HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԴԱՀԿ ծառայության պետի դեմ վարույթ չի հարուցվել. սպասում են դիմումի

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի օֆշորային պատմությանը վերաբերող մամուլի հրապարակման հիման վրա վարույթ դեռ չի հարուցել:

Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ծանոթ է «Հետքի» հրապարակմանը, այն ուսումնասիրվել է, սակայն վարույթ չի հարուցվել, քանի որ չի եղել համապատասխան դիմում:

Բանն այն է, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները:  

«Հետքը» մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին. այս անգամ գաղտնազերծվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նևադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում և մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր: ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը և նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները այդ ցուցակում են։

Ս. Սահակյանի խոսքերով՝ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ վարույթ չի հարուցել՝ հաշվի առնելով նախկինում ընդունված դիրքորոշումը՝ նման դեպքերում միայն դիմումի առկայությամբ վարույթ հարուցելու մասին:  

«Հրապարակման մեջ առկա տվյալները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է, թե դրանք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի որ հոդվածներով կարող են խնդրահարույց լինել: Բայց եթե չկա դիմում, վարույթ չենք կարող հարուցել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լևոն Զուրաբյանը բարձրացրեց Միհրան Պողոսյանի վերաբերող օֆշորային հրապարակումներին ու դրան հաջորդող ենթադրվող պատասխանատվության հարցը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հարցը գտնվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տիրույթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter