Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Գառնիի համայնքապետարանը 4 ավտոմեքենա ունի, բայց աշակերտները դպրոց գնալու համար օրական քայլում են 6 կմ



Գառնի գյուղի ծայրամասերում բնակվող հարյուրավոր աշակերտներ դպրոց հասնելու համար ամեն օր ոտքով 3 կմ ճանապարհ են կտրում: Ավագ դասարանների աշակերտների համար, եթե այն միայն հոգնեցնող է, ապա նախադպրոցական եւ տարրական դասարանների աշակերտների համար հոգնությունից եւ առողջական խնդիրներ ունենալուց բացի, նաեւ լի է վտանգներով. գյուղի բնակելի թաղամասով է անցնում Գեղարդ տանող հանրապետական նշանակության ճանապարհը։ Այն մշտապես ծանրաբեռնված է մեքենաներով եւ մայթ չունի: Մայթեր չունենալու պատճառներին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում:

Գառնիի երկու դպրոցներն ու միակ մանկապարտեզը գյուղի կենտրոնում են գտնվում: Դպրոցներից «ամենաերիտասարդը» կառուցվել է 43 տարի առաջ: Այն ժամանակ, երբ Գառնիի ծայրամասերի հեռավորությունը կենտրոնից չէր գերազանցում մինչեւ 1,5 կմ-ը եւ դպրոցները, հիմնականում, հասանելի էին աշակերտներին: Վերջին 25-30 տարիներին գյուղը կրկնակի ընդարձակվել է:

Կառավարությունը դեռեւս 2007 թ.-ին Գառնի գյուղի ռեսուրսների գնահատում էր իրականացրել (դեկտեմբերի 27-ի N 1596-Ն որոշում), որում մասնագետները նշել են. «Բնակավայրում այժմ գոյություն ունեցող 2 դպրոցական շենքերն ապահովում են 1500 աշակերտական տեղ, իսկ մանկական նախադպրոցական հիմնարկը` 80 տեղ: Սակայն եթե վերլուծենք գոյություն ունեցող դպրոցների հասանելիության շառավիղը, (որը չպետք է գերազանցի 500 մետրը), ապա բնակավայրի արևելյան մասի և նոր նախատեսվող թաղամասի բնակիչները նոր դպրոցի կարիք ունեն»:

Դեռեւս խորհրդային տարիներին գյուղի հեռանկարային զարգացումը նկատի ունենալով, նշված թաղամասերում դպրոցներ կառուցելու համար տարածք էր առանձնացվել: Համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանն իր պաշտոնավարման 20 տարիներին այդ հարցը ոչ միայն օրակարգային չի դարձրել, այլեւ վաճառել է դպրոցի համար առանձնացված հողատարածքը, իսկ դպրոցականներին փոխադրամիջոցով ապահովելն իր պարտավորությունը չի համարում: Նախորդ տարիներին, երբ ծնողներն ընդվզել եւ հրաժարվել են երեխաներին դպրոց ուղարկել` նրանց անվտանգությունը երաշխավորված չհամարելով, տարրական դասարանների աշակերտներին տեղափոխելու համար մեքենա տրամադրվել է:

Համայնքապետարանի  հաշվեկշռում 4 ավտոմեքենա կա հաշվառված` ԳԱԶ-31, ԲՄՎ-Լ 5, ԳԱԶԵԼ-38 եւ ՊԱԶ-625։

ԲՄՎ-Լ 5-ը Աշոտ Վարդանյանի սեփական ավտոմեքենան է, որը նա 9 մլն դրամով 2013 թ․-ին վաճառել է համայնքապետարանին եւ շարունակում է վարել անձամբ: ԳԱԶ-31-ը նրա նախկին ավտոմեքենան էր: Ո՞ւմ եւ ինչի՞ են ծառայեցվում համայնքին պատկանող այս երեք ավտոմեքենաներն, անհայտ է:

Մեր հարցին, թե ինչո՞ւ ավտոբուս չի տրամադրվում դպրոցականներին տեղափոխելու համար, Աշոտ Վարդանյանը պայմանավորեց իր գազալցկայանի աշխատանքը դադարեցնելով: «Երբ գազալցակայանն աշխատում էր` գյուղացիներից մեկի ավտոբուսը լիցքավորում էինք, եւ նա աշակերտներին փոխադրում էր»,- ասում է նա: Այն ժամանակ էլ ավտոբուսը կանոնավոր չի գործել, պարբերաբար վարորդը հրաժարվել է երեխաներին տեղափոխելուց, ասելով, որ համայնքապետն ամիսներով իրեն աշխատավարձ չի վճարում:

Հարկ է նշել, որ վարորդի մեկ ամսվա վարձատրության չափով, նունիսկ ավելին, համայնքի ղեկավարն իր որոշումներով, որպես սոցիալական օգնություն, հատկացնում է մեկ անհատի։ Օրինակ, համայնքի ղեկավարի 27.05.2015թ. թիվ 79 որոշումով Գրիգոր Ասատրյանին հատկացրել է 70 000 դրամ, իսկ 02.04.2015թ. թիվ 68 որոշումով Սերգեյ  Սահակյանին հատկացվել է 100 000 դրամ:

Այս ուսումնական տարում ավտոբուսը գործեց մոտ երեք ամիս, որից հետո կրկին երեխաները դպրոց գնալ-գալու համար հարկադրված քայլում են 6 կմ։ Նրանցից քչերին է հաջողվում սողոսկել Երեւան-Գառնի հասարակական տրանսպորտը՝  վարորդները կտրուկ հրաժարվում են հարյուրավոր աշակերտներին փոխադրելուց : Երեւան-Գառնի-Գեղարդ երթուղին սպասարկող ընկերության սեփականատերն ու վարորդները մեզ խնդրում էին լուծում գտնել այդ հարցին։ «Տասնամյակներ մենք անվարձահատույց տեղափոխել ենք երեխաներին, հիմա չենք կարող, դա խոչընդոտում է մեր աշխատանքը։ Չենք կարող մեր ստանձնած պարտավորությունը չկատարել՝ Երեւան գնացողին թողնել ճանապարհին ու երեխաներին տեղափոխել»,- ասում են նրանք։

Ինչո՞ւ է ավտոբուսը վարձակալում անհատից, երբ համայնքապետարանն ավտոբուս ունի, Ա. Վարդանյանը պատասխանեց, թե համայնքապետարանին պատկանող ավտոբուսն անսարք է: Բայց դրա համար համայնքի տարեկան բյուջեում 1 մլն 760 000 դրամ տրանսպորտային ծախս է նախատեսված, իսկ համայնքապետարանի հաստիքացուցակում 2 վարորդ է ընդգրկված` ամսական 135000 դրամ աշխատավարձով:

Վարորդներին տրվող աշխատավարձերն ավելին են, քան համայնքային ՊՈԱԿ-ների տնօրենների աշխատավարձերը: Սակայն այդ վարորդների գործունեության շրջանակն անհայտ է, ինչպես անհայտ է համայնքապետարանի հաստիքացուցակում «կանաչապատման եւ սանիտարական մաքրման պատասխանատու»` 1 հաստիք, եւ «Գառնի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ում կանաչապատման 2 բանվորի հաստիք ունենալը, այն դեպքում, երբ կանաչապատ տարածքներ չկան գյուղում:

Այսքանից հետո անհասկանալի է, թե ինչու պետք է երեխաները գոնե փոխադրամիջոց չունենան դպրոց հասնելու համար, եւ ինչու պետք է այդ հարցը համայնքապետն ամեն անգամ պայմանավորի իր գազալցակայանի գործել- չգործելով։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ