HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ի աշխատակից վկան դատարան չէր ներկայացել

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ից շուրջ 6 մլն դոլարի լվացման գործով դատական նիստը չկայացավ: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Վլադիմիր Սաչկովին չեն բերել քրեակատարողական հիմնարկից: Փոխարենը ՔԿՀ-ից զանգահարել և ասել են, որ ՔԿՀ-ում ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել, դեռևս ամբաստանյալին դուրս չեն բերել: Ըստ դատավորի՝ հայտնի էլ չէ՝  բերելու են, թե ոչ:

Բացի դրանից, դատարան չէր ներկայացել նաև վկան՝ «ԱրմենՏել»-ի Համակցման ցանցի շահագործման բաժնի պետ Տիգրան Վարդանյան, ով նախորդ նիստին հարցաքննվել էր, սակայն նրա հարցաքննությունը կիսատ էր մնացել և շարունակվելու էր այսօր: Վկայի բացակայության մասին տեղեկություն դատարանը չուներ, այդ իսկ պատճառով Բեկթաշյանը նշեց, որ նրան բերման ենթարկելու որոշում կկայացնի: Դատարանը նիստը հետաձգեց մինչև մարտի 31-ը:

Վլադիմիր Սաչկովի կինը «Հետքին» ասաց, որ, իր տեղեկություններով, վկա Տիգրան Վարդանյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, նրա հեռախոսն անջատված է, և որևէ տեղեկություն չկա նրա գտնվելու վայրի մասին: Փորձեցինք կապ հաստատել վկայի հետ, սակայն նրա հեռախոսահամարը, իսկապես, անջատված էր:

Հիշեցնենք՝ Սաչկովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի ձեռնարկատիրություն,  որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,  որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ըստ մեղադրանքի, Սաչկովը, լինելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի տնօրեն, համաձայնել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները և ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել»-ի բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter