Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Փողերի լվացում. հարցաքննվում են «Հայբիզնեսբանկի» աշխատակիցները



«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց «Հայբիզնեսբանկի» միջազգային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Իգնատոսյանը, ով այդ պաշտոնին նշանակվել է 2010 թվականին:

Սարգիս Իգնատոսյանը պատմեց, որ իր դեպարտամենտն առնչվում է միջազգային swift փոխանցումների հետ:  2012-ի մայիսի վերջին երկու առանձին հանձնարարականներով գումար է փոխանցվել «Հայբիզնեսբանկ»՝ «Սբերբանկի» կողմից:

Գործարքը կատարվել է «Սբերբանկի» միջոցով, քանի որ ՀԲԲ-ն պայմանագրային իրավահարաբերություններ ունի «Սբերբանկի» հետ և չունի «Միր բիզնեսբանկ»-ի հետ: Ի սկզբանե, հրահանգատուն՝ 1 մլն-ի դեպքում եղել է Իրանական զարգացման բանկը, բայց քանի որ նշված բանկն ընդգրկված է եղել ամերիկյան պատժամիջոցների տակ ընկնող բանկերի սև ցուցակում, ՀԲԲ-ն խնդրել է, որպեսզի հրահանգատուն փոխվի: Հրահանգատուն դարձել է իրանական ծագման, սակայն ՌԴ-ում գրանցված և գործող «Միր բիզնես բանկը»:

ՀԲԲ-ն հրահանգ է ունեցել զգուշավոր լինել սև ցուցակում գտնվող բանկերի նկատմամբ, չնայած ամերիկյան պատժամիջոցները իրենց համար հիմք չեն՝ խոստովանում է Իգնատոսյանը:  

Վճարման հանձնարարականներում երկուսի դեպքում էլ շահառուները լրացված չեն եղել: 1 մլն եվրոյի համար շուտով պարզաբանվել է, որ շահառուն իրանական «Քիշ ինտերնեյշընլ բանկ»-ն է, մինչդեռ  9.980.000 եվրոյի համար պարզաբանում այդպես էլ չեն ստացել: «Սովորաբար երբ շահառուն պարզ չէ, ֆինանսական բլոկից և ղեկավարությունից հրահանգ ենք ստանում հետ ուղարկել նույն բանկ»,-ասում է վկա Իգնատոսյանը: Սակայն այս դեպքում նման հրահանգ չի եղել:

Հունիսին «Սբերբանկից» ստացել են խնդրանք, որ հաստատեն միջոցների ստացման փաստը, որը կատարվել է: «Հաշվի առնելով, որ գումարները մեծ էին, մենք պարտք համարեցինք լրացուցիչ ծառայողական գրությամբ գլխավոր հաշվապահին տեղեկացնել, որ եկել է 1 մլն եվրո, բայց չի երևում շահառուն,-պատմեց վկան,- մեր դեպարտամենտը լիազորություն չունի՝ հաշիվներ տեղաշարժելու, այդ ազդակները ֆինանսական դեպարտամենտից ենք ստանում, մանսնավորապես՝ գլխավոր հաշվապահից՝ գրավոր: Եթե գումարը մեծ է, ղեկավարությունն էլ է մասնակցում, հրահանգ է տալիս: Տվյալ դեպքում մենք առաջնորդվել ենք գլխավոր հաշվապահի ցուցումով: Տեղյակ ենք պահել նաև տեղակալներին»:

«Սբերբանկից» swift-ով հունիսին ստացել են խնդրանք, որպեսզի հաստատեն՝ շահառուն գումարները ստացել է, թե ոչ: Քանի որ շահառուի մասով տեղեկությունները թերի էր, բանկի գլխավոր հաշվապահի,  տեղակալների մակարդակով է հաստատվել գումարի՝ շահառուների հաշիվներին նստեցման փաստը: «Ինձ համար էլ էր դա տարօրինակ, դրա համար մենք խնդրեցինք, որ մակագրվի տեղակալների կողմից, քանի որ շահառուն նշված չէր, իմ կարծիքով, դա թերություն էր»,-ասում է վկա Իգնատոսյանը:

Հուլիսին, սակայն, երկու հարցումներով «Սբերբանկը» խնդրել է գումարները հետ վերադարձնել, որը չի արվել: Ըստ վկայի՝ իրենք դրա համար համապատասխան հրահանգ չեն ստացել, չնայած գրավոր դիմել են հաշվապահին, սակայն որոշումն արդեն իրենցը չէր, այլ՝ վերադասինը: Ավելի ուշ տեղակալներից և Արա Կիրակոսյանից վկա Իգնատոսյանը պատասխան է ստացել, որ գումարները հասել են իրական շահառուներին, կարող է հանգիստ լինել: «Մնացած մեր իրավասությունների շրջանակներում չի եղել, չգիտեմ՝ ինչպես է տեղաբաշխվել»,-ասաց Սարգիս Իգնատոսյանը:

1 մլն եվրոն փոխանցվել է ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ին, իսկ 9 մլն եվրոն՝ «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ին:  2012 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին արդեն իսկ այս ընկերությունների հաշվեհամարներին նստել են փոխանցված գումարները:

DHL ծառայությունից գումարների տեղաբաշխման որևէ հանձնարարություն վկա Իգնատոսյանն անձամբ չի ստացել: Ասում է՝ իրենք առաջնորդվում են swift համակարգով ստացվածներով, իսկ DHL-ից ստացված հաղորդագրությունների կամ հանձնարականներին պետք է վերապահորեն և շատ զգույշ վերաբերել:

Հարցին, թե արդյոք վկա Իգնատոսյանը տեսել է նույն գործով մեղադրվող, այժմ փախուստի մեջ գտնվող Սուրեն Գաբրիելյանին, հաստատեց, որ տեսել է մի քանի անգամ բանկում՝ որպես հաճախորդ, մասնավորապես Մելիք Եսայանի սենյակում: Ավելին, Սուրեն Գաբրիելյանի ներկայությամբ այդ գումարների վերաբերյալ խոսակցություն է եղել:  

Դատախազ Արմեն Փանոսյանը հետաքրքրվեց, թե ինչպես են կապ հաստատել իրանական «Քիշ ինտերնեյշընլ բանկի» հետ: Բանկի աշխատակիցը պատմեց, որ 2012-ի վերջում կամ 2013-ի սկզբին Մելիք Եսայանը  տեղեկացրել է, որ իրանական բանկը ցանկացել է թղթակցային հաշիվ բացել իրենց բանկում: Մելիք Եսայանի աշխատասենյակ էին հրավիրվել «Քիշ ինտերնեյշընլ բանկի» ներկայացուցիչները, որտեղ էլ հնչել է թղթակցային հաշվի բացելու հարցը, քննարկվել է ընթացակարգը: Սակայն իրանական բանկի փաստաթղթերը լիարժեք չեն եղել, և թղթակցային հաշիվ բացելու հարցը քննարկվել է բանկի Ռազմավարական զարգացման հանձնաժողովում, ինչպես նաև վարչությունում, և որոշում է կայացվել բացել այդ թղթակցային հաշիվը: Սակայն այդ թղթակցային հաշիվը պետք է սահմանափակումներով լիներ՝ ոչ լիարժեք փաստաթղթերի պատճաով և կարող էր օգտագործվել միայն բանկի ներսում՝ մինչև սահմանված փաստաթղթերը չհամալրվեին: Հետագայում, սակայն, որոշում է կայացվել չբացել այդ հաշիվը:

«Քիշ ինտերնեյշընլ բանկի»-ի ներկայացուցիչների հետ ՀԲԲ-ն, ըստ վկայի, երկու հանդիպում է ունեցել, երբ նրանք ժամանել են Հայաստան: Հանդիպումները վերաբերել են հետագա համագործակցությանը, և իրանական բանկի ներկայացուցիչները նաև փորձել են պարզել, թե ինչ կարգավիճակում են փոխանցված գումարները:  «Ինչքան հասկացա՝ իրանական կողմը գտնում էր, որ կեղծ են եղել այդ տվյալները՝ իրական շահառուների մասով»,- պատմեց Սարգիս Իգնատոսյանը: «Քիշ» բանկի ներկայացուցիչների առաջին հանդիպումը Արա Կիրակոսյանի առանձնասենյակում է տեղի ունեցել, երկրորդ հանդիպմանը ներկա են եղել մարդիկ նաև ՀՀ ԿԲ-ից, Իրանի էներգետիկայի ֆոխնախարարը և այլ իրանցիներ:  

Փաստաբան Ճարոյանը հարցրեց, թե արդյոք Սուրեն Գաբրիելյանը ներկա է եղել այդ հանդիպման, վկան նշեց, որ չի հիշում, սակայն վկան մանրամասնորեն հիշում էր մնացած ներկաներին: Փաստաբան Ճարոյանի տվյալներով, Սուրեն Գաբրիելյանը ներս է մտել այդ հանդիպման ժամանակ, իսկ իրանական կողմը դուրս է եկել:

«Հայբիզնեսբանկի» միջազգային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Իգնատոսյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց: Հաջորդ վկարները չէին ներկայացել դատարան, նրանք ազատվել են աշխատանքից: Խոսքը վերաբերում էր բանկի գլխավոր հաշվապահին՝ Ռուզան Խաչատրյան և աշխատակից Վահե Առաքելյանին: Հաջորդ նիստին կհարցաքննվեն բանկի մյուս աշխատակիցները:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ