HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազնվամորի՞ն, թե՞ հէկը․ հագվեցիները հրաժարվում են բանակցություններից

Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչներն ընդդիմանում են իրենց գյուղի վարչական տարածքից և Սեդվի գետից սնվող հէկի կառուցմանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն՝ «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն նախատեսում էր երկու իրար հաջորդող հէկ կառուցել Լոռու մարզի Կաճաճկուտ գետի վրա: Հանձնաժողով էր ներկայացվել «Սեդվի 1» հէկի նախագծի և «Սեդվի 2» հէկի գործարար ծրագրի տեխնիկատնտեսական ցուցանիշները: ՀԾԿՀ-ն հէկերի կառուցման լիցենզիա է տրամադրել: Համաձայն դրա՝ հէկերը կառուցվելու էին 2014-2017թթ ընթացքում: Հզորությունը նախատեսված էր համապատասխանաբար 313 և 698 կՎտ՝ արտադրելով տարեկան 1,2 և 2,9 մլն կվտժ էլեկտրաէներգիա: Սակայն «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի ներկայացուցիչները «Հետքի» հետ զրույցում պատմեցին, որ նախագիծը վերանայվել է, և  այժմ ոչ թե երկու, այլ մեկ հէկ է կառուցվելու:

Հագվին Ալավերդի քաղաքից 15 կմ է հեռու: Համայնքի հողատարածությունները զրկված են ոռոգման ջրից, որի պատճառով գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները։  Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի եւ կարտոֆիլի մշակմամբ:

Հագվի համայնքի ղեկավար Հայկասար Մայիլյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ համայնքը որևէ թույլտվություն չի տվել հէկի կառուցման համար: Ավելին՝ փետրվարին գյուղում հանրային լսումներ են անցկացրել, որով գյուղացիները մերժել են հէկի կառուցումը: Այժմ փորձ է արվում երկրորդ և երրորդ անգամ հանրային լսումներ անցկացնել և ստանալ գյուղացիների համաձայնությունը: 

Գյուղացիները երեք հիմնական պատճառ են նշում, որ հէկի կառուցումը կարող է լուրջ վտանգներ պարունակել իրենց համայնքի համար: Առաջին՝ այդ գետից է սնվում 20 հա այգիներ, որոնք ոռոգման այլ աղբյուր չունեն:

Երկրորդ՝ գյուղապետ Մայիլյանը պատմեց, որ Հագվիում 2000 գլխի համար նախատեսված խոզաբուծարան կա, որը խորհրդային տարիներին ջուր է ստացել գետից: Այս պահին խոզաբուծարանը չի գործում, բայց սեփականաշնորհված է, և տերերը ցանկություն են հայտնել նորից աշխատեցնել այն: Հէկի առկայությունը կվտանգի անասնապահությամբ զբաղվելու գյուղացիների ջանքերը:

Երրորդ՝ Հագվիի վարելահողերն անջրդի են, և միակ հնարավորությունը, որ ոռոգման համար կարողանան ջուր անցկացնել, այդ գետն է: «Այլ տարբերակ չունենք»,- վստահեցնում է գյուղապետ Հայկասար Մայիլյանը: Ոռոգման անցկացումը ֆինանսների հետ է կապված, սակայն վաղ թե ուշ պետք է արվի, որպեսզի գյուղի վարելահողերը ոռոգվեն:

Հայաստանում «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն գրանցվել է 2009 թվականին: Այս ընկերության հիմնական բաժնեմասը ԱՄՆ-ում գրանցված ընկերությանն է՝ «Հելլեսդոն» ՍՊԸ-ինը, բաժնեմաս ունի նաև Աքորիի նախկին գյուղապետ Կամո Սիմոնյանը և Սարգիս Գաբայանը: Վերջինս հէկեր նախագծող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր՝ Գրիգոր և տնօրեն՝ Ինեսա Գաբայանների որդին է:

Գրիգոր Գաբայանն ասում է, որ Հագվիի հետ հէկի առնչությունը միայն հավելյալ՝ «դոտացիոն» ջրի մասով է, ինչը կավելացնի ջրի ճնշումը հէկի համար: Իսկ ազդակիր համայնքներն ավելի շատ Կաճաճկուտն ու Աքորին են, որոնք արդեն տվել են իրենց համաձայնությունը: Հագվիի գյուղացիները, սակայն, համառորեն հրաժարվում են բանակցել իրենց հուզող խնդիրների շուրջ:

Գրիգոր Գաբայանն ասում է, որ պաշտոնապես լսումներ չեն եղել, իրենք նախնական լսումներ են անցկացրել իրենց նախաձեռնությամբ, որպեսզի պարզեն, թե հէկը ինչ ազդեցություն կարող է ունենալ համայնքների վրա:

«Որ ներկայացնում են, որ գյուղի և կայանի մեջ է բախումը, իրականում այդպես չէ: Բախումը երկու բիզնեսի մեջ է: Այնտեղ այդ ամենի կազմակերպիչը ոմն մարդ է, որն ունի 5 հա հողատարածք, որից 1 հա-ն է, որ այս պահին օգտագործվում է՝ մալինա է աճեցվում: Նրա առավելությունն այն է, որ այդ գյուղից է ու այդ շրջպատի աջակցությունն է ստանում»,- բացատրում է Գրիգոր Գաբայանը:

Վերջինս նշում է, որ այդ գետից «մալինայի տերն» օգտվում է առանց ջրթույլտվության և վճարումներ կատարելու: Այսինքն, ըստ Գաբայանների, մի տնտեսվարող սուբյեկտ անօրեն բիզնես է անում և փորձում է խանգարել մեկին, ով օրինական եկել ու ուզում է իր գործով զբաղվել: «Մենք չենք ասում՝ մենք ունենք ՋԹ, դուք գնացեք եսիմ ուր, մենք ասում ենք՝ էդ 6000 հեկտարի համար նորմատիվով ինչքա՞ն ջուր է հասնում, նորմատիվը բազմապատկենք երկուսով, մենք պատրաստ ենք տանք քեզ, բայց դու չես կարող ասել՝ էս գետն իմն է»,- ասում է Գրիգոր Գաբայանը:

Նա նշում է, որ իրենց համար խնդիր չէ նաև ջուր տալ 20 հա-ի համար, որի մասին խոսում է համայնքապետը: Ավելին, պատրաստ են նաև իրենց խողովակից նորմատիվներով սահմանված ջրի ծավալ տրամադրել գյուղին նույնիսկ գյուղի ունեցած ողջ 100 հա-ի համար: Գաբայանները հաշվարկել են, որ, ըստ նորմատիվների, դրա համար վայրկյանում 30 լիտր ջուր կպահանջվի: «Ինչի՞ մասին է կռիվը, էդ ոռոգման սեզոնի հինգ ամսում մենք իրենց 30 լիտրը չե՞նք տա: Չեն թողնում մենք հասնենք ասելուն»,- ավելացնում է Գ. Գաբայանը:

Սարգիս Գաբայանն էլ հավելում է, որ գյուղին ավելի ձեռնտու է, որ իրենք կառուցեն խողովակաշարը, իսկ գյուղը 7-8 կմ խողովակաշար անցկացնելու փոխարեն, իրենց խողովակաշարից օգտվելով, կարող է 2 կմ խողովակ անցկացնելով ջուրը գյուղ հասցնել: «Մենք առաջարկել ենք՝ թողնել էդ չոբանավարի ոռոգման գաղափարը, մենք իրենց կտանք մեր խողովակից ոռոգման համար ջուր և ստացել ենք պատասխան՝ ոչ, մեզ ձեզնից ոչ մի բան պետք չէ»,- հավելում է Սարգիս Գաբայանը:

«Ինչ-որ մի մարդ բունտի խումբ է սարքել, մեկի հրահրած դուդուկի տակ էս ամենը գնում է»,- ասում է Գ. Գաբայանը:

Սարգիս Գաբայանը նշում է, որ օրենքի շրջանակներում իրենց բոլոր հնարավորություններն օգտագործելու են: Հարկ եղավ, դիմելու են նաև դատարան, քանի որ նույնիսկ իր կողմից արված «տղավարի նստել ու զրուցելու» առաջարկները մերժվել են: «Ասում ենք՝ բոլոր խնդիրներին կա ռացիոնալ լուծում, եկեք նստենք, խոսենք: Ասում են՝ դուրս եկեք գյուղից»,- հիշում է Սարգիս Գաբայանը:

Գրիգոր Գաբայանն ասում է, որ կայանը առանց այն էլ փոքր է, և եթե «դոտացիոն» ջուրը չվերցվի, հէկը խղճուկ կստացվի: Սակայն հագվեցիները համաձայնություն տան, թե չէ, հէկը կառուցվելու է, քանի որ ընկերությունն արդեն ունի ջրթույլտվությունը: «Համաձայնություն չտան՝ պիտի հիմնավորեն: Ինչո՞ւ չկառուցվի, էս երկիրը միայն իրե՞նցն է,-հարցնում է Գ. Գաբայանը: -Պետք է գտնենք լուծումներ և հասկանանք՝ ոնց: Միայն օրենքի սահմաններում և գյուղին մաքսիմալ աջակցելու սահմաններում: Անօրեն գործողությունների դաշտ այս կայանը չի ուզում մտնել, ուզում է օրինական դաշտում, երկկողմանի շահի սահմաններում իրականացնի իր նախագծերը, ուրիշ բան չի կարող լինել»:

Սարգիս Գաբայանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են ամերիկյան «Հելլեսդոն» ընկերության սեփականատերերը, որի ներկայացուցիչը ինքն է: Վերջինս չցանկացավ հրապարակել նրանց անունները՝ պատճառաբանելով, որ սեփականատերերը ցանկանում են գաղտնի մնալ: Ս. Գաբայանը միևնույն ժամանակ օրինակ բերեց նույն ամերիկյան ընկերության կողմից շահագործվող «Իշխանասար» հէկը, որը «Էկոլուրի» հէկերի մոնիտորինգի արդյունքներով լավագույն ցուցանիշներ է ապահովել:

Գրիգոր Գաբայանն ասում է, որ հաշվի առնելով արդեն գործող հէկի փորձը, գյուղացիները որևէ մտավախություն չպիտի ունենան, որ էկոլոգիական թողք չի լինելու կամ ոռոգման ջուր չեն տալու գյուղացիներին:

«Իշխանասար» հէկը գործում է 2013թ.-ից Որոտան գետի վրա: Այն շահագործում է «Միեզերք» ՍՊԸ-ն: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Միեզերք» ՍՊԸ-ում ամերիկյան «Հելլեսդոնի» մասնաբաժինը ընդամենը 40 % է, նույնքան էլ տիրապետում է Թռչկան ջրվեժի պատմությունից հայտնի Ռոբերտ Օխանյանը, իսկ 20 %-ի փայատերը ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, փոխգնդապետ Արտաշես Փարսադանյանի որդունն է՝ Դավիթ Փարսադանյանինը: Սարգիս Գաբայանն այստեղ տնօրեն է եղել 2009-2014թթ.:

Կաճաճկուտը Դեբեդ գետի ձախ վտակն է, որի երկարությունը 11 կմ է: Արդեն իսկ մեկ հէկ գործում է այս գետ վրա: «ՎԱՆ ԱԼ ԷՆ Կ» ՍՊԸ-ն շահագործում է «Կաճաճկուտ» հէկը, որի խողովակաշարի երկարությունը 2,7 կմ է: Սարգիս Գաբայանի խոսքով, ավելի քան 5 կմ էլ լինելու է իրենց հէկի խողովակաշարի երկարությունը: Միասին վերցված՝ գետի 8 կմ-ը (բացի բնապահպանական թողքից) կմտնի խողովակների մեջ, այսինքն՝ գետի 70 տոկոսից ավելին:

Մեկնաբանություններ (6)

Գայանե
Պահ, պարոնը նույնիսկ պատրաստ է ջուր տալ արտերը ջրելու համար Արդեն գետին տեր է դարձել, լավություն է անում :
Գեւորգ
Այնպես հասկացանք, որ ուզում են անհասկացողներին լավություն անել, իսկ իրենք չեն ուզում որ .... շինեն! Ինչու հեռու գնալ: Կարելի է գնալ մոտիկ Մարց գյուղ ու նրանցից իմանալ՝ շինված է լավ, թե չշինված:
Самвел
Г.Габаян заявляет, что« Необходимо найти решения в рамках закона и максимально содействующие селу . Мы не хотим действовать незаконно . Проекты должны быть осуществлены с обеспечением двусторонней выгоды» , в данном случае в выгрише остается лишь собственники гэса. Мы не позволим, чтоб вы забирали нашу воду, потом диктовали условии. Да в данный момент нету у гас разрещение на пользование воды но, будет скоро Посмотрим, потом, какую причину приведете.
Մերուժան
Հոդվածը կարդալուց հետո մոտս այն տպավորությունն է ասես ապրում եմ ուրիշ պետությունում եվ ոչ իմ հայրենիքում։Պարզվում է որ կարող է մի գեղեցիկ օր գան մի քանի փողկապավորներ ու ասեն, որ իզուր էք այսքան տարիներ ապրել աստծո կողմից "մոռացված" այս ձորում քարից հող ստացել, ընտանիք ստեղծել արու զավակներ ուղարկել բանակ ' պահպանելու համար հայրենիքը...այն հայրենիքը, որը մի քանի հոգունն է?Դեռ չեմ մուռացել մեր պաշտպանության նախարարի այն խոսքերը, որ մեր բանակում ամուր ու քաջարի զինվորների գերակշիռ մասը գյուղերից զորակոչված տղաներն են՝այնպես որ մի քանդեք մեր գյուղերը, ավելին ինչպես դուք մատնանշում եք թե ինչպես ապրենք մենք, որտեղ ջուր տանք մեր անասուններին, նույն ձեվով ես ձեզ ցույց եմ տալիս Արցախի տեղը, գնացեք այնտեղ եվ ձեր փողերը ներդրեք ազգանվեր գործում այնտեղ ավելի լավ գետեր կան ու ազատ տարածքներ։Նախապես հաջողություններ եմ մաղթում։ P.S. - Արցախում մեր ձորի տղաներից շատերն են ծառայում- ձեր բիզնեսն էլ կպաշտպանեն ձեռքի հետ...
Marianna
ՀԷԿ-երի շինարարությունը գնալով ավելանում է, դե համը հանեցիք արդեն։ Մարց գետը վերջին տարիներին ով է տեսել, թե ինչ է դարձել, ինչ օգուտ ստացան այդ ՀԷԿ-երից գյուղացիք՝ ոչ մի։ Մի քանի հոգի է աշխատում, փոխարենը մահանում է բնությունը, ոռոգման ջուրը քչացել է, սատկած ձկների պատկերներն էլ՝ ավելացել։ Չի կարելի այդքան ագահ լինել, մի քանդեք մեր երկիրը, մի ստորացրեք գյուղացուն։ Գումարներ ունեք՝ ներդրեք գյուղատնտեսության զարգացման վրա, մալինա են ստանում, դուք էլ հողեր գնեք ու մալինա աճեցրեք ու տեսեք մարդիկ համաձայն են, թե ասում են մեր գյուղից գնացեք։ Հագվեցիներ ջան, առաջ, մինչև շինարարությունը բոլորն են սարեր խոստանում, իսկ շինարարությունից հետո մի կտոր չոր հաց էլ չենք ստանում։ Ամենակարևորը մենք ենք և ոչ մի իշխանավոր ու միլիոնատեր։
Սանթրո
// ՀԾԿՀ-ն հէկերի կառուցման լիցենզիա է տրամադրել:// - իսկ ընչի են տրամադրել, առանց համայնքի համաձայնությունը ստանալու, եթե շաբաշը չեն առել? Հիմա փողատերը էդ ծախու թուղթը թափ տալով եկել ա, թե հէսա գետն իմն ա, օրենքն էլ իմ կողմն ա, գյուղացիք էլ սպառնում են թե գլուխդ կջարդենք: Առաջի մեղավորրը վերեւի կաշառակերներն են, նրանք են խեղճ ժողովրդի գլխին չարիք բերողները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter