HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս ռազմական ակցիան կոնկրետ քաղաքական նպատակներ ունի»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

-Պարոն Սարգսյան, Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գործողություններին անցնելը ինչո՞վ եք պայմանավորում:

-Շփման գծում գործողությունները կապում են այս կամ այն քաղաքական իրավիճակի, դիվանագիտական պրոբլեմների հետ, կարծում եմ՝ փոփոխություն չկա այս առումով: Այս անգամ նույնպես Ադրբեջանը շփման գիծը փորձում է օգտագործել՝ ինչ-որ նպաստավոր վիճակ ստեղծելու համար, որովհետև հիմա շատ ակտիվ դիվանագիտական պրոցեսներ են կատարվում Միացյալ Նահանգներում, բարդ հարաբերություններ են, բարդ խնդիրներ են ծագել և՛ Արդբեջանի, և՛ Թուրքիայի համար: Եվ այստեղ շատ հստակ է, որ Ադրբեջանը պետք է փորձեր ինչ-որ խաղաքարտ դնել սեղանին, նման ագրեսիվ դիրքորոշում ընդուներ, որպեսզի նպաստավոր վիճակ ստեղծի բանակցություններում:

Բանակցային սեղանին խաղադրույք է դնում, ինչ-որ քայլերի է գնում, նման գործողություններով փորձում է ցույց տալ, որ իրենք անկախ են, վճռական են: Չէ՞ որ այդ օրերին ԱՄՆ-ի նահանգներից մեկը ճանաչեց Ղարաբաղը (ԱՄՆ Հավայի նահանգը մարտի 29-ին ճանաչել է ԼՂՀ անկախությունը- հեղ.): Դա շատ էական քաղաքական նշանակություն ունի: Ադրբեջանը կարող է փորձել հասկացնել, որ թքած ունի բոլորի վրա, կուզի կկռվի, զենք կօգտագործի: Նման երևույթներն առանց հրամանի չեն կատարվում: Այնպես չէ, որ իրավիճակը շատ պատահական սրվեց: Դա հստակ քաղաքական ծրագիր էր:

-Եվ ովքե՞ր են համագործակցում: Նշվում է, որ Ադրբեջանի թիկունքին անմիջապես կանգնած է Թուրքիան, և որ Էրդողան-Ալիև հանդիպումից հետո իրավիճակը սրվեց:

-Թուրքիան Ռուսաստանի հետ ինչ-որ պրոբելմներ ունի, Ռուսաստանը դա գնահատեց որպես թիկունքից հարված իրեն (նկատի ունի ռուսական օդանավի խոցումը թուրքական զինուժի կողմից- հեղ.): Ամեն երկիր փորձում է համապատասխան գնահատականներ տալ, բոլորն օգտագործում են ղարաբաղյան խնդիրը, տվյալ պահին՝ շփման գիծը՝ իրենց քաղաքականությունն առաջ տանելու համար:

-Ապրիլին 5-ին Վիեննայում սպասվում է Մինսկի խմբի հանդիպումը, որտեղ քննարկվելու են ղարաբաղյան բռնության վերջին դեպքերը: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար է այդ հանդիպումը, ի՞նչ արդյունք կտա:

-Մինսկի խումբն այլ քաղաքականություն է վարում: Դա գերտերությունների կողմից լուրջ ստրատեգիական մեխանիզմ է, և այն գնահատականները, որոնք կհնչեն նրանց կողմից, նույնպես կբացահայտեն այս իրադարձությունների էության նպատակը:

-Պարոն Սարգսյան, այսօր տեսակետներ են հնչել, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում նման իրավիճակ չէր ստեղծվել հրադադարի ռեժիմի անցնելուց հետո: Ի՞նչ շրջադարձային կետ կարող է լինել, ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

-Հանգուցալուծում չկա, քաղաքական պրոցես է, որովհետև խոսել բանակցային պրոցեսի մասին, որտեղ կարգավորման խնդիրներն են դրված, անիմաստ է, վաղուց արդեն բանակցային պրոցեսում արդեն կարգավորման խնդիր դրված չէ, դրված են շփման գծում մեխանիզմներ ստեղծելու, լայնածավալ պատերազմներ թույլ չտալու հարցերը, իմիջիայլոց, այդտեղից էլ բխում է Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև իրենք են նպաստել, որ բանակցային թեման փոխվել է: Այնպես որ, ոչ ոք չի խոսում կարգավորման պրոբլեմների մասին, խոսում են ընդամենը շփման գծի մասին, ինչը շատ մեծ պրոբլեմներ է ստեղծում Ադրբեջանի համար: Եվ գուցե հենց դրա համար նրանք փորձում են նման քայլերով դիվանագիտությունը շրջեն մեկ այլ ուղղությամբ, որպեսզի սեղանին դրվեն կարգավորման նախագծեր: Այդ ամենը շուտով կերևա հետագա քայլերից:

Միանգամից շատ դժվար է ասել, թե որն է այս ռազմական ակցիայի բուն նպատակը, բայց մոտակա օրերին պարզ կդառնա:

-Սա պատերազմի վերսկսո՞ւմ է:

-Ոչ ոք չի գալիս ինչ-որ քանակի զենքով ինչ-որ մի բան ստեղծում, որից հետո ինքն էլ է կորուստներ տալիս, ստիպում է, որ հակառակորդը, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի բանակը լրիվ իր ուժով գա, սահմանին կանգնի: Իմաստը ո՞րն է: Հիմա ի՞նչ պիտի անի, երբ հակառակորդդ կանգնել է քո դիմաց: Այս ռազմական ակցիան կոնկրետ քաղաքական նպատակներ ունի:

-Ո՞ւմ դեմ է այդ ակցիան:

-Այդ ակցիան իրենց համար է, ազդեցության լծակներ են: Դրանով ուրիշ խնդիրներ են լուծվում, անգամ կարող է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի խնդիրը լուծեն: Թուրքիան կարող էր օգնություն խնդրել նման բան անել: Թուրքիայի նախագահը երեկ դիմել էր չէ՞ Ռուսաստանի նախագահին, որ եկեք բարիշենք, հարցերը լուծենք: Ռուսաստանն արհամարհեց: Թուրքիան կարող էր խնդրել Ադրբեջանին, որ քարտ դնի սեղնաին, որ ռուսները գան, փորձեն բարիշեն: Տեսնենք: Նման տասնյակ սխեմաներ կարելի է գտնել, և այս ռազմական ակցիան ամեն տեղ էլ կտեղավորվի: Այն հստակ քաղաքական նպատակ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter