Կիրակի, 23 սեպտեմբերի

ՃՈ-ին հրահանգվել է ուսումնասիրել Արցախ մեկնող վարորդներին պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը



Հայաստանից Արցախ շտապող վարորդները վերջին օրերին անխնա կերպով «նկարվել» են տեսանկարահող սարքերի կողմից և որոշ ժամանակ անց վարչական պատասխանատվության կենթարկվեն:  «Հետքի» հարցմանն ի պատասխան, թե ինչ միջոցներ է ձեռնարկվում Արցախ մեկնող վարորդներին պատասխանատվության չենթարկելու ուղղությամբ  ՀՀ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ Հայաստանից ԼՂՀ ուղղությամբ մեկնող պետական, հասարակական գործառույթներ իրականացնող անձանց տրանսպորտային միջոցները պարտադիր կերպով ուղեկցվում են Ճանապարհային ոստիկանության վերակարգերի կողմից:

«Միաժամանակ ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումներին հրահանգվել է մանրամասն ստուգել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի հիմքերով վարորդներին վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը՝ բոլոր այն դեպքերում, երբ տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումներով կայացված վարչական ակտերի դեմ բողոք կներկայացվի անհրաժեշտաբար արագությունը գերազանցելու հիմքով»,-տեղեկացնում են ոստիկանությունից:

Վարորդներն անհատական բողոքներով պետք է հասնեն նրան, որ վերացվեն իրենց դեմ կայացված տուգանքի որոշումները: Որպեսզի չարաշահումներ չլինեն և Արցախ մեկնելու անվան տակ, օրինակ, ավտոճանապարհին հարակից բնակավայրեր այցելելու ժամանակ թույլ տված խախտումները չօրինականացվեն, ոստիկանությունն ուսումնասիրելու է յուրաքանչյուր դեպք:

Վերջին օրերին լայնածավալ գործողություններ են սկսվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով: ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ շտապում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ անտեսելով թե՛ ճանապարհային նշանները, թե՛ տեսանկարահանող սարքերը: Ճանապարհային ոստիկանության տեսուչները որոշ դեպքերում ըմբռնումով են մոտենում և արագությունը գերազանցելու համար վարորդներին չեն տուգանում: Սակայն, տեսանկարահանող սարքերը և արագաչափերը արձանագրել են խախտումները, ինչը ենթարդրում է վարորդների նկատմամբ տուգանքի որոշումների կայացում և պատասխանատվության միջոցների կիրառում:

Նշենք, որ ՀՀ-ից ԼՂՀ տանող ճանապարհն այս օրերին ծանրաբեռնված է և որոշ դեպքերում առաջանում են խցանումներ: Խորհուրդ է տրվում վարորդներին ցուցաբերել ավելի զգուշություն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ