HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Նա բնության հետ ուժեղ հարաբերության մեջ գտնվող մարդ էր»

Արա Թորանյանը Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դ ' Աղմենի» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Մոնթե Մելքոնյանի` Փարիզում ձերբակալության ժամանակ նա եղել է «Հայ պայքար» թերթի խմբագիրը:

- Արա, ինչպե՞ս եւ որտե՞ղ ծանոթացար Մոնթեին:

- Կարծում եմ` 1979-ին էր կամ 1980-ին, Լիբանանում Գաղտնի բանակի մի մարզակայանում:

- Ո՞վ էր Մոնթեն քեզ համար, ընկե՞ր էր, զինվո՞ր էր:

- Ավելի քան ընկեր էր: Նա մի մարդ էր, որի հանդեպ նախեւառաջ մեծ հիացում ունեի. մեծ հիացում նրա հանձնառության, ֆիզիկական քաջության, բարոյական քաջության հատկանիշների համար: Ուրեմն, մի քիչ հավակնոտ կամ չափազանցված կլինի ասել, թե նրան համարում էի մի ընկեր, որովհետեւ ես ինձ իր մակարդակին չէի դասում, որպեսզի հնարավորություն ունենամ ասել, թե նա իմ ընկերն է: Ես նրան նայում էի որպես բացառիկ մի մարդու, որի նկատմամբ տածում էի հսկայական հարգանք եւ հիացում: Սա չի նշանակում, որ միշտ համամիտ եմ գտնվել իր պայքարունակ կյանքում նրա բոլոր արածներին, բոլոր ձեռնարկածներին: Նրա դիրքորոշումներին մեջ կային բաներ, որոնք երբեմն ինձ ոչ թե տհաճ էին թվում, այլ որոնց նկատմամբ համապատասխան դիրքորոշում չունեի: Հատկապես 80-ական թվականներին նա հարում էր բավական ընդգծված մարքսիստական գաղափարախոսության, մի բան, որ շատ հատկանշական էր ամերիկյան մի որոշ երիտասարդ սերնդի համար, իսկ ինձ դա չէր հրապուրում: Բայց սրանք մի կողմ դրած` Մոնթեի մոտ հետաքրքիրը նրա հանձնառությունն էր, նրա կերպարը եւ նրա անկեղծորեն հայրենասեր կողմը. սա, իսկապես, արտասովոր մի բան էր:

- Ինչու՞ Գաղտնի բանակի տղաներից քչերը եկան Ղարաբաղ:

- Նախ` կարծում եմ, որ երբ Ղարաբաղի հարցը սկսեց, ԱՍԱԼԱ-ից մեծ բան չէր մնացել: Երկրորդ` քանակական առումով ԱՍԱԼԱ-ն երբեք էլ շատ-շատ մեծ, շատ- շատ ուժեղ բան չի ներկայացրել իրենից: Այն գաղտնի մի կազմակերպություն էր, որի անդամները ներկայացնում էին որակ, սակայն չի կարելի ասել, թե ԱՍԱԼԱ-ն անդամների մեծ քանակ ունեցող կազմակերպություն էր, հազար մարտիկ ունեցող կազմակերպություն էր, այդպես ճիշտ չէ: Երբ Ղարաբաղի հարցը սկսվեց, ԱՍԱԼԱ-ն արդեն ճգնաժամի մեջ էր. ԱՍԱԼԱ-ում բաժանումը տեղի էր ունեցել 1983-ին: Այն, ինչ որ մնացել էր ԱՍԱԼԱ-ից, Մոնթեն այն քչերից էր, որոնք շարունակեցին իրենց հանձնառությունը Ղարաբաղում: Նա միակը չէր, նրանք մի քանիսն էին. շատ քիչ, բայց, այնուամենայնիվ, մի քանիսը: Սակայն, Մոնթեն եղավ այն մեկը, որ, հավանաբար, կատարեց ամենամեծ դերը:

- Երբ Մոնթեն երկրորդ անգամ ձերբակալվեց, քո աշխատակիցներից մեկը նրա հետ էր:

- Այո:

- Քո կարծիքով, ոստիկանությունը ինչպե՞ս իմացավ, որ Մոնթեն այդտեղ է գտնվում:

- Կարծում եմ, որ ոստիկանությունը պարզապես իր գործը կատարեց: Մոնթեն Ֆրանսիայում իր ներկայությունը ազդարարել էր իր ձերբակալությունից մի քանի ամիս առաջ` վկայություն տալով հօգուտ բանտարկված մի հայ ակտիվիստի` Ժիլբեր-Լեւոն Մինասյանի: Նա մի փաստաբանի մոտ վկայություն պետք է տար հօգուտ այն փաստի, թե Լեւոն Մինասյանը, որ մեղադրվում էր զինյալ հարձակման մի գործով, այդ հարձակման օրը գտնվում էր իր հետ: Այն օրից, երբ նա ազդարարեց Ֆրանսիայում իր գտնվելու մասին, մինչ Ֆրանսիա նրա մուտքը արգելված էր նրա առաջին դատապարտման պատճառով, եւ քանի որ նա ճանաչված էր իբրեւ ԱՍԱԼԱ-ի ղեկավարներից մեկը, ոստիկանությունը իր գործը կատարեց եւ կարողացավ նրան գտնել: Կարծում եմ` շատ դժվար է ընդհատակ վիճակում մնալ Ֆրանսիայում, հատկապես, երբ գնում-գալիս ես հայկական գաղութի ներսում: Կարծում եմ, որ Մոնթեն այդ ժամանակ թույլ տվեց մի քանի անզգուշություններ: Նա պիտի շատ գաղտնի մնար, խուսափեր կապեր հաստատելուց: Բայց, կարծում եմ, որ նա ուզում էր անպայման իր դիրքորոշումները բացատրել հայկական գաղութում գտնվող որոշ մարդկանց, նա ուզում էր իր գաղափարների եւ այն կազմակերպության շուրջ, որը նա փորձում էր ստեղծել, մարդկանց համոզելու եւ բացատրություն տալու աշխատանք տանել, որովհետեւ այս ամենը պատահում էր ԱՍԱԼԱ-ից ներս բաժանումից հետո, եւ Հակոբյանի մարդկանց կողմից Մոնթեն ներկայացվում էր որպես դավաճան, գործակալ եւ այլն: Հետեւաբար, նա պետք է բացատրեր իր դիրքորոշումները, իր քաղաքական ծրագիրը. սա նրան ստիպեց բացահայտվելու, ռիսկերի դիմելու, եւ այս բոլորը վերջ գտավ ոստիկանությանը նրան բացահայտելով: Ֆրանսիական գաղտնի ոստիկանությունը կատարում էր իր աշխատանքը, եւ նրան հաջողվեց ձերբակալել Մոնթեին: Մենք այդ իրողության առիթով խորապես ցավ հայտնեցինք, այն ժամանակ նաեւ ֆրանսիական շահերից ելնելով, որովհետեւ, ձերբակալելով Մոնթե Մելքոնյանին, ֆրանսիացիները ձերբակալում էին մի մարդու, որն ընդդիմացել էր Ֆրանսիայում ԱՍԱԼԱ-ի կույր ահաբեկչությանը, Օրլիի նման արարքներին, որոնք պատճառում էին քաղաքացիական զոհեր եւ այլն: Ուրեմն, մենք չէինք ըմբռնում այն տքնաջան ճիգը, որ գործի էր դնում ֆրանսիական ոստիկանությունը` մոլեգնորեն հալածելու Մոնթե Մելքոնյանին, մինչդեռ նույն ժամանակ Մոնթեի մահացու եւ երդվյալ թշնամին` Հակոբ Հակոբյանը, մնում էր ազատության մեջ` տեր մնալով իր բոլոր հնարավորություններին եւ, հետեւաբար, նաեւ քաղաքացիներին վնաս հասցնելու իր կարողությանը:

Հիշում եմ` մարզման կայաններում ես նրան տեսել եմ ոտաբոբիկ: Հունիսի 8-ին, երբ իսրայելյան բանակը ներխուժել էր Բեյրութ, նրան տեսել եմ իր «Կալաշնիկով» ավտոմատով կռվելիս եւ Բեյրութը պաշտպանելիս, ոտաբոբիկ: Երեւի նա մի քիչ բնապահպան էր, սիրում էր լինել ոտաբոբիկ. դա բնության հետ իր հարաբերությունն էր: Արդարեւ կարծում եմ, որ Մոնթեն ավելի շատ գյուղի զավակ էր, քան քաղաքի: Այդ յուրահատկությունը նա ցույց է տվել իր պայքարի կյանքի ընթացքում: Կարծում եմ, որ նա իրեն շատ ավելի հանգիստ էր զգում, երբ գտնվում էր Լիբանանում, մարզման կայաններում, Ղարաբաղում, քան երբ գտնվում էր Փարիզում կամ Եվրոպայի այլ մեծ քաղաքներում, ուր զգացվում էր, որ ոնց որ նա ավելի նեղն է ընկած, իրեն նվազ հանգիստ է զգում: Կարծում եմ, որ նա բնության հետ շատ ուժեղ հարաբերության մեջ գտնվող մի մարդ էր, ինքն իսկ բնության մի մասնիկն էր:

Փարիզ, 1997թ.

Մեկնաբանություններ (1)

Նարեկ
Չկա նման բան , չկա դավաճանություն, այո բոլորին է հայտնի, որ Մոնթեն և Հակոբը իրար հետ լավ հարաբերությունների մեջ չեն եղել, բայց դա չի կարելի հիմք ընդունել հերոսի անունն անտեղի վարկաբեկելու համար, հասկացանք որ հիմա շատ են մեկնաբանները, ակտիվիստները և այլն, բայց ամեն բան չափ ու սահման ունի և վերջապես իմացեք թե ում եք վարկաբեկում, սա «լֆիկ սամոն» կամ «դոդի գագոն» չի ձեր համար, Սա Մոնթենա, որի շնորհիվ մենք ունենք տարածքներ ու հաղթանակած երկիր ենք համարվում, հաղթանակել ենք բայց մեզ պարտվածի պես ենք պահում, դավաճանին պիտի գտնենք մեր օրերում մեր մեջ, որոնք շատ շատ են, ինչպես ընկերս ասաց Մոնթեն ու դավաճանությունը տարբեր օպերաներից են... Իսկ այն բանին թե ինչպես էին ԱՍԱԼԱ- ի անդամները անվանում Մոնթեին, ես կասեմ հետևյալը. Մոնթեն պարզաճակատ էր դուրս գալիս թշնամու դեմ, ճակատ ճակատի կռվում էր, Մոնթեն տեռորիստ կամ «խփող թռնող» չէր, Նա իսկական ռազմագետ էր, Նրան դավաճանության մեջ մեղադրելը նույնն է, ինչ ասելը, որ դուք դեբիլ եք... Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter