ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Պատեհ պահը». Ազգային ժողովում քննարկվում է 21 մլն դոլար արժողության հերթական վարկային ծրագիրը



Ազգային ժողովն երեկ բուռն քննարկեց հանրապետության նախագահի ներկայացրած Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Քաղաքական մեծամասնությունը կարծես թե օգտվեց պատեհ առիթից: Երբ բոլորը զբաղված են ղարաբաղաադրբեջանական սահմանագոտում տիրող մարտական գործողություններով, դրանց վերլուծմամբ, պատգամավորները քննարկում են պետության ֆինանսական բեռը ծանրացնող հերթական վարկային ծրագիրը, որի ապագան մշուշոտ է:

Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց համաձայնագիրը՝ նշելով, որ նախորդ երկու ծրագրերի տրամաբանական շարունակությունն է, որով էլ ազդարարվելու է ավարտը:  Ծրագիրը բաղկացած է հիմնական երեք բաղադրիչներից: Առաջինը պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրումն է, երկրորդը՝ ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված էլեկտրոնային կառավարման լուծումները, երրորդը՝ կարողությունների զարգացում և կարողությունների ստեղծման փոքր միջամտություններ:

Վ. Միրումյանն ասաց, որ այս համաձայնագրով նպատակ է հետապնդվում ավելի կառավարելի դարձնել պետական միջոցները և ապահովել բարձր հաշվետվողականությունը: Ինչպես նաև ներդնել էլեկտրոնային միասնական համակարգ՝ ապահովելու տվյալներ տիրապետող կառավարման մարմինների փոխհամագործակցությունը: Դրանով քաղաքացիներին զերծ են պահելու մի շարք անհարմարություններից: Ինչ վերաբերում է երրորդ բաղադրիչին՝ «փոքր միջամտություններին», ապա դա էլ ենթադրում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգի վերանայում, որի հիմնական ուղղությունը լինելու է վերապատրաստման գործընթացի փոխկապակցումը պաշտոնական առաջխաղացմանը: Ըստ Միրումյան՝ պետք է ձևավորել այնպիսի համակարգ, որպեսզի վերապատրաստման արդյունքները որոշակիորեն կապվեն համապատատասխան ծառայողների պաշտոնական առաջխաղացման հետ:

Այս վարկի գումարը 21 մլն դոլար է: Տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին համարվում է արտոնյալ՝ առանց մայր գումարի մարման: Վարկի տոկոսադրույթն  այս պահին 1.78% է:

Իսկ կարելի՞ է մտահղացման վարկ վերցնել

Անցած նստաշրջանի ժամանակ՝ 4 ամսվա ընթացքում խորհրդարանը վավերացրել է 18 միջազգային համաձայնագիր: Դրանցից 14-ն ընդունվել է արտահերթ ռեժիմով, որոնց մեծ մասը եղել են միջազգային վարկեր ընդհանուրը կես միլիարդ դոլար արժեքով: Այս տվյալները հրապարակեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Սա արդեն որակ է, քաղաքականություն է, որը խիստ վնասում է մեր տնտեսությանը»,- ասում է պատգամավորը:

Նա ցիտեց Վախթանգ Միրումյանի խոսքը, թե այս վարկային համաձայնագրով ներդրվելու է «պետության ֆինանսական վիճակի մասին միասնական տեղեկատվական համակարգ»:

«Պարոնայք, մենք դեռ չունե՞նք սա: Այսինքն պետության ֆինանսական վիճակի մասին միասնական տեղեկատվական համակարգ Հայաստանը չունի՞: Հիմնավորումներ եք բերում, որոնք համոզիչ չեն. Էլեկտրոնային համակարգի ստեղծում, բիզնեսի աջակցում, բիզնեսի տեղեկատվական աջակցում, ֆինանսական վիճակի մասին տեղեկատվական աջակցություն: Ներող եղեք, իսկ ֆինանսների նախարարության ֆունկցիաների մեջ սա չի մտնու՞մ»,-զարմացած հարցնում էր Արամ Մանուկյանը:

Այնուհետև պատգամավորը կարդաց մի շարք վարկային համաձայնագրերի վերնագրեր և դրանց գումարի չափը՝ ցույց տալով, որ հաճախ վարկային համաձայնագրերում մեկ բառ փոխելով կառավարությունն ավելացնում է պետության ֆինանսական բեռը: Օրինակ՝ Զարգացման քաղաքականության իրականացման վարկ՝ 41 մլն եվրո, մեկ տարի անց, մեկ բառի փոփոխությամբ՝ Զարգացման քաղաքականության գործողությունների վարկ՝ առաջին փուլը 41 մլն դոլար: Հետո նորից՝ Զարգացման քաղաքականության իրականացման հաջորդ վարկը՝ 30 մլն դոլար և այլն: Պատգամավորը հեգնանքով նշեց. «Իսկ կարելի՞ է մտահղացման վարկ վերցնել»:

Արամ Մանուկյանն ասաց, որ փորձել է համակարգված նայել վարկային փաթեթը և պարզել է, որ դրանց մեծ մասը սոցիալական են: Այսինքն, ըստ պատգամավորի՝ այդ վարկերը չեն ստեղծում նոր աշխատատեղեր և չեն տալիս հնարավորություն փակել վերցրած վարկերը:

«Նայում եմ վարկի բացվածքը. Խորհրդատվություն, դասընթացներ, լսումներ: Բայց դրա վախտն ա, դա՞ է մեր այսօրվա անհրաժեշտությունը»,-ասում է Ա. Մանուկյանը և հավելում, որ եթե այս համաձայնագիրը հաստատվի, ապա ընդհանուր վարկային պարտավորությունը կազմելու է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 50%-ը:

«Եթե մեզ համոզեք, որ սրա արդյունավետությունը ակնհայտ է, որ սրա արդյունքում ներդրումներ են գալիս, որ սրա արդյունքում տնտեսությունը զարգանում է, որ սա իրական հատվածում օգուտ է բերում, ես ինքս կասեմ՝ շատ լավ եք անում, եկեք անենք: Բայց իրական հատվածի համար թիվ եմ ասում, պաշտոնական թիվը՝ 47 մլրդ դրամ, որը կազմում է անցյալ տարվա նկատմամբ 40%, այդքան ներդրումները պակասել են»,-ասում է պատգամավորը:

Արամ Մանուկյանը նշեց, որ «սա ճագարային անպատասխանատվության քաղաքականություն է մեր պարտքի նկատմամբ»: Նրա կարծիքով՝ չի կարելի 6 միլիարդի հասցնել մեր պարտքը, երբ ոչ մի բան հեռանկարում չի երևում:

Նա համոզված է, որ այս վարկերը «մսխվող» վարկեր են, որովհետև տեղեկատվական և էլեկտրոնային համակարգեր արդեն ունենք: Պատգամավորի կարծիքով՝ ընդամենը օրվա խնդիր է լուծվում և վարկերի զգալի հատվածը մտնում է կոռուպցիայի դաշտ:

Որոնում ենք ձեզանում ողջամտություն, որ դրանով ուրախանանք

Այս խոսքերը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանինն են: Նա նույնպես քննադատեց իշխանություններին՝ անտեղի վարկեր վերցնելու և դրանք փոշիացնելու հարցում:

«Հիմա ձեզ հարցնում եմ, 301 մլն դրամ ծախսել եք ձեր ուսումնական կենտրոնի, չգիտեմ՝ դպրոցի, հանգստի զոննայի, սպորտային տարածքի վերանորոգման վրա: Դուք այսօր ասում եք՝ վարկ ենք վերցնում 21 մլն, որ արդիկանացնենք էլեկտրոնային համակարգը: Ձեզ ասում եմ, որ էլեկտրոնային ծրագիր ունեցել եք, որի համար վատնել եք մի քանի հարյուր հազար դոլար անիմաստաբար, դուք ասում եք, որ դրանից տեղյակ չեք, բայց այո, արդիականացնում ենք»,-դիմելով կառավարության ներկայացուցչին ասաց Տ. Ուրիխանյանը:

Պատգամավորը նշեց, որ առկա պատերազմական վիճակը, անընդմեջ մեր գլխին առկախված վտանգը մեզ ստիպում է ավելի լուրջ յուրացնել արտակարգ տնտեսման ռեժիմի գիտակցումը և իրականացնել անհրաժեշտ գործողություններ: Նա հորդորեց վերանայել աշխատաոճը:

«Պատերազմ գնացող, թիկունքում դժվարությամբ առօրյան քարշ տվող, ծայրը ծայրին մի կերպ հասցնող, բայց հոգու ողջ կարողությամբ հայրենիքը սիրող քաղաքացու փողերով սիգարների համար կտրիչներ գնելու ձեր մոտեցումը, փիլիսոփայությունը վերանայեք, փոխեք»,-ասում է պատգամավորը:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ վերջին 5 օրերը մեզ լիովին փոխել են և պետք է օգտագործել այս իրադարձությունները վորաորակավորվելու համար: Նա հորդորեց վերանայել այդ վարկային նախագիծը, իրավիճակ փոխել և հետ տանել այն:

«Եթե ժամանակին ընդունված էր խորհրդատվությունների վրա փոշիացնել փողերը, հիմա էլ՝ էլեկտրոնային համակարգերի վրա: Է, հետո՞»,-նշեց Տիգրան Ուրիշանյանը, հավելելով՝ «սթափվեք»:

Անտրամաբանական արդյունավետություն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ զարմացած էր, թե էլեկտրոնային ինչ համակարգի մասին է խոսքը գնում, որի արժեքը մի քանի միլիոն դոլար է: Այն դեպքում, երբ երկրում մի շարք խնդիրներ կան՝ սոցիալական և այլն, որոնք ավելի առաջնային են, քան վարկային ծրագրով առաջարկվող մոտեցումները:

Պատգամավորի համար անհասկանալի էր համաձայնագրի բաղադրիչը՝ «փոքր ու մեծ» միջամտությունները, որը մյուսների հետ կլանում է 21 մլն դոլար:

«Եկեք փաստենք, որ սա անտրամաբանական է և սրա արդյունավետությունը շատ խորը հիմքերով պետք է կարողանաք մեզ բոլորիս ներկայացնել»,-ասում է Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորը նշեց, որ պետական միջոցները վատնվում են և պարզ չէ, թե տարիներ հետո այս ծանր բեռը ով է փակելու:

Վարկ՝ ամեն ինչի, բայց ոչ սահմանի համար

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի շեշտադրումները ևս «պատերազմական» էր:

Նա նշեց, որ որ տարիներ շարունակ ֆինանսական միջոցները չեն հերիքել սահմանների պահպանման, կառավարման արդիականացման համար, սակայն նման ծրագրերի համար գումար գտնվում է:

Ըստ նրա՝ վարկային գումարներով կարելի էր գնել սահմանային մի քանի սարքավորումներ, որոնք ավելի արդյունավետ կլինեին և պատերազմական երկրում չէինք ունենա զոհեր:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ