HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ. վերջինս կպայքարի հաղթողի կոչման համար

Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրը: Սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը 101 քայլ կատարեց Սերգեյ Կարյակինի հետ պարտիայում, սակայն այն, ի վերջո, ավարտվեց ոչ-ոքի: Նակամուրան սեւորով հաղթեց մրցաշարը խայտառակ ձեւով անցկացնող Տոպալովին, որն իր 5-րդ պարտությունը կրեց: Անանդ-Գիրի պարտիան նույնպես խաղաղ ելք ունեցավ: Ամենավերջինն ավարտվեց Կարուանա-Սվիդլեր հանդիպումը, որտեղ մրցակիցները կատարեցին 116 քայլ, եւ արդյունքում՝ ոչ-ոքի: 

Լեւոն Արոնյանը 13 տուրում տարել է 2 հաղթանակ, 2 պարտություն է կրել, 9 ոչ-ոքի խաղացել ու վաստակել 6,5 միավոր: Եթե Լեւոնը մինչեւ 9-րդ տուրում Անանդից կրած պարտությունը առաջատարների թվում էր, ապա դրանից հետո կարծես կորցրեց ինքն իրեն, 11-րդ տուրում հետեւեց սպիտակներով պարտությունը Սվիդլերից, ու հայ շախմատիստի դիրքը մրցաշարային աղյուսակում կտրուկ վատացավ: 

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարները 7,5-ական միավորով Կարյակինն ու Կարուանան են, Անանդը երրորդն է 7 միավորով, Գիրին, Նակամուրան, Արոնյանն ու Սվիդլերը վաստակել են 6,5-ական, իսկ Տոպալովը՝ 4 միավոր:

Վաղը կկայանա 14-րդ տուրը, եւ ի հայտ կգա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի մրցակիցը, որը նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կմրցի նորվեգացու հետ: Տեղի կունենան հետեւյալ պարտիաները. Սվիդլեր-Անանդ, Գիրի-Տոպալով, Նակամուրա-Արոնյան, Կարյակին-Կարուանա: Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող առաջատարների հանդիպումը:  

Եթե վաղվա հանդիպումներից հետո Կարուանան եւ Կարյակինը հավասար միավորներ ունենան, ապա լրացուցիչ ցուցանիշներով հաղթող կճանաչվի Կարյակինը, իսկ եթե նրանց չափ միավորներ ունենա Անանդը, եւ առաջատարների եռյակ ձեւավորվի, լրացուցիչ ցուցանիշներով հաղթող կճանաչվի Կարուանան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter