HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը տապալում է հավակնորդների մրցաշարի երկրորդ մրցափուլը՝ կրկին պարտվելով

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մոսկովյան մրցաշարի երկրորդ փուլը Լեւոն Արոնյանը բառիս բուն իմաստով տապալում է: Հերթական՝ 11-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով պարտվեց ռուս Պյոտր Սվիդլերին՝ էլ ավելի բարդացնելով մրցաշարային իր գործերը: Սվիդլերը, ինչպես եւ Անանդը, որին Արոնյանը պարտվեց 9-րդ տուրում, վերջին տարիներին եղել են հայ շախմատիստի ամենաբարդ մրցակիցներից: Բայց դժվար թե ինչ-որ մեկը սպասեր, որ Արոնյանն այս վճռական պահին այն էլ սպիտակներով կզիջի Սվիդլերին, որն այս մրցաշարում դեռ հաղթանակ չէր տարել եւ հետնապահների թվում էր:

Այսօրվա մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Տոպալով-Կարուանա՝ 0,5-0,5, Անանդ-Կարյակին՝ 1-0, Գիրի-Նակամուրա՝ 0,5-0,5:

11 տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.

Կարունա- 6,5 միավոր
Անանդ- 6,5
Կարյակին- 6
Գիրի- 5,5
Արոնյան- 5,5
Սվիդլեր- 5,5
Նակամուրա- 4,5
Տոպալով- 4

Արոնյանը 11 խաղում 2-ական հաղթանակ ու պարտություն է գրանցել, 7 ոչ-ոքի խաղացել: Երիտասարդ իտալացի, ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող Ֆաբիանո Կարուանան ամենակայունն է այս մրցաշարում. եթե առաջին փուլում նա միայն ոչ-ոքիներ խաղաց, ապա երկրորդում հասցրել է 2 հաղթանակ տանել Անանդի ու Նակամուրայի նկատմամբ եւ հիմա առաջատարն է: Նրա պես 6,5 միավոր ունի «Մադրասի վագր» Անանդը, որն իսկապես զարմացնում է: Չնայած այս անգամ էլ Վիշին մեծ հաշվով ֆավորիտ չէր համարվում, բայց ապացուցում է, որ իրենից երիտասարդները դեռ շատ բան ունեն սովորելու՝ առաջին հերթին հանգստություն, սառնասրտություն եւ պինդ նյարդեր: Այսօր նա ռեւանշի հասավ Կարյակինի հանդեպ, որին պարտվել էր առաջին մրցափուլում: Չի բացառվում, որ շախմատասերները երրորդ անգամ տեսնեն աշխարհի թագի Կառլսեն-Անանդ դիմակայությունը: 

Հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Դժվար է հավատալ, որ Արոնյանն այս հարվածից հետո ուշքի կգա: Որքան էլ ցավալի լինի, առաջին անգամը չէ, որ Լեւոնը գերկարեւոր մրցաշարում կոտրվում է, երբ բեկվում է նրա հանդիպումների հաջող ընթացքը:

Վաղը կայանալիք 12-րդ տուրում տեղի կունենան Սվիդլեր-Գիրի, Նակամուրա-Անանդ, Կարյակին-Տոպալով, Կարուանա-Արոնյան պարտիաները:    

Մեկնաբանություններ (3)

Արմեն
Արոնյանը տաղանդավոր շախմատիստ է: Նա իր կարողությունների չափով մշտապես ուրախացրել է հայ շախմատասերներին: Պարզապես ուժեղից ուժեղը կա:Մենք շնորհակալ ենք Արոնյանին մեզ պարգևած գեղեցիկ հաղթանակների համա: Մեր սխալն այն է, որ նրանից ավելին էինք սպասում, քան կարող էր անել: Հավակնորդների մրցաշարերում հաղթելու համար Արոնյանին ինչ որ բան մշտապես պակասում է: Դա են ապացուցում իր մասնակցությամբ հավակնորդների մրցաշարերի անփառունակ ելույթները: Այնուամենայնիվ իր գեղեցիկ խաղով, Արոնյանը մշտապես նպաստել է, որպեսզի աշխարհը խոսի մի փոքրիկ երկրի` Հայաստանի մասին:
Կաստրո
Օյ, աշխարհի 4֊րդ լավագույն շախմատիստին միջակություն անվանելու համար մեծ տաղանդ է պետք։
Ավո
Շախմատում միջակությունները տեղ չունեն, իսկ Արոնյանը երբեք չի փայլել իր տաղանդով։ Նա արել է գրեթե այն ամենը ինչը թույլ են տվել իր կարողությունները։ Բացառված չէ, որ համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է նվաճել մեծ բարձունքներ, ինչն էլ ի պատիվ իրեն արել է Արոնյանը։ Սակայն առանց փայլուն տաղանդի, որը բնատուր հատկանիշ է, միջակությունից հեռու չես գնա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter