HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

510 մլն դրամի հարկային արտոնություն «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ի սեփականատիրոջը՝ «ՎՏԲ» բանկին

Կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում է «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով տալ արտոնություններ:

Կառավարության ներկայացրած նախագծով «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին պետք է ազատել 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Կառավարությունը ընկերությանը օրենքով «լավություն» անելը հիմնավորել է «բնականոն գործունեության ապահովմամբ, մասնավորապես` ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով»:

Նախագիծը խորհրդարանում ներկայացնում էր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ պարտքը կուտակվել է նաև ոչ բավարար մենեջմենթի պատճառով:

Ըստ կառավարության՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:

2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933 մլն դրամից ավելի: Ընկերության ողջ գույքը և բաժնեմասերը վարկի դիմաց գրավադրվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում:

Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ, և ըստ ծրագրի` նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016թ. տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազար տոննայի և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Ընկերությունը միջինում ապահովում է 470 աշխատատեղ:

Համեմատության համար նշենք, որ 2014թ. 23,3 հազար տոննա է արտադրվել, իսկ 2015թ.` 80 հազար տոննա: Այս հաշվարկով էլ կառավարությունը հույս ունի, որ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ն պետական բյուջե կվճարի ավելի քան 700 մլն դրամի հարկ:

«Սակայն ընկերության գույքը և հաշիվները գտնվում են արգելանքի տակ և գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը: Հարկ է նշել, որ գույքի հարկադիր վաճառքից պետական բյուջեի մուտքեր չեն ապահովվի, քանի որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում և վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը»,-նշված է նախագծի հիմնավորումներում:

Նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ խնդրին լուծում տալու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարարությամբ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ, որի արդյունքում նպատակահարմար է գտնվել ընկերության կողմից պետական բյուջեի հանդեպ կուտակած հարկերի մասով առաջացած տույժերի ներման միջոցով հնարավորություն ընձեռել շարունակելու արտադրական գործունեությունը, որի արդյունքում կմարի պարտքի մայր գումարները ժամանակացույցով:

Կառավարությունն ու՞մ է լավություն անում

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը, դիմելով զեկուցող նախարարին, նշեց, որ այս պահին, երբ երկրում առկա է «ֆինանսական դեֆիցիտ», կան բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք գտնվում են նման իրավիճակում, անհատ քաղաքացիներ, ովքեր տույժ-տուգանքների պատճառով զրկվում են իրենց տներից, ընտանիքները հայտնվում են փողոցում, ինչո՞ւ ենք տարանջատում «Հրազդան-Ցեմենտ»-ի գործարանը:

«Ո՞վ է սեփականատերը, ու՞մ ենք լավություն անում: Ինչո՞ւ պետք է մենք մտածենք այն մարդու մասին, ով ձեռք է բերում այս ձեռնարկությունը և վաղը շահույթով, կողքի սարը տրաքացնելով և հումքը ստանալով` գազի գինն էլ բավականին մատչելի է, ստանալու է ցեմենտ և վաճառելու է աննախադեպ բարձր գներով»,- ասում է Հեղինե Բիշարյանը:

Պատգամավորի խոսքերով՝ եթե 500 մլն դրամը բաժանենք այն քաղաքացիներին, ովքեր ԴԱՀԿ-ում ծանր բեռի տակ «ճռռում» են, իսկ գնորդն էլ 500 մլն դրամը ուղղորդի Լեռնային Ղարաբաղ, իրենք շնորհակալություն կհայտնեն:

«Ինչո՞ւ պետք է այդպիսի քայլ անենք: Ասեք պատճառը, ո՞վ է այդ անձը»,-հավելեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, նշեց, թե «այդ անձը» «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ն է: «Մենք որևէ անձի լավություն չենք անում: Այս աջակցության սխեմայով հնարավորություն ենք տալիս ապահովել գործարանի անընդհատությունը և ապահովելու առնվազն 470 աշխատատեղ: Այս թիվը, այս մեծությունը խոսում է նաև այն մասին, որ այս ձեռնարկությունը համակարգաստեղծ ձեռնարկություն է: Մենք չենք կարող անտարբեր լինել այսպիսի ձեռնարկությունների մասով»,-ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ բանկը գործարանը գործարկելու համար արդեն ներդրել է 4.6 մլն դոլար: Մարվել են աշխատավարձի գծով պարտավորությունները: «Անկախ նրանից, թե ով էր լինելու սեփականատերը, կառավարությունը գնալու էր այս քայլին, որովհետև սա մեր տնտեսության համար էական և կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է»,-ավելացրեց նախարարը:

Հեղինե Բիշարյանը, չհամաձայնելով նախարարի դիտարկումների հետ, շեշտեց, որ կան շատ ձեռնարկություններ, որոնք պարտքերի պատճառով փակվում են: Կառավարությունն ինչո”ւ չի մտածում, որ փակվում են աշխատատեղեր:

«Ես վստահ եմ, որ վաղը այդ բանկը չի լինելու գործարանի սեփականատերը: Միանշանակ վստահ եմ` գործարանն ունենալու է իր սեփականատերը»,-ասում է Հ. Բիշարյանը: Պատգամավորի կարծիքով՝ գլխավոր խնդիրը ոչ թե աշխատատեղերի ապահովումն է, մրցակցությունը և այլն, ինչը, անշուշտ, կա, այլ այն, որ ինչպես էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ, «մաքրեցին ընկերությունը» և ամբողջ բեռը գցելով բնակչության վրա` նոր միայն սեփականատիրոջ փոփոխություն կատարեցին:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք բեռը որևէ մեկի վրա չեն գցում, պարզապես հարկերը չվճարելու արդյունքում կուտակված տույժերից ընկերությանը ազատում են:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ նման արտոնություն կարելի է տալ` այն կապելով տնտեսական գործունեության հետ և դնել հստակ պայման, որ աշխատելու դեպքում տնտեսվարողը կօգտնվի նման արտոնությունից:

«Օրենքը խախտածին արտոնություն ենք տալիս, չխախտածին չենք տալիս, ստիպում ենք տույժը վճարի»,- ասաց պատգամավորը` հորդորելով բերել նաև ծրագիրը, որպեսզի հասկանան, թե ինչ է իրականացվում:

«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ բանկը ձեռնարկություն չէ, բանկը հիմնարկ չէ: Սա «Բանկերի մասին» օրենքի խախտում է և որերորդ անգամն է, որ Կենտրոնական բանկը խախտում է, որովհետև Կենտրոնական բանկի ղեկավարությունը, կոնկրետ՝ ղեկավարը, պրոֆեսիոնալ տնտեսագետ չէ»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Իշխանական թևի որոշ պատգամավորներ ևս դեմ էին այս նախագծին: Օրինակ` ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ ակնհայտ է` տնտեսվարողը վատ է կառավարել և սեփականության իրավունքն անցել է բանկին: Ըստ նրա՝ բանկն էլ պատրաստվում է այն օտարել և ստացվում է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծում բանկի համար գործարանն ավելի դյուրին օտարելու համար: Լ. Մարտիրոսյանը ևս համաձայն էր, որ օրենքով պետք է պայման դնել սեփականատիրոջ առջև և չվախենալ որևէ չինովնիկի մահակից:

Արծվիկ Մինասյանը պնդեց իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ այս իրավիճակում պետությունը չի կարող պասիվ դերակատարում ունենալ:

Մեկնաբանություններ (1)

Arsen
510 մլն դրամի հարկային արտոնություն մի բանկի, որտեղ բաժնեմաս ունի Ադրբեջանը ... http://hetq.am/arm/news/53940/adrbejany-bazhnemas-uni-vtb-bank-um.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter