HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցի պայմանագրային զինծառայողը Քարվաճառում դժբախտ պատահարի զոհ է դարձել

Գայանե Սարգսյան

Երեկ Վանաձորի ծայրամասային Բազում թաղամասում տեղի ունեցավ վանաձորցի պայմանագրային զինծառայող, շարքային Կարեն Դավթյանի հոգեհանգիստը: Նա ծառայում էր Քարվաճառում: Բարեկամների տեղեկացմամբ՝ Կարենը երեկ դժբախտ պատահարի զոհ է դարձել: Ծառայությունն ավարտած պայմանագրայինները դիրքերը հանձնել են հաջորդ հերթափոխին, սակայն հետդարձի ճանապարհին կուտակված ձնահոսքը սարերի գագաթից գահավիժել է ցած, ինչի հետևանքով երիտասարդը հայտնվել է ձնակույտի շրջապտույտում ու, շուրջ 100 մետր գլորվելով ցած, մահացել:

 Կարենի հետ եղած զինակից ընկերներին հաջողվել է փրկվել:

Կարենն ամուսնացած էր, ընտանիքի՝ կնոջ ու մանկահասակ երկու երեխաների հետ բնակվում էր վարձով: Որդին 1, իսկ դուստրը՝ 4 տարեկան է: Հարևանների տեղեկացմամբ՝ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում:

 «Ծայրագույն վատ վիճակում են, բայց էդ մարդն իրան ընենց ա պահել, որ մեկը կողքից չնկատի դա: Համ նայոմնիկ ա աշխատել, համ ստեղ-ընդեղ: Խելացի, կազմակերպված, հարեհաս: Ուզում ա մեշոկը շալակին լիներ ու մեկն առաջին հարկից գար, պիտի մի ձեռքով էլ էդ եկողի վեշը վերցներ,- ասում է հարևանուհին՝ Սեդա Հակոբջանյանն ու ու եզրակացնում,- բայց որ ճակատագիրը էդ մարդու համար էդպիսին ա, չես կարա ոչ մի բան անես»:

Ընտանիքի պայմաններն այնքան ծանր են, որ այսօր ընկերներն ու բարեկամները զբաղված էին գումար հայթայթելով՝ հուղարկավորության հետ կապված ծախսերը հոգալու համար:

Բարեկամները պատմում են, որ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար Կարենը փոքր տարիքից է սկսել աշխատել: Ասում են՝ բոլորն էին հարգում, շատ համեստ էր, շատ աշխատասեր:

«Գնացել ա պոստի, եկել, անմիջապես հաջորդ օրվանից փռերում աշխատել: Շատ լավ հացթուխ էր: Քաղաք ինչքան փուռ կար, խնդրում էին՝ արի, ավելի բարձր կվճարենք»,- պատմում է հարևաններից Գառնիկ Մինասյանը:

Արմենը 12 տարի է՝ աշխատում է որպես պայմանագրային զինծառայող: Վերջին երկու տարիներին նրա խորհրդով պայմանագրային ծառայության էր անցել նաև եղբայրը՝ Սամվելը:

Արմենի մասին եղբայրը դժվարությամբ է խոսում: Ասում է՝ առաջինն ինքն է իմացել դեպքի մասին: Կարենի նպատակների ու երազանքների մասին շատ բան չգիտի. եղբայրն ինքնամփոփ է եղել:

«Շատ չէր սիրում կիսվել, բայց գիտենինք, որ բոլոր նպատակները ծառայության հետ են կապված»,- ասում է Սամվելը:

Զինծառայողի տուն մեր այցի պահին կից սենյակից լսվում էր փոքրիկ որդու կանչը. «Պապա, պապա», - կանչում էր 1 տարեկան տղան:

Մոլորոված հայրը խոհանոցի դռների մեջ քարացել էր: Գառնիկը բացատրում է. ինչ որդու մարմինը բերել են, հայրը հյուրասենյակ չի մտնում, ասում է՝ չի կարող որդուն այդ վիճակում տեսնել:

                                                                                                

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter