Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի ենթադրյալ կազմակերպիչն ու հայտնի գործարարի որդին բիզնես ունի Չեխիայում


Հայտնի գործարար Ալբերտ Երիցյանը, որն ընթերցողին առավել ծանոթ է իր հիմնադրած «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետով, 10 տարի առաջ բիզնես է հիմնադրել նաեւ Չեխիայի Հանրապետությունում, որն այժմ որդու՝ Ռոբերտի ընտանիքի ձեռքում է: Ինչպես հայտնի է, Երիցյանի գործերը Հայաստանում տարիներ առաջ անկում ապրեցին, բիզնեսի մի մասը նա վաճառեց: Դրանում պակաս էական դեր չխաղաց Ռոբերտ Երիցյանի ենթադրյալ մասնակցությունը այն ժամանակվա ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ կազմակերպված մահափորձի գործում, որից հետո Ռոբերտն անհետացավ, նրա հանդեպ հետախուզում հայտարարվեց: Հայ-չեխական լրագրողական թիմն ուսումնասիրել է Երիցյանների ունեցվածքը Չեխիայում:    

Մինչեւ Երիցյանների չեխական գործերին անդրադառնալը նախ հիշենք, թե ինչով է հայտնի այս ընտանիքը Հայաստանում:

Գործարարից՝ թաղապետ

Ալբերտ Երիցյանը (ծնվ. 1950թ.) նախկինում բավականին հաջողակ գործարար էր: 20 տարի առաջ՝ 1996-ին, նա հիմնադրեց «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ն, որը նույն տարում դարձավ շվեյցարական «Nestle» ընկերության մանկական սննդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նոր ընկերության գլխավոր շարժիչ ուժը նույնանուն սուպերմարկետն էր, որը հիմա էլ գործում է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 21 հասցեում: Երիցյանները նույնպես գրանցված են Երեւանի այս հատվածում՝ Մամիկոնյանց փողոցում: Սակայն, Հայաստանում առաջին սուպերմարկետի համարումն ունեցող խանութի բացումից դեռ մեկ տարի առաջ՝ 1995-ին, Երիցյանը հիմնադրել էր «Աթենք» ՍՊԸ-ն: Վերջինս զբաղվել եւ զբաղվում է մսամթերքի արտադրությամբ:

2008-ի սեպտեմբերի 7-ին Ալբերտ Երիցյանն ընտրվեց Արաբկիրի թաղապետ: Սակայն ընտրությունները հարթ չանցան, մամուլն արձանագրեց բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ ընտրակաշառքի բաժանում «Շտիրլից Աբո» անունով հայտնի Երիցյանի կողմից: Ընտրության օրը նույնիսկ արյուն թափվեց: Քանաքեռ գէս թաղամասում դանակահարվեց Երիցյանի մրցակիցներից ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանի (այդ պահին գործող թաղապետն էր) վստահված անձ Մհեր Քերոբյանը: Լուրեր տարածվեցին, որ դանակահարողը Ռոբերտ Երիցյանն է, ինչը հայր Երիցյանը կտրուկ հերքեց: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ բաժին են ներկայացել 2 հոգի, ովքեր հայտնել են, թե «ընտրողների իրավունքներին բռնանալու առիթով վիճաբանել են Քերոբյանի հետ, ծեծել միմյանց, ինչի հետեւանքով երկուստեք ստացել են մարմնական վնասվածքներ»: Դրանցից մեկը՝ Տիգրան Թադեւոսյանը, Ռոբերտի վարորդն էր: «Էրեբունի» հիվանդանոցում հայտնված տուժողն իր հերթին նշել էր, թե ոչինչ չի հիշում: Ըստ որոշ լուրերի էլ՝ չնայած վերոնշյալ երկուսի ինքնախոստովանությանը՝ ԱԱԾ աշխատակիցները քվեարկության օրվա գիշերը այցելել էին Երիցյանի շտաբ՝ Ռոբերտին ձերբակալելու, որն արդեն փախուստի էր դիմել:     

2009-ի մարտին մեկ այլ պատմության մեջ էր հայտնվել Ալբերտ Երիցյանի մյուս որդին՝ Արտակը: Մամուլի փոխանցմամբ՝ «Գրիար» ռեստորանում հարբած վիճակում վերջինս քաշքշուկ էր սարքել, կրակել ու հեռացել: «Գրիարի» տերերից մեկն ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի (Գրիշա) Հարությունյանն է: Նրա քրոջ որդին՝ ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), Արտակին կանչել էր պարզաբանման, ինչն ավարտվել էր ծեծով: Թաղապետի որդին դիմել էր հորը, որը թիկնազորով գնացել էր Մ. Պողոսյանի մոտ ու կրկին ծեծվել: Հետաքրքիր է, որ Ալբերտ Երիցյանն ու Միհրան Պողոսյանը բարեկամներ են: Երիցյանը Պողոսյանի մոր մորաքրոջ (նույնն է թե՝ նախկին ԱԱԾ-ական Գրիշա Հարությունյանի մորաքրոջ) որդին է, կարճ ասած՝ Միհրանի քեռին: Այն ժամանակ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը նշել էր հենց այս հանգամանքը. «Անձինք բարեկամներ են, եւ չեմ կարծում, որ նրանց մեջ կարող է լուրջ միջադեպ լինել: Ստուգել են, միջադեպը չի հիմնավորվել»: Փաստորեն, այս դեպքը նույնպես «ջրվել էր»:

Ի մի բերելով՝ ասենք, որ Ալբերտ Երիցյանը, փաստորեն, բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանի, շինարարական բիզնեսում հայտնի «Գրիարի» տեր, մասնագիտությամբ շինարար, նախկին ԱԱԾ-ական Գրիշա Հարությունյանի, վերջինիս հարազատ եղբայր Միխայիլի ու նրա գործարար որդիների (Միխայիլի ընտանիքին են պատկանում «Միկշին», «Միկմետալ» շինարարական ընկերությունները, երեւանյան «կարմիր գծերով» հայտնի «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն) գերդաստանից է:

Մահափորձ Գագիկ Խաչատրյանի դեմ

Ռոբերտ Երիցյանը (ծնվ. 1974թ.) հերթական պատմության մեջ հայտնվեց 2009-ի գարնանը: Մայիսի 23-ին ՀՀ պետեկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացվեց: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Տերյան 19 շենքի բակում (Խաչատրյանն ապրում է այստեղ) գտնվող կիսակառույցի ամրանի վրա անհայտ անձինք ինքաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք էին դրել՝ ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Պայթուցիկ հանդիսացող 600 գր տրոտիլին որպես բեկորներ ամրացվել էին մանեկներ, իսկ պայթյունն ուղղորդվելու էր մետաղյա ինքնաշեն սարքի միջոցով: Հայտնաբերվել էր նաեւ հեռակառավարման սարքի ձեւափոխված «Ռոջեր» տիպի ռադիոկայան եւ տեսահսկում իրականացնելու նպատակով իբրեւ տեսախցիկ ծառայող բջջային հեռախոս: Պայթուցիկը, սակայն, հայտնաբերել էր կիսակառույց շինության պահակը, ինչն էլ փրկել էր ՊԵԿ-ի նախագահի կյանքը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 34-305 (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ), 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 236 (ապօրինի կերպով զենք պատրաստելը) հոդվածներով:  

Ըստ ԱԱԾ-ի՝ մահափորձին մասնակցություն է ունեցել 8 հոգի: Հանցավոր խմբի պարագլուխն, ըստ այդմ, 1992-1997 թթ. ՆԳՆ ներքին զորքերի «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Գագիկ Մաթեւոսյանն էր՝ հայտնի իբրեւ «Մուսկուլ Գագո»: Վերջինիս տնից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Երեւանյան նրա տանը կից կառույցում հայտնաբերվել էր ընդհատակյա քիմիական լաբորատորիա, որտեղից առգրավված նյութերն, ըստ իրավապահների, օգտագործվել են՝ պայթուցիկ սարքեր եւ թունավոր նյութեր պատրաստելու համար: 

ԱԱԾ-ի տեղեկացմամբ՝ պարզվել էր նաեւ, որ սպանության պատվերը երեւանցի Ռաֆայել Մասումյանի («Երգիչ Աֆոն») միջոցով տվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Ալբերտի Երիցյանը՝ վճարելով 150.000 դոլար: Երիցյանը մինչեւ 2008-ի ապրիլի 23-ն աշխատում էր մաքսայինում՝ իբրեւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, ազատվել էր իր դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը 2001-2008 թթ. մաքսային կոմիտեի նախագահի տեղակալն էր: 2008-ի ապրիլ-հունիս հատվածում (Սերժ Սարգսյանի՝ իշխանության գալուց հետո), երբ Երիցյանը հեռացավ գործից, նախագահի պաշտոնակատարն էր, հունիսին դարձավ մաքսայինի ղեկավար, օգոստոսին էլ՝ հարկայինի ու մաքսայինի միացումից հետո, նորաստեղծ ՊԵԿ-ի նախագահ:        

Դեպքից հետո իրավապահները չէին կարողացել բռնել Մասումյանին եւ Երիցյանին: Ի վերջո, Ռ. Մասումյանը հայտնաբերվել էր Վրաստանում. հայ-վրացական գործողության ընթացքում նա ձերբակալվել էր Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս, ապա կալանավորվել: Իսկ ահա Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում:

Քրգործում նշվել է, որ Երիցյանը թշնամացած է եղել Խաչատրյանի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ժամանակ նվաստացրել է իրեն: Իսկ «Մուսկուլ Գագոյի» խմբի վերաբերյալ նախաքննությունը վարող ԱԱԾ-ն մեծածավալ մեղադրանքներ էր պատրաստել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստում:    

Գագիկ Մաթեւոսյանը (կենտրոնում) եւ մյուս ամբաստանյալները՝ դատարանում

2011-ի հոկտեմբերի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Ավետիսյան) Գագիկ Մաթեւոսյանին դատապարտեց 14, Ռաֆայել Մասումյանին՝ 14, Արտակ Ղուկասյանին՝ 11, Վազգեն Կարապետյանին՝ 13, Արայիկ Ոսկանյանին՝ 12, Գրիգոր Գրիգորյանին՝ 7 տարվա ազատազրկման:

Երիցյանների բիզնեսի անկումը

Պաշտոնյայի դեմ անհաջող մահափորձից հետո Երիցյանների գործերն սկսեցին անկում ապրել: Այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի, իսկ թաղապետերինը՝ նշանակովի, Ալբերտ Երիցյանը կորցրեց պաշտոնը: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2009-ի հունիսին նրա փոխարեն նշանակեց Համլետ Մարգարյանին: Սակայն սրանով անհաջողությունները չավարտվեցին. այլեւս ակնհայտ էր իշխանությունների բացասական վերաբերմունքը Երիցյանի հանդեպ, չնայած նույն իշխող ՀՀԿ-ն մի քանի ամիս առաջ կայացած թաղապետի ընտրություններում աջակցում էր ՀՀԿ-ական Հ. Շահինյանի անկուսակցական մրցակից Երիցյանին:

2009-ի սեպտեմբերին «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ն կառավարությանը խնդրեց հետաձգել հացի նոր գործարան կառուցելու նպատակով ներկրվող սարքավորումների ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Կառավարությունը մինչ այդ հայտարարել էր, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար կաջակցի գործարար հատվածին, մասնավորապես՝ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը կհետաձգի 3 տարով: Ըստ Երիցյանների՝ Չեխիայից ներկրվող իրենց սարքավորումները 4 մլն եվրո արժեին: Ծրագիրը գնահատողները էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններն էին, ինչպես նաեւ ՊԵԿ-ը: Եվ անակնկալ չէր, որ ծրագիրը մերժվեց՝ գնահատվելով 50 տոկոսից ցածր: Երիցյանների իրավաբանն էլ նշել էր, թե անհասկանալի են մերժման պատճառները, ավելին՝ բիզնես-ծրագիրն արժանացել էր չեխական բանկերի ու ապահովագրական ընկերությունների հավանությանը:     

Գ. Խաչատրյանի դեմ մահափորձից որոշ ժամանակ անց աշխատանքից ազատվեց ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Զավեն Նանյանը, որն, ըստ մամուլի, քավոր-սանիկական հարաբերություններ ուներ Ռոբերտ Երիցյանի հետ: Ըստ այդմ՝ ազատման պատճառը պարտականությունները ոչ պատշաճ կատարելն էր:

Մամուլում լուրեր տարածվեցին, որ Ալբերտ Երիցյանին ստիպել են վաճառել «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետը, սակայն գործարարը հայտարարեց, որ դա իր ընտանիքի անունն է ու չի վաճառվում: Սակայն 2009-ի հոկտեմբերին, այդուհանդերձ, նա սուպերմարկետը վարձակալման հանձնեց Սաֆարյան ընտանիքի «Սիմաո» ՍՊԸ-ին, որն էլ շահագործում է մինչ օրս: Շուտով հերթը հասավ նաեւ մյուս բիզնեսներին: Երիցյանը վաճառեց «Աթենք» մսամթերքի կոմբինատը: Դրա տերը դարձավ Ադամյան ընտանիքի «Ադամիում» ՍՊԸ-ն, որը զբաղվում է խմիչքների ներմուծմամբ: Ներկայում «Աթենքի» ղեկավարը Արտյոմ Մարտիրոսյանն է:   

Հացաբուլկեղենի արտադրությունը 3 գործարաններով (Փափազյան, Գրիբոյեդով, Աճառյան փողոցներում) Երիցյանը վաճառեց գործարար Սիլվա Համբարձումյանին: Վերջինս «Հայկական ժամանակին» պատմել էր, թե գործարանները վարկի դիմաց 3,5 մլն դոլարով գրավադրված են եղել «ՎՏԲ» բանկում, որից էլ, վարկը մարել չկարողացող Երիցյանի համաձայնությամբ, գնել է ինքը: Ըստ Համբարձումյանի՝ իրեն էր փոխանցվել նաեւ Չեխիայից պատվիրված նոր սարքավորումների վճարման պարտավորությունը՝ 6,5 մլն եվրո, այսպիսով՝ գործարքի ընդհանուր գինը կազմել էր շուրջ 12 մլն դոլար: Ավելին, տիկնոջ փոխանցմամբ, երկար ժամանակ սարքավորումները պահվել են ՀՀ մաքսատանն ու չեն մաքսազերծվել, ինչը Երիցյանի բիզնեսը գնելուց հետո կարողացել է գլուխ բերել ինքը:

Համբարձումյանը նաեւ ասել էր, որ ցանկացել է գնել սուպերմարկետը, որը գրավադրված է եղել «Բիբլոս» եւ «Պրոմեթեյ» բանկերում, սակայն Երիցյանն ասել է, թե չեն վաճառում, հանձնել են վարձակալության, որ փակեն պարտքերը: Ս. Համբարձումյանը հերքել էր, թե Երիցյանի գործարանները գնելու հարցում գործընկեր ունի՝ հանձին ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նախկին տիկնոջ՝ շեշտելով, որ գործում է միանձնյա:

Գործարանները գնելուց հետո «Հայր եւ որդի Երիցյաններ» ապրանքանիշով հայտնի հացերը սկսեցին արտադրվել նոր ընկերության «Կալաչ» անվան տակ (2010-ին Ս. Համբարձումյանի հիմնադրած «Կալաչ» ՍՊԸ-ն 2014-ին սնանկ ճանաչվեց, իսկ ավելի ուշ ստեղծված «Կալաչ Պլյուս» եւ «Կալաչ-1» ընկերությունների գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է):  

Երիցյանների ունեցվածքը Չեխիայում

«Երիցյան Հոլդինգ» ՍՊԸ-ն (ընկերության պաշտոնական տվյալներն այստեղ՝ Jeritsyan Holding s.r.o.) հիմնադրվել է դեռ 2006-ի ապրիլի 12-ին Պրահայում: Ի սկզբանե իբրեւ գործունեության տեսակ նշվել է անշարժ գույքի, բնակարանների, գրասենյակային տարածքների վարձակալությունը, ինչպես նաեւ արտադրության, առեւտրի, ծառայությունների մատուցման տարբեր տեսակներ:

Առաջին հիմնադիրները եղել են Ալբերտ եւ Ռոբերտ Երիցյանները՝ համապատասխանաբար 80 եւ 20 տոկոս մասնաբաժիններով: 2007-ին հորն ու եղբորն է միացել Արտակ Երիցյանը, իսկ 2011-ին՝ Լիլիթ Ասատրյանը՝ Ռոբերտի կինը: Ներկայում փայատերերն են Լիլիթ Ասատրյանը (40 %),  Ռոբերտ Երիցյանը (40 %) եւ նրանց որդին՝ կրտսեր Ալբերտ Երիցյանը (20 %): Ընկերության կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (մոտ 4 մլն դրամ): Երիցյաններն իրենց չեխական գործերը կառավարում են տեղացի լիազորված անձանց միջոցով: Ներկայում նրանց լիազորված անձը Պրահայում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Միտրյուկովան (Olga Mitryukova) է:

«Երիցյան Հոլդինգն» սկզբնապես գրանցվել է Պրահայի Կոստոմլացկա (Kostomlatská) փողոցում: Հետագայում երեք անգամ փոխել է հասցեն եւ այժմ գրանցված է Չեխայի մայրաքաղաքի Չոտեշովսկա (Chotěšovská) 678/2 հասցեում: Այս փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քաղաքացի Երիցյանների չեխական հասցեների փոփոխությամբ: Մասնավորապես, Կոստոմլացկա փողոցում, ըստ որոշ փաստաթղթերի, գրանցված է եղել նաեւ Ալբերտ Երիցյանը, որը հետո, ինչպես եւ ընկերությունը, տեղափոխվել է այլ թաղամաս: Ընկերության այժմյան հասցեում՝ Չոտեշովսկա փողոցում, ինչպես նշված է ՍՊԸ-ի փաստաթղթերում, գրանցված է նաեւ Ռոբերտ Երիցյանը: Վերջինս ՀՀ քաղաքացի է, հոր, կնոջ եւ որդու հետ հաշվառված է Երեւանի Մամիկոնյանց փողոցում, բայց, ինչպես նշեցինք վերեւում, 2009-ից հետախուզման մեջ է:   

Չոտեշովսկա 678/2-ում Երիցյաններից ոչ մեկ սեփականություն չունի, ինչի մասին վկայում է Չեխիայի անշարժ գույքի կադաստրը: Սակայն այս հասցեում երկու հայ կա՝ Նաիրա Արդենյանը եւ Մհեր Գամջյանը:

Չոտեշովսկա 678/2 հասցեն

Հատկանշական է, որ 2009-ին Երիցյաններն իրենց չեխական ընկերության կառավարումը լիազորել էին այդ երկրի քաղաքացի Մագդա Գամջյանին, ով բնակվում է Պրահայում՝ Չոտեշովսկայից ոչ հեռու: Այն, որ Մհերն ու Մագդան ազգակցական կապ ունեն, փաստվում է նրանց համատեղ չեխական ընկերությամբ (Nara.Co s.r.o.), որը գրանցված է նույն Չոտեշովսկա 678/2-ում: Նրանց գործընկեր-փայատերերից է նաեւ Նաիրա Արդենյանը:  

Երիցյանների ընկերությունը չնայած գրանցված է այլ անձի պատկանող հասցեում, այդուհանդերձ, Պրահայում սեփականություն ունի: Այն ոչ մեծ չափերի առանձնատուն է Կիյե (Kyje) թաղամասի Տալինսկա (Tálinská) փողոցում:

Տալինսկա 1026/67 հասցեն

Չեխիայի անշարժ գույքի կադաստրի այս պաշտոնական փաստաթուղթը վկայում է, որ 3282 համարի տակ գրանցված հողատարածքը (բաղկացած երկու լոտից՝ 993 եւ 994) պատկանում է Երիցյանների ընկերությանը: Այս հողի վրա էլ գտնվում է Տալինսկա 1026/67 հասցեն: Առանձնատունն իրականում ռեստորան է, ինչն առաջին հայացքից դժվար է նկատել, քանի որ  մուտքը ետնաբակից կամ լճի կողմից է (Ու Ռիբնիկա (U Rybníka) փողոցից):

Ռեստորանը կոչվում է «Էրիկայի մոտ» (U Eriky - Restaurace Se Zahrádkou (ռեստորան այգիների մեջ)): Դրա կայքից իմանում ենք, որ ռեստորանը նախկինում գտնվել է ներկա հասցեից մի փոքր հեռու՝ նույն Ու Ռիբնիկա փողոցի վրա: Իսկ Տալինսկա 1026/67 հասցեում տեղակայված էր «Շվեյկի մոտ» (U Švejka) պանդոկը: Ստորեւ ներկայացվող եռաչափ պատկերում, որն արվել է 2014-ին, Երիցյաններին պատկանող տարածքում դեռեւս «Շվեյկի մոտ» պանդոկն է (նկարներն՝ այստեղ):

Ներկա ինտերիերը (2016-ի մարտի դրությամբ) փոքր-ինչ ձեւափոխված է:

Նախկին պանդոկի ու ներկա ռեստորանի ներքին տեսքը (ռեստորանի լուսանկարներն՝ այստեղ)

Ըստ էության, Երիցյաններն իրենց հողատարածքը վարձով են տվել, ինչից էլ եկամուտ են ստանում:

Ինչու՞ է Չեխիան մերժել հետախուզվող Ռոբերտ Երիցյանի արտահանձնումը Հայաստան

2014-ի հոկտեմբերին մամուլը գրեց, որ Չեխիայում ձերբակալվել է Ռոբերտ Երիցյանը: Գլխավոր դատախազությունը «Հայկական ժամանակին» հայտնել էր, որ «ԳԴ-ն, տեղեկատվություն ստանալով հետախուզվող Ռոբերտ Երիցյանի՝ Չեխիայում գտնվելու վերաբերյալ, Չեխիայի իրավասու մարմիններին ներկայացրել է Ռոբերտ Երիցյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն»: Երիցյանը, մեղադրվում է ՔՕ 34-38-305 հոդվածով (պետական գործչի սպանության փորձ կազմակերպելուն դրդելը): 305-րդ հոդվածով պատիժ է նախատեսվում 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում: «Հետքը» ԳԴ-ին հարցում էր ուղարկել՝ իմանալու, թե ինչ ընթացք է ստացել վերջինիս միջնորդությունը: Պարզվում է՝ Պրահայի քաղաքային դատարանը որոշել է մերժել Երիցյանին ՀՀ-ին հանձնելու միջնորդությունը: Դատախազության տեղեկացմամբ՝ Երիցյանի նկատմամբ ՀՀ-ում որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, եւ հայտարարված է հետախուզում, սակայն Քրեական դատարավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ) ԱԱԾ քննչական վարչության վարույթում գտնվող գործի քնությունը կասեցված է:

Ինչու՞ է Չեխիան հրաժարվել Երիցյանին ՀՀ-ին հանձնելուց: Ըստ էության, այս հարցի պատասխանը կապված է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Իսկ թե ինչու, մանրամասնենք:

«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանն առավել հայտնի է «Զապ» մականունով: Ծնվել է 1968-ին Լենինականում, ըստ primecrime.ru-ի, «օրենքով գող» է թագադրվել 1994-ին Երեւանում՝ մեկ այլ «օրենքով գող», նույնպես գյումրեցի Նիգալ Բարսեղյանի կողմից (մականունը՝ «Նիկալ»): «Ինտերֆաքսի» տվյալներով՝ Սողոյանը 1999-ից ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել Սոչի, որտեղ ապրել է մինչեւ 2006 թ. ներառյալ: Այն բանից հետո, երբ Սողոյանի մոտ հայտնաբերվել է կեղծ անձնագիր, նրա մուտքը ՌԴ արգելվել է 5 տարով, եւ նա արտաքսվել է Հայաստան: 2007-ին, օգտագործելով իր կապերը, տեղափոխվել է Պրահա:

2009-ի մարտին չեխ իրավապահներն Անդրանիկ Սողոյանին ձերբակալեցին: Հասկանալու համար, թե ինչ էր եղել իրականում, պետք է մի փոքր հետ գնալ: Չեխական idnes.cz կայքը մանրամասն պատմել է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները Սողոյանի ձերբակալությունից առաջ: 

Ըստ կայքի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Չեխիայում ապրող հայ գործարար, նույնպես մաֆիայի անդամ (կայքի պնդումն է) Արման Ահարոնյանը հրաժարվել է «օբշչակին» 500.000 դոլար մուծել: «Զապը» վարձել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին ու հրահանգել սպանել Ահարոնյանի շրջապատից մեկին՝ իբրեւ նախազգուշացում: 2007-ի նոյեմբերի 13-ին մարդասպանը Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում, դանակահարել է Խաչատուր Ղարիբյանին, ում կյանքը, սակայն, բժիշկները կարողացել են փրկել: Դրանից հետո Ահարոնյանը «մուծվել է», սակայն «Զապն», այդուհանդերձ, կարգադրել է նրան «Սոչի ուղարկել», ինչը փոխաբերական իմաստով նշանակում էր սպանել: Ըստ կայքի՝ Ահարոնյանը, զգուշանալով իր դեմ հնարավոր մահափորձից, շրջում էր թիկնազորով, նաեւ պարբերաբար փոխում բնակության վայրը: Այնուամենայնիվ, նրան փնտրողները ինֆորմացիա են ստացել, որ Ահարոնյանը գտնվում է մայրաքաղաքի Վինոհրադի (Vinohrady) թաղամասում եւ վարում է սեւ գույնի «Bentley» մեքենա: Սակայն այս անգամ էլ Տրետյակովը ձախողվել է. նոյեմբերի 27-ին նույն վայրում նա տեսել է խաղադրույքներ ընդունող չեխական հայտնի «Sazka» ընկերության գլխավոր տնօրենի վարորդին, ով այդտեղ հայտնվել էր գնումներ կատարելու նպատակով: Դժբախտաբար, երկու երեխաների հայր, 25-ամյա երիտասարդը վարում էր մուգ կանաչ գույնի «Bentley»: Մարդասպանը 3 անգամ կրակել էր նրա վրա, իսկ վերջում գլխին հսկիչ կրակոց արձակել ու փախել: 2007-ի դեկտեմբերի 23-ին հատուկ գործողություն իրականացնելով՝ իրավապահները բռնել էին ուկրաինացուն: Մաֆիայի վերաբերյալ իր ներքին տեղեկություններով ոստիկանությանը մեծապես օգնել էր Տագիր Տորշոեւը (idnes.cz-ի փոխանցմամբ՝ չեչեն կամ ինգուշ), որը, ինչպես պարզվել էր հետագայում, չեխական հատուկ ծառայությունների ինֆորմատոր էր: Հենց նա էր իբրեւ սպանության պատվիրատու նշել Սողոյանին, ինչպես նաեւ մաֆիայի անդամներ Գիլանի եւ Մագոմեդ Ալիեւ եղբայրներին (չեչեններ, Գիլանին նույնպես «օրենքով գող» է), որոնք միջնորդներ են եղել «Զապի» եւ մարդասպանի միջեւ: 

2009-ի մարտին իրավապահների անցկացրած «Վոլֆրամ» հատուկ գործողության շրջանակներում «Զապն» ու նրա կողմնակիցները ձերբակալվեցին: «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ավստրիական ռադիոյին, նշել էր, որ ավստրիացի գործընկերների հետ չեխ իրավապահները վնասազերծել են Սողոյանի գլխավորած բանդան, որում ընդգրկված է եղել մոտ հինգ տասնյակ հայաստանցի: Ըստ այդմ՝ խումբը հանցավոր գործունեություն է ծավալել Չեխիայում եւ Ավստրիայում: «Ազատությունը» հետագայում նշեց այլ հայերի անուններ եւս՝ Արսեն Կակոսյան, Արսեն Առաքելյան, Ռոման Մելքոնյան:

«Զապի» ձերբակալությունը. 23.03.2009 Ազատության մեջ (աջից՝ Գ. Ալիեւը). 18.10.2010 

Մարդասպան Տրետյակովին չեխական դատարանը ցմահ ազատազրկեց, սակայն գերագույն դատարանը մեղմացրեց պատիժը մինչեւ 22 տարի: 2010-ի հոկտեմբերի 18-ին շատերի համար անսպասելիորեն չեխական դատարանը ազատ արձակեց Ա. Սողոյանին, Գ. Ալիեւին, Ա. Կակոսյանին եւ Ռ. Մելքոնյանին՝ առանցքային վկայի ցուցմունքները որակելով «վստահություն չներշնչող»: Մ. Ալիեւը նենգաշորթության հիմքով ստացավ 3,5 տարի, իսկ Ա. Առաքելյանը՝ 18 ամիս (ապօրինի զենք եւ կեղծ վարորդական իրավունք): Առաքելյանն ազատ արձակվեց, քանի որ մինչ այդ կալանքի տակ էր 18 ամիս: Դատախազությունը բողոքարկեց վճիռը, եւ 2011-ի ապրիլին գերագույն դատարանը լրացուցիչ քննության ուղարկեց գործը:

Դատարանում. 21.06.2010

Ի վերջո, 2013-ի փետրվարի 28-ին Պրահայի քաղաքային դատարանը սպանության եւ շորթման հիմքով հեռակա կարգով (մեղադրյալն արդեն լքել էր Չեխիան) 22 տարվա ազատազրկման դատապարտեց Անդրանիկ Սողոյանին: 2014-ի հոկտեմբերի 20-ին «Զապի» վերաբերյալ տրվեց եվրոպական կալանքի սանկցիա, հայտարարվեց հետախուզում: Նույն ամսում «օրենքով գողը» ձերբակալվեց Երեւանի Խորենացի փողոցում: Հատկանշական է, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, Սողոյանը հայտնաբերվել ու ձերբակալվել էր հոկտեմբերի 28-ին, իսկ ոստիկանության ասելով՝ ամսի 30-ին: Դատախազությունը միջնորդել էր կալանավորել «Զապին», ինչն ամսի 31-ին բավարարվել էր դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից: Սողոյանը 30 օրով տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ: Բացի դրանից՝ «Զապի» վերաբերյալ դատախազությունում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկվել էր արդարադատության նախարարություն, որովհետեւ նրա նկատմամբ արդեն կար դատավճիռ, իսկ այդ դեպքում հանձնումը թույլատրելու-մերժելու որոշումը կայացնում է նախարարը: 2014-ի նոյեմբերին ԱՆ-ի միջնորդությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2 ամսով երկարաձգել էր «Զապի» կալանքը: Այդ ընթացքում պարզ դարձավ, որ «օրենքով գողը» Չեխիային չի հանձնվի, քանի որ մեր օրենսդրությամբ արգելվում է ՀՀ քաղաքացու արտահանձնումն այլ երկիր: Միակ ելքն այն էր, որ չեխական դատարանի վճիռը ճանաչվեր ՀՀ դատարանի կողմից, եւ «Զապն» իր պատիժը կրեր Հայաստանում: Սակայն 2015-ի հունվարի 23-ին դատարանը մերժեց Սողոյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու ԱՆ-ի միջնորդությունը, եւ ամսի 29-ին՝ կալանքի ժամկետը լրանալուց հետո, նա կրկին հայտնվեց ազատության մեջ: «Զապին» Չեխիա արտահանձնելու հարցը 2015-ի հունիսին քննարկվել էր նույնիսկ կառավարական մակարդակով, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր իր գործընկեր Բոհուսլավ Սոբոտկային: Առաջընթաց, սակայն, չեղավ:  

Փաստորեն, ՀՀ-ի եւ Չեխիայի կողմից հետախուզվող Ռոբերտ Երիցյանն ու Անդրանիկ Սողոյանը ձերբակալվել են նույն ժամանակահատվածում: Ու եթե ՀՀ քաղաքացի Սողոյանն իսկապես չէր կարող արտահանձնվել, բայց փոխարենը հայկական արդարադատությունը կարող էր չեխական դատավճիռն ի կատար ածել այստեղ՝ Հայաստանում, ինչը չարեց, ապա չեխերը, իրենց ձեռքում ունենալով ոչ պակաս սկանդալային գործով հետախուզվող Երիցյանին, հրաժարվել են օգնել հայ իրավապահներին: Թերեւս դա պատասխան է եղել Հայաստանին ու ՀՀ իշխանություններին:

Հ.Գ. Դատախազությունից հետաքրքրվել էինք, թե Հայաստանն ու Չեխիան 2010-2016 թթ. քանի հոգու են արտահանձնել միմյանց (խնդրել էինք նշել հանձնվածների քաղաքացիությունը): ԳԴ-ն պատասխանել է, թե «այլ պետություններից Հայաստանի Հանրապետությանը հանձնված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետություններ հանձնված անձանց վերաբերյալ վիճակագրություն` ըստ առանձին պետությունների, ՀՀ գլխավոր դատախազությունը չի վարում»: Այնինչ ժամանակին ԳԴ միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը հենց այդպիսի տվյալներ էր տրամադրել «Հետքին»: Շեշտենք, որ մեր օրենսդրությամբ մինչդատական վարույթում գտնվող գործերի (այսպիսին է, օրինակ, Ռ. Երիցյանի գործը) վերաբերյալ միջպետական հաղորդակցությունն իրականացնում է գլխավոր դատախազությունը, իսկ դատական վարույթում քննվող գործերի կամ դատավճիռների պարագայում (ինչպիսին է, օրինակ, Ա. Սողոյանի դեպքը)՝ ԱՆ-ն:  

Պրահա-Երեւան


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (6)
1. Arsen08:47 - 25 մարտի, 2016
Լավ հոդված է, շատ բան իմացա
2. Աննա13:24 - 28 մարտի, 2016
Կեցցեք,հիանալի լրագրողական աշխատանք է կատարված, բովանդակալից ու մանրամասնորեն:)
3. Torgom Dashtoyan19:30 - 28 մարտի, 2016
здорово молодцы журналисты
4. gohar17:49 - 30 մարտի, 2016
Ինչո՞ւ էն նման մանրամասներով վերլուծվում Հասարակաության ստոր խավին պատկանող մարդկանց հանցագործությունները։ Ինչու են " օրենքով գօղ" կոչյալ անձինք արժանանում նման ուշադրության։ Դրա օգուտը հասարակությանը որն է՞։ Անուններով և զանազան թվականներով խճողված անիմաստ տեղեկատվություն։ Գլուխս պտտվեց , սրտխառնոց ստացա։
5. Վահրամ21:21 - 2 ապրիլի, 2016
Այո համաձայն եմ Գոհարի հետ։ Շատ անիմաստ հոդված․․․տվյալների կուտակում եւ ոչ այլ ինչ։ Որեւէ գրավիչ նորություն չի պարունակում։
6. Я17:26 - 24 հունվարի, 2018
Это так называемые "НЕЗАВИСИМЫЕ ЖУРНАЛИСТЫ" за бабки всё чё хочешь напишут. Гагик очень честный и порядочный человек...Типа. ХА ХА ХА
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։