HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերձորի հիվանդանոցին բժիշկներ են անհրաժեշտ

Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանն ասում է, որ իր հիվանդանոցում աշխատող բժիշկները, բացի իրենց հիմնական գործառույթից, հաճախ ստիպված են նաեւ գուշակի դեր կատարել:

«Հատկապես հղի կանանց դեպքում,- ասում է նա:- Մենք մանրակրկիտ զննում ենք կնոջը հղիության ընթացքում ու փորձում ենք գուշակել՝ արդյոք մեր պայմանները կբավարարե՞ն նրան օգնություն ցուցաբերելու համար, թե ստիպված կլինենք Ստեփանակերտ տեղափոխել, երբ ժամանակը գա»:

Հիվանդանոցի ոչ մեծ շենքում տեղավորվել են մի քանի բաժանմունքներ՝ ներառյալ ծննդատունը: Սակայն գլխավոր խնդիրը նույնիսկ դա չէ, ավելի լուրջ հարց է մասնագետների խիստ պակասը:

Հիվանդանոցի հիմնադիր եւ միակ վիրաբույժ Արցախ Բունիաթյանն աչքերի վիրահատությունից հետո արդեն մեկ տարուց ավելի վիրահատություններ չի կատարում:

«Հաշվի առնենք նաեւ, որ վիրաբույժի տարիքը սահմանափակ է,- ասում է նա:- Ես բազմիցս դիմել եմ առողջապահության նախարարությանը, կառավարությանը, որպեսզի մեզ վիրաբույժ տրամադրեն, բայց ապարդյուն: Բացի այդ, մեզ հարկավոր են գինեկոլոգներ, նյարդաբաններ, քիթ, կոկորդ, ականջի եւ այլ մասնագետներ»:

Արցախ Բունիաթյանը փորձել է նաեւ ինքնուրույն մասնագետներ գտնել: Դիմել է բժիշկներին Հայաստանից, սակայն նրանք, տեղեկանալով այստեղ բժշկի ամսական 40-60.000 դրամ աշխատավարձի մասին, միայն քմծիծաղել են, թե մենք այդ գումարը երկու օրում ենք աշխատում: Գտնվել են համարձակներ, որոնք եկել են այստեղ, սակայն շատ շուտով լքել են՝ պայմաններին չդիմանալով:

Հիմա հիվանդանոցի աշխատակազմը, ներառյալ գյուղերում աշխատող բուժքույրները եւ տեխնիկական անձնակազմը, բաղկացած է մոտ հարյուր մարդուց, սակայն մասնագետներն ընդամենը հինգն են՝ երեք մանկաբույժ, թերապեւտ եւ սրտաբան: Բժիշկ Բունիաթյանն ասում է, որ բժիշկների պակասի խնդիրը եղել է 1996 թվականին՝ հիվանդանոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից:

Հիվանդանոցը անցած տարի վերանորոգել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը: Ե՛վ այս, եւ՛ այլ բարեգործական կազմակերպություններ ու անհատներ դեռ մի քանի տարի առաջ հիվանդանոցն ապահովել էին սարքավորումներով՝ հույսով, որ շուտով հիվանդանոցին կկցեն եւս մեկ մասնաշենք, ու բաժանմունքները կընդլայնվեն ու կավելանան: Սարքերն առայսօր փոշով են պատված պահեստում, մի մասը շարքից դուրս է եկել տարիների ընթացքում, մյուս մասը՝ հնացել:

Հիվանդանոցը նույնիսկ լաբորատորիա չունի, որպեսզի հիվանդներից անալիզներ վերցնեն: Դրա համար նրանց ուղարկում են Ստեփանակերտ կամ Գորիս, ուր հիվանդանոցները վճարովի են: Ոչ բոլորն են ի վիճակի իրենց անալիզ հանձնելու ճոխություն թույլ տալ:

Այժմ ԼՂՀ բյուջեի միջոցներով Բերձորում կառուցվում է նոր հիվանդանոց:

Բերձորի հիվանդանոցում ամբողջ բուժումն անվճար է՝ ներառյալ օրական երեքանգամյա սնունդը: Բժիշկները պատմում են, որ ժամանակ առ ժամանակ այստեղ են բերում աղքատներին, որոնց որպես տուն հատկացվել են ավերակներ, եւ որոնք չունեն աշխատանք՝ իրենք չնչին ապրուստը հոգալու համար: Հիվանդանոցում նրանց պահում են մեկ-երկու ամիս, կերակրում են, փոքր-ինչ կազդուրում ու դուրս գրում:

Հիվանդներն ասում են, որ աշխարհում այս հիվանդանոցի նման երկրորդ տեղ չկա, եւ իրենց բժիշկներին հերոսներ են համարում ( չէ՞ որ կյանքեր են փրկում այս պայմաններում ) , իսկ գլխավոր բժշկին՝ հրաշագործ:

«Իր շնորհիվ մեր շրջանում ծնելիությունը բարձրացել է»,- ասում է հիվանդներից մեկը:

Իր ղեկավարման երկրորդ տարում բժիշկն արգելել է հղիության արհեստական ընդհատումն իր հիվանդանոցում:

«Առաջին տարին շատ էին գալիս,- պատմում է Ա. Բունիաթյանը,- այնպիսիք, ովքեր ուզում էին ընդհատել հղիությունը, եւ նրանք, ում արդեն վիրահատել էին այլ տեղերում, ու բարդություններ էին առաջացել: Հետո սկսեցին այլ շրջաններից էլ գալ, նույնիսկ Գորիսից: Գրեթե գիշեր չկար, որ աբորտ չունենայինք: Աչքերիս առջեւ անընդհատ տեսնում էի սաղմը, որը կծկվում է ու ետ է քաշվում, երբ դանակը մոտեցնում ես, կարծես ուզում է պաշտպանի իրեն: Այնպես որ ես դա արգելեցի: Գալիս էր տաս կին, ասում էի՝ էլ չենք անում աբորտ: Երկուսը միջոցներ ունեին, ուրիշ հիվանդանոցներ էին գնում, բայց ութը ծննդաբերում էին: Ես համոզված եմ՝ ոչ մի ծննդատուն Ստեփանակերտում կամ Երեւանում չի կարող պարծենալ այնպիսի ծնելիությամբ, ինչպիսին մեզ մոտ է՝ բնակչության քանակը հաշվի առնելով, իհարկե: Հիմա մենք տարեկան մոտ 120 ծնունդ ունենք»:

Բժիշկ Արցախ Բունիաթյանի իրականացրած մյուս բարեփոխումը վերաբերում է նորածինների անուններին:

«Մեզ մոտ միջանցքում կախված է հայկական անունների ցուցակ, եւ ծննդկանները կարող են ընտրել այդ ցուցակից: Ես նրանց ստիպում եմ փոքրիկներին հայկական անուններ տալ,- ծիծաղում է բժիշկը,- բացառություն մեկ-մեկ անում եմ միայն պարսկական անունների համար, որոնք արդեն վաղուց թափանցել են մեր առօրյան ու դարձել են մերը: Բայց դա էլ միայն, եթե ծնողները շատ են խնդրում»,- ասում է բժիշկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter