HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Ոչ մէկ երկրի ոչ մէկ դատարան իրաւունք չունի դատել մեր պայքարը»

1985-ին Մոնթեն Ֆրանսիայում էր: Բայց այդ մասին ոստիկանությունը չգիտեր:

Ձերբակալվել էր «Հայ ազգային շարժումի» ղեկավարներից մեկը` Լեւոն Մինասյանը: Մոնթեն եկել էր նրա օգտին վկայություն տալու: Քանի որ Մոնթեի մուտքը Ֆրանսիա արգելված էր, վկայություն տալու համար ընկերները ստիպված էին առեւանգել Լ.Մինասյանի փաստաբանին: Մոնթեն վկայություն տվեց, բայց դրանով հայտնի դարձավ նրա` Ֆրանսիայում գտնվելը:

«Հինգշաբթի` նոյեմբերի 28-ին, ֆրանսիական հակալրտեսական ոստիկանությունը (DST) կը ձերբակալէ Հ. Ա. Հ. Գ. Բ. Յեղափոխական Շարժումի ղեկավար Մոնթէ Մելքոնեանը, ինչպես նաեւ «Հայ Պայքար»-ի աշխատակից Բենիամին Քէշիշեան, որ կը պատրաստուէր հարցազրոյց մը կատարել Մելքոնեանի հետ: Նոյն երեկոյ կը ձերբակալուի նաեւ հայ երիտասարդուհի մը` Զեփիւռ Գասպարեան, որու բնակարանէն ոստիկանութիւնը կը յայտնէ գտած ըլլալ Մելքոնեանի պատկանող ատրճանակ մը, կարգ մը էլեկտրոնիկ սարգավորումներ, թուրք դեսպանին լուսանկարը եւ Մարսէյլի նաւահանգիստի վրա խարսխուած թրքական նավերու անուններ: Զեփիւռ ամբողջուին կանգիտանայ իր տան մէջ գտնուած ապրանքներէն եւ Մոնթէի ներկայութենէն: Երեք հայերն ալ նոյեմբերի 30-ին կը մեղադրուին «չարագործութեան մեղսակցութեան» յանցանքով»:

«Հայ Պայքար» 20.12.1985

Հայկական համայնքի ակտիվիստներն ընկան ոստիկանության ուժեղացված հսկողության տակ: Մոնթեն հայտնվեց փողոցում: Դրամ չուներ, ապրելու տեղ չկար: Նրան հյուրընկալեց ուսանողուհի, հայերենի դասատու Զեփյուռ Գասպարյանը:

Զեփյուռ, քեզ ի՞նչ մեղադրանք ներկայացրին:

- Ես մեղսակից էի: Այն, ինչ գտան Մոնթե Մելքոնյանի մոտ (ապրանքները, թղթերը), ինձ էլ որպես մեղադրանք ներկայացրին:

- Դատի ժամանակ Մոնթեն ինչպե՞ս էր իրեն պահում:

- Միշտ ուրախ էր: Բավական երկար խոսեց: Ես զգացի, որ բոլորովին էլ իմ դատը չի: Ամեն ինչ Մոնթեի համար էր: Իմ մասին երկու բան ասացին ու անցան առաջ:

- Բանտում ինչքա՞ն մնացիր:

- Ուղիղ մեկ տարի: Ազատվելուցս հետո տասը տարի է անցել: Բայց այդ տասը տարում ավելի շատ տանջվեցի, քան մեկ տարվա բանտարկությանս ժամանակ: Չէի սպասում, որ մինչ օրս եւ մինչեւ անհայտ ժամանակներ Փարիզի մի շրջանից մյուսը չեմ կարող գնալ: Տնային կալանքի մեջ եմ: Դրանից հետո Մոնթեին այլեւս չեմ հանդիպել: Բայց ուրախ եմ, որ լավ մարդու, մեծ մարդու եմ հյուրընկալել: Հպարտ եմ եւ սխալ չեմ արել: Դժբախտաբար, իրեն այդպես էլ չկարողացա հարցնել` ինչպե՞ս եղավ, որ ոստիկանները տունս եկան:

- Այսինքն` ոստիկանությունը գիտե՞ր, որ Մոնթեն քո տանն է ապրում:

- Անկասկած գիտեին: Թե չէ ինչպե՞ս եղավ, որ առավոտյան 11-ին բռնեցին նրան, կեսօրից հետո ոստիկաններն իմ տանն էին: Տուն մտնելիս ինձ կանգնեցրին եւ ցույց տվեցին թերթերում տպված Մոնթեի լուսանկարը: Հարցրին` ճանաչո՞ւմ եք: Այո՛, ասացի` Մոնթե Մելքոնյանն է: Հետո ցույց տվեցին տանս ապրող Մոնթեի լուսանկարը: Ասացի` չեմ ճանաչում: Չգիտեի` հարցնողն ով է եւ ինչու է հարցնում:

Հետագայում Մ. Մելքոնյանն իր դեռեւս չտպագրված «Ինքնաքննադատություն» գրքում գրեց. «Բռնուիլս զանազան պատճառներ ունէր: Նախ վկայութիւն տալով, Ֆրանսիայի ոստիկանութիւնը տեղեակ եղաւ հոն ըլլալէս: Այս եղաւ այնպիսի ատէն մը, երբ ինծի շատ անբաւարար միջոցներ կը տրամադրուէին: Ուրեմն տկար վիճակի մէջ էի: Անոր վրան ես մեծ սխալ մը գործեցի անզգուշօրեն հեռաձայնը գործածելով: Այս է, որ վերջին առիթը տուաւ ոստիկանութեան: Ուրեմն բռնուիլս զանազան պատճառներու արդիւնք էր, բայց ճակատագրական եւ վերջին սխալը իմս էր»:

Մոնթեն Զեփյուռի սենյակում ապրեց երեք օր: Չորրորդ օրը նրան ձերբակալեցին «Zever» սրճարանում: Մեզ այդ սրճարան ուղեկցեց Զեփյուռի ամուսինը` Վարուժան Մեհրաբին: Պարզվեց` գարսոններից մեկն այստեղի քառասուն տարվա աշխատող է:

Գարսոն Ֆաքե Կլոդին 

Մոնթեի ձերբակալության ականատեսն է եղել եւ այդ օրը լավ էր հիշում

- Դեպքը կատարվեց ուրբաթ առավոտյան, տասն անց կեսին: Նրանք երկուսով սուրճ էին խմում: Նույնիսկ չգիտեինք` ովքեր են: Հետո իմացանք, որ նրանցից մեկն ահաբեկիչ էր, մյուսը` լրագրող: Չգիտեմ` նրանց մատնե՞լ էին, թե ոչ: Բայց ոստիկանները գիտեին, որ այստեղ են: Տասնհինգ ոստիկաններ էին նստած` տարբեր սեղանների շուրջ: Ոմանք գրում էին, ուրիշները չեմ հիշում` ինչ էին անում: Հետո միանգամից միասին հարձակվեցին: Մի քանի աթոռ ու սեղան շուռ տվեցին: Ամեն ինչ միանգամից եղավ. ատրճանակներն ուղղեցին, ձեռնակապերն անցկացրին ու տարան: Այդքան բան: Ոստիկաններն ասացին` մի՛ անհանգստացեք, ցույց տվեցին իրենց վկայականներն ու նրանց տարան:

- Ձերբակալվողները դիմադրեցի՞ն:

- Ոչ: Տասը հոգով նետվեցին նրանց վրա: Ժամանակ անգամ չունեցան:

- Ձեր սրճարանում նման բան եղե՞լ է:

- Ես այստեղ եմ 1958-ից, եւ սա միակ դեպքն էր:

- Ի՞նչ եք մտածում այդ մարդու մասին:

- Նրան չեմ ճանաչում:

- Գիտե՞ք, որ նա Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է:

Իսկապե՞ս: Սա անակնկալ է: Ավելի լավ իր համար: Ինձ ոչ մի վատություն չի արել:

- Ձեզ չի՞ զարմացնում, որ Ֆրանսիայում ձերբակալված մի անձ ազգային հերոս է մի այլ պետությունում:

- Այնքան բաներ են պատահում, որ ոչ մի բանից չեմ զարմանում իմ այս տարիքում:

Փարիզի Արդարության պալատի 14-րդ ատյանը Մոնթե Մելքոնյանին դատապարտեց վեց, Զեփյուռ Գասպարին` երկու տարի բանտարկության:

Դատավարությունից հետո` 1986-ին, հայ համայնքին ուղղված նամակում Մոնթեն գրեց. «Այս ծանր վճռի դէմ ես վերատեսութեան չդիմեցի: Չդիմեցի, քանի որ առջին` ոչ մէկ երկրի ոչ մէկ դադարան իրաւունք չունի դատել մեր պայքարը, կամ զանոնք, որ կը մղեն զայն. երկրորդ` իմ առաջին դատավարութեանս ընթացքին ճաշակեցի «ֆրանսիական արդարութեան» խեղկատակութիւնը. երրորդ` գիտեմ, որ իմ դատավարութիւնս կը մեկնէր քաղաքական որոշումէ մը, որ ոչինչու պիտի փոխուի վերաքննութեամբ մը: Այս մեզ նախատող դատական սիսթէմին մեջ չէ, որ պիտի լուծենք մեր հարցերը»:

«Հայ Պայքար», 1986

Ֆրանսիայում Մոնթեին պաշտպանում էին երկու փաստաբաններ` Անրի Լոկլեղը եւ Ֆրանսուա Սեղը:

«Նման մարդը պետք է որ հերոս լիներ»

Անրի Լոկլեղ - 1997-ին Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանության ազգային լիգայի նախագահն էր:

- Մոնթե Մելքոնյանն ամբողջությամբ պաշտպանեց իր ազգային-հայրենասիրական կեցվածքը: Նա բացատրեց այն պատճառները, որոնց համար ինքը պայքարում էր: Այդ պայքարի ընթացքում նրա համար կարեւորն անմեղ զոհերից խուսափելու սկզբունքն էր: Ես շատ լավ հիշում եմ այս կետը, որը դատի ժամանակ էական էր նրա համար: Նա արժանապատիվ էր պահում իրեն դատավորների առաջ:

- Դուք պաշտպանում էիք ահաբեկչի՞...

- Ես պաշտպանում էի այն տեսակետը, որ նա ահաբեկիչ չէ, այլ` պայքարող: Նա իր ուշադրությունը մշտապես կենտրոնացնում էր իր պայքարն առաջ տանելու, եւ ոչ թե անմեղների մահվան պատճառ հանդիսացող զգայացունց արարքների ուղղությամբ: Նրա այս կեցվածքը, իմ կարծիքով, հարգանքի էր արժանի: Համենայնդեպս, ինչ վերաբերում է ինձ, նրան պաշտպանեցի` ասելով, որ Մոնթեն ահաբեկիչ չէ (այդ բառի ներկա հասկացությամբ):

- Իր նկարագրով նա ավելի խաղաղասե՞ր էր, քան...

- Այո՛, իմ մի հոդվածում ես նրա մասին խոսել եմ որպես խաղաղասեր ահաբեկչի մասին:

- Ի՞նչ տպավորություն թողեց Մոնթեի ճառը դատի ժամանակ:

- Այն տպավորությունը, որ գործ ունենք արտասավոր մի ահաբեկչի հետ: Նրա ճառը սովորական ահաբեկչի սովորական խոսք չէր: Ես պաշտպանել եմ որոշ թվով հայ մարտիկների, որոնցից ոմանք ներքաշվել էին անտանելի արարքների մեջ: Մոնթեն բոլորովին տարբեր էր. թողեց ուժեղ ու քաջ անհատականության տպավորություն: Քաջ էր ոչ միայն իր ժողովրդի համար մղած պայքարով, այլեւ այն պայքարով, որ մղում էր բոլոր նրանց դեմ, ում արտառոց գործողությունները Հայաստանի անկախության հիմնադրույթի ընկալման խոչընդոտ էին: Ես հատուկ կերպով խիստ չեմ այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց պայքարում անընդունելի միջոցներ ու զենքեր են գործածում. նրանք սխալվել են: Բայց ես հարգում եմ նրանց, ովքեր քաջություն ունեն մերժելու որոշ միջոցներ: Մոնթեն այդ մարդկանցից էր:

- Դուք ասում եք, որ Մոնթեն խաղաղասեր ահաբեկիչ էր: Ե՞րբ դա զգացիք, բանտո՞ւմ:

- Այո՛, ես դա զգացի իր հետ ունեցած զրույցիս ժամանակ: Մենք մի դժվարություն ունեինք: Նա շատ լավ ֆրանսերեն չէր խոսում, ես` անգլերեն: Հետեւաբար, իրար հասկանալու որոշ դժվարության էինք հանդիպում: Սակայն, ի վերջո, դա մեզ հաջողվում էր:

- Ձեր կարծիքով, բանտը Մոնթեին ինչ-որ բան տվե՞ց:

- Բանտում, սովորաբար, մարդիկ որոշ հեռավորությունից (կողքից) են մտածում իրենց անձի մասին: Սա հատկապես այդպես է Մոնթեի նման գործի մարդկանց դեպքում: Բանտում, անգործության մատնված, նրանք հաճախ մտքով անցնում են իրենց ուղին: Կարծում եմ` բանտը Մոնթեի համար այդ դերն է ունեցել:

- Ե՞րբ եւ ինչպե՞ս իմացաք նրա մահվան մասին:

- Շատ լավ եմ հիշում, թե ոնց իմացա: Այն ժամանակ ես 18-րդ թաղամասի մի սրճարանում էի: Ինձ տեսնելու եկավ մի հայ ակտիվիստ (նա եւս բանտարկվել էր ժամանակին, նրան եւս պաշտպանել էի այլ գործերով): Ասաց. «Գիտե՞ք, Մոնթե Մելքոնյանը սպանվեց»: Շատ ցավ զգացի:

- Իմացա՞ք, որ Հայաստանի ազգային հերոս է:

- Այո՛, ինձ ասել են, բազմաթիվ անգամներ խոսվել է այդ մասին:

- Չե՞ք կարծում, որ դա խորհրդանշում է խաղաղասեր ահաբեկչի մասին Ձեր ասածները:

- Նա մարդ էր, որ անհունորեն սիրում էր իր երկիրը, որը քաջ էր, պայքարող, մարտիկ էր եւ խելացի: Բնական եմ համարում, որ այս մարդը պատասխանատվություն ստանձնեց, երբ Հայաստանը ձեռք բերեց իր իսկական անկախությունը: Հայաստանի դիմագրաված բազմաթիվ դժվարությունների պարագայում (որոնց տեղյակ եմ) նման մարդը պետք է որ հերոս լիներ:

 Ֆրանսուա Սեղ - փաստաբան

- Նա քաղաքական պատասխանատվություն էր կրում մի շարժման ներսում, որը բիրտ արարքներ էր գործում թուրքական թիրախների դեմ, հիմնականում` Ֆրանսիայից դուրս: Մոնթեն առանձնանում էր: Մյուս դատավարությունների ժամանակ ավելի շատ գործ եմ ունեցել ստորադաս մարտիկների հետ: Սա ասում եմ առանց ժխտական գունավորման: Նրանք մարդիկ էին, որոնք ուղղակի արարքներ էին գործել: Մոնթեն իր պայքարը տեսականորեն վերլուծելու կարողություն ուներ եւ գիտակցում էր այդ արարքների համար իր պատասխանատվությունը: Չնայած այն ժամանակ նրա երիտասարդ տարիքին` զգում էի, որ գործ ունեմ իր ժողովրդի պատմության, շարժման պատմության ու զինյալ պայքարի ձեւերի մասին քաղաքական ուժեղ մտածողությամբ մարդու հետ: Հիմնականում սա էր նրան տարբերում ուրիշներից:

- Հետեւաբար, երեւի չեք զարմանում, որ այդպիսի մեկն այլ երկրում ազգային հերոս է դարձել:

- Չի զարմացնում: Չի զարմացնում քաղաքական եւ պատմական պատճառներով: Հայերն այսօր ունեն իրենց հողը, եւ Մելքոնյանի նման մարդիկ կարող են իրենց տեղադրել այդ հողի պատմության մեջ: Նա բանտ մտավ երիտասարդ տարիքում եւ բանտից դուրս եկավ դարձյալ երիտասարդ: Բայց նա, անկասկած, փոխվեց. ավելի հասուն դարձավ, շատ կարդաց, մտածեց եւ գրեց: Հետեւաբար, հարստացրեց իր տեսաբանական կարողությունները: Մի մարդ էր, որն իմաստ էր տվել իր կյանքին, եւ հավատարիմ մնաց իր գաղափարներին մինչեւ վերջ: Տպավորիչ անձնավորություն էր:

«28 նոյեմբեր 1985-էն մինչեւ 5 փետրուար 1989 Ֆրանսիայի իշխանութիւններուն կողմէ արգելափակուած մնացի: Իրականութեան մէջ բանտի պայմաններս բավական գեշ էին: Ոչ թե միայն կերակուրը, մաքրութեան (պակաս), բժշկութեան եւ ընդհանուր առողջական պայմանները գեշ էին (մանավանդ Fresnes-ի մէջ), այլ նաեւ պետութիւնը շատ-շատ ճնշումի տեսակներ աւելցուց: Որոշ ժամանակ (2 ամիս) ամբողջովին առանձնացած խուցի մէջ մնացի, շատ-շատ խիստ նամակի ստուգման եւ վերջը կամայական արգիլման միջոցառումներու ենթարկուեցայ, բացի մէկ հոգիէ բոլոր ոչ ընտանեկան այցելութիւները արգիլուեցան. գրեթէ ամէն օր խուցս կը խուզարկուէր, ու հաճախ խուզարկութեան ատէն ապրանքներս գետին կը ձգէին: Որոշ ատէններ թուղթերս կառնէին, յաճախ ամէնացած ու անմարդկային ձեւերով մարմինս կը խուզարկէին: Թերթեր ստանալը արգիլուեցաւ` հակառակ, որ ֆրանսիական օրէնքին համաձայն ամբողջական իրավունք ունէի ստանալու, բանտի որոշ պահակներ ինծի հանդէպ յատուկ «սինիք» միջոցառումներ կը գործածէին, բժշկութեան պահանջներս կանտեսուէին, բանտի տնօրէնները ամէնաանիմաստ պատրուակով ինծի պաղ ու աղտոտ (հաճախ առանց պէտքարանի սպասման խուցերու մէջ երկար ժամերով կը բանտարկէին...»:

Մ. Մելքոնյան, «Ինքնաքննադատութիւն», 1990թ.

Բանտից եղբորը` Մարգարին ուղղած նամակում Մոնթեն գրեց. «Ամեն մարդ գոնե մեկ ամիս պէտք է բանտում ապրի: Ամեն դատավոր պէտք է մեկ տարի բանտում մնա, որպէսզի իմանա, թե ինչ է անում»:

1989-ի փետրվարին բանտից ազատվեց ու արտաքսվեց Եմեն: 1990-ին Մոնթե Մելքոնյանը եկավ Հայաստան:

Հարցազրույցները կատարվել են 1997 թ-ի հունիսի Փարիզում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter