HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրա համար էականը ժողովրդի` պատմական հայրենիք վերադառնալու եւ այնտեղ ազատ ինքնորոշվելու ու կենսագործելու խնդիրն էր (Մաս 1)

Ալեք Ենիգոմշյան

1978 թ. ապրիլի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ- Համուդ հայաբնակ արվարձանի ազգային վարժարաններից մեկի դահլիճում սփյուռքի հայկական կուսակցությունների երիտասարդական թեւերը կազմակերպել էին այս օրը խորհրդանշող միջոցառում:

Այն ժամանակ 23 տարեկան էի եւ որեւէ կուսակցության անդամ չէի: Պատահմունքի բերումով գտնվելով այդ դպրոցի մոտ՝ հետաքրքրությունից մղված, քանի որ միջոցառումը նվիրված էր ապրիլի 24-ին, մտա ներս, թե տեսնեմ՝ ինչ են անում այդ երիտասարդները, ինչ մթնոլորտ է, ինչ ոգով են տոգորված: Մի քանի հարյուր տեղանոց դահլիճը լի էր պատանիներով, եւ այդ պահին բեմից մորուքավոր ու թուխ մի երիտասարդ ելույթ էր ունենում ամերիկյան առոգանությամբ անգլերենով: Երեւույթն ինքնին հետաքրքական էր, որովհետեւ հաճախ չէ, որ Ամերիկայից հայ երիտասարդներ էին գալիս Մերձավոր Արեւելք, այն էլ` հայերեն չիմացող: Չեմ հիշում, թե ինչի մասին էր խոսում այդ երիտասարդը, առանձնակի ուշադրություն էլ չդարձրի ասածներին, դահլիճում ընդամենը վայրկյաններ մնացի, բայց իր այդտեղ լինելն ու ելույթ ունենալը հաճելիորեն ուշագրավ էին:

Անցավ մի քանի շաբաթ, եւ այդ ընթացքում մի քանի անգամ տարբեր տեղերից լսեցի Ամերիկայից եկած Մոնթե անունով մի հայ երիտասարդի մասին: Նրա մասին խոսում էին որոշակի հետաքրքրությամբ. եկել է Մերձավոր Արեւելք՝ Լիբանան՝ տեղի հայ գաղութների հետ շփվելու եւ հայերեն սովորելու նպատակով: Փաստորեն, ապրիլ 24-ի միջոցառմանը ելույթ ունեցող 20-21 տարեկան երիտասարդը Մոնթեն էր:

Այդ տարիներին Գեւորգ Աճեմյան գրագետը Բեյրութում խմբագրում եւ հրատարակում էր «Սփյուռք» շաբաթաթերթը, որը հիմնադրել եւ երկար տարիներ հրատարակել էր սփյուռքահայ մեկ այլ գրագետ` Սիմոն Սիմոնյանը: 1978 թվականին՝ ամեն շաբաթ օր՝ կեսօրից հետո, մի խումբ երիտասարդներ հավաքվում էինք Աճեմյանի գրասենյակում՝ տպարանից նոր դուրս եկած «Սփյուռք» շաբաթաթերթի համարները փաթեթավորելու, ծրարելու, հասցեագրելու, եւ օրվա փոստով բաժանորդներին առաքելու համար: Հերթական շաբաթ օրերից մեկն էր, կարծեմ՝ հունիս ամսին, երբ այդ գործի մասնակիցներից մեկի հետ Աճեմյանի գրասենյակ եկավ Մոնթեն: Անպաճույճ հագնված, պարզ շարժուձեւերով երիտասարդ էր: Մի քանի սովորական խոսքեր փոխանակեցինք՝ ինքն ինչ է անում, մենք ինչ ենք անում գրասենյակում: Նրա հաղորդակցման լեզուն դեռեւս անգլերենն էր, բայց ուզում էր հայերեն սովորել: Ուշագրավ էր Մոնթեի երիտասարդական եռանդն ու անչափ հետաքրքրվելը հայկական խնդիրներով, թեպետ լեզուն չգիտեր: Շաբաթօրյա մեր հանդիպումների ժամանակ երբեմն մեր մի քանի ժամ տեւող աշխատանքից հետո խմբագրատանը մոտ գտնվող մթերային որեւէ խանութից բրդուճներ էինք բերում եւ ուտում: Այդ օրն էլ ֆալաֆիլ կոչվող բրդուճներ բերեցինք, եւ մինչեւ այսօր էլ հիշում եմ, թե Մոնթեն ինչպիսի ախորժակով կերավ իր բաժին բրդուճը, որը, ինչպես ասում են, վաստակել էր՝ այդ օրվա աշխատանքին մասնակցելով: Ավելի ուշ իմացա, որ Մոնթեն Լիբանան էր եկել 1978-ի ապրիլի 15-ին: Ապրում էր Բեյրութի հյուսիս-արեւելյան հայաշատ Բուրջ-Համուդ արվարձանում, որը վարչականորեն Բեյրութի մաս չէր կազմում: Ես այդ ժամանակ բնակվում էի արեւմտյան Բեյրութում, որը համեմատաբար հայաշատ չէր:

1978-ի ամռանը, հուլիսի կեսին մեկնեցի Ֆրանսիա, ապա Հունաստան եւ Սիրիա: Սիրիայում դեղնախտով էի վարակվել եւ Լիբանան վերադառնալուց հետո դրսեւորված հիվանդությունը ինձ երկուսից երեք շաբաթ պահեց անկողնում: Լիբանանում 1976 թվականի երկրորդ կեսին դադարած պատերազմը վերստին բռնկվել էր, եւ այդ տարվա աշնանը հայկական թաղամասն ուժգին հրետակոծումների թիրախ էր դարձել: Լիբանանից իմ բացակայության, հիվանդության եւ պատերազմի հետեւանքով Բեյրութի վերստին երկփեղկման պատճառով ոչ մի առիթ չէր եղել կրկին հանդիպելու Մոնթեին: Ավելի ուշ իմացա, որ ամռան ընթացքում Մոնթեն գնացել է Իրան՝ ծանոթանալու տեղի հայ համայնքին: 1978-ի վերջին Բուրջ-Համուդի հարեւանությամբ բնակվող ինձ գաղափարակից մի բանվոր հայ ընկեր հայտնեց, որ Ամերիկայից եկած Մոնթեն «մեզի պես կմտածե» եւ առաջարկեց հանդիպել նրան:

Պարզաբանման համար նշեմ, որ պատանի տարիքում եղել էի դաշնակցական աշակերտական միության անդամ, բայց արդեն 18 տարեկանում, այն ժամանակվա իմ տրամաբանությամբ, չգոհանալով այդ կուսակցության գործելակերպից, վարած քաղաքականությունից, նաեւ գաղափարախոսությունից, չէի անդամագրվել այդ կուսակցությանը: 1972-73 թթ.համախոհ եւ գաղափարակից այլ երիտասարդների հետ կազմակերպել էինք այլընտրանքային քաղաքական կիսագաղտնի մի կառույց, որը կարգախոս ընդունեց` չմեկուսանալ սփյուռքյան մեր ապրած երկրների հարցերից ու պայքարից, ինտեգրվել տեղի եւ 3-րդ աշխարհի ժողովուրդների սոցիալիստական պայքարին` Հայկական հարցի լուծումը դիտելով որպես այդ հակաիմպերիալիստական պայքարի մի օղակ: Սակայն մեր խումբը չդիմացավ 1975-1976 թթ. լիբանանյան քաղաքացիական պատերազմի նոր ու դժվար իրավիճակին, դադարեց գործել, եւ անդամներից շատերը հեռացան Լիբանանից: Ինձ այդ քայքայումը խորապես հիասթափեցրեց եւ անզորության ցավով համակեց: Այդ ժամանակ խիստ քաղաքականացած էի, եւ ազգային քաղաքական ակտիվությունն ինձ օդի պես անհրաժեշտ էր:

«Մեզի պես մտածելը», հետեւաբար, նշանակում էր` ունենալ ընդհանրապես ձախ արմատական աշխարհահայացք, Արեւմտյան Հայաստանի հարցը համարել առաջնային՝ առանց այն առանձնացնելու ճակատագրակից այլ ժողովրդների հարցերից, եւ դրա լուծումը հնարավոր տեսնել բացառապես ժամանակակից հակակայսերապաշտական պայքարի տրամաբանությամբ, ինչպես նաեւ այդ հարցի լուծման հիմնական միջոց համարել զինյալ ազատագրական պայքարը:

Մենք որոշեցինք հանդիպել: Բայց քանի որ դեռեւս 1973-ին հեռացել էի դաշնակցական շրջանակներից, որոնք իշխող ուժ էին Բուրջ-Համուդում, եւ, մեղմ ասած, կասկածանքով էին վերաբերվում ինձ, Մոնթեի հետ մենք չէինք կարող ազատորեն եւ բոլորի աչքի առջեւ հանդիպել Բուրջ-Համուդում կամ հայաշատ այլ թաղամասերում: Հետեվաբար, հանդիպեցինք արեւմտյան Բեյրութի մի սրճարանում, հայերի աչքերից հեռու: Առաջին այդ ոչ հպանցիկ առանձին հանդիպումից էլ մեր միջեւ սկիզբ առավ ջերմ հաղորդականություն: Մոնթեն միանգամից ինձ համակրելի եւ սրտամոտ ընկեր դարձավ երկու պատճառով: Դրանցից մեկն իր անմիջականությունը, պարզությունն ու հաղորդականությունն էր: Դեռեւս մեր առաջին կարճատեւ հանդիպման ժամանակ էի զգացել, որ նա հեռու է ամեն տեսակ ձեւականությունից: Երկրորդ հանգամանքն այն էր, որ մեր համոզմունքները, մտքերն ու գաղափարները մեծամասամբ համընկնում էին: Սակայն այստեղ ամենակարեւորն այն էր, որ հստակ երեւում էր, որ Մոնթեի խոսքն ու գաղափարը չէին տարբերվում իր էությունից: Ինչ ասում, արտահայտվում էր, դրանով էլ ապրում էր:

Մեր հանդիպումները հաճախակի դարձան, եւ մենք դարձանք հարազատ ընկերներ: Բնավորությամբ եւ խառնվածքով, անշուշտ, տարբեր էինք: Ես երբեմն լինում եմ անմիջական, որոշ պահերի նույնիսկ անցնում եմ պատշաճության սահմանը, երբեմն էլ դառնում եմ ինքնամփոփ, եւ ինչ-որ արգելք ինձ խանգարում է բացվել: Իսկ Մոնթեն միշտ պարզ էր ու անմիջական: Հավակնոտ չթվամ, բայց այդ տարիներին քաղաքականապես ես ավելի հասուն էի, իսկ Մոնթեն ավելի գործնական էր ու գործնապաշտ եւ քաղաքականապես դեռեւս ոչ միշտ հասուն: Դա ոչ թե խանգարում, այլ մեզ ավելի էր մոտեցնում միմյանց: Էական մի թերություն, որ շուտով նրա մեջ նկատեցի, Մոնթեի միամտությունն էր ` անբաժան վերը նշված պարզությունից ու անմիջականությունից: Կարող է հակասական թվալ, բայց նա միաժամանակ եւ խորամիտ էր, եւ միամիտ: Ինչ խոսք, Մոնթեն իրապես խորաթափանց մտածողություն ուներ, որը փաստեց իր բովանդակ գործունեությամբ եւ հեղինակած գրություններով: Բայց ուներ նաեւ յուրահատուկ մի միամտություն, որը հավանաբար նրա յուրահատուկ պարզության մյուս երեսն էր ներկայացնում, եւ որը, ինչքան էլ կյանքի փորձին եւ հետագայում ապրած դառնություններին զուգահեռ պակասեց, կարծում եմ՝ նրանից անբաժան մնաց մինչեւ վերջ: Այսպիսով սկսված մեր մտերմությունն ու համագործակցությունը շարունակվեց հաջորդող տարիներին:

Մոնթեն Բուրջ-Համուդում ապրեց համարյա երկու տարի, Լիբանան հասնելուց` 1978-ի ապրիլից մինչեւ 1980-ի մայիսը, երբ հարկադրաբար թողեց հայկական այդ թաղամասը, եւ լիաժամ միացավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) շարքերին:

Բուրջ-Համուդում Մոնթեն իր կեցությունն ապահովում էր ինքնաշխատ եկամուտով՝ հայ դպրոցում անգլերեն լեզու եւ մարմնակրթություն դասավանդելով: Այդ երկու տարիների ընթացքում նա մասնակցել է Բուրջ-Համուդ թաղամասի ինքնապաշտպանությանը, Լիբանանի քրիստոնյա աջակողմյան աշխարհազորայինների հետ զինյալ բախումներին: Միաժամանակ նա փորձել է իր գաղափարները տարածել ու համախոհներ գտնել, պարզել հայոց ազատագրական պայքարի ուղղությունները, միջոցներն ու եղանակները: Բուրջ-Համուդի տարիները, ինչպես նաեւ ԱՍԱԼԱ-ում անցկացրած առաջին շրջանը Մոնթեի համար հանդիսացան գործունեության, փնտրտուքի, նվիրումի, ինչպես նաեւ քաղաքական իմաստով շարունակվող հասունության ու զարգացման շրջան: Այդ երկու տարիների ընթացքում նա երկու անգամ բացակայեց Լիբանանից: Առաջինը, ինչպես նշվեց, 1978 թ. ամռանը, երբ այցելեց Իրան, իսկ երկրորդը` 19 79 թ. ամռանը` նախ ԱՄՆ, ապա կրկին Իրան: ԱՄՆ այցելությունը՝ ծնողների ամուսնության 25-ամյակի առիթով, եղավ ծննդավայր կատարած իր վերջին այցը: Այնտեղից մեկնեց անմիջապես Իրան, ու այդ այցը, ժողովրդական պայքարի ու քրդական ազատագրական պայքարին հետ շփվելու առումով, իր կյանքում դարձավ կարեւոր փորձ:

Մոնթեի ծայրաստիճան պարզությունն ու ժողովրդանվիրությունը ի հայտ եկան դեռեւս 1978-ի հոկտեմբերին, երբ սկսվեցին քրիստոնյա աջակողմյան աշխարհազորայինների կողմից հայկական թաղամասերի ռմբակոծումները: Նա Իրանից անմիջապես վերադարձավ Լիբանան` հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը մասնակցելու համար: Ահավոր կերպով արկահարվում եւ գնդակոծվում էին հայկական թաղամասերը: Այսպիսի իրադրության պահին նա չէր կարող ուսումը շարունակել Անգլիայի հեղինակավոր Օքսֆորդի համալսարանում, որտեղ ընդունվել էր իբրեւ գիտությունների դոկտորի հայցորդ: Ուսումը թողեց եւ որպես սովորական բանվոր մի քանի շաբաթ մասնակցեց հայկական ավերված թաղամասերի վերականգնման աշխատանքներին: Այդ ժամանակից էլ իր կեցությունն ապահովելու համար սկսեց դասավանդել հայ վարժարաններից մեկում:

Մոնթեին շատ էր հուզում Լիբանանից եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքից դեպի արեւմուտք արտագաղթի խնդիրը: Առիթը բաց չէր թողնում այդ մասին ահազանգելու, բացատրելու, թե որքան սխալ է այդ միտումը, որ դրանով հեռանում ենք մեր իրավունքներից, մեր հայրենի հողերի վրա որպես ազգ վերախմբվելու եւ կենսագործելու հնարավորությունից: Ինքը լինելով երրորդ սերնդի ամերիկացի, որ նոր էր սովորում խոսել հայերեն՝ ուրիշներին հորդորում էր Ամերիկա կամ այլ հեռավոր ափեր չգնալ, մնալ տեղում, պայքարել տեղի հայկական համայնքների պաշտպանության համար եւ պատրաստվել Արեւմտյան Հայաստանի ազատագրման պայքարին: Այն ժամանակ Լիբանանում հայկական մասնավոր ռադիոկայաններ չկային: Լիբանանում միայն կար կեսժամանոց հաղորդում, որը թույլ էր: Հարեւան Կիպրոսի պետական ռադիոն հայերեն հաղորդումներ էր սփռում, որոնք լսում էին նաեւ Լիբանանի ու Սիրիայի հայերը: Այդ հաղորդումների ընթացքում կարդացվում էին նաեւ խմբագրությանը հղված նամակները: Մոնթեն էլ նամակ գրեց, որպեսզի կարդան ռադիոյով: Նամակում անդրադառնում էր արտագաղթի վտանգներին եւ Մերձավոր Արեւելքի հայկական գաղութները չդատարկելու, կենսունակ պահելու անհրաժեշտությանը:

1979-ին Բուրջ-Համուդի հայկական թատերասրահում բեմադրվեց «Բուրջ-Համուդ-78» ներկայացումը, որը մեծ ժողովրդականության արժանացավ: Այն անդրադառնում էր նաեւ արտագաղթի խնդրին: Այդ ներկայացման մեջ հանդես էր գալիս նաեւ Մոնթեն: Ի դեպ, իր կյանքի առաջին ու վերջին սիրողական դերասանական խաղն էր: Խաղում էր Ասատուրի դերը, մի մարդ, որ գնացել է Ամերիկա եւ վերադառնալով սուտ բաներ է պատմում «երանելի երկրի» մասին, ուր ամեն ինչ լավ է, ինքն էլ հաջողությունների է հասել, բայց, ինչպես պարզվում է թատերախաղի գործողության զարգացումից, ոչ մի հաջողության էլ չի հասել: Ներկայացումը ամիսներ բեմից չիջավ:

Մոնթեն մտածող, մտավորական լուրջ ընդունակություններ ունեցող, խորը վերլուծության ունակ եւ տեսաբանող մարդ էր: Փաստ` նրա՝ մի քանի հատոր լցնելու հասնող արժեքավոր աշխատությունները: Նա, սակայն, ապրում էր գործելու համար, եւ նրա տեսությունները եւս ինքնանպատակ չէին, այլ միշտ նպատակաուղղված` ծառայելու գործին: Տեսությունը պետք է ծառայի կեցությանը եւ ոչ թե հակառակը: Նա երբեք չէր բավարարվում տեսական զրույցներով կամ վերլուծություններով: Այդ բոլորը, կարեւոր լինելով հանդերձ, պետք է ծառայեին դրանցից բխող գործին: Իր համար գործն էր կարեւորը, բայց գործ, որ հիմնված է մտքի, փաստերի, ուսումնասիրության ու վերլուծության վրա:

Սակայն, ինչպես նշվեց, վաղ երիտասարդության, այսինքն՝ ուսանողության, Բուրջ- Համուդում գտնվելու եւ ԱՍԱԼԱ-ում անցկացրած ամենասկզբնական շրջանում Մոնթեի մոտ զգացվում էր քաղաքական ամբողջական հասունության ինչ-որ պակաս, որը, գումարվելով իր մեջ նկատվող միամտության ու երիտասարդական եռանդին, նրան մղում էր որոշ գաղափարների ու արարքների, որոնցում գործնապաշտությունը գերիշխում էր մտքին ու հասուն վերլուծությանը:

Օրինակ՝ եզրահանգելով, որ լիբանանյան աջ քրիստոնյա ուժերը վտանգ են ներկայացնում Լիբանանի հայ համայնքի գոյության համար՝ նա հակված էր ուղղակիորեն մասնակցել այդ ուժերի ղեկավարությանը ֆիզիկապես վերացնելու ծրագրերին. ծրագրեր, որոնք այդ ժամանակ մշակում էին լիբանանյան ձախ կամ Լիբանանում գտնվող պաղեստինյան ուժերը: Այս տրամաբանությամբ էր, որ 1980 թ. վաղ գարնանը մասնակցեց Լիբանանի նախկին նախագահ եւ աջ քրիստոնյա խմբավորումներից մեկի ղեկավար Քամիլ Շամունի մահափորձին, որը չհաջողվեց. Շամունը ողջ մնաց:

1979-ի վերջերին ազգային-ազատագրական պայքարի համար ֆինանսական ենթահող ստեղծելու նպատակով մի քանի ընկերների հետ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անունից ձեռնարկեց հայ գործարարներից դրամահավաքի փոքրիկ փորձ, սակայն իրականում իրենց այդ խմբակը ոչ մի կապ չուներ ԱՍԱԼԱ-ի հետ: Այս քայլը, ի դեպ, լրացուցիչ պատճառ հանդիսացավ դաշնակցության կողմից իր նկատմամբ վերաբերմունքի կոշտացմանը:

Այդ ժամանակահատվածը Մոնթեի համար դեռեւս ոչ հասուն, տղայական պահ էր, երբ ի հայտ էին գալիս նրա չափազանց ոգեւորվածությունն ու խանդավառվածությունը: Այդ հատվածի իր գործողություններում միշտ չէ, որ առողջ հավասարակշռություն կար խորը վերլուծված ու կշռադատված մտքի ու դրանից բխող գործի միջեւ: Հետագա կյանքը Մոնթեին սովորեցրեց, եւ նա հեռացավ արկածախնդիր ոգեւորությունից ու շտապողականությունից: Եւ բնական հասունացումը, եւ պայքարի ընթացքում ձեռք բերած կենսափորձը, նաեւ ապրած դառնությունները նրան դարձրին քաղաքականապես շատ ավելի հասուն, եւ նրա միտք-գործ ամբողջությունը դարձավ շատ ավելի հավասարակշռված՝ տալով այն առողջ ու արգասաբեր արդյունքը, որին ծանոթ ենք:

Մոնթեի ինքնատիպ եւ հեռահար գաղափարներն ու տեսլականները ու նրա ակտիվ, երբեմն շտապողական գործունեությունը, Բուրջ-Համուդում անցկացրած երկու տարիների ընթացքում հետզհետե հանդիպեցին տեղի իշխող ուժի՝ Դաշնակցության լուրջ ընդդիմությանը՝ վերջում հանգեցնելով այս վերջինի կողմից չափազանց կոշտ քայլերի:

Պետք է ասել, որ սփյուռքի հայկական համայնքները, հատկապես Մերձավոր Արեւելքինը, կազմակերպվել էին բավական ներփակ մթնոլորտում: Ներքին կազմակերպվածության առումով դրանք բավական կարծր, ոչ ճկուն կառույցներ էին: Այսպես՝ երեք ավանդական կուսակցություններից յուրաքանչյուրն ուներ իրեն ենթակա կառույցները` մշակութային, մարզական եւ այլ միություններ: Նրանք նույնիսկ լուրջ ազդեցություն ունեին եւ ունեն եկեղեցու վրա: Մի խոսքով, համայնքի ներքին կյանքը կազմակերպված էր ըստ կուսակցական պատկանելության եւ ազդեցության: Չնայած դա ուներ իր տրամաբանական բացատրությունը, այնուամենայնիվ այս իրավիճակը տասնամյակների ընթացքում ստեղծել էր ոչ ճկուն կարծրատիպեր, որոշ գավառամտություն, ազատ մտածելակերպի պակաս եւ այլն:

Ամենաազդեցիկ հայկական կուսակցությունը Դաշնակցությունն էր, որը հատկապես այդ տարիներին, երբ Լիբանանի պետությունը շատ թույլ վիճակում էր, փաստորեն իշխող էր հայաշատ Բուրջ-Համուդ թաղամասում: Ընդհանրապես Լիբանանում եւ հատկապես Բուրջ-Համուդում հայկական առումով ներքաղաքական կյանքում Դաշնակցությունն ուներ մենատիրական (մոնոպոլ), գերիշխող դիրք: Հայությանը հուզող հարցերում իր կեցվածքներից թեկուզ մի քիչ հեռացող կեցվածքը կամ տեսակետն այդ կուսակցության եւ նրա անդամների կողմից դիտվում էին, մեղմ ասած, կասկածանքով, եթե ոչ թշնամանքով:

Ահա այն միջավայրը, ուր ապրեց Մոնթեն: Նա շատ ինքնուրույն անձնավորություն էր եւ եկել էր մի միջավայրից, որտեղ վերոնշյալ լիբանանյան կարծրատիպ մթնոլորտը գոյություն չուներ: Նա ազատորեն արտահայտում էր իր տեսակետները եւ նախաձեռնություն հանդես բերում՝ առանց այդ տիրող մթնոլորտի դեմ հակադրվելու միտումի: Սակայն գոյություն ունեցող արդեն կարծրացած, փակ համակարգի համար կուսակցության բովով չանցած գաղափարներն ու նախաձեռնություններն անընդունելի էին: Առաջին ամիսներին հարգալից, դրական, նույնիսկ հաճելի հարաբերություններ էին Դաշնակցության տեղական ղեկավարության հետ, սակայն, ամիսներ անց, Մոնթեի հայերենին տիրապետելն ու իր տեսակետներն ազատ արտահայտելը հարուցեց առաջատար տեղական կուսակցության դժկամությունը:

շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter