
Բուժման արդյունավետության բարելավման նպատակով կստեղծվի Ճառագայթային բուժման կենտրոն
Կառավարությունն ընդունել է ««Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ ստեղծելու մասին» որոշում, որը կնպաստի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության, որակի և մատչելիության բարելավմանը: Ըստ հիմնավորման՝ ճառագայթային բուժումը հանդիսանում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել տարածված և ծախսարդյունավետ մեթոդներից մեկը և կիրառվում է ինչպես քաղցկեղի մոնո, այնպես էլ համակցված բուժման նպատակով: Ճառագայթային բուժումն ապահովում է նվազագույն ընթացիկ ծախսերի իրականացմամբ առավելագույն բուժման արդյունք և ցուցված է չարորակ նորագոյացություններով հիվանդների մինչև 50 տոկոսին: Ներկայում ճառագայթային բուժման ծառայություններ են մատուցվում Երևանում` ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում: Սակայն, առկա ճառագայթային բուժման սարքավորումների մեծ մասն ունի 10 և ավելի տարվա մաշվածություն, ինչը բացասական է անդրադառնում բուժման արդյունավետության վրա: Այսպիով՝ նախատեսվում է հիմնել ճառագայթային բուժման կենտրոն, որն էապես կբարելավի չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետությունը, որակը և մատչելիությունը: Ներկայում ավարտին են մոտենում ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն կառուցման շինարարական աշխատանքները, այնուհետև կենտրոնը կհագեցվի ժամանակակից բուժական և ախտորոշիչ սարքավորումներով:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում տուբերկուլյոզի կառավարման 2016-2020թթ. ազգային ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին, որի նպատակն է կանխել տուբերկուլյոզ հիվանդության տարածումը, ինչպես նաև նվազեցնել դեղակայուն ձևերով վարակների բեռը՝ ողջ ազգաբնակչությանը տուբերկուլյոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման համընդհանուր հասանելիության ապահովման ճանապարհով, դրանով իսկ նպաստելով նաև տուբերկուլյոզով հիվանդացության նվազեցմանը և տարածման կասեցմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանում վերջին տարիներին, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրի» շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում նկատվում է նաև տուբերկուլյոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների` հիվանդացության և մահացության նվազման միտում:
Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ պայմանավորված կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվում է Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկան միավորել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկային, իսկ Կուրթանի, Ագարակի, Գյուլագարակի, Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոնները միավորել Ստեփանավանի բժշկական կենտրոնին: Ըստ հիմնավորման՝ բուժօգնության օպտիմալացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն բժշկական կազմակերպությունների զարգացմանը` սարքավորումների ձեռքբերում, բուժանձնակազմի, շենքային պայմանների բարելավում:
Գործադիրի ղեկավարն առաջարկել է պիտանի գույքերը հատկացնել սահմանամերձ համայնքներին:
Մեկնաբանել