HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդ սպանելը դժվար է»

«Խփելուց պիտի չնայես նրան, անցնես-գնաս: Եթե նայես, հետո կամ պիտի գժվես, կամ էլ պիտի սադիստ լինես»,- ասում է ուջանցի ազատամարտիկ Նաիրի Կիրակոսյանը (ընկերների շրջանում հայտնի է իբրև Մոսո):

Մեկ ամիս առաջ Արածագոտնի մարզի Արուճ գյուղում էին, ազատամարտիկ Միհրան Մանուկյանի տան բակում հավաքվել էին ուջանցի ու արուճեցի ազատամարտիկները: Խոսում էին պատերազմի ժամանակ հումորային իրավիճակներից: Ես կողքից լսում էի: Առհասարակ դժվար է խոսել պատերազմից, երբեմն ավելի դժվար է հարցեր տալ այդ թեմայով:

Ն. Կիրակոսյանը՝ աջից

Նաիրի Կիրակոսյանն ասում է. «Մարդ սպանելը դժվար է, թեկուզ թուրք է, բայց դժվար է»: Հիշում է, որ եթե հակառակորդի կողմում ծեր տեսնեին, զենք չէին բարձրացնում, բայց եթե զենքով երեխա տեսնեին, պիտի խփեին առանց նայելու: Սրանք պատերազմի չգրված կանոններից են:

1989-ին Ն. Կիրակոսյանը ուջանցի տղերքի հետ գնացել էր Խնձորեսկ, Կոռնիձոր (Սյունիքի մարզ), ապա միացել Աշտարակի ջոկատին, որի հրամանատարը Գեղազնիկ Միքայելյանն էր, այնուհետ ընդգրկվել Շուշիի առանձնակի գումարտակի կազմում: Մասնակցել է Շուշիի ազատագրմանն արևելյան (Շոշ գյուղի) ուղղությամբ, Մարտակերտի, Ղուբաթլուի մարտերին:

«Լավ զինվորը երբեք չի մեռնում, նրան հերոսացնում են»,- նշում է Նաիրին, հետո թերթում պատերազմի ժամանակ արված լուսանկարները: Դրանք հետո պտտվում են մյուսների ձեռքում: 22 տարիների հեռավորությունից շատերը փոխվել են:

Արմո Մելքոնյանն ասում է, որ այն ժամանակ չէր մտածում, թե պատերազմն այդքան երկարելու է: 3 երեխա ուներ, լավ գործ, բայց երբ պատերազմն սկսեց, ամեն ինչ թողեց-գնաց: «Անպայման պիտի գնայի»,- ավելացնում է: 92-ի մարտի սկզբներին Արմոն գնացել է Ղարաբաղ: Սկզբից եղել է Ստեփանակերտի առաջին վաշտի կազմում, որի հրամանատարը Բեկորն էր՝ Աշոտ Ղուլյանը, այնուհետ ընդգրկվել է Շուշիի առանձնակի գումարտակի կազմում, հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն էր: Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Մարտակերտի, Աղդամի, Քարվաճառի մարտերին:

«Ի՞նչ պիտի մտածեմ այդ տարիների մասին: Ես կամավոր եմ գնացել: Ինձ ոչ մեկը չէր ստիպում: Իմ կամքով գնացի, ումի՞ց պիտի բան պահանջեմ: Վատ պահն էն ա, որ առողջ տղերքը նստել մտածում են, թե ով պիտի օգնի իրենց: Դա սխալ ա»,- նշում է ուջանցի ազատամարտիկը:

Իր օրինակն է շեշտում, որ մինչև պատերազմը «ԿամԱԶ» ուներ, քարի գործ էր անում՝ էն ժամանակ «ամենափողոտ գործը», սա ընդգծում է, բայց թողեց-գնաց պատերազմ: Եվ դրա համար չի ափսոսում:

Ասում է՝ պատերազմին մասնակցելով՝ պիտի չմտածես, թե հետո քեզ փող պիտի տան: Երբ մտածում ես ինչ-որ մեկից օգնություն ստանալու մասին, ավելի շատ վնասում ես քեզ: «Լավ, գնացել մասնակցել ես, պիտի գաս նստես տանը ու մտածես, թե պիտի օգնե՞ն: Անձամբ ես տենց բան չեմ մտածել: Պետք լինի մեկին ես կհասնեմ: Ի՞նչ ա եղել, աշխատանք ա, գտի աշխատիր, մի սպասիր, սենց թե նենց էդ անարդարությունը միշտ եղել ա»,- շարունակում է Արմո Մելքոնյանը:

Հարցնում եմ, թե ինչն է անարդար հիմա, պատասխանում է. «Ինձ համար ամենամեծ անարդարությունը գիտե՞ս որն ա, որ տղերք կան՝ մեդալներով չեն գնահատվել, մեծ բան չի էդ մեդալը, բայց հանդիպում ես մեկին, որ պատերազմին չի մասնակցել, բայց 41 թվին որ 5 տարի կռվել են, էդքան մեդալ չունեն, ոնց ինքը: Անարդարությունը դա է, մարդկանց չեն գնահատում, ուշադրությունից դուրս են մնացել, այ, դա է»:

Մարտական ծառայությունների համար մի մեդալ է ստացել, Շուշիի ազատագրման համար իր անուն-ազգանվամբ մեդալը չի ստացել, բայց անվան մոտ գրել են, որ ստացել է: Ասում է՝ այ, էդտեղ է անարդարությունը, որ Շուշիի մեդալով պարգևատրել են այնպիսի մարդկանց, որ Շուշիում չեն էլ եղել: «Արկադի Տեր-Թադևոսյանն էս վերջերս տելեվիզորով ասաց, որ ինքը Շուշիի ազատագրման մեդալ չունի: Տղերքին ասում եմ՝ էդ մարդուն որ չեն տվել, մենք ինչի՞ պիտի դժգոհենք»,- նշում է զրուցակիցս:

Հիշում է, որ երբ պատերազմ էր գնում, տղերք կային, որ ասում էին՝ ինչի՞ ես գնում, իրենք չէին գնալու, ու պատերազմից հետո տեսավ, որ այդ ասողները պատերազմի մասնակցության վկայականներ ունեն, իսկ իր հետ կռված տղերքից շատերը վերջին մեկ-երկու տարիներին են ստացել վկայական:

Անցյալում կատարված իրողություններին չենք անդրադառնում: Արմոն ասում է՝ իրենք չեն ուզում խոսել, իսկ իրենց փոխարեն այնքա՜ն խոսող կա: Եվ այսօր այյդ խոսողներն են պատմություն «ստեղծում»: Ասում է՝ փողը, մի թեթև պաշտոնն էլ, իշխանությունը փոխում են մարդուն:

«Մեկ-մեկ որ տղերքով հերսոտած ասում են՝ մի բան լինի, ոչ մեկս չենք գնա, բայց մեկ ա՝ աստված չանի, մի բան լինի, սաղ գնալու ենք: Հիվանդ չեղնեմ, հաստատ գնալու եմ»,- արևի ճառագայթների մի փունջ ընկնում է նրա դեմքին ու Արմոն հայացքը կախում է գետնին:

Ազատամարտիկների հետ զրույցները հիմնականում ավարտվում են այս նոտայով, գրեթե բոլորը նշում են՝ «վաղ թե ուշ պատերազմը սկսելու է, պետք է պատրաստ լինենք», հետո միանգամից ավելացնում. «Մենք էնպիսի ոգի ունենք, որ կասկածող չլինի, հաղթելու ենք»: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և անձնական արխիվներից

Շարքը ներկայացված է Քաթրին եւ Լօրեն Քանրոների աջակցությամբ Փարոս Հիմնադրամի «Ծրագրեր հանուն բարգավաճման» նախաձեռնության շրջանակներում»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter