HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Մի բան ձգում է, թե ինչն է՝ չեմ հասկանում»

Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը գտնում է, որ քաշաթաղցիները պետք է ունենան հատուկ կարգավիճակ:

«Այստեղ, այս պայմաններում ապրելն արդեն հերոսություն է»,- ասում է բժիշկը: Նա չի ընդունում այն փաստը, որ երբ քաշաթաղցիները բարդ վիրահատությունների համար գնում են Երեւան կամ Ստեփանակերտ, պետք է վճարեն անհավանական մեծ գումարներ: «Որտեղի՞ց քաշաթաղցուն այդքան փող, մտածու՞մ են մեր իշխանավորները»,-տարակուսում է Արցախ Բունիաթյանը:

Վերիշենը Քաշաթաղի շրջանի բնակեցված ամենահյուսիսային գյուղն է: Գյուղում մնացել է երեք ընտանիք: Էլեկտրաէներգիա չկա: Տասը տարի առաջ այստեղ բնակություն է հաստատել նաեւ Բադալյան Կարենի ընտանիքը: Մեր այցելության օրը Կարենը տանը չէր, կնոջը տարել էր հիվանդանոց: Տանը նրա երկու երեխաներն էին, հայրն ու մայրը:

«Սկզբում տղաս եկավ, տեսավ, սիրահարվեց էստեղի վրա, եկավ Երեւան, ասաց՝ գնանք Քաշաթաղ: Եկանք, տղաս այստեղ ամուսնացավ, այստեղ հարսանիքը արեցինք»,- հիշում է մայրը` Հասմիկը:

Կարենի հայրը` Հրահատը, 35 տարի աշխատել է Երեւանի տեքստիլ գործարանում: Ավագ որդու առաջարկը նրա սրտով չէր, բայց, փոքրին թողելով Երեւանում, կնոջն էլ վերցրեց, եւ եկան Վերիշենում ապրելու:

«Տղաս, երբ գնում էինք ծնողներիս տուն` Արտաշատ, մի քիչ նստելուց հետո ասում էր՝ մա՛մ, գնանք, շուտ արա, հիմա էստեղ կով է կթում, անասուն է պահում ու չի կարողանում ուրիշ տեղ մնալ: Չեմ իմանում՝ ինչու՞ է էդպես սիրահարվել էստեղին Կարենս: Ինքն այստեղ մի տարի մենակ ապրեց, հետո եկավ մեզ բերեց: Եկանք, տեսա, ասացի. «Վա՜յ, Աստված, էս ի՜նչ տեղ է, էս ու՜ր եմ եկել, մեքենայի վարորդին էլ ասացի՝ չգնաս, մենք պիտի հետ գնանք առավոտյան»: Երբ հասանք, գիշեր էր, լույս չկար, ոչինչ չէր երեւում: Առավոտը որ լույսը բացվեց, տեսա, ասացի՝ էս ու՜ր եմ եկել: Ո՛չ հարեւան, ո՛չ խանութ, ոչ մի ապրելակերպ, ո՛չ հիվանդանոց: Ասաց` մա՛մ, լավ կլինի: Ճիշտն ասած՝ ուզում էինք գնալ, վեց ամիս տրանսպորտ չկար, որ գնայինք: Տղաս ասաց՝ մա՛մ, դուք ձեր ոտքով եկել եք աքսորավայր: Ձեռքներիս էլ փող չունեինք: Պատկերացրեք՝ շաբաթներով հացի երես չենք տեսել, ինչ պատահում էր, ուտում էինք: Հետո գնացինք Երեւան, մեր հարազատները մեզ որ տեսան, լացում էին, չէին ճանաչում: Ո՛չ ինձ, ո՛չ ամուսնուս: Երեւանի տղես ասում է. «Մամ ջան, պապ ջան, էս ո՞նց է պահել ձեզ ախպերս»: Մենք էլ հո չէի՞նք ասի, որ սոված էինք մնում:

Մենք Երեւանում վատ չէինք ապրում, բոլորս աշխատում էինք: Իսկ այստեղ նոր ենք ստեղծել, նոր ենք ոտքի կանգնում, երեք տարի է, որ անասունները սկսեցին շատանալ»,- հիշում է Հասմիկը:

Նալբանդյանների ընտանիքն այսօր արդեն 28 կով ունի, որոնցից ութը կթու են: Կաթից պանիր են պատրաստում, վաճառում են Երեւանում, անասունները վաճառում են տեղում, երբ գնորդներ են գալիս գյուղ: Նրանք, իհարկե, դժգոհ են գնորդներից, բայց այլ տարբերակ չունեն: «Եկողները միշտ խաբում են, կշեռք չկա ո՛չ գյուղում, ո՛չ էլ մոտակայքում, աչքաչափով նայում են ու ասում քաշը, առանց ճիշտ քաշն իմանալու անասունը տանում են, միշտ վնասով ենք դուրս գալիս»,- ասում է Հրահատը:

Նալբանդյանների մեծ թոռը սեպտեմբերին դպրոց պետք է գնա, եւ նրանք ստիպված պետք է տեղափոխվեն Վերիշենից, գնան դեպի հարավ, որտեղ դպրոց կա եւ հոսանք. «Մենք արդեն սովորել ենք անլույս ապրելուն, երեխեքն են մեղք: Մեր գյուղացիք էլ երեւի էս տարի իջնեն ներքեւի գյուղերը»,- ասում է Հասմիկը:

Հրահատը հիշեց, որ երեք տարի առաջ միանգամից հինգ ընտանիք հեռացավ գյուղից, երբ լուր տարածվեց, որ հողերը տալիս են: «Ոնց որ հատուկ արած լինեին, մարդիկ թողեցին, գնացին»,- հիշում է Հրահատը:

Տանտիրուհին հյուրասիրեց իր պատրաստած մածունը՝ անընդհատ նշելով, որ սա Երեւանի մածունի նման չէ: Երեւանից եկած Հասմիկը ոչինչ չգիտեր, երբ տեղափոխվեց, իսկ այժմ ամեն ինչ պատրաստում է. «Հա, ոչինչ չգիտեի, որ եկա էստեղ, մեր գյուղում շատ սիսիանցիներ կային, նրանցից սովորեցի ամեն ինչ»,- ասում Հասմիկը:

Երբ հարցնում եմ Երեւան ետ գնալու մասին, Հասմիկը պատասխանում է. «Արդեն սովորել ենք էստեղին: Երբ գնում ենք Երեւան, մտածում ենք ետ գալու մասին, կարոտում ենք մեր գյուղը: Ոնց որ մի բան ձգի, թե ինչն է՝ չեմ կարողանում հասկանալ: Միշտ մտածում եմ՝ ո՛չ այստեղ եմ ծնվել, ո՛չ մանկությունս է այստեղ անցել, բայց մի բան ձգում է, թե ինչն է՝ չեմ հասկանում»,- զարմանում է Հասմիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter