HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բավարարո՞ւմ է, արդյոք, տեղական ձուն Զատիկին. ի՞նչ վիճակում է հայկական շուկան

Մարտի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը։ Այս օրերին հանրապետությունում կտրուկ ավելանում է տոնի խորհրդանիշ համարվող ձվի պահանջարկը։ Դա առիթ է՝ անդրադառնալու ձվի տեղական արտադրությանը եւ հասկանալու՝ կարողանո՞ւմ են, արդյոք, հայ արտադրողները բավարարել այդ պահանջարկը, ներմուծու՞մ է Հայաստանը ձու, թե՞ ոչ, քանի  խոշոր արտադրողներ ունենք և այլն։

 Հայաստանը վերջին անգամ սննդային հավկիթ է ներմուծել 2014  թվականին

Պարզվում է՝ թե՛ 2015 թվականին և թե՛ այս տարի Հայաստանը ձու (սննդային հավկիթ) չի ներմուծել։ Տեղական արտադրողները բավարարում են սպառողների ամբողջ պահանջարկը։     

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանը վերջին անգամ ձու է ներմուծել 2014  թվականին։  

Այսպիսով, 2011 թվականից հետո Հայաստանը զգալիորեն նվազեցրել է հավկիթի ներմուծման ծավալները։ Այն գնվել է Իրանից և Ուկրաինայից։ 2012 թվականին ևս չի ներմուծել։ Շուկան բավարարվել է տեղական արտադրությամբ։

Հայաստանից սննդային հավկիթ առնվազն վերջին հինգ տարում չի արտահանվում։ Միայն 2012 թվականին արտահանվել է 28 հազ. հատ, որը ոչինչ չի փոխում ընդհանուր պատկերում։ Ոլորտին ծանոթ մասնագետները և վիճակագրական տվյալները փաստում են, որ մինչև 2009 թվականը Հայաստանը ձու արտահանող երկիր է  եղել, հետո՝ վերածվել ներմուծողի։ Ներկայում ինքնաբավ է՝ ո՛չ արտահանում է, ո՛չ էլ՝ ներմուծում։

Մինչև 2009 թվականը տարեկան շուրջ 10 մլն հատ ձու է արտահանվել Հայաստանից։ Գնորդ երկիրը Վրաստանն է եղել։ Բայց հիմա մեր հարևան երկիրն այս ապրանքի առումով ինքնաբավ է և անհրաժեշտության դեպքում երբեմն ներմուծում է Թուրքիայից։ Իսկ Հայաստանից ձու արտահանելն այս պահին, ըստ արտադրողների, ձեռնտու չէ։ Պատճառն այն է, որ հարևան Վրաստանն ու Իրանը դրա կարիքը չունեն, իսկ  ավելի հեռու երկրներ արտահանելը հնարավոր է ինքնաթիռով։ Բայց քանի որ դա թանկ է, արտադրողների համար շահավետ չէ։ Մեքենայով արտահանում կազմակերպելն էլ ավելի էժան է, սակայն դեպի ավելի հեռու երկրներ առաքելու դեպքում ձուն կորցնում է որակական հատկանիշները, կոտրվում է և այլն։ Այնպես որ, հայաստանյան ձու արտադրող ընկերություններն այս պահին աշխատում են տեղական սպառողի համար։

Այսպիսով, ձվի արտադրության հայաստանյան շուկայում, կարծեք, այս պահի դրությամբ ամեն բան կարգին է։ Այլ հարց է, որ նույն ձու արտադրող ընկերություններից մի քանիսը, որոնք նաև թռչնամիս են արտադրում, այսօր խնդիրներ ունեն հենց թռչնամսի շուկայում։ Դա առանձին և ավելի լայն թեմա է, որին «Հետք»-ը կանդրադառնա առաջիկայում։

Հայաստանում տարեկան ավելի քան 600 մլն հատ ձու է արտադրվում

Հայաստանում ձու արտադրող ընկերություններն այսօր, ըստ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի, 10-ն են։ Նրանցից 4-ը համարվում են խոշոր արտադրողները, 2-ը՝ միջին և 4-ը՝ փոքր։ Նրանք միասին տարեկան արտադրում են ավելի քան 600 մլն հատ ձու։

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների եւ առեւտրային ցանցերի ցուցակների (2014 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ, հրապարակվել է 17/02/2015)՝ ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցողներն են «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն։ Նրանք իրացման ծավալներով միասին գրավում են շուկայի 86%-ը։ Մասնավորապես՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն միասին՝ 30%-ը, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն՝ 29%-ը և «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն՝ 27%-ը։

Ըստ Ս. Ստեփանյանի՝ գրեթե ամբողջ արտադրանքը սպառվում է։ Ընդ որում՝ գնորդը ոչ միայն քաղաքացիներն են, այլև՝ այն արտադրողները, որոնք իրենց արտադրության մեջ օգտագործում են ձու։ Օրինակ՝ խոշոր գնորդներ են «Գրանդ Քենդի», «Բեկոն պրոդուկտ», «Էլիտ Շանթ» ընկերությունները և այլն։

Ձվի գնի բարձրացում չի սպասվում

Վերջին հինգ տարում Հայաստանում ձվի մանրածախ գինը տարվա կտրվածքով, ըստ ազգային վիճակագիրների հաշվարկների, կազմել է 60-70 դրամ։ Այսօր, ըստ Թռչնաբույծների միության դիտարկումների, արտադրողները ձուն վաճառքի են հանձնում 48-50 դրամով։ Սպառողներին այն հասնում է 60-70 դրամով։

Քաղաքացիներն ամեն տարի այս օրերին մտավախություն են ունենում, որ ձուն կթանկանա։ Ս. Ստեփանյանը մեզ տեղեկացրեց, որ արտադրողները համաձայնության են եկել Զատկի օրերին չբարձրացնել ձվի գինը։

Առաջիկայի համար ևս ձվի թանկացում չի սպասվում։

Լուսանկարը՝ www.status4ka.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter