HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ էին ինձ փորձում հետ պահել իրավագիտություն սովորելուց

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Փոխադրվեցի Սլավոնական համալսարանի չորրորդ կուրս

Մարտի 23-ի առավոտն է: Քննությունների եմ: Երեք դասախոս է գալու կլոր բանտ: Պատրաստվում եմ: Անհանգստանում եմ… նաև նրա համար, որ նորմալ աթոռ չկա պարապելու սենյակում, որտեղ հանձնում եմ իրավագիտության ֆակուլտետի քննությունները: Եղած-չեղածը երեք աթոռ է, երկուսը ջարդված են, մեկի տակն էլ ճոճվում է:

Կանչում եմ հսկիչին.

- Նորմալ աթոռներ կբերե՞ս,- ասում եմ ու հիշում, որ անցած անգամները կողքից էին քիչ թե շատ կարգին աթոռներ բերում, որ դասախոսները նստեն: Այս անգամ էլ նույնը եղավ:

Բայց նույնը չի լինում, երբ հյուրեր են գալիս նախարարությունից կամ քրեակատարողական վարչությունից: Այդ ժամանակ դեռ վաղ առավոտից պլպլացնում են խցերի դռները, հատակը, բերդի հինգերորդ հարկի սկզբի պարապելու սենյակը: Իսկ ամենակարևորը` շքեղ աթոռներ են վերև բարձրացնում, երևի պետի աշխատասենյակից են բերում:

Կարող է մանրուք թվալ աթոռի որակի մեջ խորանալը, բայց վերաբերմունքի հարց է: Վերաբերմունք դատապարտյալի ուսման հանդեպ:     

Ժամը 11-ն է: Երեք դասախոսները, անցնելով բերդի կիսամութ, խոնավ և գարշահոտով լցված միջանցքներով, բարձրանում են բանտի 5-րդ հարկ: Այդ ժամանակ ես արդեն կոկիկ հագնված, ձեռքս մի քանի մաքուր թուղթ ու գրիչ` պատրաստ սպասում եմ, որպեսզի հանձնեմ  քննություններ`միջազգային, քաղաքացիական և քրեական իրավունք առարկաներից ու տեղափոխվեմ իրավագիտության ֆակուլտետի արդեն 4-րդ կուրս:

Մինչ դասախոսները կբարձրանան, մտքերով տեղափոխվում եմ մահապատժի դանդաղ իրականացման տարիներ…

Փիլիսոփայել և ատամները մաքրել արգելված էր

- Արա՜, շարվեք պատի տակ, ձեռներդ հետև, - հարկով մեկ գոռում է բանտի պետի տեղակալներից մեկը, - դավայ, քարուքանդ արեք կամեռը:

Հետո հրամայում են դեմքով դեպի իրենց շրջվենք և տեղակալը հարցնում է.

- Վերնագիրդ ո՞նց ա:

- Դատապարտյալ Ա…, դատապարտյալ Ս….

Հերթն ինձ է հասնում:

- Վերնագիրդ ասա:

Լռում եմ: Աշատակիցներից մեկը լարվածությունը մեղմելու համար ինձ ասում է.

- Անունդ ասա:

- Պարոն Մհեր Ենոքյան, - ամենայն լրջությամբ ասում եմ ես:

Ներկաներից ոմանք ծիծաղում են, իսկ տեղակալը՝ ջղայնանում.

- Դու պարոն չես, դու դատապարտյալ ես:

Հակազդում եմ.

- Ես դատապարտյալ չեմ, պատանդ եմ անարդար համակարգի ձեռքում…

Խուզարկող խումբը տակն ու վրա է անում ամեն ինչ: Ներքնակս պատռում են և բամբակների մեջ փիլիսոփայության դասագիրք և ատամի մածուկ են հայտնաբերում: Այն տարիներին արգելված առարկաներ էին (այս մասին գրել եմ իմ առաջին գրքում):

- Փիլիսոփայում ես ու ատամներդ ես մաքրում, հա՞…

Զարմացած մնացի, որ այդ անգամ չառգրավեցին գիրքն ու մածուկը, չհարցաքննեցին ինձ, թե ով ու ինչպես է դրանք մահապատժի դատապարտվածների խուց մտցրել:

Բայց նույնիսկ երբ Հայաստանը Եվրոպական խորհրդի անդամ դարձավ և արդեն թույլատրել էին, որ հարազատները դրսից հանձունքներ փոխանցեն, եկավ մի պահ, ու բանտի օպերատիվ բաժնի աշխատակիցը որոշեց արգելել ինձ դրսից գիտական գրքեր ստանալ՝ մեկնաբանելով նրանով, որ դատապարտյալը չպետք է գրագետ լինի:

Ինձ փորձում էին հետ պահել իրավագիտություն սովորելուց

Երբ երեք տարի առաջ ցանկություն հայտնեցի ընդունվել իրավագիտության ֆակուլտետ, այստեղի տարբեր պաշտոնյաներ համառորեն փորձում էին ինձ հետ պահել իրավագիտություն սովորելուց.

- Ավելի լավ չի՞ լինի, որ ուրիշ բան ընտրես, օրինակ` հոգեբանության ֆակուլտետ ընդունվես:

Վախեցնում էին նաև, թե հանցագործ աշխարհի հետ կարող եմ խնդիրներ ունենալ, քանի որ կընկալվեմ որպես համակարգի մաս` բարիկադներից այն կողմ գտնվող…

Բրիտանական բանտում 11 տարի անցկացրած Մայքլ Օ`Բրայենը, երբ վերջերս այցելել էր Հայաստան, պատմել էր, որ բանտում որոշել է իրավագիտություն սովորել, որպեսզի հասկանա իրեն դատապարտելու մեխանիզմը…Եվ նա կարողացել է հասնել արդարացման դատավճռի, չնայած անցել է դժոխքի միջով:

Բայց Հայաստանում օրենքներ իմանալը, իրավուքի տեսակետից գրագետ լինելը դեռ շատ քիչ է (բայց կարևոր), քանի որ մեր դատարանները որպես կանոն ոչ թե իրավունքի ու օրենքի գերակայությամբ են առաջնորդվում, այլ գերագույն իշխանությունից եկող հրահանգներով:

Այստեղ ոչ մեկը չշնորհավորեց

Տպավորված եմ դասախոսական կազմից, երախտապարտ եմ նորից ու նորից, որ ինձ բուհում սովորելու հնարավորություն է տրվել:

Երեք դասախոսների հետ քրեական, քաղաքացիական ու միջազգային իրավունքի հարցերը քննարկելը շատ օգտակար էր:

Քննությունները գերազանց հանձնելուց հետո զանգեցի հարազատներիս, գիտեի, որ անհամբեր սպասում են լուրի: Հայրս ուրախ-ուրախ շնորհավորեց.

- Աշխատողներին էլ բարևի, նրանք էլ ուրախացած կլինեն,- հարցնում է,- շնորհավորեցի՞ն:

Ծանր հիվանդ է հայրս, չեմ ուզում ուրախությունը մռայլվի, բայց ոչ մի աշխատակից չշնորհավորեց, որովհետև ինչպես բանտում, այնպես էլ ֆիզիկական ազատության մեջ իր իրավունքները իմացող, լավ սովորող, աշխատող քաղաքացին գլխացավանք է:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Այսօր Facebook-ում կարդացի նոր դատական հայցի մասին՝ ցմահ ազատազրկված Ենոքյանը ընդդեմ 3 անձանց... Ու զարմանալին այն էր, որ 3 անձանց ու նրանց համակիրների ստատուսներից իմացա զարմանալի, ահասարսուռ դեպքի մասին՝ 2 ուսանող դաժանաբար սպանել են համակուրսեցուն, մարդասպանը, ով դաժանաբար կտրել է երիտասարդի կոկորդը՝ արդեն ազատ է, իսկ մյուս հանցակիցը՝ ով ոտքերն է բռնել՝ ցմահ ազատազրկված... no comment... նրանք երկուսն էլ հանցագործ են ու արժանի պատժի, բայց ինչու են քարկոծում միայն նրան, ով ոտքերն է բռնել, իսկ արյունարբու հանցագործի մասին՝ ոչ մի վատ բառ... Ներիր ինձ Աստված, ես չեմ ուզում քննադատել, պարզապես իմ տպավորությունն եմ արձանագրում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter