HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորեցի ֆերմեր. «Կառավարության տված նպաստը մեր ժողովրդի կյանքը դարձրեց ցիգանի կյանք

Մովսես Սիմոնյանը, ում Աքորի գյուղում Մոսո են ասում, աշխատելու համար վերջին անգամ 2015թ.-ին է գնացել Ռուսաստանի Դաշնություն: Ռուսական ռուբլու արժեզրկումից հետո, Մոսոն գերադասել է Աքորիում զբաղվել անասնապահությամբ: Աշխատելու ընթացքում էլ նկատել է, որ Լալվարի լանջերի Աքորիի «Գոմեր» հանդամասի արոտավայրերում անասնապահությամբ կարելի  է հարստանալ: «Աշխատողը, որտեղ ասես աշխատում է»,-եզրահանգել է Մոսոն:

«Աքորիում, ովքեր փորձում են իրենց սոցիալական վիճակի լավացման համար զբաղվել գյուղատնտեսությամբ, ես իմ պարտքն եմ համարում աջակցել նրանց»,-ասում է գյուղապետ Հրահատ Սիմոնյանը: Տնտեսության ընդլայնման համար գյուղապետը գյուղի չօգտագործվող խոտհարքներից վարձակալությամբ 20 հա խոտհարք է տվել Մովսես Սիմոնյանին: «Անասնապահության իր եկամուտներով Մոսոն Աքորիում 2015թ.-ին իր տղայի համար թանկարժեք  տուն է գնել»,- ուրախությամբ հայտնեց գյուղապետը:  

«Ընտանիքդ անասնապահությամբ լավ պահում ես, չէ»,- հարցրի Մոսյին: «Կարամ արանքում մի երկու ընտանիք էլ պահեմ»,-կատակեց Մոսոն:

«Մի 150  ոչխար, 90  գառ,  30 խոշոր եղջերավոր անասուն ունեմ, որից 15-ը կթու կով է: Հինգ մայր  խոզեր և  9 հատ էլ գոջիկներ ունեմ՝ դեռ հազիվ 10 օրական: Երկու հնդկահավ ունեմ: Հնդկահավերը նոր եմ ուզում բազմացնել: Հավեր չեմ կարողանում այստեղ բազմացնել՝ Լալվարի գլխին թառած արծիվները տանում են: Արծիվները այստեղ շատ են»,- պատմում է Մոսոն: Վերջինիս ասելով՝ այդ ամենը ստեղծվել է Ռուսաստանից իր ուղարկած փողով: Ամուսնու ուղարկած փողը կինը՝ Արմենուհին ու տղաները ոչ թե շռայլել, այլ ներդրել են անասնապահական տնտեսություն ստեղծելուն։  Հիմա Մոսոյի ֆերմերային տնտեսությունում աշխատում են ամբողջ ընտանիքով: Մոսոն այս տարի մոտ 30 գառան կորուստ է ունեցել:

«Լինում է ժամանակ, որ գառը այստեղ չի հասունանում, դա հաստատ անասունից չէ։ Գիտեք ոնց ա, եթե այսօր եղանակը վատ էր եղել, այստեղ մի քիչ կանգնելուց հետո  Ձեր հագուստի գույնը անմիջապես կփոխվեր: Գործարանի գազն  էստեղ շատ է գալիս: Մենք «Դարքա խաչ» հանդամաս ունենք, էդ տարածքում մեր արոտավայրը միշտ էլ թունավորված է եղել գործարանի արտանետումներից: Գործարանի տրուբեն էլ բարձրացրին, թունավոր ծուխը ավելի շատ է Աքորի գալիս: Բայց էլի ոչ մի բանով չեն օգնում, նույնիսկ գյուղի երեխեքին կաթ էին տալիս, էդ էլ վերացրին»,-դժգոհեց նա:

Դեռ  երկու ամիս առաջ Մոսոն  «Գոմեր» հանդամասում երկհարկանի գոմ է կառուցել:  Գոմի 2-րդ հարկում իր մեկը-մեկից գեղեցիկ 90 գառներին է տեղավորել: Առաջին հարկում պահում է 30 խոշոր եղջրավորներին:

Հարևանի գոմում պահում է իր 150 ոչխարները: Մոսոյի ասելով, եթե երկրի վարկային պրոցեսները նորմալ լիներ, իր տնտեսությունը շատ ավելի մեծ կլիներ: Ասաց՝ բանկերին չի վստահում, բայց նկատում է, որ վարկով կարող էր իր տնտեսությունը ընդլայնել: «Ուզում եմ անասնագոմ սարքել, բայց ինչով սարքեմ: Էսա խոտհնձի ժամանակը գալիս է, մենք արդեն պետք  է խոտհնձին պատրաստվենք: Խոտհնձի ծախսը շատ է լինում: Ես էսօր չգիտեմ՝ ինչ ծախեմ, որ սկսեմ իմ գոմի կառուցման աշխատանքը: Բայց ով էլ աշխատի՝ կստեղծի»,-ասում է Մոսոն: Մոսոյի 150 ոչխարներին ամեն օր արոտի են տանում  նրա  6 շները՝ Ջիգիթ և Բասար գամփռների գլխավորությամբ: Շները էնպես են հսկում ոչխարին, որ հոտաղի կարիքը չի զգացվում: Հոտը նկարելու ժամանակ շները կանգնեցին հոտի առաջ և անթարթ հայացքով հետևում էին ինձ: Մոսոն իր փարախում շուն չի պահում: «Եթե այստեղ մի հատ էլ շուն թողնեի, մնացած շները ոչխարի հետ չէին գնա: Մեկը մնար՝ մնացածները պետք է ասեին՝ հո մենք հարիֆ չենք: Դա շների օրենքն է: Դրա համար առավոտը բոլորին ոչխարի հետ ուղարկում եմ: Նախ՝ շներին առավոտը լավ կեր եմ տալիս, հետո ոչխարին բաց թողնում»,-բացատրում է Մոսոն: Արմենուհին էլ ասում է, որ  գիշերը 5 մայր խոզերին ու գոջիներին թողնում է դրսում՝գոմ չունենալու պատճառով:  «Գելը մեր տարածքը չի գալիս»,-վստահեցրեց Մոսոն:

Հարցրի իր արտադրած գյուղատնտեսական մթերքների իրացման մասին:  «Գիտեք ինչ, եթե գյուղացին կաթ է ստանում, նա պետք է չմտածի՝պանիր անի, թե ՝չանի: Պետք է կաթը վաճառի: Դա ժամանակի տնտեսում կլինի: Բայց, բոլոր դեպքերում, կաթից պանիր ենք պատրաստում և վաճառում»,-պատասխանեց նա: Կաթը աքորեցիներից հավաքում են լիտրը 120 դրամով: «Շուկայում կաթի գինը ավելի թանկ է»,- ասացի։ «Որ թանկ ա, ինչ անենք, մենք կարանք մեխի գլխին բռունցքով տանք»,-նեղսրտեց Մոսոն: Իրացման դժվարությունների հետ կապված ֆերմերն այլ բացատրություններ էլ ուներ:Նրա  խոսքերով, այսօր աքորեցին այնքան աղքատ է, որ չի կարողանում կաթ առնել: Եթե  գյուղացիների միջոցը լավանա, աքորեցի ֆերմերների արտադրած կաթը Մոսոյի ասելով՝ Աքորիին չի հերիքի:

«Հիմա բանջարեղենի ու կանաչու սեզոն է, մարդիկ  հանդից քաղում, տանում՝ վաճառում են, էդ ժամանակ կաթ էլ են առնում»,- բացատրեց նա:  Իր տնտեսությամբ Մոսոն փորձում է մի բան էլ համագյուղացիներին շահ բերի: Ինչ գնով Ալավերդու շուկայի մսավաճառները գալիս են իրենից միս ուզում, նա այդ գնից մի բան էլ էժան, իր գառան միսը ծախում է  համագյուղացիներին:

Աքորին դժվարություններով է ապրում:  Վարելահողերը քիչ են:  Հիմնականում պետք է անասնապահությամբ զբաղվեն: «Ով աշխատասեր է, նա  զբաղվում, ստեղծում է։ Ով էլ ՝չէ,  նպաստ են ասում,  կառավարությունը տալիս է, իբրև մարդիկ յոլա գնան: Մարդիկ էդ նպաստներով դարձան մուրացկան:  Ճիշտ եմ ասում:  Էդ  նպաստը մեր ժողովրդի կյանքը դարձրեց ցիգանի կյանք: Նպաստի հույսով, չեն ուզում աշխատել:  Ամեն տեղ էլ նույնն է»,-դժգոհեց Մոսոն և հավելեց, որ նպաստը միայն հաշմանդամներին և երեխաներին պետք է տալ: Արմենուհին և Մոսոն 4 երեխաներ ունեն՝ Արտակը, Վանիկը, Հռիփսիմեն և Անդրանիկը։ «Երեխաներս շատ են օգնում մեզ: Մենք ընտանիքով հասկացանք, որ աղքատությունը լավ բան չի: Ընտանիքով աշխատել և ստեղծել ենք: Որպես կին հանդում ինձ այնքան էլ լավ չեմ զգում, բայց այս ամենի լավն այն է, որ իմ երեխեքը սոված չեն»,- ասում է Արմենուհին:

«Աքորիում էլի կան գյուղացիներ, ովքեր լրջորեն զբաղվում են անասնապահությամբ՝ Նիազյան Միխիթարը, Պողոսյան Սամվելը, սարում հիմա մնացող ունենք՝ Էդիկ Ավետյանը: Շատ են անասնապահությամբ զբաղվողները: Եթե նախկինում մարդիկ ունեին 2-3 խոշոր եղջերավոր անասուն, վերջին տարիների նրանք անասունների թիվը մինչև 10-ի են հասցրել: Գյուղի հողագործները սկսել են մալինայի դաշտեր գցել: Դրա պահանջարկը կա, շուկայի խնդիր չունեն՝ հենց գյուղում հանձնում են: Բայց այնպես չէ, որ Աքորիում աղքատությունը վերացել է, գյուղում սոցիալական լուրջ խնդիրներ կան»,-հայտնեց գյուղապետ Հրահատ Սիմոնյանը:

Հրաժեշտից առաջ Արմենուհին ասաց, որ օրերը տաքանալուն պես անասունների հետ տեղափոխվելու են Լալվարի «Ղազարի բինատեղ» սարը:     

Մեկնաբանություններ (1)

Լավ հոդված է!
Լոռեցիները երբեք հարուստ չեն եղել, բայց քաղցած էլ չեն մնացել՝ երբ աշխատել են: Բնությունը թույլատրում է այստեղ ինքնուրույն գոյատեւելու՝ նույնիսկ ապիկար կառավարիչների դեպքում: Աստված պահպանի գոնե այն, ինչ մնացել է Լոռվա բնությունից: Գեւորգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter