Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստեղծվել են երթևեկությանը սպառանացող նոր վտանգներ
Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքերը ձգձգվում են։ Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությանը սպառնում են նաեւ ճանապարհի երզրերի հսկա ժայռաբեկորներն ու սողանքերը: Ճանապարհին չկան պաշտպանիչ պատնեշներ։ Շատ են եղել դեպքեր, երբ մեքենաները հայտնվել են Դեբեդ գետում։ Ճանապարհն անանցանելի է դարձրել ձմռանը առաջացած նոր փոսերը: Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը վեր է ածվել յուրօրինակ «գերեզմանոցի»՝ վթարների վայրերում տեղադրված մեկ տասնյակից ավելի զոհվածների հիշատակի քարերի ու ծաղկեպսակների պատճառով: Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում Ալավերդի- Բագրատաշեն միջպետական ճանապարհով երթևեկող զբոսաշրջիկների մոտ: Վերջիններիս ուղեկցող գիդերը ասում են, որ դժվարանում են զբոսաշրջիկներին բացատրել այդ քարերի ու ծաղկեպսակների տեղադրման իմաստը:
Գրեթե անհնար է դարձել ճանապարհի երեք թունելներով երթևեկելը: Վերջիններիս վտանգներին «Հետքը» երկու անգամ անդրադարձել է: Թունելներից հատկապես Շահալի երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող՝ 1962թ.-ին կառուցված թունելի փլուզման վտանգներն օրեցօր մեծանում են: Դեռ 2014թ.-ի դեկտեմբերի 8-ին Տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը «Հետքին» հայտնել է, որ նշված թունելի կապիտալ վերանորոգման նախագծերն արդեն ավարտված են: Թունելների կապիտալ վերանորոգումը ներառված է Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներում, 2015թ. աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության մրցույթ է հայտարարվելու: «Մեկ-երկու տարվա մեջ թունելը և ճանապարհը կարգավորված կլինեն»,- հուսադրել էր Աշոտ Արշակյանը: Արդեն անցել է երկու տարի, միջպետական ճանապարհն այսօր էլ մնում է անհուսալի և վտանգավոր: Վերանորոգմանն անհամբեր սպասում են ճանապարհից օգտվող գրեթե բոլոր վարորդներն ու ուղևորները: Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում ստեղծված վիճակի մասին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր «Հետքին» հայտնեց․ «Այո, իսկապես, շատ վտանգավոր վիճակում է ճանապարհը: Սպասվող կապիտալ վերանորոգման պատճառով ճանապարհի ամառային վերանորոգման աշխատանքեր չեն նախատեսվել՝ավելորդ ծախսեր չանելու համար: Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքերը դեռ մրցույթի հայտարարման փուլում է: Իմ տեղեկություններով ապրիլի սկզբին կհայտարարվի վերանորոգման աշխատանքերն իրականացնող շինարարական կազմակերպության մրցույթ, իսկ մայիս ամսվա սկզբին կսկսվեն վերանորոգման աշխատանքները»: Ա.Նալբանդյանի ասելով կապիտալ վերանորոգման ընթացքում ճանապարհը ամբողջովին չի փակվելու, օրվա ընթացքում կփակվի մի քանի ժամ, կդառնա միակողմանի ճանապարհ: Լոռու մարզպետը նաև նշեց, որ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի վերանորոգման ընթացքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի նաև Օձուն-Ստեփանավան նորակառույց ճանապարհով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել