Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Սահմանամերձ Բարեկամավանում ամենածանր խնդիրը հանգուցյալներին հուղարկավորելն է



Ադրբեջանի բանակի դիրքապահները Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի հանգուցյալներին հողարկավորելիս իրենց դիրքերից տարիներ շարունակ կրակ են բացում գերեզմանոցում գտնվող հայ գյուղացիների վրա: Այդ ժամանակ գյուղացիները թաքնվում են գերեզմանաքարերի հետևում:

Կոթիից 8 կմ հեռու գտնվող սահմանային Բարեկամավան հասանք օրվա վերջում: Բարեկամավանը 17 կմ սահմանագծով սահմանակից է Ադրբեջանի երեք՝ Քամառլու, Ղայլմաղլու և Այլբայրամլու գյուղերին: Գյուղն ընկած է լեռների լանջերին: Այն իր դիրքով անբարենպաստ է՝ ադրբեջանցիների գնդակոծություններից գյուղացիների պաշտպանվելու համար: «Բարեկամավանցիները մեղք են լինում, թուրքերի կրակելու ժամանակ թաքնվելու տեղ չունեն»,- ասացին կոթեցիները:

Բարեկամավանը գեղեցիկ, բայց տխուր գյուղ է: Օրվա այդ ժամանին գյուղի փողոցները դատարկ էին: Տներից մեկի դարպասի մոտ հանդիպեցի տարեց մի տղամարդու: «Անունս Բենիամին Սմբատովիչ է, ազգանունս Անտոնյան: Ես ինչ գիտեմ, շատ են եկել-գնացել, թե ոնց էլ բախտի բերմամբ լրագրողները ինձ են ռաստ գալի: Էնքան խոսացրել են տելեվիզրումը, գյուղում ասում են՝ էն ով ա հաշվի առնում, էն ով ա բանի տեղ դնում, որ խոսում ես»,- ասաց նա:

Քիչ անց Բենիամին Անտոնյանի հետ մեր զրույցին միացան նաև մոտակա տների մի քանի գյուղացիներ: «Այ, էն սարերից մեր գյուղի վրա կրակող թուրքերը մի 4-5 հատ պոստ ունեն, եթե կրակեն, դու անմիջապես կփախչես էստեղից: Մեր շրջանի ամբողջ գեղերի վրա թուրքերը էդ պոստերից են կրակում: Երեք հատ պոստ էլ դրա ներքևը կա: Մի 5 պոստ էլ թուրքերը մեր գյուղի հողերի վրա են սարքել: Ուժեղի մոտ թույլն է մեղավոր: Մենք ոչ մի բան չենք արել, նրանք էլ մեր հողումը պոստեր են սարքել: Քանի անգամ են գյուղը քարուքանդ արել ու վառել: Էնա 1992 թ.-ից դեսը թուրքերը Բարեկամավանի վրա հա կրակում են»,- պատմեց Բենիամինը:

Բարեկամավանում հիմա 140 մարդ է ապրում: «Էստեղ շատ վտանգավոր է: Հիմա էլ են շատ կրակում, ով երեխա ունի, մի կերպ երեխի խաթեր փախչում է»,- բացատրեց Սիրուշ Ղարաքեշիշյանը: Գյուղի տներից երևում էր, որ բարեկամավանցիները աղքատ մարդիկ են: Նախկինում Բարեկամավանում 225-ից ավելի տուն է եղել: Բենիամին Սմբատովիչի ասելով՝ դրանք «լավ կրիշած» տներ են եղել: Հիմա 60 տան դուռ է բացուխուփ լինում: Մի 70 տան դուռ փակած է: «Որն իմ տարիքին է հասել՝ մեռել է, ջահելներն էլ՝ փախել են: Խի՞ են փախել, մարդը հո գիժ չի՞, որ իրա բնակավայրը, իրա ծննդավայրը, իրեն մանկության օրրանը բրախի, գնա: Կամ վախն է ստիպել, կամ սովը»,- բացատրեց Բենիամինը:

Զրուցակիցս պատմեց, որ Ղարաբաղի կռվի ժամանակ՝ 1993 թ.-ին, երբ մայրը մահացել է, գիշերն են մորը հուղարկավորել, որովհետև ադրբեջանցիները ցերեկը կրակում են հանգուցյալներին հուղարկավորող գյուղացիների վրա: «Հիմա վիճակն էլի նույնն է, մեր գեղումը ապրողներից օրը մինը մեռնում է: Բարեկամավանում ամենածանր խնդիրը հանգուցյալին հուղարկավորելն է»,- ասաց նա: «Երբ գյուղում մարդ է մահանում, արդեն մի քանի հոգով են մասնակցում թաղմանը, մնացածները տանը սպասում են»,- բացատրեց Սիրուշ Ղարաքեշիշյանը: Սպարտակ Ղարաքեշիշյանի ասելով՝ գյուղի գերեզմանոցի վրա ադրբեջանցիները էնքան շատ են կրակել, որ գերեզմանաքարերը «ասկոլկեն» քրքրել ա: Երբ թուրքերը դիրքերից գերեզմանոցի վրա կրակում են, այդ ժամանակ ժողովուրդը գերեզմանաքարերի հետևում թաքնվում է: «Էդ վիճակն է: Կամ մենք անխելք ենք, որ էստեղ մնում ենք, կամ թե չէ հերոս ենք: Կամ գուցե մեր վաթանը չենք ուզում բրախենք: Էստեղ մենք սրբավայր ունենք, հողի տակին հարազատներ ունենք, ո՞նց կարող ենք բրախել: Օրինակ, իմ նմանները չեն կարող, բայց երիտասարդ ընտանիքները գնում են»,- ասաց Բենիամինը:

Բարեկամավանում հիմնականում 50-ից 70-ն անց մեծահասակներ են ապրում: «Ջահելը մնա, ի՞նչ աշխատի, էտա եղբորս տղան երկու տղա ունի՝ դրսում են, իմ տունն էլ էս ներքևն ա: Էս պահին լույս չկա իմ տանը, քարուքանդ արած է, մնամ ի՞նչ աշխատեմ էստեղ: Հողի հետ գործ ենք անում, կրակում են: Եղբորս հետ կարտոֆիլը հանեի, կողքներովս գյուլլեն անց էր կենում: Հիմա էլ մտածում ենք, որ ցանենք, հետո ոնց կլինի»,-ասաց Սիրուշը: Գյուղի երբեմնի աշակերտաշատ դպրոցում հիմա 23 երեխաներ են սովորում: «Դպրոցում եկող տարի 1-ին և 3-րդ դասարաններ չի լինելու»,- հայտնեց Սիրուշը: «Փախել են, գնացել, 4 երեխա էլ ես ունեմ, մեկը Նոյեմբերյան է, մեկը Վանաձոր, մեկը Եղվարդ, մեկն էլ Ռուսաստան է փախել: Էս 25 տարուց ավել է՝ գնացել են: Հիմա գյուղում մենակ ես ու իմ տիկինն ենք ապրում: Ես էլ ու՞ր գնամ, 80 տարիս լրացել է: Գնամ ու՞մ դռներին մնամ: Պետք է էստեղ մնամ, իմ հայրենիքն է, իմ հողումն էլ պետք է ես ամփոփվեմ, մնամ»,- թախծեց Բենիամինը: Վերջինիս ասելով՝ իր երեք հողակտորից 2 հա-ը ականապատված է:

«Ամբողջ գյուղում 25 կով ունենք»,- տեղեկացրեց Սպարտակ Ղարաքեշիշյանը: «Անասունը դուրս ենք անում, անասունի վրա կրակում են: Մոտ 50 հա հող ունենք, խոտհարքներ ունենք, կարում չենք մոտենալ՝ կրակում են»,- բողոքեցին գյուղացիները: Ասացին նաև, որ 2-3 տարի է՝ Բարեկամավանում անասնագողություն չի լինում: Թուրք անասնագողերը ականապատված տարածքի վրա պայթել են: Դրանից հետո էլ Բարեկամավան անասնագողոթյան չեն գալիս:

Գյուղացիները դժգոհեցին, որ Տավուշի մարզի սոցիալական ապահովության «Փարոս» ծառայությունը իրենց գյուղացի Արթուր Արազյանի երկու անչափահաս տղաների նպաստը կտրել է, քանի որ հայրը սկսել է աշխատել: «Արթուրն ամիսը 60 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Դրանով իր ընտանիքի 5 անդամներին է կերակրում՝ էն էլ Բարեկամավանի նման սահմանային աղքատ գյուղում: Էդ երեխեքը՝ Արտյոմի երկու տղաները, հայոց բանակի զինվոր են դառնալու, որ փորները կուշտ մեծանային, վատ կլինե՞ր»,-ասաց Սպարտակ Ղարաքեշիշյանը: Արթուրի տղաները՝ 4-րդ դասարանցի Արտյոմն ու 7-րդ դասարանցի Ժորկան, ասացին, որ թուրքի կրակոցներից չեն վախենում: «Մենք Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասն ենք, բայց մեր մասին մտածող չկա»,- հրաժեշտից առաջ ասաց Սիրուշ Ղարաքեշիշյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ