HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Քաղաքականություն չունենալն ինքնին քաղաքականություն է»

ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններն առ այսօր չունեն ազատագրված շրջանների վերաբնակեցման հայեցակարգ:

«Վերաբնակեցման քաղաքականություն չունենալն էլ ինքնին քաղաքականություն է»,- ասում է «Հետք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: «Ուրբաթ» ակումբում հունիսի 7-ին կազմակերպված ասուլիս-հանդիպման ժամանակ նա եւ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնահանդեսի գլխավոր խմբագիր Կարեն Խանլարյանը հայտարարեցին, որ վերոնշյալ շրջաններում վերաբնակեցման հարցը ոչ միայն սփյուռքի, այլեւ առաջին հերթին ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների խնդիրն է, չնայած որ ազատագրված տարածքներում գլխավորապես սփյուռքահայերն են իրականացնում բազմաբնույթ ծրագրեր:

Է. Բաղդասարյանի ներկայացմամբ՝ 1994-ին սկսված վերաբնակեցման գործընթացի արդյունքում 1999-ին ազատագրված շրջաններում բնակչության թիվը մոտ 17.000 էր:

«Վերաբնակեցման ծրագիրն իրականացնող Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը որոշ հաջողությունների հասավ, որովհետեւ արտոնություններ կային՝ անասնավարկ, նպաստ, հոսանքն անվճար էր, ինչի շնորհիվ աղքատ, հայրենասեր, փախստական շատ մարդիկ տեղափոխվեցին այնտեղ,- նշում է Է. Բաղդասարյանը:- Սակայն 2002-2003 թթ. սկիզբ առավ մի գործընթաց, երբ վերաբնակները սկսեցին վերադառնալ իրենց բնակավայրեր կամ էլ մեկնել արտասահման: Իշխանությունները մոռացել էին վերաբնակների մասին, եւ որեւէ արձագանք չեղավ նրանց հեռանալու ժամանակ: Այդ ընթացքում աշխատանքից հեռացվեց Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը, ու նրա փոխարեն նշանակվեց Քաշաթաղի դատախազ Համլետ Խաչատրյանը: Նա գյուղերի դատարկման գործում շատ մեծ դեր խաղաց: Վերացվեցին արտոնությունները, երեխաների նպաստները, Քաշաթաղի հիվանդանոցը դարձավ վճարովի... Ազատագրված տարածքների վիճակի եւ Համլետ Խաչատրյանի գործունեության մասին մեր հրապարակումներից հետո սփյուռքում ստեղծվեց Քաշաթաղի աջակցության կոալիցիա: Նրանք նամակներ գրեցին ԼՂՀ եւ ՀՀ նախագահներին, սփյուռքը սկսեց ճնշում գործադրել իշխանությունների վրա, եւ որոշ փոփոխություններ տեղի ունեցան` վերականգնվեցին արտոնությունները, մինչեւ տասնվեց տարեկան երեխաների նպաստները, Քաշաթաղի հիվանդանոցը նորից դարձավ անվճար, վերականգնվեցին միջգյուղական ավտոբուսային երթուղիները. այս ամենը տեղացիների համար մեծ օժանդակություն է, նրանք իրենց նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն են զգում: Մամուլի հրապարակումների, սփյուռքի ճնշումների արդյունքն էր դա»:

2007թ. մարտի 12-ին Խաչատրյանը հեռացվեց պաշտոնից: Նրան փոխարինել է Էռնեստ Ղեւոնդյանը:

Այնուամենայնիվ, ինչու՞ են վերաբնակները հեռանում այդ տարածքներից:

«Հայտարարություններ են արվում փոխզիջումների մասին, այդ դեպքում ինչպե՞ս կարող է մարդ գնալ այն շրջանները, որոնց վերադարձման մասին խոսվում է: Բոլորս էլ գիտակցում ենք, որ բանակցութուններում կարող են լինել փոխզիջումների մասին հարցեր, բայց դրանք, իմ կարծիքով, բացասաբար են ազդում վերաբնակեցման գործընթացի վրա»,- ասում է «Դրօշակի» գլխավոր խմբագիր Կարեն Խանլարյանը:

Սակայն եւ՛ Է. Բաղդասարյանը, եւ՛ Կ. Խանլարյանը չեն կարծում, որ վերաբնակեցման ծրագրի բացակայությունը արդյունք է այն բանի, թե իբր Հայաստանի իշխանությունները մտադիր են վերադարձնել այդ տարածքները:

«Այսօր խոսել հողերի վերադարձման մասին պարզապես անհեթեթություն է: Աշխարհում կա, արդյոք, մի երկիր, որը պատերազմում ազատագրած հողերը ետ է տվել բանակցությունների ընթացքում: Կարծում եմ, որ որեւէ մեկը նման փաստաթուղթ չի ստորագրի, որովհետեւ դա դատավճիռ կլինի ստորագրողի համար»,- նշում է Է. Բաղդասարյանը:

2005-ին միջազգային փաստահավաք խումբը յոթ շրջաններում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պատրաստած զեկույցում նշել է, որ այդ տարածքներում ապրում է 12.000 մարդ:

Ազատագրված տարածքները, այնտեղի բնակիչները պետական լուրջ մոտեցման, վերաբերմունքի կարիք ունեն: Իշխանության մաս կազմած, այժմ էլ իշխանական ուժերի հետ համագործակցող ՀՅԴ-ի կեցվածքն այս խնդրի շուրջ Է. Բաղդասարյանին հասկանալի չէ:

«Հստակ վերաբերմունք այս խնդրի շուրջ ՀՅԴ-ի կողմից չի նկատվում»,- ասում է «Հետքի» գլխավոր խմբագիրը: Իսկ «Դրօշակի» ղեկավարը հակադարձում է, որ խնդիրը միշտ էլ եղել է կուսակցության ուշադրության կենտրոնում. «ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովը նույնպես վերաբնակեցումը համարեց համազգային նշանակության եւ առաջնայնության ռազմավարություն»:

Այնուամենայնիվ, թե ինչ առաջարկներով ու նախագծերով է այս կապակցությամբ ՀՀ ԱԺ-ում հանդես եկել ՀՅԴ-ն, Կ. Խանլարյանը դժվարացավ նշել, փոխարենն ասաց, որ ԼՂՀ-ում Դաշնակցությունը ներկայանում է նմանատիպ նախաձեռնություններով:

«ԼՂՀ նախագահը նշել է, որ վերաբնակեցման ծրագիրը միլիարդների է կարոտում: Բայց սփյուռքն այդքան աղբյուրներ չունի, սակայն անում է իր կարելիի չափով: Սա համազգային կարողություններ պահանջող հարց է, այլ ոչ թե միայն սփյուռքի գործը»,- նշում է Կ. Խանլարյանը:

«Այսօր ամենամեծ գործն իրականում սփյուռքահայերն են անում այդ տարածքներում: Այդ մարդկանց պետք է քաջալերել, որովհետեւ, պետական ծրագիր չլինելու պայմաններում, նրանք ծրագրեր են իրականացնում,- հավելում է Է. Բաղդասարյանը,- 33 պատգամավոր ունեցող ԼՂՀ Ազգային ժողովի համար Ստեփանակերտի կենտրոնում նոր շենք է կառուցվել 1 մլն դոլարից ավելի գումարով, մինչդեռ, օրինակ, 10.000 դոլար է պետք Ղարաբաղի Հարթաշեն գյուղում արտեզյան հոր բացելու համար: Այդ 1 մլն դոլարով տասնյակ գյուղերի խնդիրներ կարելի էր լուծել»:

Է. Բաղդասարյանը համոզված է, որ ազատագրված տարածքները ոտքի կանգնեցնելու համար պետք է ներգրավել Հայաստանի գործարարներին, որոնցից, օրինակ, պատգամավոր Հարություն Փամբուկյանի «Մաքսվուդ» ընկերությունը Քաշաթաղի շրջանում առողջ ընկուզենու ծառեր է հատում, «ուղարկում Իսպանիա, որպեսզի հետո մեր օլիգարխների քշած մեքենաների որոշ մասեր այդ փայտից լինեն: Այդքան անտառներ հատելով` Փամբուկյանն ի՞նչ է արել այդ տարածքի համար: Այսօր Հայաստանում կոալիցիա կազմած կուսակցություններից մեկի ղեկավարը չգիտի, թե որտեղ է Քաշաթաղը: Ճիշտ կլիներ մեր Ազգային ժողովի պատգամավորներին աշխատանքը սկսելուց առաջ էքսկուրսիա տանել այդ վայրեր, որ գոնե պատկերացում ունենան, թե խոսքն ինչի մասին է»,- ասաց Է. Բաղդասարյանը:

Իսկ թե կոնկրետ ովքեր են մեղավոր վերաբնակեցման գործընթացի վատ ընթացքի ու շրջաններում առկա բազմաթիվ խնդիրների համար, Բաղդասարյանը պատասխանում է. «Երկու (ՀՀ եւ ԼՂՀ) իշխանություններն էլ մեղավոր են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter