HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի այն կողմում

Փոքրիկ Գեւորգն ու Էլյան ունեն ընդամենը երկու գիրք՝ «Սուտասանը» հայկական ժողովրդական հեքիաթը եւ անատոմիայի դասագիրքը:

Ունեն նաեւ մի տիկնիկ՝ կոտրված ձեռքերով: Հեքիաթը «Վերջին զանգին» նրանց նվիրել են տասներորդ դասարանցիները հարեւան գյուղում, իսկ թե ինչպես է անատոմիայի դասագիրքն իրենց տանը հայտնվել, ոչ մեկն արդեն չի հիշում:

Հեքիաթը երեխաներին առանձնապես չի հետաքրքրում. ըստ իրենց՝ «այնտեղ միայն ձանձրալի քեռիների նկարներն են»:

Իսկ անատոմիայի դասագրքում նկարները հետաքրքիր են:

Այն նկարը, որտեղ պատկերված է, թե ինչպես են ճիշտ հագցնում թթվածնային դիմակը, Գեւորգը մեկնաբանում է այսպես. «Քեռին բենզին է խմում»:

Հնգամյա Էլյան հաջորդ տարի գնալու է դպրոց: Իր հայրենի Քարագլուխ գյուղում, որն իրենք՝ գյուղացիները, կոչում են Քարուտ, ընդամենը երեք ընտանիք է ապրում, ու չկա դպրոց: Նա ստիպված է լինելու անտառով 2 կմ քայլել հարեւան Շալուա գյուղի դպրոց: Շալուայում բնակեցված է ութ տուն:

Քարուտը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից մեկն է: Գյուղերը բնակեցված են Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականներով, Հայաստանի քաղաքացիներով, ովքեր այստեղ են տեղափոխվել ղարաբաղյան պատերազմից հետո՝ վերաբնակեցման պետական ծրագրով, եւ բնիկներով, ովքեր վերադարձել են պատերազմից հետո:

Մինչ պատերազմը Քաշաթաղը համարվում էր Ադրբեջանի տարածք, պատերազմից հետո այն Ղարաբաղի վարչական սահմաններում է: Քաշաթաղցիներն ասում են, որ իրենց զգում են մոլորված, անպետք եւ՛ Հայաստանին, եւ՛ Ղարաբաղին:

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից ճանապարհը բարձրանում է դեպի գյուղերը: Ամենուր կարելի է տեսնել կիսավեր տներ: Չնայած` այն ճանապարհ անվանելը չափազանցություն է. դա նեղ արահետ է լեռների մեջ, որը ամեն մեքենա չի հաղթահարի: Մի կողից կախված են ժայռերը, մյուս կողմում փռված է ձորը: Ամիսը մեկ անգամ Բերձորից դեպի հյուսիսային գյուղեր «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար է ուղեւորվում՝ սննդամթերքով եւ տարբեր իրերով:

Առաջ ավտոբուս էր գնում Շալուա: Հարեւան գյուղերից բնակիչներն իջնում էին Շալուա, եւ ավտոբուսը նրանց տանում էր Բերձոր, իսկ երեկոյան բերում էր ետ: Հիմա քաղաք հասնելու համար այն հազվադեպ գյուղացիներին, ովքեր մեքենա ունեն, պետք է շուրջ 7000 դրամ վճարել բենզինի համար: Գեւորգի եւ Էլյայի հայրը` Աղավելյան Ռուբենը, «Վիլիս» մեքենա ունի: Մնում է միայն զարմանալ, որ մեքենան ոչ միայն դեռ «շնչում է», այլեւ բարձրանում է քարքարոտ արահետը:

Բերձորից մեքենայով մեզ հետ Դրախտիկ գյուղ տարանք Լիլիթ անունով մի կնոջ, որի երեխային Բերձորի հիվանդանոցում բուժել էին թոքաբորբից: Իր գյուղ հասնելու համար Լիլիթն ուներ երեք հնարավորություն՝ կամ սպասել ԿԱՄԱԶ-ին, կամ գյուղացիներից մեկի մեքենային, ով կանցներ այդտեղով եւ կվերցներ իրեն, կամ էլ, երեխան ձեռքին, ոտքով հաղթահարել 50 կմ: Հիվանդանոց տեսակցության եկած Լիլիթի եղբայրը` Արսենը, դեպի գյուղ ճանապարհ էր ընկել մեկ օր առաջ` ոտքով: Երբ հասանք Դրախտիկ, նա դեռ չէր հասել:

Գարնան վերջը տարվա ամենալավ եղանակն է այստեղ: Ամռանը արեւն է այրում, ձմռանը սառույցի պատճառով հաճախ վտանգավոր է արահետով քայլել:

Քաշաթաղի հյուսիսային շրջանի գյուղերում չկա էլեկտրականություն: Մարդիկ այս պայմաններում ապրում են արդեն տասներկու տարի: Շալուայում ՀԷԿ են կառուցել, սակայն այն այժմ չի աշխատում: Ամբողջ օրը գյուղացիները զբաղված են բանջարանոցներում, հետեւում են անասունին: Երեկոյան հավաքվում են սեղանի շուրջ եւ կերոսինե լամպի աղոտ լույսի տակ փոխանակում նորությունները, թեեւ այստեղ շաբաթներով ոչինչ տեղի չի ունենում, եւ յուրաքանչյուր օր նման է նախորդին: Երբեմն նրանք շախմատ կամ նարդի են խաղում` մինչեւ մութն ընկնելը:

Հյուսիսի գյուղերը դատարկվում են, վերջին չորս տարիների ընթացքում դատարկվել է 13 գյուղ: Բազմաթիվ գյուղերում ապրում է ընդամենը երկու կամ երեք ընտանիք: Բնակիչների ճնշող մեծամասնությունը զբաղված է անասնապահությամբ: Կանայք եւ երեխաները հավաքում են բոխի՝ դառը բույս, որը հետո պահածոյացնում են եւ վաճառում: Բույսն աճում է հիմնականում ժայռերին, այնպես որ միշտ կա վայր ընկնելու կամ օձերի խայթոցի զոհ դառնալու վտանգը:

Գյուղացիներն ասում են, որ եթե էլեկտրականություն լիներ, եւ ճանապարհները նորմալ լինեին, ոչ ոք չէր մտածի գնալու մասին. հողերն այստեղ բերրի են, արոտավայրերը` առատ:

Կարապետյան Սիրանույշը Քարուտում ապրում է որդու, հարսի եւ երեք թոռների հետ: Նա այստեղ է եկել Աբովյան քաղաքից, 1995 թվականին: Նա ասում է, որ եւ՛ ինքը, եւ՛ իր տղան ու նրա երեխաները Քարուտը համարում են իրենց տունը: «Աբովյանում հիմա ամեն ինչ թանկացել է, ապրելը դժվարացել է, իսկ այստեղ գոնե անասուն ենք պահում,- ասում է նա:- Եթե այստեղ նվազագույն պայմաններ ստեղծեին, ոչ ոք չէր հեռանա»:

Եթե հեռախոս լիներ, կզանգահարեին միմյանց, ավելի հաճախ կշփվեին: Գյուղերից մեկում մի տղամարդ պատմեց, որ իր կինը չի մասնակցել ծնողների թաղմանը, քանի որ չեն իմացել այդ մասին:

Եթե նրանք հեռուստացույց ունենային, իրենց աշխարհից այդքան կտրված չէին զգա:

Մեր թվային ֆոտոխցիկը երեխաներին մեծ հրճվանք է պատճառում: Նրանք հաճույքով նկարվում են, հետո մոտ են վազում` աղաղակելով՝ ինձ էլ հեռուստացույց ցույց տուր:

«Դու գիտե՞ս՝ հեռուստացույցն ինչ է», - հարցնում եմ փոքրիկ Լիլիթին:

«Դա մի բան է, որը ցույց է տալիս կինոներ ու հաղորդումներ»,- նրան այսպես ծնողներն են բացատրել:

Գեւորգի եւ Էլյայի ավագ եղբորն ուղարկել են Երեւան՝ հարազատների մոտ դպրոց գնալու: Երեխաների ծնողները այստեղ են եկել Երեւանից: Երբ տղայի մորաքույրը երեկոյան վառել է Երեւանի իր բնակարանի սենյակի լույսը, երեխան նայել է ջահին, ծափահարել ու, լամպերն ընդունելով որպես մոմեր, ասել` տորթ ենք ուտելու: Նա յոթ տարեկան է եւ կյանքում առաջին անգամ էր տեսնում էլեկտրական լույս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter