HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարող ա մեռնեմ, ռազվադնոյ կլյուչս չմոռանաս, կբերես». հումորային իրավիճակներ պատերազմի դաշտից

Ազատամարտիկները պատմում են հումորային դրվագներ պատերազմի դաշտից:

Արուճեցի ազատամարտիկ Կարեն Անտոնյանը հիշում է ոջիլի հետ կապված մի պատմություն. «Չարենցավանցի Ռաֆոն էր, չէ՞, ոջիլ ընկավ: Տղերքից մեկը ռացիայով զանգեց, ասաց՝ ոջիլի դեղ ունե՞ս: Դե, պատրոնին քորոց էինք ասում, պուլեմյոտի պատրոնին՝ ասեղ, տենց էլի: Պառոլներ էին: Մեկ էլ տեսավ մտածում եմ (մտածում էի, թե ոջիլի դեղը որի պառոլն էր), ասաց՝ չէ, իսկականից, ոջիլի դեղ ունե՞ս: Ասացի՝ ի՞նչ ես անում, բա թե Ռաֆոյի վրա լիքը ոջիլ կա»:

Մեկ այլ ազատամարտիկ՝ ուջանցի Նաիրի (Մոսո) Կիրակոսյանը, շարունակում է. «Հիշո՞ւմ եք, ախալցխացի տղերքից մեկը ոջիլ էր ընկել, ստեփանավանցի Կարենն ասաց, թե կուզե՞ս լավանաս, պրծնես էդ ոջիլից, ասաց՝ հա: Ասաց, դե ձուկ կեր, մի քիչ քրտնի, հետո կգնաս գետի ափ, շորերդ կհանես, կնստես էդ գետի ափին, ոջիլները քրտինքիդ աղը կուտեն, կծարավեն, կիջնեն գետը ջուր խմելու: Էդ տղեն էլ հավատում էր, ասաց՝ լո՞ւրջ»:

Գրիգոր Ազատյան (Ուջան). «Մեղրիում նստած էինք, խաշլամա-բան էինք սարքել, որ հաց ուտենք, 91 թիվն էր: Լրիվ ջոկատը նստած էինք, մեկ էլ թուրքերն սկսեցին կրակել, խառնվեցինք իրար, որ դուրս գանք, պոստեր էթանք, դիրքեր պահենք, մեկ էլ տղերքից Հունանն ասաց՝ կանգնեք ուտենք, նոր գնանք, հետո թե. «Տղերք, կեցցե խաշլաման, թող երկարի պատերազմը»:

Կարեն Անտոնյան Ֆահրադ Հակոբյան

Ֆահրադ Հակոբյան (Արուճ). «Կուսապատի կողմերում էինք: Տղերքից 6 հոգով նստած էինք: Մեկ էլ սկսեցի ձևեր վերցնել, թե ում մերը կամ հերը ոնց պիտի լացի տղու զոհվելուց հետո: Հերթով անում էի ձևերը: Դե, Արմենը, որ քաղքի տղա էր, էսպես ասացի. «Արամո ջա՜ն, Արամո ջա՜ն...»: Ու տենց ես շարունակում եմ ձևն անել, հիմա էս Արմենը համ ծիծաղում ա, համ արտասվում ա: Արցունքները գուլուլ-գուլուլ էթում են:

Մեկն էլ կար՝ Վարշամը, հիմի ստեղ չի: Հոր ձևով ասացի (նվաղած ձայնով է խոսում- հեղ.). «Վա՜յ, Վարշամ ջա՜ն, պապան մեռնի քո ջանին, էս ի՜նչ արիր մեր գլխին»:

Սաղին հատ-հատ ասացի, Միհրանի մոր մոմենտով էլ ասացի: Մուրադի մայրն էլ տարեց էր՝ էն վախտ 80 տարեկան էր, ականջները ծանր էին լսում, իրենն էլ ասացի: Մի ախալքալաքցի էլ, Էդոն, էլի մեր ընկերներից, ասացի. «Չիդեմ ինչ անեմ, Էդո ջա՜ն, աչքերիդ մեռնեմ, Էդո ջա՜ն, հըբը էս ի՜նչ էղավ»: Հետո ասին, բա լավ, բա քո մոմենտը ո՞նց պիտի լինի, ասացի՝ մեծ ախպերս կասեր. «Ախր, քո ի~նչ բանն էր, որ էրեխեքին թողեցիր, գնացիր, անտեր մնացին: Ի՜նչ արիր»: Որի մոմենտով ասում էի, սաղից արտասուքը գլուխ-գլուխ էթում էր»:

Արամ Ներսիսյան Նվեր Մելքոնյան

«90 թվին էր, Շահումյանում էինք, թուրքերը հարձակում էին կազմակերպել: Վերինշենում մի բարձունք կար, հեռուստաշտարակ էր դրված վրան, թուրքերն էդտեղ էին: Ուղղաթիռը գալիս էր, իրենց բոյեվիկներին իջեցնում էր էդտեղ: Մեր խմբում մի սիրիահայ կար՝ Սարգսյան Անդրանիկը: Երբ մարտական գործողությունը գնում էր, պիտի սարը վերցնեինք, տղաներից մեկին՝ Մուրադյան Գալուստին (հարևաններ էին, կողքի շենքերում էին ապրում) ասաց. «Գալուստ, հիմա կռիվ ա գնում, կարող ա ես մահանամ, իմ ռազվադնոյ կլյուչը որ տարել ես, չմոռանաս, կբերես»: Գալուստն էլ ասաց. «Հա, Անդո ջան, դու մենակ մեռի, կբերենք, կտանք»: Նույնիսկ էդ ուրախությունը կար, որտեղ մահն էր, էնտեղ նաև ուրախությունն էր»,- պատմում է Ջավախքի Գանձա գյուղից Արամ Ներսիսյանը (ներկայում ապրում է Աշտարակում):

Նաիրի (Մոսո) Կիրակոսյան. «Ուրեմն, նստած ենք, ոնց որ 93 թիվն էր, նորեկներ էին եկել, Մարտակերտում էինք, ծանոթ չէին անտառին, շակալներին: Շակալների ձեն ա գալիս, մեկ էլ տղերքից մեկն ասաց՝ դե, թուրքերն եկան էրեխեքին տարան, մայրերի ձենն ա, լացն ա: Էս ջահել էրեխեքը կապտել էին վախից, հետո ասացինք՝ դե իմացեք, որ սա շակալների ձենն ա»:

Նվեր (Արմո) Մելքոնյան (Ուջան). «92 թիվն էր, Ստեփանակերտում էինք, պատրաստվում էինք Շուշիի ազատագրմանը: Սփյուռքահայ Գևորգ ունեինք, բրոնի ժիլետը քանդել էր, մեջը տիտանից լիստեր կային կուբիկների ձևով, հանել դրել էր իրար վրա, հետո կապել սրտի հատվածում: Ասի՝ Գևորգ, էս ի՞նչ ես անում: Ասեց. «Այ տղա, սի՛րտս կապահովեմ, սի՛րտս»: Ասի. «Արա Գևորգ, մենակ սրտով չի, ուրիշ օրգաններ էլ կան»:

Առաջին լուսանկարում՝ Գրիգոր Ազատյանն ու Նաիրի Կիրակոսյանը

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter