HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղության և հաղթանակի գինը. պոտենցիալ այրիների ու որբերի տարածաշրջանից

Փառանձեմ Հովհաննիսյան

Ու տարիներ անց, երբ շատերը ռոմանտիկ կոչեր կանեն, քույրս կհիշի, թե ոնց տատիս ձեռքը բռնած՝ անտառը հատելիս բարկացել է՝ ա դե տատի, էն մի անգամ որ պատերազմ լինի, նենց կանես` ցեխոտ եղանակի չլինի, որ կարողանանք հեշտ փախչել, թե չէ էս ինչա, ոտքերս սաղ ցեխ դառան…

28 տարեկան եմ, ամուսնացել եմ Երևանում, մորական կողմս Արցախից` սահմանամերձ գյուղից է, որտեղ անցել են մանկությանս տարիների ամառները... ամառներ, որոնք ձեզնից շատերը չեք ունեցել, դե, ասենք պետք էլ չի, որ ունենայիք...

-Չամադանը յերկալ, վազ տանք, խոխիս ուշադիր կաց, ես թոռներիս տանիմ։

Էս պատմությունը տատիկիցս մի հազար անգամ լսել եմ, հազար անգամ լացել, վերհիշել և միշտ երազել մոռանալ... «Մըր գյուղ սկի ադրբեջանցի շուն չի իլալ մտած, շտեղ մնաց` զինվոր»։

Պատերազմ, խաղաղություն, ուժեղ ենք, թույլ են, անհաղթ ենք, չէ, էս սաղ կեղծ ձևակերպումներ են, բոլորս ենք պարտվել, բոլորս ենք պարտվել մեկ զոհով, մեկ չնչին վախով… հող, կռիվ, գրադ, տանկերը բերեք, փորձել ոգևորել, միասնական լինել, աղոթել, ցավել, բոլորս ենք պարտվել, էգոիզմ, գերէգոիզմ, բայց ես չեմ ուզում վախենալ կրկին, չեմ ուզում կորցնել կրկին, չեմ ուզում վախենալ, որ մի օր մեր եխան ծնող չի ունենա, ծնողնէլ՝ երեխա, չեմ ուզում էլի, որ տղաները գնան, հետն էլ չգան, դե հա, ընդհանուր առմամբ հեշտ է գրել, կարդալ էսքան զոհ, բայց եթե փորձենք բացել դուռն ու ներս մտնել նրա տուն, կամ թե պատկերացնենք՝ մտնում ենք մեր տուն, ու դիակներ շարած… Ով չգիտի ինչ ասել է մամայի մանկության, ջահելության նկարներ չունենալը, բոլորս ենք պարտվել, ամիսը մեկ գյուղ եկող լուսանկարչի պես ենք պարտվել, ում անունը ոչ մի տեղ չկա, նրա արած բոլոր նկարներն են վառվել, հա, ես չգիտեմ մամաս, մորքուրներս, քեռիս, տատս, պապս ինչ դիրքով են նկարվել, նրանց դիմագծերից ինձ մոտ միայն գիտակցական կյանքիցս հիշված խազերն են կենդանի:

Տատիկ. - նրանք առաջին անգամ հարձակվալըն մըր շենի վրա, մինչև էդ մըր գյուղ սկի ադրբեջանցի շուն չի իլալ մտած, շտեղ մնաց զինվոր:

Տատիկ. Տրանա յետը մի ամիս հանգիստ ապրալընք: Հետո նորից հարձակվալըն, բայց էս անգամ պենը պուրթ ա իլալ: 2 օր դիմադրալընք, շենումը մինակ պառավներս ընք իլալ մնացած, հարսները, մինգ էլ մի քանի տղերք, վեր մեզ պաշտպանին: Առաջի օրը մըր մարագում մի թորք կնեգ ա իլալ իրա ախչկա հետ պահած: Մարթամըռը մեղքս ա եկալ: Մի ստաքան քաղցր չայ ըմ սարքալ, տվալ, մինակ տըսնաս հունց ա խմալ: Հարցրալ ըմ թա հինչ ա անում ստըղ. տա էլ թա մըր շենի հարուստները նախօրոք փախալ ըն, մունք էլ ստի գերի ընք ընգալ: Էդ վախտ հասկացա, որ մերունց նման ըն էս գերիները. մըր շենում էլ ա իտի: Չէ մունք էն ազգը չընք, որ գերիներին տանջինք: Էդ իտի: 3 - րդ օրը իմ կյանքիս ամենափիս օրնա իլալ: Արդեն շենի առաջի մի քանի տոնը կրակ տվին, խաբարը հըսավ մեզ էն վախտ, վեր ես բախչում կարտոշկա ըմ իլալ քանդում: Մին պուկ հասա տոն, ու ես, հարսս, 3 թոռներս ու հիվանդ աղջիկս հարևանների հետ փախանք անտառ, տղամարդիկս սաղ սահմանին: Ես լաց ինիլավ մըր հարևանին ասալըմ` ղաչանք ըմ անում խոխես նըհետդ տար: Ինքը հիվանդ խոխիս ծերքան փըռնալա, վազ տվալ, մունք էլ հետան: Ախպյուրի կլխեն կանգնալընք, որ շունչ քաշինք, լոխ վախեցալըն շրջվին գյուղին նային, ես շրջվեցի ու հենց էդ վայրկյանին իմ բախտաս, մեր տանը իրան մի մըծ կրակ ընգավ. մինչև 5 րոպեն արդեն տուն չկար:

Տատիկ. Տրանք ջոկեցին, որ մունք դեպի անտառընընք փախչում ու եկին դեպի մեզ: Արդեն մունք որս որ կողմ կարեցինք, փախանք: Ես 2 թոռներիս վերցրի ու մտա անտառ: Անտառի մեջով կարճ ճանապարհավ 50 կիլոմետրի չափ վազեցի մի սաղ օր ու գիշեր մինչև հասա Ստեփանակերտ: Մին ուրախացա, որ տենամ կալցեվոյումը, ուր փախստականներնի լալ հըվաքվում, Սամսոնը խոխիս ծերքան փռնած կանգնածա:

Տատս շատ չի պատմում էն օրերից, մենք էլ թոռներով շատ հարցեր չենք տալիս, ինչ հիշում, հարցնում ենք, թե ճիշտ ենք հիշել… Տատիս հարսը՝ քեռակինս, փոքր աղջկան այնքան երկար էր գրկել ու անտառներով վազել, որ երբ հասել է Ստեփանակերտ, երեխային ձեռքից վերցրել են, ձեռքերը ժամեր շարունակ չի կարողացել ծալել, երեխային գրկած դիրքով մնացել էին, հիմա այդ երեխան որդի ունի, սահմանի իրենց գյուղում մեծանում է...

Կարդում եմ կոչեր, հայ, հույ, սոցիալական մեդիա, կռիվ-դավի, իմ Արցախ, իմ էս, իմ էն, մերոնք էլ հանգիստ են, ասում են՝ ամեն ինչ լավ է, պինդ կանգնած ենք, բայց ես չեմ ուզում պինդ կանգնած լինեն իրենք, մենք այստեղ տաք նստած զորեղ կոչեր անենք, այն էլ հպարտությամբ, թե մեր տղաները էս, էն… մեր տղաները բառակապակցությունը դարձել է մեզնից դուրս մի բան, էդ գրողներից մեկին ասես՝ մեր տղան դուես, գնա, կասի՝ չէ, ես փորձագետ եմ, բա հրացաններով, զենքերով պրոֆիլի նկարները… քավ լիցի, ոնց կուզեք, ոնց հարմար է, բայց սիրտս ցավում է, մանկությանս սոված պատերազմ-պատերազմ խաղերը չվերադառնան, իսկ այդ ընթացքում որոշները հարստանան, նախագահներ դառնան, հանդիպումներ ունենան, ու ամեն հանդիպումից զոհվենք, թիկունքից ոգևորելու բախտը ստանձնենք, տեսել եք չէ կամավորների շարքերը, հերթերը, ալեհերներն են նույնիսկ ոտքի, բոլորն են ոտքի, որ հաղթենք, հետո տարիներ անց թող հաղթանակները չդառնան ներքին պարտություն, ու սրամտություններս մի կտոր հաց վաստակելու վրա չմսխենք, երբ հարևանս խանութ մտներ, նիսյայի տետրով ուտելիք գներ, հետն էլ աշխատողին ասեր՝ պարտքիս գումարած 50 դրամ, դե 50 դրամ էլ տուր առձեռն, որ էսքան վեշը ավտոբուսով տանեմ տուն…

Տատիկ. Մի տարի անց եկանք շենը, ու ամեն ինչ զրոյից սկսեցինք: Ես էնքան նիգարանըմ իլալ ամենաշատը մի բանից. Էդ տարվա նման պամիդոր հալա ես տված չըմ իլալ, սաղ հարևաններին պիժենածըմ իլալ, լհա ասումըմ տըսնաս գոնե հըսալա էդ պամիդորը: Իտի պամիդորի շիթիլ կյանքումս մինչև սօր տված չկամ....

Ես ուզում եմ ապրել խաղաղ, ուզում եմ 87 տարեկան տատիկս էլ անտառներով չվազի, էլ մեզ չգրկի ու 50 կիլոմետր վազի, դե չեմ ուզում էլի, ուղղակի չեմ ուզում և վերջ, ես ուզում եմ տատիկս վերջապես իր տնկած պամիդորները նմանեցնի այդ տարվա պամիդորին, ես ուզում եմ այդ պամիդորի համը տեսնել... Աստված ջան, էլ ոչ մի զոհ չեմ ուզում, պամիդոր եմ ուզում, համով-համով, այդ տարվա պես...

Ու տարիներ անց, երբ շատերը ռոմանտիկ կոչեր կանեն, քույրս կհիշի, թե ոնց տատիս ձեռքը բռնած՝ անտառը հատելիս բարկացել է՝ ա դե տատի, էն միանգամ որ պատերազմ լինի, նենց կանես ցեխոտ եղանակի չլինի, որ կարողանանք հեշտ փախչել, թե չէ էս ինչ ա ոտքերս սաղ ցեխ դառան…

Էն մի անգամ թող պատերազմ չլինի, նույնիսկ հաղթանակած՝ բոլորս պարտվում ենք…

Մեկնաբանություններ (3)

Բանանց
Այս պահին մի բան եմ ուզում....խաղաղություն: Մեր երեխաները թող ապրեն խաղաղ ու էլ երբեք չիմանան ինչ է պատերազմը: Հաղթանակն ուղեղում է, եթե վստահ ենք որ կհաղթենք, ուրեմն այդպես էլ պիտի լինի: Փառք մեր զինվորին, հավերժ փառք՝ մեր նահատակներին:
մայր
Խաղաղություն ամենեցուն... երեկ գրավված հողերի վերադարձ, Շահումյանի ու Գետաշենի վերադարձ... մենք պարտվելու իրավունք չունենք: Ղարաբաղցիներ, մի բազմեք Երեւանի ձեր տաքուկ ապարանքներում, ձեր զավակների հետ մեկնեք ձեր ծննդավայրը պաշտպանելու, դա միայն Երեւանցու, Գորիսեցու եւ մյուս հայրենասերների հայրենիքը չէ... 18 տարեկան զինվորին թիկունք լինենք: Հաղթանակ ու խաղաղություն բոլորիս:
Ասյա
Այո,թող այլևս երբեք ոչ ոք պատերազմ չտեսնի՝ անկախ ազգությունից,բնակության վայրից,սեռից և տարիքից...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter