Կիրակի, 23 սեպտեմբերի

«Վհուկների որս»՝ հայկական ֆուտբոլում



Այսօր, ինչպես հայտնի է, տեղի կունենա Հայաստան-Բելառուս ֆուտբոլային ընկերական հանդիպումը, սակայն այս խաղը մեր հավաքականի նախորդ խաղերից տարբերվում է նրանով, որ հաջորդում է հայկական ֆուտբոլում սկսված մի գործընթացի, իսկ ավելի ճիշտ՝ հանդիպումը կայանալու է հենց այդ գործընթացի գուցե ամենաթեժ փուլում: Խոսքը ազգային թիմում կատարվող մեծածավալ փոփոխությունների եւ ստեղծված մթնոլորտի մասին է, որոնց մասին վերջին շրջանում անընդհատ խոսում է ֆուտբոլային (նաեւ ոչ ֆուտբոլային) հասարակությունը:

Ամեն ինչ սկսվեց մարտի 7-ին, երբ հավաքականի հնաբնակներից պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին: «Հաշվի առնելով իմ եւ խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում եւ Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը: Շնորհակալություն եմ հայտնում անխտիր բոլոր երկրպագուներին: Իմ անցկացրած 11 տարիների, 74 խաղերի (Ռոբերտը Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ պաշտպանն է. նա 5 գոլ է խփել ազգային թիմում Ղազախստանի, Պորտուգալիայի, Կիպրոսի, Իսպանիայի եւ Սեբիայի դարպասը- հեղ.) ընթացքում միշտ զգացել եմ ձեր անմնացորդ աջակցությունը մեզ», news.am-ի հետ զրույցում հայտարարեց 30-ամյա Ռոբերտը: Ինչու՞ թիմի պաշտպանության օղակի ամենափորձառու խաղացողը հեռացավ թիմից: Ռոբերտի խոսքերին հետեւեց ՀՖՖ-ի պարզաբանումը. «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, իր վերջին հարցազրույցներում էլ կրկնել է, որ այն ֆուտբոլիստները, որոնք ամբողջ էությամբ նվիրված չեն Հայաստանի ազգային հավաքականին, պատվախնդրորեն չեն մոտենում ազգային թիմին, չեն հրավիրվելու, որովհետև Հայաստանի ազգային հավաքանն ուրիշ արժեք է: Եթե Ռոբերտ Արզումանյանն այդպիսի որոշում է ընդունել, հավանաբար հասկացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի արտահայտությունների իմաստը»:

«Եվրո-2016»-ի անփառունակ ելույթներից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դժգոհել էր մի շարք ֆուտբոլիստներից, այդ թվում՝ Արզումանյանից, որ նա եւ Յուրա Մովսիսյանը, օրինակ, հրաժարվել են Ֆրանսիայի հետ ընկերական խաղից: Ալբանիայի հետ երեւանյան խաղի (0-3) մասին էլ ասել էր. «Ես կարծում եմ՝ կունենամ էդ փաստերը, ես էն մարդը չեմ, որ հենց էնպես հանձնվեմ: Ինձ համար կոնկրետ մեկ խնդիր կա՝ ում եւ ինչ ձեւերով են առել էդ խաղը»: Հետո Հայրապետյանն ու ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղական եւ արտասահմանյան մամուլին պիտի համոզեին, որ խոսքը ոչ թե կոնկրետ խաղը «ծախելու», այլ որոշ ֆուտբոլիստների նվիրվածության պակասի մասին է: Բայց բանը բանից արդեն անցել էր, մանավանդ որ հայերից խաղն առնելու մասին մինչ այդ նաեւ գրել էին ալբանացիներն ու սերբերը, ըստ որի՝ իբր թե 500.000-ական եվրո ստացած մեր դարպասապահն (Գեւորգ Կասպարովը) ու 3 պաշտպանները (առանց անունների) «տվել են» խաղը:

Սրանից հետո 9 ֆուտբոլիստների անունով բաց նամակ տարածվեց Հայրապետյանի խոսքերի դեմ, ինչն աննախադեպ երեւույթ էր. «Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա, եւ մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որեւէ արդյունք չի տալու»: Սա պատասխան էր անձամբ Հայրապետյանին, ով հայտարարեց, թե «ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ եւ նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ: Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք»:

Հանդիպում-քննարկման մասին պաշտոնական հայտարարություն չեղավ, բայց «Ֆուտբոլ+»-ին (23.03.2016) տված հարցազրույցում ՀՖՖ նախագահը որոշ փակագծեր բացեց՝ ասելով, թե 9 ֆուտբոլիստներից 7-ը տեղյակ չեն եղել հայտարարության մասին. «Այո, Ռոբերտ Արզումանյանն է զանգահարել այդ ֆուտբոլիստներին, նրանք էլ, չհասկանալով ինչ են անում, այնուամենայնիվ, արել են»:

Ի՞նչ է ստացվում. Ռոբերտն ասում է, որ իրեն ու խաղընկերներին հանիրավի մեղադրում են, Հայրապետյանն էլ պատասխանում է, թե նա դեմարշ է կազմակերպել ուրիշների անունից: Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն էլ, ում անունը նույնպես 9-ի մեջ էր, ասում է. «Ինչ վերաբերում է հայտարարությանը, չգիտեմ, թե որ լրագրողն է տարածել այն, բայց դա արդեն անցած փուլ է, ու դրանով այլեւս չենք հետաքրքրվում»: Թվում է, թե Հենրիխն էլ չի իմացել դրա մասին, սակայն ձեւակերպումը հստակ չէ:

Այդուհանդերձ, պարզից էլ պարզ է, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայրապետյանը հայտարարեց, որ մրցակիցը խաղը առել է: Դա կոպիտ սխալ էր. եթե ՀՖՖ նախագահը այլ բան էր ուզում ասել (ասենք հենց ֆուտբոլիստների՝ խաղի հանդեպ վերաբերմունքի մասին), կարող էր ասել, որ զգացմունքային հայտարարություն է արել, լեզվի սայթաքում է եղել, ինչից չէին օգտվի նաեւ ալբանացիներն ու սերբերը: Պարզապես, ինչպես գրել ենք, այդ շրջանում («Եվրո-2016»-ի տապալումից հետո) Ռ. Հայրապետյանը գտնվում էր քննադատությունների ու մեծ ճնշման տակ եւ, ամենայն հավանակությամբ, փորձում էր ուշադրությունը շեղել իր անձից:

Հայրապետյանը բացեիբաց հայտարարեց, որ արգելել է Արզումանյանին, Մովսիսյանին ու դարպասապահ Կասպարովին հրավիրել հավաքական, չնայած գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նման ցանկություն ուներ: Եթե Յուրայի մասին ՀՖՖ նախագահը բազմաթիվ դժգոհություններ է հայտնում խաղին, թիմին նվիրվելու, այսինքն՝ պրոֆեսիոնալիզմի առումով, ապա Կասպարովի մասին գրեթե ոչինչ չի ասում: Կարելի է ենթադրել, որ Յուրան կամ, ամենայն հավանակությամբ, Գեւորգն է եղել բաց նամակ-հայտարարությունից տեղեկացված (եթե հավատանք, որ 7-ն անտեղյակ են եղել) մյուս ֆուտբոլիստը:

Բայց արդյո՞ք հայտարարություն անելն այդքան պատժելի արարք է, կամ ընդհանրապես կարելի է թիմից հեռացնել մարդուն, ով ասում է, թե իրեն անհիմն են մեղադրում: «ՀՖՖ-ն հայաստանյան բացառիկ այն հանրային կառույցներից է, որ դեռեւս իմ ղեկավարման առաջին իսկ օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկության եւ դեմոկրատական աննախադեպ սկզբունքներ, որի հետեւանքով ՀՖՖ գործունեությունը, նրա ֆինանսները, ծրագրերն ու անելիքները հասանելի են դարձել ոչ միայն ֆուտբոլային ընտանիքին, այլ նաեւ ողջ հանրությանը»,- «ՖԱՖ»-ի հետ հեռակա բանավեճի առիթով ասել էր Հայրապետյանը: Սակայն «դեմոկրատական աննախադեպ սկզբունքներ» ունեցող կառույցի ղեկավարին, կարծես, շատ է վրդովեցրել բաց նամակ-հայտարարությունը, եթե չասենք ափերից հանել է, այլապես նա թիմի 3 օղակների լավագույն խաղացողներին, անկախ ամեն ինչից, դժվար թե հեռացներ թիմից՝ կրկնելով մեմ դարձած հայրապետյանական հայտնի արտահայտությունը. «Քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական» (նույնկերպ Հայրապետյանի «սեւ ցուցակում» են Դենիս Թումասյանը, Մաուրո Գեւգեոզյանը, Արթուր Մալոյանը): ՀՖՖ-ն նաեւ չի հավատարմագրում լրագրողին, ով տարածել է հայտարարությունը:

Սա «վհուկների որս» է հիշեցնում. Հայրապետյանը փորձում է հավաքականից հեռու պահել նրանց, ովքեր ընդդիմանում են իր արտահայտություններին կամ մտածելակերպին: Բայց նախ՝ հավաքականը նրա սեփականությունը չէ, ինչպիսին «Փյունիկն» է, երկրորդ՝ քչերն են կիսում Հայրապետյանի դիրքորոշումը ֆուտբոլիստներին հավաքականից հեռացնելու վերաբերյալ: Քչերի մեջ, բնականաբար, մտնում են ՀՖՖ գործկոմի անդամները, որոնցից մեկը երեկ ասել է, թե եթե հիմնավոր պատճառներ չլինեին, նա այդ քայլին չէր գնա: Իսկ վերջին անգամ գործկոմը ե՞րբ է մերժել Հայրապետյանի այս կամ առաջարկը, կամ, ասենք, անդամներից մեկը երբեւէ այլ դիրքորոշում հայտնե՞լ է: ՀՖՖ գործկոմն իր բիզնեսմենական-չինովնիկական-մարզական խառը կազմով կարծես Կոմկուս կամ ՀՀԿ լինի, որտեղ բոլորը, մի աշակերտի պես ձեռք բարձրացնելով, հավանություն են տալիս առաջնորդի այս կամ այն որոշմանը, առաջարկին:         

Անբարոյականության եւ դավաճանության դիլեման

«Ազատություն» ռադիոկայան -Դուք ասացիք, որ չեք միջամտում երբեւէ մարզչի տակտիկական գործողություններին: (տես 11:42 -ից)
Ռ. Հայրապետյան -Իհարկե, չեմ միջամտում, եւ ես դա համարում եմ անբարոյականություն: Էդ մտածված նրանք արհեստականորեն տարածում են՝ ինձ վարկաբեկելու համար:

«Ֆուտբոլ+»-ի հետ զրույցից- Ինձ մեղադրում են, որ ես խառնվում եմ հավաքականի ներքին գործերին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համար մեկ պատասխանատուն է եւ պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: Եթե ես չմիջամտեմ, ո՞վ պետք է միջամտի: Այլ բան է, որ հավաքականի գործերին չպետք է միջամտեն կողմնակի մարդիկ:

Ցնցող է, այնպես չէ՞: Ընդհանրապես, Հայրապետյանն առաջին անգամ չէ, որ ցնցում է լրագրողներին ու ֆուտբոլասերներին: Հավաքականի կազմը, տակտիկան մշակելու, դրված նպատակներն իրագործելու համար ֆեդերացիայի նախագահը առաջարկում, իսկ գործկոմը հաստատում է գլխավոր մարզչին: Հենց վերջինս եւ նրա շտաբն է պատասխանատու մնացած ամեն ինչի համար. դա նրանց մասնագիտական աշխատանքն է, ինչի համար վարձատրվում են: Նրանք հավաքականում աշխատելու մակարդակին հասնելու համար պիտի տարիների փորձ, համապատասխան որակավորում ունենան, բայց եթե այդ ամենին կոչված պրոֆեսիոնալների գործին միջամտում է վարչական պաշտոն զբաղեցնող անձը, էլ որտե՞ղ է տրամաբանությունը: Իսկ գուցե Հայրապետյանը ցրի մարզչական շտաբը եւ ինքն իրեն նշանակի գլխավոր մարզի՞չ: Օգնականներ, մասաժիստներ ու բժիշկներ էլ պետք չեն: Հավատացած ենք՝ գործկոմը կհաստատի ՀՖՖ նախագահի այս առաջարկը. այդքան աշխատավարձ էլ չի շռայլվի աջ ու ձախ:

Այնպես չէ, որ միայն Ռ. Հայրապետյանն է դժգոհ հավաքականում որոշ ֆուտբոլիստների չնվիրված խաղից կամ ճիշտ կլինի ասել՝ ոչ պրոֆեսիոնալ, երբեմն էլ փնթի վերաբերմունքից: Նույն Յուրա Մովսիսյանի անորակ խաղի մասին գրել ենք: Բայց ցանկացած ֆուտբոլիստի կարիերայում էլ լինում են վերելքներ ու անկումներ, այդ թվում՝ կախված վնասվածքներից, ինչպիսին եղավ Մովսիսյանի պարագայում, կան եւ ֆուտբոլիստներ, ովքեր իսկապես տաղանդ ունեն, բայց առանձնապես աշխատասեր չեն, ժամանակը ուրիշ բաների վրա կարող են վատնել, ինչի համար շարունակական խնդիրներ են ունենում (ներկա լավագույն օրինակը երեւի իտալացի Մարիո Բալոտելին է): Հենց այս դեպքում էլ առանձնապես կարեւորվում է մարզչի դերը, որը պիտի առանձին զրույց ունենա խաղացողի հետ, մոտիվացնի նրան աշխատանքում: Եթե Բեռնար Շալանդն ու Սարգիս Հովսեփյանը չեն կարողացել անել այն, ինչ անում էր Վարդան Մինասյանը, դա դեռ չի նշանակում, որ պետք է խաչ քաշել ֆուտբոլիստի վրա, գուցե դա կարողանա անել Վարուժան Սուքիասյանը, որը հայտնի է իր կոշտությամբ: Եվ թող նա՝ իբրեւ մասնագետ, որոշեր՝ արժանի՞ է Մովսիսյանը (եւ ոչ միայն Յուրան) հավաքական հրավիրվելուն, թե՞ ոչ:

Յուրան, ի վերջո, մեծ ներուժ ունեցող խաղացող է, այս պահին հավաքականի երկրորդ լավագույն ռմբարկուն է Մխիթարյանից հետո (35 խաղում 10 գոլ): Իսկ նույն Կասպարովն իր փորձով արժանի էր փոխարինելու այսօր հայ երկրպագուին հրաժեշտ տվող Ռոման Բերեզովսկուն: Հավաքական հրավիրված 3 դարպասապահները որքան էլ հեռանկարային լինեն, դեռ չունեն Գեւորգի փորձը, երկրորդ՝ «Ալաշկերտի» դարպասապահն այս մրցաշրջանի 18 խաղում ամենաքիչ գոլերն է բաց թողել (14 գոլ, այսքան է նաեւ «Փյունիկի» ցուցանիշը):    

Ստեղծված իրավիճակը հղի է վտանգով, որ երկրպագուները, որոնք հիմա էլ մեծ հաշվով դժգոհ են իրադարձությունների ընթացքից, ստադիոնում վաղ թե ուշ նորից վանկարկելու են. «Հայրապետյան, հեռացիր» (հիշենք Հայաստան-Բոսնիա խաղը ԱԱ-2010-ի ընտրական փուլում): Ի՞նչ է ասելու ՀՖՖ նախագահը: Որ նրանք իրական երկրպագուներ չե՞ն, որ քաղաքական պատվե՞ր են կատարում: Սրանք նույնպես վաղուց մեմ են դարձել:

«Մի՞թե դա դավաճանություն չէ, երբ ֆուտբոլիստը ազգային ընտրանու մարզաշապիկով դուրս է գալիս խաղադաշտ եւ չի նվիրվում, ոմանք 15-20 րոպե անց փոփոխություն են պահանջում՝ իբր թե վնասվածք են ստացել»:
«Հավաքականը պարտվում է 0-3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչեւ ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Ես դա դավաճանություն եմ համարում: Դավաճանությունը միայն խաղ վաճառելը չէ»:    

Սա Ռուբեն Հայրապետյանի՝ դավաճանություն հասկացության ընկալումն է: Այդ դեպքում ի՞նչ որակում տալ նրան, երբ 2008 թ. Հայաստան-Թուրքիա հանդիպումից առաջ հայ ֆուտբոլիստների շապիկներին նկարված ՀՀ զինանշանի վրայից Արարատի պատկերը ջնջվեց՝ զինանշանը բառիս բուն իմաստով այլանդակվեց, ինչն արգելվում է օրենքով: Քննադատությունից հետո Հայրապետյանը ստիպված խոստովանել էր. «Ես որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ՝ ներողություն եմ խնդրում մեր ամբողջ հանրությունից, որ իրոք թույլ ենք տվել վրիպում: Ցանկալի չէր, որ այս վրիպման համար մեզ մեղադրեին դավաճանության մեջ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Կարսի կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրն եմ ստորագրել»:

Այսպիսի երկակի ստանդարտներ: Կարծում ենք՝ Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանն ու Գեւորգ Կասպարովը նույնպես Կարսի կամ Ալեքսանդրապոլի պայմանագրերը ստորագրողներից չեն եղել: Թե՞ սխալվում ենք, պարոն Հայրապետյան:    

Հ.Գ. Իր ակումբի՝ «Փյունիկի» ֆուտբոլիստների՝ հավաքականում մեծ թիվ կազմելու մասին «Ֆուտբոլ+»-ին Ռ. Հայրապետյանն ասել է. «Որեւէ մեկը չի ուզում հասկանալ, թե «Փյունիկը» ինչ արժեք է: Եթե «Փյունիկը» չլիներ, այսօր ընդհանրապես չէր լինի հայկական ֆուտբոլը»:

Մի կողմ թողնենք այն, որ ՀՖՖ նախագահը, ով ասում է, թե «մասնակցելու եմ հավաքականի կազմի ընտրության հարցում, ու որեւէ մեկը բարոյական իրավունք չունի ինձ մեղադրելու այդ հարցում», նաեւ Հայաստանի ակումբներից մեկի տերն է, ինչն ակնհայտ շահերի բախում է: Ռ. Հայրապետյանը, ինչպես եւ հավաքականի նախկին ու «Փյունիկի» գործող գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը իրենց ակումբին գերագնահատելու հարցում հավասարազոր են: Հովսեփյանի արտահայտություններին անդրադարձել ենք: Այո, անհերքելի է, որ այդ ակումբն առաջին հերթին իր ընտրած ճիշտ քաղաքականության արդյունքում այսօր դարձել է ՀՀ տարբեր տարիքային հավաքականների կադրերի գլխավոր մատակարարը: Բայց, ի սեր Աստծո, հարգելով Հայրապետյանի ներդրումը մեր ակումբային ֆուտբոլում եւ հավաքականի զարգացման գործում, չի կարելի ամեն ինչի սկիզբ ու վերջ համարել «Փյունիկին»: «Եթե «Փյունիկը» չլիներ, այսօր ընդհանրապես չէր լինի հայկական ֆուտբոլը» արտահայտությունն առաջին հերթին վիրավորանք է սեփական գործընկների հանդեպ, այն մարդկանց, ովքեր աշխատում են «Փյունիկի» մրցակից մյուս 6 ակումբներում: Այնպես չէ, որ անկախությունից հետո բոլոր ֆուտբոլիստները «մարդ են դարձել» 1992-ին ձեւավորված «Փյունիկում»: Ընդամենը երկու անուն տանք, որոնք երբեւէ չեն եղել այս ակումբի համակարգում՝ Արթուր Պետրոսյան եւ Հարություն Վարդանյան՝ Գյումրու «Շիրակից» (մյուս արժանավորները ներող կլինեն): Եվ ուրեմն, տակտի զգացողութուն ունեցեք, պարոնայք:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Ավո19:11 - 26 մարտի, 2016
Եթե նույնիսկ հաշվի չառնենք հայկական ֆուտբոլում տիրող խառնաշփոթը /չեմ ուզում ավելի ճիշտ բառերով արտահայտվել/, վերջին մի քանի տարիների արդյունքները լիովին բավարար են, որպեսզի Ռ․ Հայրապետյանը մեկընդմիշտ հեռանա հասարակական դաշտից և ժողովուրդը ընդհանրապես մոռանա նրա գոյության մասին։ Իրականում տեղի է ունենում հակառակը՝ ամենատարբեր առիթներով նրա անունը հայտնվում է մամուլում, այսպիսով ստիպելով մարդկանց չմոռանալ իրենից ոչինչ չներկայացնող մեկին։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ