HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բնապահպանության նախարարին նորից կանաչ լույս տրվեց

Երբ լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի` Սեւանա լճի ափին հարբած վիճակում ատրճանակով ճայ խփելու մասին, նա անմիջապես հերքեց այդ լուրը, եւ ոչ մեկ անգամ:

Հերքեց, որովհետեւ իր շրջապատում գտնվողներից որեւէ մեկը նախարարի դեմ ցուցմունք չէր տա: Երբ երկու ամիս առաջ մենք հրապարակեցինք, թե ինչպես է նախարարն իր հարազատներին եւ մտերիմներին տարբեր կազմակերպությունների միջոցով հանքային ուսումնասիրության լիցիենզիաներ տրամադրել, նախարարը լռեց... եւ սկսեց խոսել երկու ամիս անց: Եթե հրապարակումներում որեւէ անճշտություն լիներ, նա հաստատ «աղմուկ կբարձրացներ»:

«168 ժամ» թերթին տված հարցազրույցում (31.05.2007 թ.) Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ասում է, որ ինքը Սուրեն անունով եղբայր չունի, որին պատկանում է «Սուրարտ» ՍՊԸ-ն, եւ ճշտում չի արել, որ մենք սխալվել ենք` իր որդուն շփոթելով եղբոր հետ: Նա չի ասում, որ Սուրենն իր եղբայրը չէ, այլ որդին է: Նա, բնականաբար, չի ասում, որ «Սուրարտ» անվան «Սուր»-ն իր որդի Սուրենն է, իսկ «արտ»-ը` Արթուր Ալեքսանյանը, նույն ինքը` Ամարասի Արթուրը: Վարդան Այվազյանը երեւի չգիտի, որ պետռեգիստրի գործակալությունում ամեն ինչ պահպանվում է, եւ երբ ընկերությունը անվանափոխվում է, կամ հիմնադիրներն են փոխվում, միեւնույն է` պատմությունը մնում է: Այս ամենն արձանագրում են նաեւ համապատասխան մարմինները, բայց վերջիններս չեն խոսում, քանի դեռ խոսելու հրահանգ չունեն: Վարդան Այվազյանի դեպքում այդպիսի հրահանգ չեղավ: Հետեւաբար, նրա բիզնեսը դեռ կշարունակի բարգավաճել:

Ինչու՞ Վարդան Այվազյանը խոսեց հոդվածների հրապարակումից միայն երկու ամիս անց: Նա վերեւների հետ իր հարցերն արդեն լուծել է եւ հնարավոր է, նույնիսկ, նախարար մնա: ՀՀ գլխավոր դատախազությունը «Հետքի» հոդվածներն ուսումնասիրելուց հետո գտել է, որ հրապարակված փաստերում «օրինախախտումներ եւ քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ չեն հայտնաբերվել»: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնին ուզում ենք ՀՀ Քրեական օրեսգրքի ընդամենը մի` 308 հոդվածը (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հիշեցնել:

Ահա սրանով ավարտվեց Վարդան Այվազյանի հերթական պատմությունը, նա կարող է շարունակել ծաղկեցնել իր բիզնեսը, կարող է նորանոր հանքավայրեր ինքն իրեն, հարազատներին կամ իր ենթականերին նվիրել: Վ. Այվազյանի հանքերի մասին տեղեկություններն ուսումնասիրում է նաեւ Նախագահի վերահսկողական ծառայությունը, ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ, բայց կարելի է ենթադրել, թե ինչպիսի եզրակացություն կտա ծառայությունը, եթե դատախազությունն արդեն արել է իր եզրակացությունը:

Իսկ օրենքները, որոնց մասին սիրում են խոսել կուսակցությունների ղեկավարները, պատգամավորները, նախարարները, իրենց գրպանում են. ինչքան լիքն է գրպանը, այնքան շատ օրենքների վրա կարող են թքած ունենալ: Կարող են մարդ սպանել ու հանգիստ քայլել փողոցով, կարող են բռնաբարել ու պատգամավոր դառնալ, կարող են կաշառակերության դեմ պայքար հռչակել ու մի հարյուր տարի էլ խոսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter