HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ում ձեռքն է կրակն ընկել հայկական բանակը

Դեռ ինչքան կյանքեր են զոհաբերվելու, որպեսզի ռազմադաշտում հայ զինվորի աներևակայելի սխրանքներով, երկաթյա կամքով ու անվեհերությամբ կերտված հաղթանակները ի վերջո երբևէ իրենց ամրագրումն ստանան դիվանագիտական ճակատում։ 1994թ․ հրադադարը ստորագրվեց Ադրբեջանի գրեթե կատարյալ կապիտուլյացիայի նախաշեմին։ Բայց 22 տարի անիմաստ բանակցություններում միայն մաշելով հայ ժողովրդի հազարավոր ընտրյալ զավակների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը՝ ոչ միայն Ադրբեջանին ժամանակ շահելու և նավթադոլարները ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բանակ ստեղծելու հնարավորություն տրվեց, այլև քայլ առ քայլ նորանոր զիջումների պատրաստակամություն հայտնելով՝ ի վերջո հանգեցրեց մեզ հետ հակառակորդի կողմից վերջնագրերի լեզվով խոսելուն և նոր պատերազմ պարտադրելուն։ Անցած 4 օրերին, նույնպիսի հերոսականությամբ կանխելով ամենավերջին տեխնոլոգիական միջոցներով հագեցած ադրբեջանական բանակի առաջխաղացումը դեպի Արցախի խորքը, ձախողելով Ալիևի սանձազերծած «կայծակնային պատերազմի» պլանը՝ հայ զինվորը նորից պատվով արեց այն, ինչ պահանջվում և նույնիսկ չէր պահանջվում իրենից։ Սակայն դատելով այն պրոցեսներից, որ անմիջապես հաջորդեցին շփման գծում ծավալված արյունալի ռազմական գործողություններին՝ նորից կանգնել ենք այդ նրանց ներդրումը հայաստանյան դիվանագիտության թեթև ձեռքով փոշիացնելու իրողության կամ վտանգի առջև։ Թվում է՝ այս կրկնվող մղձավանջից ազատում չկա։

Ապրիլի 5-ի կեսօրին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում երկկողմանի ռազմական գործողությունները դադարեցին այն պահին, երբ ԼՂ հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից գրավված գրեթե բոլոր հայկական դիրքերը վերանվաճվել էին՝ վերադառնալով 1994 և 1995թթ․ ստորագրված հրադադարի համաձայնագրով ամրագրված բնագծերին։ ՀՀ և ԼՂՀ ռազմական գերատեսչությունները կցկտուր տեղեկություններ էին հաղորդում այն մասին, որ ռազմական գործողությունները դադարեցվել են կողմերի միջև ընթացող բանակցությունների արդյունքում, որի հիման վրա նոր հրադադարի հաստատման ինչ-որ փաստաթղթի տեքստ է նախապատրաստվում։ Ի՞նչ հրադադարի մասին էր խոսքը, որտե՞ղ էին ընթանում բանակցությունները, ո՞ւմ միջնորդությամբ, ի՞նչ պայմանների շուրջ, ովքե՞ր էին բանակցողները՝ ոչինչ հայտնի չէր։ Այնուամենայնիվ արդեն ապրիլի 5-ի երեկոյան ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե նոր հրադադարի հասատատման համաձայնագրի ստորագրմանը, այլ ընդամենը կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռբերմանը։ Ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի բանակցությունների արդյունքում։ Այս ամենը թույլ է տալիս անելու երկու կարևոր եզրակացություն։

1․ Մոսկվայում կրակի դադարեցման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել, երբ հայկական բանակը հարձակողական գործողություններ էր իրականացնում թշնամուց կարևոր բարձունքը կամ դիրքերը ետ վերադարձնելու և սահմանագիծը մինչև ապրիլի 2-ին պատերազմի սկսվելը եղած վիճակին բերելու համար։ Ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ հայկական և ադրբեջանական զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: …Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանի կողմից ստորագրված 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերն ուժի մեջ են, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին և ոգուն»:

Նախագահի այս հայտարարությունից հետևում էր, որ հրադադարը կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ կա՛մ Ադրբեջանն ինքնակամ կլքեր այդ դիրքերը՝ համաձայն 1994թ․ հաստատված զինադադարի ռեժիմի, կա՛մ հայկական կողմն ինքը կազատագրի դրանք, որին կարող է հաջորդել ԼՂՀ բանակի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս պայմաններից որևէ մեկը մոկովյան բանակցությունների ժամանակ, փաստորեն, կատարված չի եղել։

Այդ իրավիճակում կրակի դադարեցմանը համաձայնություն տալը փաստացի նշանակում էր ընդառաջել ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ի արած այն հայտարարությանը, թե իրենք միակողմանի դադարեցնում են կրակը՝ ձեռք բերած դիրքերում ամրապնդվելու և հրադադարի ռեժիմին վերադառնալու նախադրյալներ ստեղծելու համար։ Իհարկե, դրանից հետո հայկական ուժերին հաջողվել էր էականորեն բեկել ռազմական գործողությունների ընթացքը, իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և մի շարք կորցրած դիրքեր ետ վերադարձնել։ Բայց անկախ դրանից՝ կողմերն արդեն դուրս են 1994թ․ զինադադարի համաձայնագրի շրջանակից, ինչին, փաստորեն, Մոսկվայում համաձայնել է հայկական կողմը։

Նման կերպ պահպանված ստատուս քվոն ուղղակի չի կարող երկարատև կայունություն ապահովել։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ոգևորվելով այս նախադեպից, կարող է իբրև իր «օկուպացված տարածքները վերադարձնելու» միջոց ընտրել նման «մինի բլից քրիգներով» քայլ առ քայլ առաջ շարժվելու մարտավարությունը։ Հայկական կողմը կարող է կանգնել մի փաստի առաջ, երբ նման չորսօրյա պատերազմները դառնան ավելի ու ավելի հաճախակի՝ խլելով նորանոր երիտասարդ կյանքեր և նվազնագույնը չտալով ոչինչ։ Իսկ որ իրադարձությունները կարող են հենց այս ուղղությամբ զարգանալ, հաստատեցին կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռբերումից հետո հենց հաջորդ օրը հակառակորդի կողմից ԼՂ հյուսիսային, արևելյան ուղղություններով ձեռնարկած նոր դիրքեր գրավելու փորձերը, որոնք ուղեկցվել են հայկական հենակետերի արկակոծմամբ։ Նման ընթացքը լրիվ հասկանալի է՝ մարդկային հսկայական կորուստներով գրեթե ոչնչի չհասած Ադրբեջանի ԶՈւ-ն չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նոր ձեռքբերումներով չարդարացնի այդ հսկայական կորուստները և Ալիևին սեփական հասարակության առջև դեմքը փրկելու հնարավորություն չտա։ Ի սկզբանե պարզ էր, որ նման մղձավանջային իրականությունից խուսափելու միակ միջոցը մարդկային կորուստներից բացի Ադրբեջանին նաև տարածքային կորուստներ պատճառելն էր, որը կստիպեր ալիևյան ավանտյուրիստներին հաշիվ տալ սեփական ժողովրդի առջև։  

2․ ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել էր․ «Այդ փաստաթղթի (1994թ․ զինադադարի հաստատման համաձայնագրի - հեղ․) կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է ղարաբաղցիներին, թե` ոչ»: Սակայն Մոսկվայում կայացած կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռբերման բանակցություններին ԼՂՀ-ն չի մասնակցել։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպես է Հայաստանը նման բանակցությունների մեջ մտել Ադրբեջանի հետ, եթե համարում է, որ խնդիրը Ստեփանակերտի և Բաքվի միջև է։ Առավել էական է, որ գնալով դրան, Երևանն ինքն է ստանձնում պատասխանատվությունը ԼՂՀ ՊԲ գործողությունների համար։ Սա լրիվ հասկանալի և օրինաչափ է բարոյական և ազգային ընկալումների առումով, բայց անընկալելի է ԼՂ հարցում որդեգրված «անկախ Արցախի» քաղաքական ուղեգծի համատեքստում։ Բանն այն է, որ եթե օրինակ, որևէ պահի հակահարձակման անցնելով՝ ԼՂՀ բանակը Ադրբեջանին նոր տարածքներ կորցնելու փաստի առաջ կանգնեցնի, Բաքուն հիմքեր է ունենալու միջազգային հանրությանը համոզելու, որ Հայաստանն է խախտել պայմանավորվածությունները և շարունակում է ագրեսորի իր վարքագիծը, հետևաբար խնդիրը ոչ թե ԼՂ ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանից նոր տարածքներ խլելու Հայաստանի հավակնությունները։ Այսինքն մի կողմից Սերժ Սարգսյանը, ճիշտ օգտագործելով մեր կամքից անկախ ստեղծված պահը, փորձում է ի վերջո ուղղել 2000-2001թթ․ թույլ տված կոպտագույն սխալը և Ստեփանակերտին վերադարձնել բանակցային ձևաչափ, մյուս կողմից ամենաուղիղ հարվածն է հասցնում այդ նպատակին՝ համաձայնելով ԼՂՀ-ին մոսկովյան բանակցություններում չընդգրկելու պայմանին։

Դեռ լավ է, որ այդ բանակցությունները չեն ավարտվել որևէ փատաթղթի ստորագրմամբ, ինչը իրավական ձևակերպում կտար ԼՂՀ-ի՝ որպես հակամարտության կողմի, գոյության դադարմանը և ԼՂ հիմնահարցը ինքնորոշման հարությունից վերջնականապես կտեղափոխեր տարածքային վեճի՝ Ադրբեջանի համար միակ ցանկալի հարթություն՝ դրանից մեզ համար բխող բոլոր ողբերգական հետևանքներով։

Այս ամենի առայժմ տեսանելի հետևանքն այն է, որ մի կողմից բանակցային գործընթացն ակտիվանում է, բայց մյուս կողմից ոչ թե բանակցություններն են դառնում պրոցեսը հունավորողը, այլ ռազմաճակատային իրադրությունը։ Այս իրավիճակն անգամ մեկ տոկոսով չի ավելացրել ԼՂՀ-ի, սահամամերձ բնակավայրերի բնակչության և հայ զինվորների անվտանգությունը՝ չնայած նախորդ օրերին հենց այդ նպատակի համար հայկական բանակի ներդրած ահռելի ջանքերին ու զոհողություններին։ Ընդհակառակը՝ Բաքուն պատերազմական իրավիճակի սրման իր ձեռքում գտնվող գործիքը դարձնում է բանակցությունները չափավորող փայտիկ, իսկ դա նշանակում է, որ առնվազն սողացող պատերազմը չեզոքացվելու փոխարեն նոր դրսևորումներ է ստանալու, դառնալու է ավելի նյարդային և որ ամենացավալին է՝ խլելու է նորանոր կյանքեր։ Իսկ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ սա ընդամենը պատերազմի փորձարկում էր Բաքվի համար, ապա պետք է ենթադրել, որ առջևում շատ ավելի ծանր ժամանակներ են սպասվում, ինչի կանխմանը պետք է ուղղված լիներ հայաստանյան դիվանագիտության հիմնական ռեսուրսը։ Եղած չգործող «հրադադարը» պահելու քաղաքական գիծը, որը փաստացի որդեգրվել է ԼՂ հարցում, նույնքան փակուղային է, որքան ժամանակը ձգձգելու և միջազգային հանրության երկիմաստ դիրքորոշումների թիկունքում մանևրելու, իսկ երկրի համար վճռորոշ պահերին ուղղակի գետնի տակն անցնելու էդվարդնալբանդյանական խայտառակ քաղաքականությունը։ Քաղաքականություն, որը պարզապես լափում է սեփական երկրի բանակի տված դիվիդենտները։

Մեկնաբանություններ (1)

aramazd
Բանն այն է, որ եթե օրինակ, որևէ պահի հակահարձակման անցնելով՝ ԼՂՀ բանակը Ադրբեջանին նոր տարածքներ կորցնելու փաստի առաջ կանգնեցնի, Բաքուն հիմքեր է ունենալու միջազգային հանրությանը համոզելու, որ Հայաստանն է խախտել պայմանավորվածությունները և շարունակում է ագրեսորի իր վարքագիծը, հետևաբար խնդիրը ոչ թե ԼՂ ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանից նոր տարածքներ խլելու Հայաստանի հավակնությունները։ Mijazgain hanrutun@ tqas uni tuileri vra, minchev hima chaskacak. ujex exir khargen verjum el ko arjev kxonarhven. mer mek zinvori mi katil ariun@ aveli tank ekan hasarad Putin-mutin, obama-mobamanneri karsiq@. herik e datark ejer lznek, ardar erkir karuzek vor amen mard ir dirqum lini, u verj.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter