Կիրակի, 23 սեպտեմբերի

Գոռ Հովհաննիսյան. «Հայաստանում իրավագիտությունը շատ ցածր մակարդակում է»



Հետքի» հարցերին պատասխանում է իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի Համալսարանի պետական եւ սահմանադրական իրավունքի դասախոս, Գերմանիայի Հերթիի Կառավարման Համալսարանի գիտաշխատող Գոռ Հովհաննիսյանը:

 

Մեկ տարի առաջ հրապարակվեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, որում մտահոգիչ էր համարել դատական գործերի քննության տեւողությունը, գործերի կուտակումները: Այս երեւույթը բացատրվում է դատավորների ծանրաբեռնվածությամբ: Իրավաբանների եւ քաղաքացիների մի մասի կարծիքով` անհրաժեշտ է ավելացնել դատավորների քանակը: Հաստիքներ ավելացնելն, արդյոք, դատարանների գործունեությունը բարելավելու միա՞կ պայմանն է:

Եթե խնդրին նայում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, օրինակ, արդար դատաքննության, սահմադրական իրավունքի տեսանկյունից` դատարանների օգնությանը դիմած քաղաքացու համար բոլորովին անկարեւոր է, թե դատարանն ինչ խնդիրներ ունի եւ արդար դատաքննության իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ պետությունը, քանի որ արգելում է ինքնադատաստանը, թույլ չի տալիս, որ մասնավոր անձինք իրենք լուծեն իրենց վեճերը,  պարտավոր է պատշաճ կատարել իր պարտավորությունը: Հետեւաբար, եթե քաղաքացին խնդիր ունի, որի լուծումն իրեն արգելված է, պետք է դիմի պետությանը եւ իրավունք ունի պահանջելու, որ իր պահանջներն արդար լուծում ստանան: Պետությունը, թե ինչ պատճառներով չի կարողանում կատարել իր պարտավորությունը, քաղաքացու համար լրիվ միեւնույնն է: Քաղաքացին ուզում է, որ իր կոնֆլիկտն արդար, շատ արագ եւ արդյունավետ լուծվի: Արդյունավետ, այսինքն` այնպիսի ժամանակամիջոցում, որ խնդրի լուծումն իմաստ ունենա: Հակառակ դեպքում, պետությունն ու իր դատարանները նրան պետք չեն:

Ես չեմ կարող այս պահին գնահատել, արդյոք, դատավորները չե՞ն հասցնում գործերի ծավալը, բայց կարող եմ Հայաստանի ու Գերմանիայի Սահմանադրական դատարանները (ՍԴ) համեմատել: Հայաստանի ՍԴ-ն ունի 9 դատավոր, Գերմանիայինը` 16 դատավոր, բայց Հայաստանի բնակչությունը հազիվ 3 մլն է, Գերմանիայինը` մոտ 84 մլն: Փաստորեն 16 դատավոր սպասարկում է 84 մլն բնակչություն ունեցող պետությանը: Չնայած Գերմանիայում գործերի քննության ժամկետների խնդիր կա, բայց դա պայմանավորված է հսկայածավալ դիմումներով` տարեկան 6000-ից ավել միայն անհատական դիմում է ներկայացվում: Անկախ այդ ամենից, եվրոպական դատարանն արդար դատաքննության իրավունքի` ՄԻԵԴ կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում է գտնում Գերմանիայում, հատկապես ՍԴ-ում, քննության երկար ժամկետների պատճառով: Այսինքն, ՄԻԵԴ-ին նույնպես չի հետաքրքրում` դատավորները հասցնո՞ւմ են, թե` ոչ: Անձը ժամանակին իր խնդիրների լուծումն ստանալու իրավունք ունի, եւ դրա ապահովումը պետության խնդիրն է:

Ներկայումս դատարաններում ամենից շատ քննվող գործերն առեւտրային բանկերի, վարկային կազմակերպությունների եւ բջջային օպերատորների հայցերի հիման վրա գումարների բռնագաձումներին են վերաբերում, որոնք հիմնականում չեն էլ բողոքարկվում: Նման գործերով դատական վիճակագրություն է ստեղծվում` դատարանների ծանրաբեռնվածություն, վճիռների կայունություն եւ այլն: Մինչդեռ, լուրջ իրավական վեճերը տուժում են սրա պատճառով: Հետաքրքիր է, որ դատական համակարգում եւ այլ կառույցներում երբեք շեշտադրումը պատճառների բացահայտման վրա չի դրվում, այլ` մարդկային ռեսուրսն ավելացնելու:

Որ այս բնույթի գործերը շատ են, ինչպես դուք եք ներկայացնում, մի կողմից վկայում է, որ ինչ որ խնդիր կա այդ ոլորտներում, ինչ որ բան ճիշտ չէ, ինչո՞ւ մարդիկ չեն վճարում իրենց վարկերը, վարձերը: Ժամանակակից պետությունում մարդիկ հրաժարվում են իրենց մասնավոր իշխանությունից եւ իրենց մասնավոր իշխանությունն անդառնալիորեն փոխանցում են պետությանը եւ գերհզոր պետությունը պարտավորություն է ստանձնում լուծելու այդ խնդիրները: Հետեւաբար, այդ պարտականությունը պետության պարտականությունն է, եւ պետությունը պարտավորվում է բոլորի համար հավասար հիմունքներով, բոլորի համար գրված կանոնների հիման վրա, գործի հետ կապ չունեցող պրոֆեսիոնլ դատավորի միջոցով լուծել մարդկանց վեճերը: Դրանք նույնպես կոնֆլիկտներ են, որոնք նրանք ինքնուրույն լուծելու իրավունք չունեն, հետեւաբար, եթե կա վեճ, օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ դատարանը պետք է ընդունի քննության եւ այդ վեճը լուծի: Իսկ թե ինչու են այդ ոլորտում խնդիրներն այդքան շատ, որ դատարանները ծանրաբեռնվում են նմանատիպ հայցերով, դա պետք է պարզվի: Լուծումը կօգնի, որ դատարանների ծանրաբեռնվածությունն էլ նվազի:

Վարչական դատարանն ամենածանրաբեռնվածն է Հայաստանի դատական համակարգում: Ձեր կարծիքով` ինչի՞ հետեւանք է այն եւ ի՞նչ միջոցառումներ կարող են նպաստել այս դատարանը բեռնաթափելուն:

Վարչական դատարանը քանի որ քննում է պետության եւ անհատների միջեւ վեճերը, առաջին բանը, որ իմ մտքով անցնում է, դա վատ վարչարարությունն է, որից քաղաքացիները դժգոհ են: Օրինակ, իմ մասնավոր դասախոսության ընթացքում ձեռք բերած տեղեկատվության վրա հիմնվելով, բացի դրանից ծանոթ լինելով հայկական իրավագիտությանը, վարչական իրավունքի դասագրքերին, դատական ակտերին, կարող եմ ասել, որ մեր երկրում վարչական իրավունքը շատ անմխիթար վիճակում է: Վարչարարություն իրականացնող վարչական մարմինները լավ չեն պատկերացնում վարչական իրավունքը, եւ վարչական դատարանն ինքը լավ պատկերացում չունի վարչական իրավունքի մասին: Ենթադրում եմ, որ քաղաքացիները կարող են դժգոհ մնալ վարչական դատարանի վճիռներից: Իմ ընկերների եւ հարազատների հետ խոսակցության արդյունքում նկատել եմ, որ շատ վեճեր, որոնք հանրային հարաբերություններից ծագող վեճեր են, ներկայացվել են դատարան, եւ վարչական դատարանը չի ընդունել քննության` պատճառաբանելով, որ իր ենթակայության գործեր չեն: Դա նշանակում է, որ վարչական դատարանն ինքը դժվարանում է հանրային եւ մասնավոր իրավական վեճերն իրարից սահմանազատելու հարցում: Ես նույնիսկ մի քանի դատավորների հետ զրույցի արդյունքում հասկացել եմ, որ այդ հարցն այս երկրում լուրջ խնդիր է: Վարչական իրավունքի մեջ կա երեք տեսություն, որի միջոցով պետք է ստուգվի, արդյոք, վեճը հանրայի՞ն իրավական բնույթի է, թե՞ մասնավոր իրավական բնույթի: Այդ երեք տեսությունները, որոնք պետք է օգնեն վարչական դատարանին հասկանալու` վեճը հանրայի՞ն, թե՞ մասնավոր իրավական վեճ է, ոչ ոք պատկերացում չունի: Այսինքն, այդ հստակությունը, գիտելիքների համակարգվածությունը, քայլերի հաջորդականությունը, թե ինչպես պետք է իրավական խնդիրներն ստուգվեն, չկա մեր երկրում: Չի բացառվում նաեւ, որ մասնավոր իրավական գործերը քննվեն վարչական դատարանում:

Պրն Հովհաննիսյան, դատարանների ծանրաբեռնվածությանը, իմ դիտարկումով, մեկ այլ հանգամանք էլ է նպաստում. լավ պատճառաբանված ու հիմնավորված դատական ակտեր քիչ են հանդիպում, որն էլ իր հերթին պատճառ է դառնում, որ մարդիկ մի քանի տարի շրջապտույտ ունենան դատարաններում: Սա կարելի՞ է բացատրել դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ դատավորի պաշտոնն զբաղեցնողը պետք է իր գործի լրջությունը լավ պատկերացնի: Գործի նյութերը լավ չուսումնասիրել, մակերեսային ուսումնասիրել եւ այլն, զուտ այն պատճառով, որ շատ գործ ունի, դա վկայում է կոնկրետ դատավորի անփութության, իր գործին ոչ լուրջ վերաբերվելու մասին: Դատավորի պաշտոնն զբաղեցնող մարդն այնքան պատասխանատու պետք է լինի, որ հասկանա` ամեն կոնկրետ գործով ինքը մեկի ճակատագիրն է որոշում: Իրեն հարգող, իր պաշտոնի լրջությունը գիտակցող յուրաքանչյուր դատավոր ցանկացած գործ պետք է ուսումնասիրի, քննի ամբողջ ծավալով, օբյեկտիվորեն, ոչ մակերեսային:

Սահմանադրական դատարանն (ՍԴ) անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու վերաբերյալ 2008 թ.-ից մինչ օրս չորս որոշում է կայացրել: Այս իրավունքի խախտման վերաբերյալ վերջերս ընդդեմ Հայաստանի մի վճիռ էլ կայացրեց ՄԻԵԴ-ը, սակայն դեռեւս մարդիկ շարունակում են դատական պաշտպանության խախտման համար դիմել ՍԴ: Քանի՞ որոշում պետք է կայացնի ՍԴ-ն մի հարցի վերաբերյալ, որպեսզի իրավունքի այդ խախտման համար քաղաքացիներն այլեւս ՍԴ  չդիմեն:

ՍԴ-ի մի որոշումը պետք է բավարար լինի անձի խախտված իրավունքը ճանաչելու համար: ՍԴ-ի որոշումների կատարումն ամենից առաջ պայմանավորված է տվյալ դատարանի հեղինակությամբ: Ինչքան հեղինակավոր է դատարանը, այնքան ավելի արագ եւ առանց առարկությունների են կատարվում նրա որոշումները: Որովհետեւ, ի տարբերություն մյուս դատարանների, ՍԴ-ն չունի դատական ակտերի կատարման ծառայություն, որոնց կուղարկի իր վճիռները` կատարման:

ՍԴ-ի որոշումներն ինձ համար օրինակ, իմաստ չեն արտահայտում եւ դրանք կատարելն անհնար է: Ես չգիտեմ, մեր մասնագիտացված դատարանները դրա՞ համար է, որ չեն կատարում ՍԴ-ի որոշումները, թե այլ պատճառ կա, դա ուրիշ հարց է: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, ցույց տալու համար, որ դրանք կատարելն անհար է: Ինչպես Վարչական դատարանը, որ մասնագիտացված դատարան է եւ թերանում է վարչական իրավունքի ոլորտում, այնպես էլ ՍԴ-ն, թեւեւ սահմանադրական իրավունքի մասնագիտացված դատարան է, բայց շատ հաճախ թերանում է այդ ոլորտում: ՍԴ-ի որոշումները կարդալու արդյունքում տեսնում ես, որ շատ-շատ լուրջ, նուրբ իրավական խնդիրների ծանոթ չեն: Չգիտեն, որ գիտության մեջ այդպիսի խնդիր կա, որի վերաբերյալ լուծումների մի շարք առաջարկներ կան, որոնցից մեկը կարելի է ընտրել: Օրինակ, ՍԴ-ն անցած տարվա իր ամենավերջին որոշման մեջ քննության էր առել Քրեական դատավարության օրենսգրքի մի նորմ, որի վերաբերյալ կարծիք էր հայտնել, որ այդ նորմը Վճռաբեկ դատարանին (ՎԴ) հայեցողություն է տալիս, ինչն անթույլատրելի է: Բնականաբար, ՍԴ-ի ողջ որոշումը կառուցված էր այդ հենքի վրա, 10-ից ավելի էջերի վրա հիմնավորում է իր դիրքորոշումը, որ չի կարելի ՎԴ-ին այդ հայեցողությունը տրամադրել, այն դեպքում, երբ ՎԴ-ն ուղղակի չունի այդ հայեցողությունը: ՍԴ-ն հիմնավորում է մի բան, որ գոյություն չունի, եւ այդ որոշումը կատարելը դառնում է անհնար:

Այսինքն, դրանո՞վ պետք է բացատրել ՍԴ-ի որոշումների գերակշիռ մասի չկատարումը:

Չէ, չեմ կարող այդպես մտածել, որովհետեւ վստահ եմ, որ այլ դատարանները մտածում են այնպես, ինչպես ՍԴ-ն: Ես եմ, որ այլ կերպ եմ նայում հարցերին: Ես հակված չեմ մտածելու, թե այդ է պատճառը, որ ՍԴ-ի շատ որոշումներ չեն կատարվում: Պետք է, որ ուրիշ տեղեր լինեն պատճառները, սակայն երբ ես գիտության տեսանկյունից եմ նայում, տեսնում եմ, որ ՍԴ-ի շատ որոշումներ կատարելն ուղղակի անհնար է:

ՍԴ-ի որոշումները, երբ կարդում եմ, միշտ մտածում եմ, թե սա մասնագիտացված որեւէ դատարանի որոշում է, բայց ոչ ՍԴ-ի, որովհետեւ ամեն ինչի մասին կարելի է կարդալ ՍԴ-ի որոշումներում, բացի սահմանադրական նորմի մեկնաբանումից: Բայց ՍԴ-ն էջերով վերլուծում է ինչ որ օրենքների դրույթներ, օրենքներն իրար հետ է համեմատում եւ այլն, այն դեպքում, երբ կոնկրետ սահմանադրական նորմը պետք է մեկնաբանի, որը տվյալ վեճը լուծում է: ՍԴ-ի նորմի մեկնաբանության հիման վրա է, որ պիտի երեւա, թե ինչո՞ւ է վեճն այսպես լուծվում եւ ոչ թե այնպես: Այդ ամենը ՍԴ-ի որոշումներում կարդալ հնարավոր չէ եւ որոշման եզրափակիչ մասում կարդում ենք` ՍԴ-ն որոշեց, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Թե ինչո՞ւ, մնում է անհասկանալի, որովհետեւ որոշման պատճառաբանական մասում Սահմանադրության մասին ոչինչ չկա: Եվ ՍԴ-ի նման որոշումները խախտում են նաեւ ձեւական տրամաբանության օրենքները: Բավարար հիմունքի օրենքն է հաճախ խախտվում, որում ասվում է, որ ցանկացած դրույթի ճշմարտացիությունը պիտի հիմնավորվի արդեն նախօրոք հաստատված, անառարկելի որեւէ դրույթի միջոցով: Երբ ՍԴ-ի որոշումների պատճառաբանական մասում խոսվում է վերացական, գործի հետ կապ չունեցող ինչ որ բաների մասին եւ արդյունքում ասվում է, որ օրենքը հակասահմանադրական է, խախտվում է այս կանոնը, որովհետեւ դրույթը` վերջնական օրենքի հակասահմանադրականությունը չի ապացուցվում նախապես հաստատված, անառարկելի այլ դրույթների միջոցով, եւ այդ որոշումները նույնպես անարժեք բան են դառնում:

Ըստ ՀՀ Սահմանադրության` իշխանություն իրականացնողը ժողովուրդն է, սակայն ժողովուրդն այն իրականացնում է միջնորդավորված: Նախ` հասարակությունը պե՞տք է մասնակից լինի արդարադատությանը եւ ինչպե՞ս: Ժամանակակից իրավաբանական միտքը ինչպե՞ս է վերաբերվում այս երեւույթին: Ինչպիսի՞ն է Գերմանիայի օրինակը:

Իրավունքի ոլորտում առաջատար եվրոպական երկրներում ոչ մի դատավոր ժողովրդի կողմից չի ընտրվում: Ընդհանրապես դատական իշխանության վերաբերյալ մոտեցումն այսպիսին է. քանի որ դա զուտ մասնագիտական գործունեություն է, եւ մենք պրոֆեսիոնալների կարիք ունենք այդ ոլորտում, ավելի ճիշտ է, որ պետությունն ինքը համապատասխան պահանջների հիման վրա նշանակի պրոֆեսիոնալների եւ ոչ թե թողնեն ժողովրդին: Եվ քանի որ առաջատար երկրներում արդարադատության լուրջ խնդիր չկա`  նշանակում է այս մոտեցումն արդարացված է: Հետեւաբար, ինքս ամենեւին կողմ չեմ, որ նաեւ դատական իշխանությունը պետք է ընտրի ժողովուրդը:

Մանավանդ մի երկրում, որտեղ ընտրական գործընթացը վարկաբեկված է:

Առավել եւս, եթե ընտրական լուրջ խնդիրներ կան: Օրինակ, Գերմանիայում միայն Բունդեսթագն է, որ անմիջականորեն ընտրում է ժողովուրդը: Իշխանության մյուս երկու թեւերն ածանցվում են օրենսդրից: Այսինքն, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Բունդեսթագի միջոցով, որն ընտրում է Կառավարությանը, Կանցլերին, վերջինս էլ իր հերթին արդարադատության նախարարի միջոցով դատավորներ է նշանակում: Գերմանիայում արդարադատության որեւէ խնդիր չկա:

Հայաստանում ավելի քան 10 օր շփվում էիք փաստաբանների հետ, Ձեր դասախոսությունների ընթացքում համակարգային ի՞նչ խնդիրներ առանձնացրիք:

Որպես գիտությամբ զբաղվող մարդ, ինձ համար ամենամեծ խնդիրը իրավագիտության շատ ցածր մակարդակն է Հայաստանում: Մեր իրավաբանները, որոնք ավարտում են համալսարաններ, բնականաբար, այնքան էլ մեղավոր չեն, որ իրենց գիտելիքները թերի են: Նրանց չի մատուցվում այդպիսի գիտելիքներ եւ հնարավորություն չկա էլ կարդալու, որովհետեւ դասագրքերում էլ այդպիսի բաներ չկան: Համեմատության համար պիտի ասեմ, որ Գերմանիայում իրավաբանության ուսանողն առաջին կուրսի առաջին կիսամյակում սովորում է այնպիսի բաներ, որոնց մասին Հայաստանի իրավունքի պրոֆեսորները երբեւէ չեն լսել: Ես օրինակ, Ֆեյսբուքում մի անգամ փորձեցի ճշտել, թե ՀՀ-ում քրեական գործերով ինչպես է ստուգվում պատճառական կապի առկայությունն անձի արարքի ու առաջացած հետեւանքների միջեւ ու պարզվեց, որ ոչ ոք չգիտի:

Ամենամեծ թերությունը իրավաբանական կրթության մեջ նաեւ այն է, որ տարբեր համալսարաններում կարծես մարդիկ տարբեր իրավագիտություն են սովորում: Այսինքն` չկա պետության ամբողջ մակարդակով միասնական մի իրավագիտություն, որը սովորեն բոլոր իրավաբանները, որի արդյունքում էլ բոլորն իրար կհասկանան: Երբ առանձին հարցերի մասին եմ խոսում իրավաբանների հետ, տպավորությունս միշտ այն է, որ ամեն մարդ իր յուրովի պատկերացումն ունի կոկրետ իրավական խնդիրների վերաբերյալ: Այսինքն` ինչքան իրավաբան, այնքան պատճառական կապ: Այն դեպքում, երբ համալսարանում պետք է հստակ սովորեն կոնկրետ տեսություն` կոնկրետ բանաձեւ, թե ինչպես պետք է ստուգել պատճառական կապ կա՞, թե` չկա:

Գոռ Հովհաննիսյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մարիամ17:33 - 5 ապրիլի, 2016
Հարգելի պրն Հովհաննիսյան, որևէ նշանակություն չունի գիտելիքի մակարդակը: Եթե վերցնեք ցանկացած վճիռ, որը անգամ աղերս չունի իրավագիտության հետ, չի ընդունվում վճռաբեկի վարույթ: Եվ այդ վճիռը կայացնող դատավորը սրընթաց դառնում է վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարանի դատավոր`նույն գիտելիքով և նույն ես կասեի հանցագործ պահվածքով (հանգիստ կարող եմ վառ օրինակ բերեմ Տավարացյան Նախշունին, որը դատական ակտը հրապարակելուց առաջ միջանցքում ազատ առևտուր է անում փաստաբանների հետ): Ոչ մի գիտելիք պետք չէ, որ մեր դատավորները ապացուցեն, որ մածունը սև է: Իսկ քննիչների հետ շփվելիս, թվում է, նույնիսկ միջնակարգ կրթություն չունեն և պետք էլ չի, քանի, որ նրաք պետք է անեն այն, ինչի համար արդեն վճարվարծ է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ