել հետախուզության լուրջ ծրագիր, բայց մինչև այդտեղ աշխատանք չտանենք, անկեղծ ասած, չեմ կարող ասել: Տակավին շատ նախնական է:

-Հետախուզման լիցենզիա ունեք, փաստորեն:

-Երկու ընկերությունների հետ համագործակցության մեջ մտանք, որոնք արտոնագրեր ունեն: Իրենց արտոնագրեր են, բայց ներդրումները մենք պիտի անենք, և այդ արտոնագրերը շահագործենք որպես գործընկերներ:

-Ո՞ր ընկերություններն են:

-Այս պահին չեմ կարող ասել, նախընտրում եմ չասել:

Վերջին 3-4 տարիներին երբ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ շարունակաբար հանդիպումներ էինք ունենում, մեր երկրի խնդիրներից մեկը միշտ եղել է այն, որ արտոնագրերը տրված են, բայց ոչ մի բան չի արվում այդ տարածքներում: Նկատի ունենալով, որ բնական պաշարները Հայաստանի ամենամեծ հարստություններից մեկն են՝ Հայաստանի տնտեսության համար չի արդարացնում, որ արտոնագրերը տրվեն և չշահագործվեն: Կարծում եմ՝ ճիշտ ձևերից մեկն այս է, եթե պետք է տրվի արտոնագիր, թող ներդրում կատարվի, մենք էլ իմանանք, կառավարությունն էլ իմանա՝ այդտեղ ինչ-որ բան կա, եթե չկա, հարցը փակված է, եթե կա՝ այլևս կմշակվեն առաջիկա ծրագրերը:

-Այսինքն՝ Կապանում «Պոլիմեթալն» աշխատելու է «Դանդիի» ստացած արտոնագրով:

-Այո, ընկերությունն է գնում ամեն ինչով՝ արտոնագրով, աշխատակիցներով, տեխնիկայով... Ամեն ինչը գնում է «Պոլիմետալին»:

-2015-ը «Դանդին» վնասո՞վ է փակել Կապանում:

-Այո, 10 մլն դոլար վնասով փակեցինք: Մեր բյուջեն 54 մլն դոլար էր, մենք ծախսել ենք 44 մլն դոլար, բայց մեր եկամուտը կազմել է միայն 35 մլն դոլար, այսինքն՝ 9,5 մլն դոլար վնասով ենք փակել: Այդ 44 մլն-ի մեջ, անշուշտ, կապիտալ ներդրումը կա, որ ստիպված ես անել: Ստորգետնյա հանքի կապիտալ ծախսը շատ է: Հետախուզական ստորգետնյա ծախսը շատ է, որ ստիպված ես անել, եթե ոչ, չես կարող շահագործել հանքավայրը, եթե ճիշտ պիտի շահագործես: Դրա համար վնասով ենք փակել:

-Նախորդ տարի ֆինանսների նախարարությանը դատի էիք տվել: Ի՞նչ փուլում է գործը:

-Փետրվարի 29-ին դատական վերջին նիստն էր, որը տեղի չունեցավ: Ինձ համար էլ մի քիչ հետաքրքրական էր, որովհետև դատարանից մեր փաստաբանները հեռաձայն ստացան, և ասացին, որ նիստը տեղի չի ունենալու, սակայն ոչ մի պատճառ չէին նշել: Հաջորդ նիստի թվականը տակավին հստակ չէ: Չգիտեմ, կարող է փաստաբաններին զեկուցեն, բայց գոնե ինձ չի զեկուցվել հաջորդ նիստի թվականը:

-Եթե դատարանը «Դանդիի» դեմ վճիռ կայացնի, այդ պարտավորությունը ստանձնելու է «Պոլիմեթա՞լը»:

-Տակավին չենք հանձնել հիմնարկը, պետք է տեսնենք, թե ինչ է լինելու այս ժամանակահատվածում (գործարքն ավարտվելու է հունիսի 30-ին- հեղ.), որովհետև մինչև հիմնարկի հանձնումը իրավական սեփականատերը «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունն է:

-Հնարավո՞ր է, որ մինչև հունիսի 30-ը բոլոր ատյաններում դատական գործն ավարտվի, և համաձայնություն գաք պարտավորությունը հետաձգելու մասին, որպեսզի ռուսական կողմը վճարի: Իրենք տեղյա՞կ են դատական վեճի մասին:

-Անշուշտ, տեղյակ են, բոլոր մանրամասնությունները տրամադրել ենք իրենց: Դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում, բայց մի բան հստակորեն կարող եմ ասել, որ թափանցիկորեն ամեն ինչ տրամադրել ենք մեր ռուս գործընկերներին, և իրենք բոլոր մանրամասնություններից տեղյակ են: Եվ եթե հարցը չվերջանա մինչև այդ ժամանակահատվածը, որ պիտի հանձնենք, անցնելու է իրենց, այսինքն՝ իրենք են շարունակելու այդ վեճը ֆինանսների նախարարության հետ:

Լուսանկարը՝ Հ. Ջաբրայանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ