
Ցրտահարության հետևանքները Հայաստանի մարզերում
Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը․
Արարատի մարզ՝
Արարատի տարածաշրջան - նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն,
Արտաշատի տարածաշրջան - առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն,
Մասիսի տարածաշրջան - մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:
Արմավիրի մարզ՝
Էջմիածնի տարածաշրջան - ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում):
Արմավիրի տարածաշրջան – ուժեղ վնասվածություն:
Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն:
Վայոց Ձորի մարզ`
Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն:
Վայքի տարածաշրջան – հիմնականում վնասներ չեն գրանցվել:
Սյունիքի մարզ`
Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:
Տավուշի մարզ – էական վնասներ չեն արձանագրվել:
Ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:
Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2...-5 աստիճան, գետնի մակերևույթին` -3... -6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մեկնաբանել