HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Հետաքննող լրագրողներ»-ը վարչական դատարանում վիճարկում են 4 համայնքների ղեկավարների գրությունների իրավաչափությունը

Վարչական դատարանում այսօր, մարտի 23-ին, տեղի ունեցավ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն ընդդեմ Վանաձոր, Հրազդան, Աբովյան եւ Բալահովիտ համայնքների հայցադիմումի քննությունը: Գործով նշանակված առաջին դատական նիստին պատասխանող ճանաչված նշված 4 համայնքներից չէր ներկայացել Վանաձորի քաղաքապետը կամ նրա ներկայացուցիչը, իսկ Բալահովիտ համայնքի ղեկավարի ներկայացուցչի լիազորագիրը դատարանը համարեց ոչ պատշաճ, որի պատճառով նա չներգրավվեց դատական նիստին:

Դեռեւս 2015 թ. հուլիս եւ օգոստոս ամիսներին «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն դիմել էր գործով պատասխանող ճանաչված 4 համայնքների ղեկավարներին` խնդրելով կազմակերպության լրագրողներին թույլ տալ ներկա գտնվելու համայնքային սեփականության հողերի աճուրդ-վաճառքին` դիտարկելու եւ լուսաբանելու նպատակով:

Չորս համայնքներն էլ իրենց պատասխաններով մերժել էին կազմակերպության լրագրողների ներկայությունը աճուրդներին` իրենց պատասխաններում հիմնավորելով, որ ««Հողային օրենսգրքի» 68 հոդվածի 6-րդ մասի համաձայն` աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը: Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մուտքն արգելվում է»:

Կազմակերպությունը 2015թ. հոկտեմբերին դիմեց դատարան` հիշյալ 4 համայնքների ղեկավարների գրություները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Հրազդան եւ Բալահովիտ համայնքների ղեկավարները հայցին նախնական պատասխան չէին ներկայացրել, իսկ Վանաձոր եւ Աբովյան համայնքների ղեկավարները դատարանին ներկայացրած առարկության մեջ կրկնել էին կազմակերպությանն ուղղված իրենց պատասխաններում արտահայտած իրավական դիրքորոշումը:

Հրազդան եւ Աբովյան համայնքների ներկայացուցիչները գործի փաստական հանգամանքների հետ կապված առարկություն չունեին հայցի դեմ: Նախագահող դատավոր Կարեն Ավետիսյանն արձանագրեց, որ կազմակերպության հայցադիմումում ներկայացված փաստական հանգամանքներն ընդունելի են նիստին ներկա գտնվող երկու պատասխանողների համար: Մյուս երկուսի` Վանաձոր եւ Բալահովիտ համայնքների դիրքորոշումները գուցե հնարավոր լինի ճշտել հաջորդ դատական նիստի ժամանակ:

Դատարանն արձանագրեց նաեւ, որ հայցվոր կողմի իրավական դիրքորոշումները չեն  համապատասխանում պատասխանողների իրավական դիրքորոշումներին: Հրազդան եւ Աբովյան համայնքների ներկայացուցիչները իրավական հանգամանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը ճշտելով դատարանում պնդեցին, որ հայցվորի ցանկացած գրության դեպքում` «լրագրողները կներկայանային աճուրդի մասնակից թե ներկա գտնվող` մերժելու էին», քանի որ Հողային օրենսգիրքն այդ կարգավիճակով էլ թույլ չի տալիս որեւէ մեկի մասնակցությունը: «Մենք օրենքի պահանջն ենք կատարել, մենք իրավաչափ պատասխան ենք տվել»,- պնդեցին նրանք:

Վանաձորի քաղաքապետը հայցի դեմ դատարանին ներկայացրած առարկության մեջ դրան հավելել է նաեւ հետեւյալը. «Վանաձոր համայնքի ղեկավարը մերժել է լրագրողների մասնակցությունը աճուրդին, իսկ միայն ներկա գտնվելու գործընթացն այլ է եւ կարգավորվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ եւ 10-րդ հոդվածների դրույթներով, որտեղ նշվում է, որ աճուրդի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը»:

«Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատարանին հիշեցրեց, որ ուղիղ մեկ ամիս առաջ, «Ինֆորմացիայի ազատություն» հ/կ-ի դիմումի հիման այդ հարցը քննարկվել է Սահմանադրական դատարանում (ներկայացուցիչը դարձյալ Արտակ Զեյնալյանն էր): ՍԴ-ն տեղեկատվություն ստանալու համար վճարման հարցի վերաբերյալ ՍԴՈ-1256 որոշման մեջ հետեւյալ դիրքորոշումն է արտահայտել. «Տեղեկատվության մատչելիությանն առնչվող տեղեկատվության վճարովիությունը, եթե խոսքը չի վերաբերում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցված ծառայությունների կամ տեղեկությունների տրամադրման համար պետական կամ տեղական ինքկառավարման մարմնի կողմից կատարված փաստացի եւ ողջամիտ ծախսերին, կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղեկություններ ստանալու իրավունքի արդյունավետ իրականացման համար»:

Հետեւաբար, ՏԻՄ-երը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի այդ դրույթը լրագրողների դեպքում արդեն չեն կարող կիրառել: Պատասխանողների մյուս առարկությունը, որ «աճուրդ-վաճառքին լրագրողի ներկայությունը կարող է խախտել մասնակիցների ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով նախատեսված իրավունքներն` ընդհուպ ընտանեկան եւ անձնական գաղտնիք համարվող փաստերի հրապարակման վտանգը», հայցվորի համար նույնպես ընդունելի չէր, քանի որ հայցի հիմքում ընկած է համայնքային շահը, որը գերակա է անձի շահին:

Այսքանով դատարանն ավարտված համարեց գործի նախապատրաստական փուլը եւ նշանակեց դատաքննություն` հույս ունենալով, որ հաջորդ նիստին Վանաձոր եւ Բալահովիտ համայնքները կներկայացնեն իրենց դիրքորոշումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter