Կիրակի, 23 սեպտեմբերի

«Հայ կնոջ դիրքն է այդպես. պիտի ամեն ինչին էլ հարմարվի»


Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի տներից մեկում կանայք նստած հեռուստացույց են նայում: Նրանք բախտակից հարևանուհիներ են. տղամարդիկ Ռուսաստանում են՝ արտագնա աշխատանքի: Տան միակ պահապանը դռան առաջից չհեռացող շունն է, որին կարողանում է ենթարկացնել միայն տան հարսը՝ Կարինե Մարկոսյանը:

Այս տանը 60 տարի առաջ հարս է եկել ազգությամբ ռուս Վալենտինան։ Նա  այժմ 87-ամյա տատիկ է, միայն իր հարսի օգնությամբ է կարողանում հաղորդակցվել: Նա Ռուսաստանի Ռյազան քաղաքից է, աշխատել է որպես տրամվայի տոմսավաճառ: Հայ ամուսնու հետ ծանոթանալուց հետո թողել է ամեն ինչ, նրա հետ եկել Դդմաշեն: Վալենտինան 8 երեխաների մայր է. նրանցից երկուսը Ռուսաստանում են, մյուսները բնակվում են Հայաստանի տարբեր գյուղերում:

Վալենտինա տատը վարժ խոսում է հայերեն. շատ արագ է սովորել լեզուն: Ասում է, որ իր սկեսուրը լավ կին է եղել, իրեն ամեն ինչ սովորեցրել է: Համագյուղացիները նույնպես շատ են օգնել Վալենտինային՝ ինտեգրվելու գյուղի առօրյային: Նա հիշում է, որ երկրորդ աշխարհամարտի տարիներին շատ ռուս կանայք են ամուսնացել, եկել Հայաստան, բայց շատերը վերադարձել են Ռուսաստան: Ինքը մնացել է, քանի որ սիրում է հայերին: «Լավ ժողովուրդ են, ինձ հարգում են: Որ հիվանդանում եմ, բոլոր հարևանները գալիս են ինձ տեսնելու: Որ գնաս հարևանից մի բան ուզես, կտա, չի մերժի»,- ասում է Վալենտինա տատը:

Վալենտինան հայկական լավաշ չի սիրում, միակ բանը, որ միշտ կարոտում է, ռուսական սև սոմի հացն է (փռի հաց): Նա ասում է, որ Հայաստանում ոչ ոք՝ նույնիսկ իր հարսը, չի կարողանում ռուսական սև սոմի թխել: «Հայաստանում թխած սոմիից հայի հոտ է գալիս, ռուսի հոտ չի գալիս»,- բացատրում է Վալենտինան: Երբ տղան Ռուսաստանից հարցնում է՝ ինչ ուղարկի իր համար, Վալենտինան պատասխանում է. «Մի մեշոկ սև սոմի»:

Տիկին Վալենտինան ուզում է 100 տարի ապրել, որ պետությունն իրեն մեքենա տա, ինքն էլ նստի թոռան կողքին ու տարբեր տեղեր գնան: «Թոռներս շատ լավն են, շատ են իմ մասին մտածում: Դասից գալիս են տուն, թե՝ տատի, կոֆե խմե՞լ ես, տատի, հաց կերե՞լ ես: Գիշերը քնելուց վրաս էնքան են ծածկում, ասում են՝ տատի, մրսո՞ւմ ես, շատ լավն են իմ թոռները»,- ասում է Վալենտինան:

Քանի որ Վալենտինայի տղան արտագնա աշխատող է, տան հիմնական հոգսը ծանրացել է հարսի՝ Կարինե Մարկոսյանի ուսերին: Վերջինս, սակայն, չի բողոքում, ասում է, որ բոլոր խնդիրներն էլ լուծելի են: Գյուղը գազաֆիկացված է, բայց Կարինեն չի կարողացել իրենց տան գազը քաշել: Ջուրը նույնպես դրսում է, նա ստիպված է ձմռան սառնամանիքին դույլերով ջուր բերել տուն՝ 4 երեխաների և Վալենտինայի կարիքները հոգալու համար:

Կարինեի համար առաջնային է երեխաներին կրթության տալը. «Աղջիկս դպրոցում լավ է սովորում, այս տարի կավարտի: Պետպատվերով որ կարողանա ընդունվել, լավ կլինի, կսովորի, մասնագիտություն կունենա: Տղայիս չեմ հասցնի ուսման տալ, հենց ավարտի՝ բանակ են տանելու: Էն երկուսն էլ դեռ փոքր են»:

Նա արդեն 15 տարի է, ինչ տիկին Վալենտինայի հարսն է. ասում է՝ խոսակցություններ լինում են, բայց արդեն վաղուց հարմարվել են: «Ես ավելի շատ իր հետ եմ ապրել, քան մորս, հարմարվել եմ հետը: Ինքը թեթև մարդ է, խոսում կամ բողոքում է, բայց հետո միանգամից հաշտվում ենք»,- պատմում է Կարինեն:

Կարինեն ամուսնու հետ շփվում է միայն «Սկայպի» միջոցով, բայց շարունակում է կարծել, որ հայ կնոջ գործառույթներից մեկն էլ դժվարություններին դիմակայելն ու հարմարվելն է: «Ընդհանրապես, հայ կնոջ դիրքն է այդպես. պիտի ամեն ինչին էլ հարմարվի, ապրի, գոյատևի՝ հանուն ընտանիքի, երեխաների ու հայ օջախի կայացման»,- եզրափակում է այս տան երրորդ սերնդի հարսը՝ Կարինեն:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։