HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միջազգային հանրության արձագանքն ավելի հասցեական պիտի լինի»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը

-Այսօր Վիեննայում տեղի է ունենալու Մինսկի խմբի հանդիպումը, որտեղ, ինչպես հայտարարվել էր, քննարկվելու են ԼՂՀ-ում բռնության վերջին դեպքերը: Ի՞նչ է տալու այդ հանդիպումը՝ ի՞նչ եք կարծում:

-Իհարկե, ժողովուրդը որոշ չափով հույս փափայում է, որ այդ հանդիպումն ինչ-որ դրական արդյունքներ կարող է ունենալ, բայց մեր բնակչությունը, գլխավորապես ամբողջ հայությունն իր հույսը դնում է հայ զինվորի վրա: Այսինքն՝ մեր զինվորը պետք է ամուր լինի դիրքում, ադրբեջանցիները պետք է իրենց համապատասխան դասը ստանան, հետ քաշվեն ու զերծ մնան այլ ագրեսիվ գործողություններից: Հուսանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, և կվերադառնանք հարաբերական խաղաղության պայմաններին:

-Այսինքն՝ սպասելիքներ ունե՞ք այսօրվա հանդիպումից:

-Որոշակիորեն, իհարկե, պետք է ունենանք սպասելիքներ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ունի միակ միջազգային միջնորդական առաքելությունը, այդ իմաստով կարող ենք ունենալ սպասելիքներ, սակայն մեր հայացքը, մեր հույսերն այժմ ուղղված են միայն սահմանին, այսինքն՝ միայն հայոց բանակին:

-Ի դեպ, տարբեր վարկածներ կան, թե ինչու Արդբեջանը դիմեց լայնամասշտաբ գործողությունների: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

-Կարող եմ վարկածներ առաջ քաշել, բայց այս պահին դրանք կարևոր չեն: Գլխավոր վարկածն այն է, որ իրենց նախագահը խելագար է, մնացած վարկածերը չեմ քննարկում:

-Այս օրերին միջազգային կառույցների կողմից երկու կողմերին ուղղված խաղաղության կոչեր էին արվում: Ինչպե՞ս եք գնահատում այդ արձագանքը:

-Ոչ ամբողջությամբ բացասական: Կային նաև այնպիսի արձագանքներ, որոնք արհեստական հավասարության նշան չէին դնում Արցախի և Ադրբեջանի միջև, բայց դրանք գլխավորապես չեզոք արձագանքներ էին, դատապարտող խոսքեր կամ կոչեր, որոնք ուղղված էին երկու կողմերին, բայց բոլորն էլ գոնե ներքուստ համոզված էին, որ Ադրբեջանը նախաձեռնող կողմն էր, խախտում էր պատերազմի բավականին շատ կանոններ, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի կանոններ, և այդ փաստերն անընդհատ ներկայացնում ենք:

Կարծում եմ՝ միջազգային հանրության արձագանքն ավելի հասցեական պիտի լինին, ավելի գործուն և ավելի պրակտիկ միջոցներով պետք է ճնշում գործադրեն հենց Ադրբեջանի վրա, քանի որ մեր գործողությունները հակազդող, կանխող գործողություններ են, որոնք կախված են նաև Ադրբեջանի գործողություններից: Եթե իրենք ռազմական գործողությունների չանցնեն, բնականաբար, մենք էլ չենք անցնի: Հակառակը հնարավոր չէ:

-Իսկ ինչո՞ւ հասցեական չէ այդ արձագանքը: Ի՞նչն է խանգարում:

-Տողատակերում խոսում են, բայց ուղիղ տեքստով չեն խոսում, որը հասկանալի է: Դա միջազգային դիվանագիտության պրոտոկոլային սկզբունքներից է: Քանի որ այստեղ իրենք չունեն դիտորդներ, ստուգման մեխանիզմներ և այլն, այդ պատճառով զերծ են մնում ավելի հասցեական հայտարարություններից: Կարծում եմ՝ ցանկության պարագայում հիմքեր կգտնեն հասցեական հայտարարություններ և գործողություններ անելու, քանի որ ադրբեջանական կողմի հայտարարություններն արդեն ապացույցներ են:

Միայն այն, որ իրենք հայտարարել էին, որ Մարտակերտը ռմբակոծելու են, և հետո ռմբակոծեցին, միայն այն, որ պատրաստ են Ստեփանակերտը ռմբակոծել կամ հրթիռակոծել, սրանք արդեն հիմք են ավելի հասցեական դարձնելու իրենց հայտարարությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter