HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Let My People Go». Բիբլիական «սև» օրհներգը՝ ազատության երազանքով

Նաիրա Հայրապետյան

«… Եվ Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս՝ փարավոնի առաջ ջանա անել բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տվել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կդարձնեմ փարավոնին, և նա ազատ չի արձակի ժողովրդին: Դու կասես փարավոնին. «Այսպես է ասում իմ Տերը. իմ անդրանիկ որդին Իսրայելն է: Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ: Իսկ եթե չուզենաս արձակել նրան, այդ դեպքում ես կսպանեմ քո անդրանիկ որդուն» (Գիրք Ելից 4:21-4:23): 

Հին կտակարանից այս փոքրիկ մեջբերումը իրականում ոսկե բանալի է՝ երաժշտական աշխարհում մի շատ հայտնի երգի պատմություն բացելու համար: Խոսքը « Go Down, Moses» կամ մեզ առավել ծանոթ «Let My People Go» երգի մասին է, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց հատկապես Լուի Արմսթրոնգի կատարումից հետո: Այլևս ջազային ստանդարտի վերածված այս երգն իրականում ջազի հետ այնքան էլ կապ չուներ, ի սկզբանե, իհարկե: Աֆրոամերիկյան սպիրիչուըլի ծնունդը հետաքրքիր պատմություն ունի և սկիզբ է առնում 19-րդ դարի կեսերից: Մի դարաշրջան, որտեղ Աստծո անվամբ երդվողների քայլերն իրենց նմանի հանդեպ ավելի անաստված կարող էին լինել, քան նրան չխոնարհվողներինը: Սա մի երկարատև ժամանակահատված  էր, երբ սպիտակ մարդն իրեն տեր էր երևակայում, սևին՝ նեգր, ստրուկ, ու աշխարհը չափվում էր սև-սպիտակի  դառը հարաբերությամբ:

1860-ականներին, ամերիկյան քաղաքացիական պատերազմի ընթացքում, երգը համարվում էր ստրուկների հիմնը և ուներ մեկ այլ վերնագիր՝ «Oh! Let My People Go: The Song of the Contrabands»: Ենթադրվում է, որ այն ստեղծվել է նույնիսկ մեկ տասնամյակ առաջ, որովհետև, սևամորթ եկեղեցական մի հոգևորականի տվյալներով, այն կատարվում էր դեռևս 1953 թվականից, իսկ ծննդավայրը Վիրջինիան էր, որտեղ ապրում էր ստրուկների մի մեծ համայնք: Բայց արդյունաբերական, գյուղատնտեսական աճ ապահովող սպիտակամորթ կապիտալիստների  ճնշումներին հակառակ՝ անապահով ու հալածված սևամորթները ստեղծեցին երկաթից ու ծխախոտից  բոլորովին տարբեր մշակույթ, որը հետագայում հզոր ամերիկյան նկարագրի անբաժանելի մասն էր լինելու և, նույնիսկ, սպիտակների հպարտությունը: Սա նաև սպիրիչուըլի և գոսպելի դարաշրջանն էր:  

Եկեղեցական երգչախմբերի կատարմամբ հնչող այս մեղեդիները շատ հաճախ աղոթքներ էին՝ կառուցված սաղմոսների, աստվածաշնչյան պատմությունների շուրջ:  Ահա այսպիսի ժամանակաշրջանում և մթնոլորտում է ծնվել «Oh! Let My People Go: The Song of the Contrabands»  երգը, որը անտանելի տերերից փախչող ստրուկների օրհներգն էր՝  ազատության երազանքով: 

Երգի ձայնագրության առաջին հայտնի տարբերակը վերագրվում է 1862 թվականին, երբ երգը  հրապարակվեց դաշնակահար և հրատարակիչ Հորացիո Ոութերսի կողմից, տեքստն ու երաժշտությունը՝ ըստ քահանա Լոքվուդի: Այստեղ այն հեղինակի բաժնում նշված է՝ ժողովրդական: Այս հրատարակության շապիկն ու տեքստը պահպանված են: «Oh! Let My People Go: The Song of the Contrabands» երգի, այսպես ասած, բնօրինակը նաև ուներ փոքր-ինչ տարբեր տեքստ, որը հետագայում փոփոխվեց, կրճատվեց և դարձավ այնպիսին, ինչպիսին այսօր ճանաչելի է ողջ աշխարհում:

«Oh! Let My People Go: The Song of the Contrabands» երգի 1862թ. նոտագրության կազմը

The Lord, by Moses, to Pharaoh said: Oh! let my people go.

If not, I’ll smite your first-born dead—Oh! let my people go.

Oh! go down, Moses,

Away down to Egypt’s land,

And tell King Pharaoh

To let my people go.

Գրեթե տասը տարի անց սևամորթներից կազմված «Fisk Jubilee Singers» անսամբլը ակապելա կատարմամբ ձայնագրեց նոր և փոփոխված տարբերակով: Այն արդեն «Go Down, Moses» անվամբ էր և ավելի մոտ էր ժամանակակից տարբերակին, բայց կրկին երկար էր՝ նախորդի նման:  

Մովսեսի և փարավոնի բիբլիական առնչությունը կարող էր լինել ստրկատիրական կյանքի լավագույն համեմատություններից մեկը, ուստի նրա խորքում հյուսվեց մի նոր պատմություն՝ նոր դերերով և գործողությամբ: «Let My People Go» երգը գրեթե նկարագրում է նույն պատմությունը, երբ իսրայելցիները եգիպտական լծի տակ էին գտնվում և նրանց Տեր-Աստվածը, ականատես լինելով այդ երկրում իր ընտրյալ ժողովրդի չարչարանքներին, լսելով նրանց աղաղակները, որոշում է փրկել նրանց այդ ամենից և տանել այն երկրները, որտեղ «կաթ ու մեղր է հոսում»: Եվ ահա համարձակ Մովսեսը փոխանցում է Աստծո հրամանը Եգիպտոսի փարավոնին:

Իսրայելցիների դերում երգը ակնարկում է աֆրո-ամերիկացի սևամորթներին, ոտքի վրա չմնալու աստիճան չարչարանքը ստրկատիրական համակարգը, դե իսկ Եգիպտոսն ու փարավոնն էլ, պարզ են արդեն: Այս անգամ էլ հերոսը ցած իջնելու և ժողովրդին ազատ արձակելու համարձակ ասելիքն ուներ:

 

When Israel was in Egypt’s land:

(Let my people go)

Oppress’d so hard they could not stand,

(Let my People go).

 

So the Lord said:

Go down, Moses,

Way down in Egypt land

Tell old Pharaoh

To let my people go

Let my people go.

Go down, Moses…

Երգի ժամանակակից տարբերակն առաջին անգամ հնչեց Փոլ Ռոբսընի կատարմամբ և մշակմամբ: Ամերիկացի այս երգիչն ու դերասանը ավելի շատ հայտնի է իր քաղաքական, քաղաքացիական և մարդկային դիրքորոշմամբ. Նա սևամորթների իրավունքների հայտնի պայքարողներից էր, առաջամարտիկներից մեկը: Ռոբսընը  իր ձախակողմյան ձայնը, որն, ի դեպ սքանչելի բաս էր՝ աստվածայինի բնորոշմամբ, բարձրաձայնում էր երգերի միջով: Դրանցից մեկն էլ դարձավ  «Let My People Go»-ն:

Փոլ Ռոբսընի այս կատարման շնորհիվ, երգի ճանաչելիության սահմանն ընդլայնվեց և 30-ականներից հետո արդեն այն բավական հայտնի էր: Սակայն համաշխարհային փառքի և ճանաչման դափնեպսակը պիտի վաստակեր Արմսթրոնգի լեգենդար կատարումը: Երգիչն այն ձայնագրեց 1958թ, նվագախմբի մասնակցությամբ, նրա մատուցմամբ հայտնի և պատմական այս հոգևոր երգը վերափոխվեց գունագեղ ջազի, որն այսօր այլևս դասական է: Արմսթրոնգի «Let My People Go»-ն երգը անկախ ծագման և պատմությունից զինաթափվեց և ամբողջովին տեղավորվեց նրա տարածքում՝ դառնալով Լուի Արմսթրոնգի «Let My People Go» երգը:

1861թ. սկսվում է ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, թեև հեղափոխական-դեմոկրատական ռեֆորմներ ընդունվեցին, որոնցով 1965 թվականից իբրև թե վերջ տրվեց ստրկությանը, այնուամենայնիվ, տարբեր պատճառներով այն շարունակվեց մինչև 19-րդ դարի վերջերը: Բացի այդ, հաղթանակն այս պատերազմում և նախագահական որոշումներն այդպես էլ չլուծեցին սևամորթների հավասար իրավունքի ընդունումը սպիտակների կողմից: Ուստի տասնամյակներ շարունակ «Let My People Go»-ն մեծ իմաստով արդիական էր ու մշտապես ժամանակի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter