HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենակ մի տուն ունենանք, որ նորմալ ապրենք»,- ասում է 13-ամյա Սարգիսը

Կարինեի հետ Մասիսի երկաթուղային կայարանից փոշոտ ճանապարհով քայլում ենք դեպի Երևան գնացող «Գազելների» կանգառ: Մեր ձայները երբեմն խլանում են ճանապարհի կանաչ ջրափոսերից լսվող գորտերի կռկռոցի պատճառով: Կարինեն ժպտում է, երբեմն ծիծաղում: Ասում է՝ հոգնել է մտածել իր կյանքի մասին, որովհետև այնքան վատ օրեր է ունեցել:

Երեխաները հաճախ բացակայել են դպրոցից շոր ու կոշիկ չունենալու պատճառով, մի օր սոված են մնացել, մի օր կուշտ, բայց դրսում երբեք ցույց չեն տվել դա: Դրա համար էլ Կարինեն, ինչպես ինքն է ասում, հպարտությամբ է քայլում: Պատմում է, որ կյանքը չդասավորվեց այնպես, ինչպես երազում էր. ընտանիքի միակ երեխան էր, մայրը գլխուղեղի քաղցկեղից մահացել է 39 տարեկանում, հայրն էլ հարբեցող էր: Իրեն խնամել է տատը: Փոքր ժամանակից էլ աշխատել է օրվա հացի համար:

Կարինե Սուքիասյանը հիմա 39 տարեկան է: Տարիքի մասին խոսելիս ձեռքերը պարզում է, երկար նայում ուռած մատներին: «Աշխատավոր մարդու ձեռքեր են, չէ՞, բայց էլ ուժ չկա մեջները»,- սա ժպտալով է ասում: Հարևանի կովերն է կթում: Ամսական 2, 3, 4 կով է կթում: Մեկ կովի համար ամսական 3-4 հազար դրամ է ստանում: Քիչ է, բայց կովի տերերն ասում են՝ ավելին չեն կարող վճարել, կաթից ստացած եկամուտը քիչ է լինում: Հարևանի գոմերը մաքրելու է գնում մեծ տղան՝ 14-ամյա Խաչիկը: Աշխատանքի դիմաց 1500 դրամ է ստանում: «Հիմի չենք թողնում, շատ կեղտոտ գործ ա, ինքն էլ հըլը էրեխա ա: Բայց մեկ-մեկ էլի չի լսում, գնում մաքրում ա: Շատ ընկճված է մեր էս վիճակից»,- Կարինեի ժպիտը սահում է դեմքից, մռայլվում է:

Երեխաները, Կարինեն ու ամուսինն առողջական խնդիրներ ունեն: «Ով էլ ապրի տենց պայմաններում, մի հիվանդություն կունենա»,- ավելացնում է: «Ամուսինս էդ վիճակում՝ ստամոքսի խնդիրներ ունի, ատամները թափվել են, չնայած 39 տարեկան ա, գնացել ա բանվորության գործ գտնի, դե, մեկի բախչեն կփորի, ինչ գործ կլինի: Ի՞նչ անենք, բա մեր էրեխեքին ո՞վ պիտի պահի»,- ասում է ընտանիքի մայրը:

Ամուսինը՝ Ռուստամ Ասատրյանը, արտաշատցի է: «Ասել ա՝ գնամ մարտունեցի աղջիկ ուզեմ, որ գա մեր կովերը կթի»,- ծիծաղում է Կարինեն, ու դժվար է հասկանալ՝ լո՞ւրջ է ասում, թե՞ կատակ է անում: Ամուսնանալուց հետո ապրել են Արտաշատում, հետո՝ Եղեգնաձորի Ելփին գյուղում: Ամուսնու հայրական տունը փոքր էր, դրա համար ստիպված էին վարձով ապրել: Ելփինում աշխատել են մի եղեգնաձորցի ընտանիքի համար՝ սարերում են ապրել, կով կթել: Գործատուն (Կարինեն խուսափում է անուններ նշելուց) վերցրել էր փաստաթղթերը, հետո ասել, թե վառվել են: Պատմում է, որ Ելփինում աշխատավարձ չէին ստանում, աշխատանքի դիմաց միայն սնունդ էին տալիս: Հարցնում եմ, իսկ ինչո՞ւ փաստաթղթերը չէին տալիս. «Պահում էին, որովհետև խելոք աշխատող էինք, կով կթող չկար, ով գալիս էր, փախնում էր, որովհետև լավ չէին վարձրատրում: Դե, մենք էլ խելոք էինք, համ էլ ճար չունեինք, երթալու տեղ չունեինք, հիմք չկար, բարեկամ չկար, որ մեզ տեղից հաներ»: Ոստիկանություն էին դիմել, բայց իրավապահներին էլ, ըստ Կարինեի, ասել են, թե փաստաթղթերը վառվել են (հետագայում Ռուստամն ու Կարինեն նոր անձնագրեր են վերցրել): Այդ ժամանակ արդեն ծնվել էր երկրորդ որդին՝ Սարգիսը: Ընտանիքը տեղափոխվել է Մասիսի կաշվի գործարանի տարածք: Այստեղ էլ մի տարի խոզեր են պահել մի ընտանիքի համար, բայց հետո, Կարինեի ասելով, խոզատերերը «թարսի պես» վաճառել են խոզերն ու գնացել Ամերիկա: Այնուհետև հարևանների այգիներում են սկսել աշխատել, բանվորություն արել: «Այ տենց, դաժան կյանք, դաժան տարիներ…»,- հոգոց է հանում:

Կարինեն ամուսնու ու 3 երեխաների հետ ապրում է նախկին կաշվի գործարանի պահակակետում: Գործարանի շենքը հիմա քանդում են, տրակտորների ձայնը լցվում է պահակակետ: Մինչ այդ մոտ 8 տարի բնակվել են գործարանի մեկ այլ հատվածում, որը աշնանը քանդեցին: Մնալու տեղ չունենալու պատճառով նրանց առաջարկել են մնալ պահակատանը: Դրանից էլ են գոհ: Սա անմիջապես է ասում: Լքված պահակակետը շնանոց է եղել: Կարինեն հիշում է, որ երբ նոր էին տեղափոխվել այդտեղ, շները բաց պատոհաւններից (ապակիներ չկային) ելումուտ էին անում՝ վախեցնում իրենց: Հետո հարևաններն են օգնել, լարեր, ապակիներ տվել ու մի մեծ պաստառ: Դրանով փակել են պատուհանը: Երկու խցանման սենյակներում են տեղավորվել: 7-ամյա Լուսինեն դեռ մանկական մահճակալին է քնում, չնայած նեղվում է: Սեղանի տակ ամենօրյա սպասքն է, 3-լիտրանոց գազի բալոնը: Սա նրանց խոհանոցն է, բաղնիքն էլ սենյակի այն հատվածում է, որտեղ ազատ տարածք կգտնվի տաշտի համար:

Խաչիկի հոգնությունը միանգամից նկատելի է. աշխատանքից, կարծես, նոր է եկել. հագուստը, ձեռքերը ցեխոտ են: Հարևանների այգիներում հող է փորում-փխրեցնում, ինչի համար 1000-1500 դրամ է ստանում: Երբեմն աշխատանքներին միանում է փոքր եղբայրը՝ 13-ամյա Սարգիսը: Դպրոցում Խաչիկի բացակայությունները շատ են, չնայած նշում է, թե նորմալ է հաճախում, բայց մայրը հակառակն է պնդում:

Սենյակում վառարանը չի վառվում: Ցուրտ է, Խաչիկը բաճկոնի գլխարկը քաշել է գլխին, կծկվել: Մեր զրույցը հաճելի չէ նրան, թեև քաղաքավարությունից դրդված համոզում է, որ խնդիր չկա: Սկսում ենք խոսել երազանքներից: Առաջին անգամ նկատում եմ Խաչիկի ժպիտը, ասում է՝ «խադավիկ» է ուզում դառնալ: Սարգիսը շարունակում է, թե ինքն էլ խոհարար է ուզում դառնալ, Լուսինեն՝ վարսավիր:

«Սաքոն լավ ճաշեր ա սարքում, դպրոցում էլ լավ ա սովորում»,- Սարգիսին նայելով՝ ասում է Կարինեն: Տղան հաստատում է, հետո մանրամասնորեն բացատրում, թե ինչպես է, օրինակ, տոլմա պատրաստում: Ու ոգևորությունը հանկարծ մարում է, երբ նվաղած ասում է. «Մենակ մի տուն ունենանք, որ նորմալ ապրենք»: Մայրը նկատում է, որ Սարգսի արյան խտությունը մեծ է, երեխան հաճախ է բողոքում սրտի աշխատանքից:

Դուրս ենք գալիս պահակակետից ու քայլում դեպի «հին տունը», որը 150 մետր հեռավորության վրա է: Այդտեղից էլ ամեն օր ջուր են տանում: Խաչիկը չի միանում մեզ: Հարմարվել են տրակտորների աղմուկին, թունավոր նյութերին, փոշուն: Երբ վերադառնում ենք «տուն», Սարգիսը լուսանկարների երկու ալբոմ է ցույց տալիս, իր ու Խաչիկի՝ Հոլանդիայում արված նկարներն են: Կարինեն չի հիշում, թե որ կազմակերպությունն է երեխաներին տարել Հոլանդիա, միայն ասում է, որ Մասիսի քաղաքապետարանից այն ժամանակ եկան, իրենց պայմանները տեսան, հետո մեկ ամսով երեխաներին տարան արտերկիր: Սարգիսը ցույց է տալիս օդանավակայանում արված լուսանկարը, որտեղ ծրագրի մասնակից երեխաներն են՝ մի 20 հոգի:

«Ընենց լավ էր Հոլանդիայում, ամեն օր լողանում էինք»,- նկարները նայելիս ասում է Սարգիսը: «Պատկերացնո՞ւմ ես, ասում ա՝ մամ, ամեն օր փրփուրով լողանում էինք»,- ժպտալով ավելացնում է մայրը:

Հ.Գ. Վաղը Խաչիկը 15 տարեկան կդառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter