HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մատաղիսի» գործով փաստաբանները հաջողություններ գրանցեցին նաեւ Եվրոպական դատարանում

Երկու զինծառայողների սպանությունը մնում է չբացահայտված

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր, բողոքը ներկայացնելուց 12 տարի անց, հրապարակեց «Զալյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դատարանը ճանաչել է «Մատաղիսի» գործով արդեն արդարացված երեք անձանց` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից կատարված իրավախախտումները:

Խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` խոշտանգումների հետ կապված հաղորդման ոչ բավարար քննություն եւ 5-րդ հոդվածը` Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը 1,2,3 կետերով:

Դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հատուցել Արայիկ Զալյանին 20 000 եվրոյով, Ռազմիկ Սարգսյանին եւ Մուսա Սերոբյանին` 15 000 ական եվրոյով: Բողոքներում նշվում էր, որ սպանությունները կատարելու մեջ մեղադրվող հիշյալ երեք զինծառայողների նկատմամբ իրավապահ մարմինները կիրառել են դաժան եւ անմարդկային վերաբերմունք՝ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:

Հանրությանը հայտնի «Մատաղիսի» գործով բողոքը Եվրոպական դատարան ներկայացրել էր փաստաբան, ներկայումս ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 2004 թ.-ին: Նա պատգամավոր դառնալուց հետո դադարեցրել էր իր փաստաբանական գործունեությունը եւ նրանից հետո, այս գործով մասնակցությունը շարունակեց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա ընդգրկվեց այն ժամանակ, երբ Եվրոպական դատարան ներկայացված բողոքն արդեն կոմունիկացման փուլում էր, իսկ քրեական գործն ուղարկվել էր լրացուցիչ նախաքննության:

Փաստաբանը երեք մեղադրյալների պաշտպանությունն իրականացրեց երկրորդ նախաքննության ժամանակ, ապա շարունակեց դատարանում: 2012 թ.-ի դեկտեմբերի 18-ին, չորսեւկես տարի տեւած դատաքննությունից հետո Հյուսիսային քրեական դատարանը հրապարակեց «Մատաղիսի» գործով հերթական դատավճիռը. դատարանն արդարացրեց երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին եւ Մուսա Սերոբյանին: 

«Ես շատ գոհ եմ, որ մեզ հաջողվեց հասնել երեք երիտասարդների արդարացմանը, նաեւ շատ գոհ եմ, որ Եվրոպական դատարանում մենք հասանք հաջողության: Այս գործում անգնահատելի է Զարուհի Փոստանջյանի աշխատանքը, իրականում այս գործում բեկումը նրա պաշտպանական գործունեության շնորհիվ է եղել, եւ ես բոլոր շնորհավորանքներն առաջին հերթին վերահասեցագրում եմ Զարուհուն: Այն, ինչ նա արեց այս գործով, ուղղակի աներեւակայելի է: Նրա հետ միասին հետագայում ինչ որ հնարավոր եղավ անել, ինձ գոհացնում է»,- մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: 

Ընթերցողներին հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած երկու զինծառայողներին՝ Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին ծեծի ենթարկելու եւ սպանելու համար սկզբում մեղադրվել են նույն զորամասի 4 այլ զինծառայողներ, որոնց նախաքննության շրջանում երեք ամիս կալանքի տակ պահելուց հետո ազատ են արձակել: Այնուհետեւ, սպանությունների համար կալանավորել են նույն զորամասի 3 այլ զինծառայողների՝ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին եւ Արայիկ Զալյանին:

Լեռնային Ղարաբաղի դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել են ե՛ւ ամբաստանյալները՝ չընդունելով հանցանքը, ե՛ւ տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, որին չի գոհացրել պատժաչափը: Քրեական վերաքննիչ դատարանը, կրկին քննության առնելով գործը, 15 տարվա ազատազրկումը փոխարինել էր ցմահ ազատազրկման:

Հյուսիսային քրեական դատարանի հրապարակած արդարացման դատավճռից հետո զինվորական դատախազությունը եւ սպանված զինծառայողներից Ռոման Եղիազարյանի մայրը` Գոհար Մելքոնյանը, վերաքննիչ բողոք ներկայացրին: Նրանց բողոքների քննությունն ավարտվեց Վճռաբեկ դատարանում, որով էլ ներպետական դարտարաններում 12 տարվա քնննությունից հետո ավարտվեց «Մատաղիսի» չարչրկված քերական գործի քննությունը:

Այնուհետեւ ժամկետային զինծառայողների սպանության գործը կրկին ուղարկվեց նախաքննություն, արդեն երրորդ անգամ: Փաստաբան Հայկ Ալումյանն այս անգամ ստանձնեց սպանված զինծառայողներից Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդի ներկայացուցչի շահերի պաշտպանությունը: Դա երեք տարի առաջ էր, եւ մենք այսօր փաստաբանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքում է քրեական գործի քննությունը:

Հայկ Ալումյանի տեղեկացմամբ` գործի քննությունը հանձնվել է Շիրակի մարզի 10-րդ կայազորային քննչական բաժնին ու կաթվածահար վիճակում է: «Չեմ հասկանում, թե ինչու է այդպես արվում: Համեմատության համար ասեմ, որ նախկինում, երբ այս երեք երիտասարդներն էին մեղադրվում կամ ուրիշ անձինք, գործը քննում էին կարեւորագույն գործերով քննիչները: Հիմա գործն ավելի բարդացել է, որովհետեւ պարզվեց, որ այդ բոլոր վարկածները պետք է մի կողմ թողնել, եւ սպանությունն իրականացնողներին այլ տեղում փնտրել: Հիմա, երբ գործը շատ ավելի է բարդացել, այս պայմաններում փոխանակ գոնե էլի նույն մակարդակում քննվեր, նույն եռանդով, ուղարկեցին մի խուլ տեղ»,- հայտնեց փաստաբանը:

Նրա ասելով` որոշ ժամանակ անց գործի վարույթը կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ այս պահին դեռեւս հնարավոր չէ գտնել հանցագործությունը կատարած անձանց եւ կասեցվում է մինչեւ նրանց հայտնաբերելը: Բողոքներ են ներկայացրել քննություն իրականացնող մարմինին, նաեւ` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որոնք չեն բավարարվել:

Հիշեցնենք, որ արդարացման դատական ակտը հրապարակվելուց հետո, այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը Panorama.am կայքին տված հարցազրույցում պնդել էր, թե «ներքին համոզմունք» ունի, որ սպանության համար մեղավոր են արդարացված երեք երիտասարդները, բայց կարծում է, որ դատական ատյաններում բողոքարկման բոլոր միջոցներն սպառելուց հետո պետք է ձեռնամուխ լինել նոր նախաքննության իրականացմանը եւ այդ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter