Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Կոթիի գյուղապետ. «Հայրենիքը սկսվում է սահմաններից»



«Ամբողջ ազգի համար առաջին սուր հարցը երկրի սահմանների ամրացումն է, որը ոչ մեկին չի հետաքրքրում: Մեզ համար առաջին թշնամին մեր ղեկավարության անտարբերությունն է սահմանային համայնքների ու հողից հաց քամող ժողովրդի նկատմամբ»,- ասում է Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ Ռուբեն Հեպինյանը:

Կոթին 38 կմ սահմանագծով սահմանակից է ադրբեջանական Մազամ Ղարախլու, Սաշ Սալախլու, Ալփոուտ և էլի 4 փոքր բնակավայրերի: Մի փոքր ավելի հեռու ադրբեջանական Ղազախ քաղաքն է: Ղարաբաղյան պատերազմի 1994թ. հրադադարից հետո Կոթիում կրակոցները չեն լռել: Գյուղը գտնվում է ադրբեջանցիների շուրջկալի մեջ: «Կրակոցներով հակառակորդը հաջողության չի հասել հայ զինվորների արժանի հակահարվածի պատճառով»,-ասում է գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Հայ զինվորները Կոթին պաշտպանում են գյուղին թիկնած «Մեծ Փայտասարի» գագաթից:

Մեծ եւ Փոքր Փայտասարերը

«Փոքր Փայտասարում» ադրբեջանցիների դիրքերն են»,-ասացին գյուղի աղբյուրի մոտ նստած կոթեցիները և ձեռքով ցույց տվեցին դեմ-դիմաց կանգնած մեծ և փոքր սարերը: «Մեծ Փայտասարը մեր Մասիսն է»,- հայացքը սարին հառելով՝ հպարտացավ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Կոթեցիները մատնացույց արին նաև գյուղին ուղղված ադրբեջանական այլ դիրքեր. «Էն հեռվում երևացող բարձր սարը տեսնու՞մ եք, «Հարսնակեսուր» ենք ասում, էդ սարից գյուղի վրա երբ ուզում են կրակում են»,- բացատրեց Սերյոժա Մամյանը:

Տարիներ շարունակ ադրբեջանցիները օրը ցերեկով գողացել են կոթեցիների անասունները: Հիմա նրանց չի հաջողվում գյուղից անասուն տանել: «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ գյուղի շրջակայքով խրամատներ են փորվել, հսկողությունը ուժեղացվել, անասնագողությունն էլ վերացել է»,-հայտնեց Բագրատ Մուրադխանյանը: Ֆելիքս Մելիքյանի ասելով՝ ադրբեջանցիների կրակոցները դառնում են բումերանգ. «Մեր դիրքերից հայ զինվորները շատ են ականատես լինում սահմանային լարվածության համար ադրբեջանական կողմի բնակչության և զինծառայողների վեճին՝ զուտ այն պատճառով, որ կրակոցներից տուժում են նաև իրենց բնակիչներն ու զավակները»:

«Լրիվ մեր սահմանների բարձունքներում ադրբեջանցիներն են, իսկ դա մեր պապերի տարածքն է, այնտեղ պետք է մենք լինեինք: Զինված ուժերի մինիստրին ասի` մեզ ուտողը «Թարաքլվի» դարն է՝ (Թարաքլուն ադրբեջանական գյուղ է-հեղ.) 5 կմ է մեզանից հեռու, եթե էդ տարածքը վերահսկվի, մենք մի քիչ հանգիստ կապրենք: Մեր երեխեն վեդրոյի ձենիցը ծուլ է լինում»,- պատմեց ՍերյոժաՄամյանը:

«Մեկ շաբաթ առաջ  ավտոմատ էլ քաշեցին: Գյուղի 1-ին  դասարանում 11 երեխաներ են սովորում, մեր մանր երեխանցը շատերը գյուղից դուրս են հանել, Նոյեմբերյանի ու Իջևանի դպրոցներում են սովորում: Այ, էդ վիճակն է գյուղում: Մենք արդեն սովորել ենք կրակոցներին, բա երեխաները ի՞նչ անեն»,- դժգոհեց Ավետիք Խաչիկյանը: Ադրբեջանցիների կրակոցները սպառնալիք են ոչ միայն կոթեցիների կյանքի, այլև ապրուստի համար:

Կոթին 1500 հա վարելահող ունի, սակայն գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողերը. «Նրանք խիտրի մշակում են արել, որ մեզ մեր վարելահողին մոտ չթողան, հողը հաշվում են իրենցը: Ես ու իմ ախպերը 5 հա հող վարեինք, ամեն տարի հնձելիս ամենքս 5 տոննա ցորեն ստանեինք: Հիմա էս 15 տարի է վարում չենք, իրավունք չունենք մեր հողին մոտ գնանք»,- պատմեց Ս. Մամյանը:  

2014-ին 40 հա ցորենը որ կոմբայնը արդեն մտնում էր հնձի՝ վառեցին, 2015-ին 40-ի փոխարեն 80 հա չկարողացանք վերցնել»,- հիշեց Ավետիք Խաչիկյանը: Գյուղապետի ասելով՝ դա հակառակորդի մարտավարությունն է, որով փորձում է սահմանային լարվածությամբ վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի գյուղացիները բերքը չհավաքելու և աղքատության պատճառով գյուղը լքեն: Կոթին մոտ 800 տնտեսություն և 2190 բնակիչ ունի: Նախկինում 3000 բնակիչ է ունեցել: Ռուբեն Հեպինյանի ասելով՝ ոչ ոք  հաշվի չի առնում,  որ Կոթիում չկա մի արոտավայր, վարելահող կամ այգի, որտեղ թուրքի գյուլլեն չհասնի: Դրա համար կոթեցիները հնարավորություն չունեն ապրելու, աղքատ են: «Մեր պետությունը պետք  է իր ուժերը լարի էնքան, որ սահմանամերձ մեր գյուղի ժողովուրդը չգնա: Ամեն օր մի ընտանիք գնում է»,- ասաց Ռուբենը: Գյուղի «Աբեյ» հանդամասում գտնվող նրա վարելահողերում և խնձորի այգիներում դիրքավորված են ադրբեջանցիները:

Ձախից՝ Ռուբեն Հեպինյանը, Հովիկ Ամիրխանյանը

Գյուղամիջում կանգնած կոթեցիները պատմեցին, որ արդեն 4-5 տարի է՝ գյուղում գազիֆիկացման խողովակներ կան: «Պարզապես խողովակները քաշված են, ուրիշ ոչ մի բան: Ասում են՝ եթե 3 տարի գազը չհոսի խողովակով, տրուբեն դառնում է փոխելու ենթակա: Բայց թե էս մարդն ով ա, որ տեղադրեց, էսքան ծախսն արեց՝ հայտնի չի»,- ասաց Ս. Մամյանը: «Գազի խողովակները քաշել են, բայց որ աշխատողներին հարցնում ենք, ասում են մետրը 4 հազար դրամ է մինչև տները գազը տանելու համար:  Բայց էդքան փող սահմանային գյուղի բնակչին որտեղի՞ց,- դժգոհեց Հովիկ Ամիրխանյանը:

Կրակոցներից պատսպարվելու համար կոթեցիներն անգամ ապաստարան չունեն, թաքնվում են՝ ով որտեղ կարող է: «Եկան, խոստացան ապաստարաններ կառուցել, ոչ մի բան: Մի թղթի վրա գրեցին, ժողովրդին մունջ արին, գնացին»,-ասաց Ռուբենը:

Հենրիկ Ազիբեկյանի ընտանիքը

Կոթեցի Հենրիկ Ազիբեկյանի ընտանիքը վտանգավոր կրակահերթերի ժամանակ թաքնվում է իր բնակարանի ներսի սենյակներից մեկում: Հենրիկի տունը 2015թ. փետրվարի 5-ին ուշ երեկոյան ականանետի հարվածի տակ է ընկել. «Մայրս, հորեղբորս կինն ու աղջիկը հրաշքով փրկվեցին: Տան պատն ու պատուհանները ամբողջությամբ փլվեցին»,- պատմեց նա: Արմանը՝ Հենրիկի 3-րդ դասարանցի որդին, տարբերում է շատ վտանգավոր կրակոցները սովորականից: Սակայն փոքրիկ տղան ականանետի հարվածից  իրենց տան պայթյունի մասին մեր հարցից տխրեց՝ չցանկացավ խոսել:

Հենրիկի որդին՝ Արմանը

«Կրակոցներից մի քիչ եմ վախենում: Ես համակարգիչի մոտ էի: Առաջին կրակոցը որ լսեցի, ուզում էի գնամ ապահով սենյակ, հենց հասա դռան մոտ՝ պատը փլվեց»,- հիշեց  Հենրիկի աղջիկը՝ Մերին: Հենրիկը ականանետի հարվածի տեղում պատին Հիսուսի նկարն է փակցրել:

Հենրիկն ասում է, որ դժվար է սահմանային գյուղում ապրելը. «Ես չեմ էլ  հավատում, որ առանց դրսի օգնության  որևէ ընտանիք կարողանա այստեղ գլուխ հանել»: Այսուհանդերձ Հենրիկը գյուղում այգի է գցում, 60  ծառ է տնկել. «Եթե գյուղը լքող լինեինք, մինչև հիմա լքած կլինեինք: Վանաձորում էլ տուն ունենք, բայց Կոթին մեր հողն է, մեր ծննդավայրը: Մեզ միայն խաղաղությունն է պակասում»,- բացատրեց նա:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը

Մինչ Կոթիի գյուղապետին հանդիպելը կոթեցիներն ասացին, որ Ֆելիքս Մելիքյանն աշխատող մարդ է: Գյուղապետը Կոթիի համար առաջնահերթ համարեց խաղաղության վերականգնումը: Ասաց, որ Կոթիի բոլոր վարելահողերը ազատված են հողի հարկից: Գյուղում բնակվող ֆիզիկական անձանց էլեկտրաէներգիայի և գազի  ծախսերի 50 տոկոսը  փոխհատուցում է պետությունը: Քանի որ Կոթիում գազ չկա, գազի փոխհատուցումը հաշվանցվում է հոսանքին: Ֆելիքս Մելիքյանը նաև հայտնեց, որ  գյուղը ջուր է ստանում 3-4 օրը մեկ անգամ, երբեմն՝ շաբաթը մեկ անգամ: Կան թաղամասեր, որոնք ընդհանրապես ջուր չեն ստանում: Խմելու ջրի ամբողջ համակարգը վերանորոգվելու է: Գյուղապետի ասելով՝ նախագծային աշխատանքներն  արդեն պատրաստվում են: Գազիֆիկացման վերաբերյալ մեր հարցին Ֆ. Մելիքյանը պատասխանեց, որ  ցուցակներ են կազմում ցանկություն ունեցողների գազը իրենց բնակարան հասցնելու համար: Մեզ հետ զրույցում գյուղապետը մտահոգություն հայտնեց   հատկապես  կոթեցիների սոցիալական ծանր վիճակի համար:

Կոթիում շատ են անտառային հատապտուղները, դեղաբույսերը: Վերջինից կարելի է ստանալ դեղաբույսեր, իսկ հատապտուղներից՝ պատրաստել որակյալ պահածոներ: Ներդրողները պետք է ռիսկի գնան՝ սահմանային գյուղում արտադրություն բացելու և աշխատատեղեր ստեղծելու համար: «Հայրենիքը սկսվում է սահմաններից: Սա պետք է չմոռանան բոլորը՝ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները և երկրի օլիգարխները»,-հրաժեշտից առաջ հիշեցրեց Կոթիի գյուղապետը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ