HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուսակցական մտածողությունը եւ երկրի գլխավոր խնդիրը

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

Հանրային որոշ շերտերի մոտ վաղուց գոյություն ունի մի համոզմունք, որ ընդդիմադիր կուսակցությունները վարչախմբի հետ միեւնույն որակներն ունեն, իսկ նրանց պայքարը՝ անպտուղ ակտիվություն է։ Այդ կուսակցությունները, չհասնելով որեւէ հաջողության, սպառելով սեփական ռեսուրսներն ու հանրային վստահությունը, ի վերջո հայտնվում են լուսանցքում։

Բազում են այն դրվագները, երբ իրենց անարդյունք գործունեության վերջնական հանգրվանին հասնելուց հետո, սեփական պարտությունն ու քաղաքական դաշտից դուրս մղվելը բացատրելու համար, շատ կուսակցականներ տեղի ունեցածը մեկնաբանել են՝ մեղքը գցելով իրենց նկատմամբ քննադատաբար տրամադրված անձանց վրա։ «Քանի որ մեզ էիք վերագրում վարչախմբի բոլոր արատները, մեզ հետ միասին վարչախմբի դեմ պայքարելու փոխարեն մեր դեմ էիք պայքարում, հիմա մենք մի կողմ ենք քաշվել, բայց դուք կրկին երկրի վիճակից դժգոհում եք։ Ինչ ցանել եք, այն էլ հնձել եք»,- սա է դառնում նրանց պատասխանը քննադատողներին։

Իրականում սա փաստերի լուրջ նենգափոխում է եւ քննադատությունը լռեցնելու փորձ՝ արդարացնելու համար «ինչ որ բան անելու» կուսակցական արատավոր վարքագիծը։ Ունենալ այնպիսի ընդդիմադիր միավորներ, որոնք պետք է մնան նույն որակի մեջ, կամ ընդամենը փոխեն իրենց «կաղապարը»՝ վարչախմբի մեզ ծանոթ բացասական դեմքերը փոխարինելով արտաքնապես դրական ներկայացող դեմքերով, սա անթույլատրելի է բոլոր առումներով։ Թվացյալ է այն կարծիքը, որ այդ կուսակցությունները որակապես տարբերվում են իշխող վարչախմբից եւ երբեւէ կառուցելու են այլ երկիր ու արմատավորելու են մարդկային բոլորովին այլ հարաբերություններ։

Վերջին տարիներին ընդդիմադիր միավորների որակը շատ լավ տեսանելի է եղել քաղաքական գործընթացների այն բոլոր մասնակիցների համար, ովքեր իսկապես ցանկություն են ունեցել երկրում կառավարման համակարգը փոխել, ոչ թե փոխել կառավարման լծակներն իրենց ձեռքում պահող դեմքերին։ Այնքան է խոսվել կուսակցական շուլերությունների մասին, որ այսօր արդեն գրեթե նորություն չէ, թե ինչպես են կուսակցականները պատկերացնում երկրում փոփոխություններ ասվածը։ Քաղաքական դաշտում գործող այդ անձանց մտահոգության առարկան իրենց սեփական ստատուսի բարձրացումն է, որը կարող է իրականանալ՝ կամ ներկա վարչախմբի տեղը գրավելով, կամ նրա մեջ ընդգրկվելով։ Նրանց կողմից հենց դա է պատկերացվում համակարգային այն փոփոխությունը, որը կարող է լինել Հայաստանում։

Կառավարման լծակները երբեւէ իրենց ձեռքում կենտրոնացնելով (ըստ կուսակցականների՝ գալով իշխանության)՝ անշուշտ ընդդիմադիր կուսակցությունները կատարելու են ինչ որ քայլեր ու գործողություններ։ Այսօր քրեաօլիգարխիայի վերահսկողության տակ գտնվող բյուրոկրատիան նույնպես կատարում է որոշակի քայլեր ու գործողություններ։ Եթե հարցնես վերջիններիս, ապա իրենց գործողությունները նրանք կհիմնավորեն երկրի համար օգուտ տալու, ծառայելու մտադրությամբ։ Հենց նույն կերպ էլ յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցական անձամբ կամ ամբողջ կուսակցությամբ, եթե կառավարման համակարգին մասնակից դառնա, դրանով միայն կփոխի իր ստատուսը, բայց կանի քայլեր որոնք որեւէ առնչություն չունեն համակարգի ներսում փոփոխությունների հասնելու հանգամանքի հետ։ Եւ դա ակնհայտ է նրանց հենց ներկայիս վարքից։ Անցյալ տարի կուսակցությունների՝ Սերժ Սարգսյանի «թրի տակով» հերթով անցնելու եւ վարչախմբի կազմակերպած ֆոտոսեսիային մասնակցելու փաստը հենց դրա վկայությունն է։

Հանդիպելով Սերժ Սարգսյանին, նրա հետ պայմանավորվածությունների մեջ մտնելով, մասնակցելով կեղծվող ընտրական գործընթացին՝ կուսակցություններն այսօր գործում են այն նույն համակարգի կանոններով, որոնք առկա են Հայաստանում։ Միայն իրենց երեւակայության մեջ է հնարավոր, որ առաջնորդվելով քրեաօլիգարխիկ համակարգի խաղի կանոններով երբեւէ նրանք կարող են տիրանալ կառավարման լծակներին (իրենց լեզվով՝ իշխանությանը) ու ապա փոխել համակարգը։

Շատ ավելի անկեղծ են քաղաքական այն միավորները, ովքեր չեն պատրաստվում մասնակցել այս համակարգի կազմակերպած ընտրական գործընթացին ու դրանից հետո միայն խոսում են համակարգափոխություն անելու մտադրության մասին։ Սակայն իհարկե որեւէ երաշխիք չկա, որ նաեւ այդ միավորները, վարչախմբի սահմանած կանոններից դուրս գործելով, հեղափոխական ճանապարհով կամ այլ կերպ կառավարման լծակներին տիրանալուց հետո, երկրում կհաստատեն սահմանադրական կարգ՝ հիմնված հավասարության եւ ազատությունների վրա։ Սեփական ստատուսի փոփոխության մոլուցքը հայկական հիվանդություն է եւ բացատրվում է մշակութաբանորեն։ Այստեղ ընկած է հայության՝ իր վախերը կոմպենսացնելու, անվտանգություն ձեռք բերելու, անզորությունը հաղթահարելու, ինքնահաստատվելու հիվանդությունը։

Հանրության մեջ այսօր կա մի շերտ, որն իսկապես փոփոխություններ է ցանկանում։ Փոփոխություններ, որոնք սակայն կվերաբերեն իր կյանքին, բայց ոչ ստատուսին։ Ներկա համակարգը չի տալիս եւ չի էլ կարող տալ նման հնարավորություն որպեսզի մարդն ապրի բնականոն կյանքով՝ աշխատի, ստեղծագործի, ընտանիք ձեւավորի, հոգա իր ընտանիքի նյութական ու հոգեւոր կարիքները եւ ընտրությունների ժամանակ իր ազատ կամաարտահայտությամբ մասնակցի պետության քաղաքական կյանքին։ Սա ազատության եւ հավասարության այն շեմն է, որին կարող է ձգտել հայության առողջ մասը։ Երբ կուսակցությունները հանրային այս ցանկությունները ներկայացնում են որպես իրենց նպատակ, ապա այստեղ է, որ սկսվում է նենգափոխումը։ Այստեղ է, որ կուսակցականների կողմից գերագնահատվում է իրենց՝ որպես երկրում փոփոխություններ կատարելուն կոչված սուբյեկտի, դերը։

Շատ ավելի լավ է, որ լուսանցքում են հայտնվում կամ դադարում են գոյություն ունենալ այն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք գերագնահատում են երկրում համակարգային փոփոխություններ կատարելու կուսակցությունների դերն ու նշանակությունը։ Ի վերջո հանրային միտքը մոտենում է այն ընկալմանը, որ փոփոխություններ հնարավոր են, երբ երկրում կա ազատ ու արդար ընտրական համակարգ, եւ հանրությունն էլ հնարավորություն ունի ընտրելու, թե ում տա իր ձայնը ընտրական գործընթացում։ Եւ քանի դեռ դա չկա, խոսել կուսակցությունների կողմից հանրային շահի հանդեպ մտահոգությունների ու պետականամետ վարքի մասին՝ անտեղի է։

Նախորդ տասնամյակներում բազում են այն կուսակցություններն ու կուսակցականները, ովքեր ի վերջո գնացել են գործող վարչախմբի հետ պայմանավորվածությունների ու համագործակցության։ Կուսակցականի ներքին մոտիվացիան ու բնույթն է այդպիսին, ու դա լավ տեսանելի է ապակուսակցական յուրաքանչյուր անձի համար։ Նման պայմաններում իրապես ընդդիմադիր կուսակցականի միակ վարքը պետք է ուղղված լինի նրան, որ նախ ընտրական գործընթացը, ընտրական մեխանիզմները համապատասխանեն ազատ կամաարտահայտություն ենթադրող չափանիշներին։ Ներկայումս շատ ընդդիմադիր կամ ընդդիմադիր ներկայացող կուսակցություններ խոսում են վարչախմբի կողմից ընտրական գործընթացում ներդրված այնպիսի մեխանիզմների մասին, որոնք թույլ չեն տալու ազատ ընտրությունների կայացումը։ Բոլորն էլ համոզված են, որ առաջիկա ընտրությունները կեղծվելու են։ Հարց է ծագում՝ եթե ընդդիմադիր կուսակցությունների սկզբունքային առաջարկները չեն ընդունվում, ապա ի՞նչ սկզբունքով են նրանք պատրաստվում մասնակցել կեղծվող ընտրություններին։

Երբեւէ բողոքել, թե մեզ աջակից չեղաք, մենք տկար ենք, ուստի գնացեք «վայելեք» վարչախմբի իշխանությունը, դա չստացված նրանց շուլերության վերջին հեգնանքն է։ Կարող են նման մտածողությամբ առաջնորդվող կուսակցականները երբեւէ հասկանալ, որ հենց իրենք պետք է աջակցություն ցուցաբերեն երկրում ազատ ընտրությունների հիման վրա սահմանադրական կարգ հաստատելու գործին։ Կարող են իրենք հասկանալ, որ իրենց հեքիաթային ամբիցիաները, թե իրենք իրենցից որեւէ արժեք են ներկայացնում, դա բանական, ազատ մարդուն չի հետաքրքրում։ Կարող են իրենք հասկանալ, որ իրենք կուսակցություն ձեւավորելով, զրկվում են ազատությունից եւ ստիպված են ծառայության անցնել ժողովրդի մոտ։

Կարող է հարց ծագել, թե սահամանադրական կարգ հաստատելու համար պահանջվում է նաեւ կազմակերպված խմբի գոյություն։ Ահա այստեղ է, որ կուսակցությունները պետք է հասկանան, որ այո նման խմբերի գոյությունը պարտադիր է ու դրանք կարող են լինել միայն քաղաքացիական խմբերը, ովքեր զերծ են կառավարման լծակներն իրենց ձեռքում կենտրոնացնելու մոլուցքից։ Եւ այստեղ է, որ որպես քաղաքական դաշտի համահավասար միավոր ի հայտ է գալիս կուսակցությունների՝ քաղաքացիական պայքարի աջակցի դերը։ Քանի դեռ չկա ազատ ընտրական համակարգ, կուսակցությունները որպես օրինական միավորումներ քաղաքականության մեջ կարող են հանդես գալ միմիայն ընտրական այդ համակարգ հաստատելու գործընթացին օժանդակող օղակների դերում։ Սակայն չի կարող լինել այնպես, որ կուսակցությունը ղեկավարի կամ գլխավորի նման շարժումը։ Ներկա դարում մշակված են այն բոլոր պառակտող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս բռնապետական վարչախմբերին՝ չեզոքացնել որեւէ կուսակցության կողմից նման շարժման ղեկավարումը։

Կուսակցությունները կազմավորվում են որեւէ գաղափարի առաջ մղման կամ հանրային ինչ-որ շերտի շահերը պաշտպանելու համար։ Եթե կա առանձին շերտերին համախմբող գաղափար, կամ կա սեփական շահերը ձեւակերպած մի շերտ, ապա կա համապատասխանաբար հակընդդեմ գաղափար, կամ այդ շերտից դժգոհ (մրցակից) մի այլ շերտ։ Կուսակցական պայքարի դրոշի տակ տեղի ունեցող համաժողովրդական շարժումները հենց նրանով են առանձնանում, որ ցանկացած վարչախմբի համար, հաշվի առնելով նշված փաստարկները, հեշտությամբ չեզոքացվում են։ Այսօր յուրաքանչյուր կուսակցություն եւ կուսակցական պետք է իրեն հաշիվ տա, թե ինքն առավելապես ինչ է ուզում՝ հասնել իր ստատուսի փոփոխությանը, թե երկրի քաղաքական համակարգի փոփոխությանը։ Այստեղ մանր շուլերությունները, ինչպիսին է, օրինակ՝ «կառավարման լծակները մեր ձեռքը վերցնելուց հետո սեփական ստատուսի փոփոխությունը ինքնաբերաբար մեզ վերաբերող երեւույթ է դառնալու, բայց մենք երկրում համակարգային փոփոխություն այնուամենայնիվ անելու ենք», չեն անցնում ։

Այսքանից հետո եթե կան կուսակցականներ, ովքեր կասեն, թե մեզ չէիք ուզում, ուրեմն ստացեք ներկա վարչախմբի կողմից ձեզ բաժին դարձած ճորտությունը, ապա դրա պատասխանը հետեւյալն է։ Բոլորս ապրում ենք այն նույն միջավայրում, որն առկա է։ Ոչինչ չի փոխվել, բացի նրանից, որ ձեր գործողությունների արդյունքում հանրությունը նոր հիասթափություն չի ապրել։ Արդյունքում հանրությունն իրեն հասանելիք գործից չի շեղվել, իր առջեւ ծառացած խնդիրներից՝ նույնպես։ Երկրում կա սահմանադրական կարգ հաստատելու խնդիր։ Ձեր օգնությամբ, թե առանց ձեզ, տարիներ, թե տասնամյակներ լինի, այդ խնդիրը Հայաստանի օրակարգից դուրս չի գալու այնքան ժամանակ, քանի դեռ իսկապես ժողովուրդը չի հաստատել սահմանադրական կարգ։ Կարող եք հավասար իրավունքներով երբեւէ մասնակցել այդ գործընթացին՝ շատ լավ։ Ուզում եք գլխավորել այն՝ էլի շատ լավ։ Այդ ժամանակ մի կողմ դրեք ձեր կուսակցական տոմսը եւ փորձեք ձեր ընդունակություններով, գիտելիքով ու փորձով առաջ գնալ ու գլխավորել այդ շարժումը։ Բայց իմացեք, որ դրանով կառավարման լծակներին (ձեր խոսքով՝ իշխանությանը) այստեղ հասնել հնարավոր չէ, բոլոր քաղաքացիները վերահսկում են նման ցանկությունները։ Իսկ այդ ցանկությունները թաքցնել հնարավոր չէ։ Ազատ ընտրությունների հնարավորությունն առաջանալուց հետո մտեք որեւէ կուսակցություն կամ ստեղծեք ձեր կուսակցությունը ու մասնակցեք ընտրություններին, շահեք ժողովրդի վստահությունը, ստացեք համապատասխան ձայներ եւ պետությունը կառավարեք համապատասխան ժամանակահատվածում։ Դա, որպես քաղաքացի, ձեր իրավունքն ու գործն է։ Իսկ եթե ծանր գործ է սահմանադրական կարգ հաստատելու համար քաղաքացիական պայքարին աջակցելը, հետն էլ առանց կառավարման լծակներին հասնելու երաշխիքներ ունենալու, ապա ձեր պարտականությունն է չխանգարել այդ գործը նախաձեռնած քաղաքացիներին։

Այստեղ ահա չի կարող երբեւէ հավասարության նշան դրվել վարչախմբի դեմ պայքարի կուսակցական եւ քաղաքացիական գործունեությունների միջեւ։ Ցանկացած քաղաքացու իրավունքն է թույլ չտալ, որ իր գլխին նոր հրեշներ ծնվեն եւ փոխարինեն հին հրեշներին։ Սակայն ոչ մի կուսակցական չի կարող իրեն իրավունք վերապահել նման կերպ վերաբերել ազատ քաղաքացիներին ու քաղաքացիական շարժմանը, որոնք լծված են երկրում սահմանադրական կարգ հաստատելու գործին։ Չի կարող քանի որ, քաղաքացիական որեւէ խումբ իր առաջ երկիրը կառավարելու խնդիր չի դնում։ Այն խումբը, որը երբեւէ կառավարման լծակներին տիրելու խնդիր դրեց իր առաջ, այդ նույն պահին նա վերածվելու է կուսակցության՝ անկախ նրանից թե ֆորմալ առումով ինչ կարգավիճակում է գտնվում։ Սահմանադրական կարգ հաստատելու համար քաղաքացիական պայքարը երկրում ազատ ընտրությունների մեխանիզմը ներդնելու, ընտրական գործընթացը հանցավոր տարրերից ազատագրելու եւ աշխատացնելու համար պայքար է։ Այն բոլորի համար հավասար հնարավորություններ հաստատելու պայքար է եւ դրանով է, որ ոչ  մի կուսակցություն չի կարող իրեն իրավունք վերապահել խանգարել քաղաքացիական շարժմանը։

Շատերի համար ներկայացվածը կարող է որպես ուտոպիա դիտվել։ Այդ մարդիկ անընդունակ են հասկանալու իրենց աչքի առաջ տեղի ունեցած Ղարաբաղյան շարժման էությունը։ Նրանք անընդունակ են տեսնել ողջ աշխարհում վերջին տասնամյակներում բռնապետական վարչակարգերի դեմ քաղաքացիական շարժումների հաջողությունները։ Նրանք անգամ անտեղյակ են վերջին տարիներին Թաիլանդում տեղի ունեցող համանման գործընթացից։ Նման մարդիկ շարժվում են «ռեալ պոլիտիկայով», սակայն չեն ցանկանում ընդունել, որ այդ դաշտում Սերժ Սարգսյանից ավելի լավ նրանք ի վիճակի չեն խաղալ։ Ի վերջո գնալու են տուն կամ գտնեն մի տաք անկյուն՝ վարչախմբի տանիքի ներքո։ Ուտոպիան նրանց հենց այն մտածելակերպն է, երբ իրենք կարծում են, որ կարող են գործող վարչախմբի խաղի կանոներով հաղթել բոլոր ռեսուրնսերին տիրապետող հենց նույն վարչախմբին։ Ներկաների, թե նոր ուզուրպատորների տեսքով ով էլ լինի, քաղաքացիների գործը մնում է երկրում սահմանադրական կարգ հաստատելը։ Ու այդ գործում եթե ընդդիմադիր բոլոր կուսակցություններն էլ սպառեն իրենց, դրանից երկիրը չի տուժի, իսկ հանրության առաջ ծառացած գլխավոր խնդիրը չի վերանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter