Չորեքշաբթի, 28 հունիսի

«Պապան եկավ, ասեց՝ մի վախեցեք, ես ձեր հետ եմ, մաման էլ թե՝ որ դու մեր հետ ես, էդ ռումբերը չե՞ն պայթելու»



Գայանե Սարգսյան 

Ապրիլի 2-ին Մատաղիսում զոհված 53-ամյա Նոդարիկ Մարգարյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից էր: Ամուսնացած էր, ուներ 4 երեխա՝ երկու որդի ու երկու դուստր: Վերջին տարիներին կնոջ ու փոքր դստեր՝ 15-ամյա Սառայի հետ բնակվում էր Մատաղիսում, որտեղ և աշխատում էր որպես պայմանագրային զինծառայող,   վարորդ:

Ընտանիքը Մատաղիսից հեռացել է հենց ապրիլի 2-ի առավոտյան:

«Մենք էնտեղ էինք, պատրաստվում էի դասի գնամ, խփեցին, մի ռումբն ընկավ մեր կողքը: Պապան եկավ, ասեց՝ մի վախեցեք, ես ձեր հետ եմ: Մաման էլ թե՝ որ դու մեր հետ ես, էդ ռումբերը չե՞ն պայթելու: Ասեց՝ մի վախեցեք, սաղ լավա  ա լինելու: Մեզ ճանապարհեց ուրիշ գյուղ, ասեց՝ որ տեղ հասնեք, կզանգեք: Տեղ հասանք, զանգեցինք, զանգեցինք, չէր վերցնում: Ասեցին՝ վիրավորվել ա: Հետո իմացանք՝ մահացել ա»,-պատմում է աղջնակը:

Որդին՝ 31-ամյա Նարեկը 5 տարի է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ասում է՝ հատկապես վերջին շրջանում հոր հետ կարճ հեռախոսազրույցներ էին ունենում միայն:

«Վերջին ժամանակները ոնց որ անընդհատ զբաղված էր: Շատ կարճ էինք խոսում, մի րոպե, մի երկու բառով: Ասում էր՝ խառն ա, շատ զբաղված ա: Թողնում էինք, ասում էինք՝ լավ, հետո ժամանակ կլինի, կնստենք հանգիստ կխոսանք ու…»:

Շաբաթն ուրբաթից շուտ է եկել: Հայր ու որդի այդպես էլ չեն հասցրել նստել, հանգիստ զրուցել:

Նարեկն ասում է, որ այդպես է եղել ամբողջ կյանքում: 1993թ.-ից Լեռնայաին Ղարաբաղի գոյամարտերին որպես կամավոր մեկնած հայրը ամեն ինչից վեր է դասել հող հայրենին:

«23 տարուց ավել ծառայում է բանակում: 93 թ.-ից մասնակցել է Ղարաբաղի կռիվների ու մինչ օրս ծառայում ա էնտեղ: Ամբողջ կյանքը նվիրել ա հայոց բանակին, իր աշխատանքին: Ասում էր, որ ամեն հայ տղամարդ պետք ա ծառայի ու լինի հայոց բանակում: Ամեն անգամ վեր ա գնահատել բանակը, ծառայելը, ընտանիքից էլ վեր: Հիմա որ հետ եմ նայում, ստացվում ա  նենց, որ 93 թ.-ից մինչև օրս ինքը մեր հետ անց ա կացրել ընդամենը իր արձակուրդները»,- պատմում է  Նարեկը:

Հայրը որդուն էլ է առաջարկել անցնել ծառայության հայոց բանակում: Նարեկը   հրաժարվել է: Մանկության ու պատանեկության հիշողությունները թույլ չեն տվել համաձայնել:

«Ես փոքր էի, որ իր հետ գիշերով գնում էի պոստեր. ջուր ու սնունդ էինք տանում   զինվորիներին: Գիշերով, մեքենայով, առանց լույսերը միացնելու գնում էինք: Դիրքեր ա եղել, որ թուրքերի խրամատից 30-50 մետր հեռավորության վրա ա եղել: Ու ամեն վայրկյան սպասելի էր, որ կարող է լինել մի կրակոց ու … ու վերջ,- հիշում է որդին ու ավելացնում,-որ ասես գիշերով, սարերում, առանց լույսերի մեքենան պիտի քշես հանուն զինվորների, որ սնունդ ու ջուր տանես, չեմ կարծում, որ ամեն մեկը կաներ: Բայց ես իմ աչքով տեսել եմ, թե ոնց էր ինքը դա անում»:

Ընտանիքի անդամները նրա զոհվելու մանրամասների մասին շատ բան չգիտեն: Ասում են այն, ինչ իրենց են ասել:

 «Ասում են, որ այդ օրը եղել է Մատաղիսում: Ճաշարանի մոտ սնունդը բարձելիս են եղել մեքենայում, որ բարձրացնեն պոստեր: Այդ պահին ռումբը պայթել է իրենց կողքին: Ասում են, որ մի կապիտան ու զինվոր էլ է եղել այդ հատվածում: Երեքն էլ զոհվել են»:

                                                                        


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. ալիս20:59 - 4 ապրիլի, 2016
ցավակցում ենք
2. Artur22:49 - 4 ապրիլի, 2016
Im harazat, im angin hay yntaniq. Astvats pahapan lini dzez, isk dzer herosi hogin togh lusavorvi. Amboghj hogov cavum em.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ