HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ներսես Գալստյանը կարող է դատապարտվել մահապատժի

Լոս Անջելեսի դատարանում հաստատվել են 32-ամյա Ներսես Գալստյանին առաջադրված մեղադրանքները: Նա մեղադրվում է չորս հոգու սպանության մեջ: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի փաստաբանների գրասենյակը:

Երդվյալ ատենակալների մասնակցությամբ հաջորդ նիստը կգումարվի մարտի 28-ին` որոշելու արդյոք Գալստյանին դատապարտել մահվան, թե ցմահ ազատազրկման:

Ներսես Գալստյանը հայտնի է Լոս Անջելեսի բնակչության, մասնավորապես` իրավապահ մարմինների և լրատվամիջոցների շրջանակում` որպես Riverside Drive փողոցի աղմկահարույց սպանության գլխավոր հերոս: Թեև դեպքը տեղի է ունեցել մոտ վեց տարի առաջ, ու Գալստյանը կալանքի մեջ էր, սակայն դատավճիռ կայացնելու համար դատարանը տարիներ շարունակ բավարար ապացույցներ չէր գտնում:

Ն. Գալստյանը մեղադրվում է 2010թ. ապրիլի 3-ին Հյուսիսային Հոլիվուդում` Hot Spot ռեստորանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ 25-ամյա Հայկ Եգնանյանի (Hayk Yegnanyan), 31-ամյա Վարդան Թոֆալյանի (Vardan Tofalyan), 26-ամյա Սարգիս Քարաջյանի (Sarkis Karadjian) և 28-ամյա Հարութ Բաբուրյանի (Harut Baburyan) սպանության մեջ:

Հայկ Եգնանյան, Սարգիս Քարաջյան, Հարութ Բաբուրյան, Վարդան Թոֆալյան(ձախից)

«Գալստյանն այցելել էր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով մահացած ընկերոջ հիշատակի արարողությանը, որտեղ էլ վեճի է բռնվել ռեստորանի ներսում գտնվող իր մի քանի ծանոթների հետ: Այնուհետև դուրս է եկել ռեստորանից, մեքենայի միջից վերցրել ատրճանակը և կրակ բացել»,- հայտնել է դատախազությունը:

2010թ․ դատավարական առաջին նիստերից մեկի ժամանակ դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ Ներսես Գալստյանն իր զենքից կրակել է նվազագույնը 50 անգամ, և արձակված փամփուշտներից 30-ը հայտնաբերվել են ներկաներից վեց հոգու մարմնի մեջ: Վիճարկվում էր այն հարցը` արդյոք Գալստյանն այդ քայլին դիմել է, որովհետև իր կյանքին վտանգ էր սպառնում. այսինքն` հակառակ դեպքում նրան կկրակեի՞ն գնդակահարության զոհ դարձած իր ծանոթները, թե՞ ոչ:

Ն. Գալստյանի դեմ քրեական գործը հարուցվեց 2010թ. ապրիլի 22-ին: Նախաքննական նյութերում նշվում էր, որ ռեստորանի հավաքին Գալստյանը գնացել է եղբոր` Սեմ Գալստյանի (Sam Galstyan) հետ` մասնակցելու նախորդ տարի ավտովթարի զոհ դարձած Արտյոմ Թաշճյանի հիշատակի արարողությանը: Ընկերոջ գերեզմանին այցելելուց հետո խումբն ուղևորվել է Hot Spot ռեստորան: Երբ հավաքը ցրվել է, մոտ 12 հոգանոց խումբը մնացել է ռեստորանում, այդ թվում` Ներսես Գալստյանը` եղբոր հետ: Այնուհետև նշվում էր, որ Ն. Գալստյանը դուրս է եկել ռեստորանից, ապա վերադարձել և բացել կրակը:

Դեպքի վայրը, աղբյուրը` patch.com

Գալստյան եղբայրները ձերբակալվեցին դեպքից շաբաթներ անց: Սեմ Գալստյանն ավելի ուշ ազատ արձակվեց, քանի որ իշխանությունները բավարար ապացույցներ չունեին նրան կալանքի մեջ պահելու համար:

Ն. Գալստյանի պաշտպան Ալեքս Քեսելը (Alex Kessel) դատավարության առաջին նիստերի ժամանակ երդվյալ ատենակալների առաջ հայտարարել էր, որ հրաձգությունը եղել է ինքնապաշտպանություն: Նա մանրամասնում էր, որ կրակոցի զոհ դարձած Հայկ Եգնանյանը վտանգ է զգացել, այնուհետ կանչել է ընկերներին` Հարութ Բաբուրյանին և Սարգիս Քարաջյանին, ովքեր ռեստորան են ժամանել զենքերով և փորձել վախեցնել Գալստյան եղբայրներին: Փաստաբանը նշում էր` դա Ներսես Գալստյանին այնքան է ահաբեկել, որ նա կրակ է բացել:

Քրեական գործը հարուցելու օրը` ապրիլի 22-ին, Լոս Անջելեսի ոստիկանությունը ենթադրում էր, որ Ներսես Գալստյանը հանցագործությունը կատարելու պահին «կորցրել է հավասարակշռությունը» կրակոցի զոհերի` իր նկատմամբ «նսեմացնող» վերաբերմունքից:

Ն. Գալստյանի դեմ դատական նիստերից մեկի ժամանակ վկայություն են տվել Սարգիս Թերզյանը (Sarkis Terzyan) և Նշան Նորդշկարյանը (Nshan Nordshkaryan), ովքեր նախկինում ասել էին, որ չգիտեն կրակողի ինքնությունը: Իսկ Գալստյանի փաստաբանի դիտարկմանը, թե ինչու են փոխում ցուցմունքը, պատասխանել են, որ վախենում էին: Փաստաբանն, ի պատասխան, հայտարարել էր, որ վկաների ցուցմունքները կասկած են հարուցում, քանի որ ժամանակի ընթացքում փոփոխվում են:

Գործով վկաներից մեկն էլ Դավիթ Աղազարյանն էր (David Agazaryan): Նշվում էր, որ նա դեպքի օրը ռեստորանում 11 կրակոց է ստացել և ողջ մնացել:

Լրատվամիջոցների հետ զրույցներում նա նշել է, որ որոշել է բարեգործությամբ զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում` որպես երախտագիտություն` հրաշքով փրկվելու համար:«Ես հաջողակ եմ: Ես կորցրել եմ աչքս, ունեմ ոսկրային կոտրվածքներ, բայց այստեղ եմ, քայլում եմ, խոսում եմ»,- ասել է Դ․Աղազարյանը:

Նշենք, որ այս դեպքից հետո և լրատվամիջոցներում, և Լոս Անջելեսի հայ համայնքում խոսակցություններ էին պտտվում, որ Ն. Գալստյանը մաֆիայի անդամ է և որ կապ ունի զենքի ապօրինի առևտրի հետ, միայն թե հստակ հղումներ չկային, թե Լոս Անջելեսում պաշտոնապես ճանաչված որ խմբավորմանն էր նա հարում: Կենդանի մնացած Դավիթ Աղազարյանը, սակայն, նշում էր, որ Ն.Գալստյանից այդ տպավորությունը չի ստացել: «Ասում են, որ նա բանդայի կամ մաֆիայի հետ է կապված, բայց ես անկեղծ ասած, լինելով այնտեղ, չեմ տեսել բանդայի առնչվող ինչ-որ բան»,- ասել էր Աղազարյանը:

Ավելի վաղ փաստաբանների գրասենյակի և դատախազության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Գալստյանին սպառնում է մահապատիժ` առաջադրված մեղադրանքները հաստատվելու դեպքում:

Առաջին լուսանկարում` Ներսես Գալստյանը, աղբյուրը` www.lapdonline.org 

Մեկնաբանություններ (1)

Ofelia
Это какой пазор свои,своих же убивают,а чего же ожидать от других.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter