HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրա համար էականը ժողովրդի` պատմական հայրենիք վերադառնալու եւ այնտեղ ազատ ինքնորոշվելու ու կենսագործելու խնդիրն էր (Մաս 2)

Ալեք Ենիգոմշյան

Սկիզբ

Հետաքրքրական է, որ Մոնթեն մտահղացավ լիբանանյան Անճար հայաբնակ գյուղում երիտասարդական ճամբար կազմակերպել, որպեսզի սփյուռքի տարբեր գաղութներից հայ երիտասարդները գան եւ հիմնեն իրենց ագարակը եւ գալիք ազգային-ազատագրական պայքարի քաղաքական, հայրենասիրական եւ մարտական կենսափորձ ձեռք բերեն: Անճար գյուղը գտնվում էր Դաշնակցության ազդեցության եւ վերահսկողության ներքո, եւ Մոնթեն իր ծրագիրը ներկայացրեց Դաշնակցության բարձրագույն ղեկավարներին: Անշուշտ, միամտություն էր կարծել, որ դրսից եկած 21-ամյա մի երիտասարդ Լիբանանի հայահոծ մի շրջանում, որը գտնվում էր կուսակցական խիստ վերահսկողության ներքո, կկարողանար այդօրինակ մի անկախ մտահղացում իրագործել: Իրոք, Դաշնակցության ղեկավարները նույնիսկ լուրջ չընդունեցին Մոնթեի առաջարկը եւ այդպես էլ նա չհաջողեց իր մտահղացումը, բայց այն, որքան էլ միամիտ լիներ, արտահայտում էր իր երիտասարդական եռանդն ու այն իդեալները, որոնցով տոգորված էր նա:

Բայց եթե 1978 թ.-ի վերջում եւ 1979 թ. սկզբում արտահայտած այդ գաղափարը թերեւս նույնիսկ ժպիտով էր ընկալվել, Մոնթեի համեցող ակտիվությունը արդեն դառնում էր խիստ անհանգստացնող: Որքան ազատորեն էր արտահայտվում, այնքան ավելի էր խորանում դժկամությունը նրա անձի շուրջ: Տեղական առումով նա համոզմունք էր հայտնում հայկական թաղամասերի հետ բախման մեջ գտնվող լիբանանյան աջ քրիստոնյա ուժերի նկատմամբ ավելի վճռական լինելու անհրաժեշտության մասին: Ազատորեն խոսում էր Արեւմտյան Հայաստանում թուրքական պետության դեմ զինյալ ազատագրական պայքար ծավալելու անհրաժեշտության, այնտեղ հակապետական թուրքերի եւ քրդական կազմակերպությունների հետ համագործակցելու մասին: Դրան զուգահեռ, նա շփումներ էր ունենում քիչ թե շատ նույն մտահոգություններով համակված, տարբեր աստիճանի լրջությամբ խմբակների հետ, փորձում սաղմեր ստեղծել: 1979 թ. սեպտեմբերին Մոնթեն գտնվում էր Իրանում, երբ Լիբանանում կրկին բռնկեցին զինյալ բախումներ քրիստոնյա աջակողմյան աշխարհազորայինների եւ հայկական թաղամասերի միջեւ: Թեհրանում, Դաշնակցության կամքին հակառակ, Մոնթեն ընկերների հետ կազմակերպեց բողոքի ցույց՝ լիբանանցի աշխարհազորայիններին հասկացնելու, որ լիբանանահայերը մենակ չեն, ինչպես նաեւ վերջիններիս խրախուսելու համար: Լիբանան վերադառնալուց հետո Մոնթեն հանդիպեց դաշնակցականների կողմից շատ ավելի կոշտ վերաբերմունքի, որը առավել եւս կոշտացավ հաջորդող ամիսներին: Ամեն ինչ ցույց էր տալիս, որ Մոնթեի ներկայությունը Բուրջ-Համուդում այդ կուսակցության համար դարձել էր խիստ անցանկալի: 1980 թ. սկզբներին շշուկներ սկսեցին շրջանառվել, ըստ որոնց՝ նրա կյանքին վտանգ է սպառնում: Միգուցե այդ շշուկները նպատակ ունեին նրան դրդել, որ շրջանից հեռանա: Նույն այդ ամիսներին նրան հաջողվեց կապ հաստատել ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) հետ: Երբ 1980 թ. մայիսին այդ շշուկները կրկնվեցին, ստանալով ավելի լուրջ եռանգներ, Մոնթեն մշտապես հեռացավ Բուրջ-Համուդից, անցավ արեւմտյան Բեյրութ եւ լիաժամ միացավ ՀԱՀԳԲ-ին:

ՀԱՀԳԲ-ի կամ ԱՍԱԼԱ-ի ներսում Մոնթեի անցկացրած տարիները նրա համար եղան անխոնջ աշխատանքի եւ պայքարի, լրացուցիչ փորձի ձեռքբերման, հասունացման, հույսի, բայց նաեւ հիասթափության, խորը դառնության եւ ցասումի տարիներ:

1980-ի մայսին Մոնթեի՝ ԱՍԱԼԱ-ի շարքերը համալրելուն հաջորդած երկու տարիները հանդիսացան այդ կազմակերպության ամենաակտիվ շրջանը: Մոնթեն կարեւոր ներդրում ունեցավ այդ շրջանում կազմակերպության գրանցած թե քանակական եւ թե որակական վերելքին: Տրամադրելով իր ամբողջ ժամանակը եւ էներգիան՝ նա ակտիվ մասնակցություն բերեց այդ շարժման գործունեության, բոլոր ոլորտներում՝ ռազմական գործողություններ, այլ շարժումների հետ հարաբերություններ, ժամանակակից հայ ազատագրական պայքարի քաղաքական ուղեգծի եւ ռազմավարության ձեւակերպման ու հստակեցման աշխատանքներ եւ այլն: Այս շրջանում նա խորացրեց իր ռազմական գիտելիքները եւ պարտիզանական պատերազմի հմտությունները եւ այլոց հետ ստանձնեց կազմակերպության անդամների ռազմական մարզումի աշխատանքների պատասխանատվությունը:

Մոնթեն թուրքական դիվանագիտական թիրախների դեմ գործողություններ իրականացրեց Հռոմում, Աթենքում եւ այլուր, ինչպես նաեւ ակտիվ մասնակցություն բերեց 1981-ի սեպտեմբերի 24-ին Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավման գործողության պատրաստության աշխատանքներին:

1981-ի հոկտեմբերին Իտալիայում կատարած գործողություններից մեկի ընթացքում Մոնթեն վիրավորվեց թեւից: Նրան հաջողվեց ծածուկ անցնել Ֆրանսիա եւ ապաքինվել: Նոեմբերին ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի Օրլի օդակայանում ձերբակալեց Դիմիտրիու æորջիու անունով կիպրական կեղծ անձագիր կրող մի երիտասարդի, որ պատրաստվում էր տեղ գրավել Փարիզ-Բեյրութ թռիչքում: Ձերբակալյալի ազատ արձակման նպատակով Փարիզում ծայր առան մի շարք ռմբահարություններ, եւ մի ամիս անձ ֆրանսիական իշխանությունները նրան բաց թողեցին ու ուղղարկեցին Բեյրութ: Ֆրանսիացիներին չէր հաջողվել բացահայտել Դիմիտրիու æորջիուի իսկական ինքնությունը, բայց Բեյրութ վերադառնալուց հետո ԱՍԱԼԱ-ի ղեկավար Հակոբ Հակոբյանը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում ԶԼՄ-ներին ներկայացրեց Մոնթեին՝ հրապարակելով նրա իսկական անունն ու ազգանունը: Այս բացահայտումը կատարվեց Մոնթեի կամքին հակառակ:

1982-ի հունիսին Իսրայելի՝ Լիբանան կատարած ներխուժումի հետեւանքով Բեյրութում կենտրոնացած պաղեստինյան եւ այլ կազմակերպությունները, որոնց շարքում էր նաեւ ԱՍԱԼԱ-ի հիմնական կորիզը, թողեցին Լիբանանի մայրաքաղաքը եւ անցան երկրի արեւելքում գտնվվող Բեքաայի հովիտը:

Այս ամբողջ ընթացքում բազմաթիվ սկզբունքային հարցերի շուրջ տարակարծություններ էին ծայր առել այդ կազմակերպության ներսում: Դրանք առնչվում էին համարյա բոլոր բնագավառներին՝ քաղաքական ուղեգծին, ռազմավարությանը, մարտավարությանը, գործողությունների թիրախների բնույթին, կազմակերպչական հարցերին եւ այս կապակցությամբ առաջին հերթին խնդիրների հավաքական քննարկման ու ներքին ժողովրդավարության հարցերին եւ այլն: Մոնթեի տեսակետները արմատապես տարբերվում էին կազմակերպության միանձնյա ղեկավար Հակոբ Հակոբյանի տեսակետներից: Նա գտնում էր, որ այն ընթացքով, որ Հակոբյանը գնում է, սկսված պայքարը անխուսափելիորեն տանում է դեպի փակուղի եւ նույնիսկ՝ դեպի աղետ: Այս մասին նա հետագայում հատկացրել է բազմաթիվ գրություններ, եւ նրա հիմնավորումներին այստեղ չենք անդրադառնալու: Նշեմ միայն, որ դրանց մեջ քիչ նշանակություն չի ունեցել անմեղ զոհերի փաստը, զոհեր, որոնք ընկնում էին ոչ միայն արտաքին գործողությունների արդյունքում, այլ նաեւ ներքին հաշվեհարդաների եւ չմտածված արարքների հետեւանքով: Կացությունը բարեփոխելու իր բազմաթիվ փորձերի ձախողությունից հուսաբեկված՝ Մոնթեն հանգել էր այն եզրակացության, որ իրավիճակը փրկելու միակ դարմանը գտնվում է Հակոբյանի ֆիզիկական չեզոքացման մեջ եւ իր այդ համոզումը կիսել էր շատ փոքր թվով ընկերների հետ: Բայց 1983-ին նա արդեն մեկուսացվել էր եւ պահվում էր համարյա տնային կալանքի պայմաններում՝ կազմակերպության գրասենյակներից մեկում: Մինչ նա գտնվում էր այդ վիճակում, կազմակերպության ներսում տիրող ճնշող մթնոլորտը այլ տեղից ճաքեր տվեց: Իրեն ճնշված զգացող անդամներից մեկը Բեքաայի հովտում գտնվող ռազմաճամբարներից մեկում սպանեց Հակոբյանի ամենահավատարիմ երկու օգնականներին: Մոնթեն այս հախուռն արարքի ոչ ծրագրավորողն էր եւ ոչ կատարողը, բայց Հակոբյանի հետ իր հակադրության պատճառով բացի մահից նրան այլ բան չէր կարող սպասել: Մոնթեն հետեւաբար դիմեց փախուստի եւ, այլընտրանք չունենալով, նա ապաստան գտավ Լիբանանի Բեքաայի հովտում գտնվող միակ հայկական բնակավայրում՝ ՀՅԴ-ի կողմից վերահսկվող Անճար գյուղում: Երեք տարի առաջ նա իր կյանքը փրկելու համար կամ այդ մտավախությունից մղված՝ հեռացել էր դաշնակցականների միջավայրից, իսկ այժմ նա իր փրկությունը գտնում էր դաշնակցականների մոտ...

Մոնթեին հաջողվեց ծածուկ ձեւով անցնել Ֆրանսիա, ուր հետագայում ձերբակալվեց եւ ավելի քան երեք տարի անցկացրեց բանտերում: Ազատ արձակվելուց հետո՝ 1989 թ. փետրվարից մինչեւ 1990 թ. սեպտեմբերը, միշտ թափառական ու հալածական ապրեց նախ կարճ ժամանակով Եմենում եւ ապա կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում, մինչեւ վերջապես նրան հաջողվեց ոտք դնել հայրենիքում:

Մոնթեն օժտված էր մարտական եւ ռազմական արվեստի իրավամբ բնատուր տաղանդով: ԱՄՆ-ում ուսման տարիներին մի քանի ընկերներով հեռու, անմարդաբնակ վայրեր էին գնում՝ հրացաններով եւ ատրճանակներով կրակել սովորելու համար: Արդեն նշել ենք 1978-80 թթ. Բուրջ-Համուդ թաղամասի ինքնապաշտպանության նրա պարտաճանաչ մասնակցության մասին: Այնտեղ նա լրացրեց թեթեւ եւ միջին զենքի նորանոր տեսակների իր իմացությունը եւ դրանց գործածության եղանակները` ակտիվորեն մասնակցելով զինյալ բախումներին, իսկ խաղաղ ժամանակներում` դիրքերում զինյալ պահակությանը: 1980 թ.-ից՝ ԱՍԱԼԱ-ում գտնված ժամանակաշրջանում, նա առավել եւս կատարելագործեց ռազմական արվեստի իր իմացությունը, նաեւ հատուկ վարժակրթություն ձեռք բերեց Լիբանանում գործող պաղեստինյան զինյալ կազմակերպությունների ճամբարներում: Ամենակարեւորն այն է, որ այս ամբողջ ընթացքում նա լիովին տիրապետում էր հանդիպած կամ փորձարկած ամեն մի զենքի տեսակի՝ դրա վերաբերյալ բաց չթողնելով տեսական ու գործնական եւ ոչ մի մանրուք: Իսկ զենքի այն տեսակները, որոնք առիթ չէր ունեցել փորձարկելու, ուսումնասիրում էր մասնագիտական գրականությամբ: Թեկուզ մասնագիտական ակադեմիա չէր ավարտել, սակայն բնատուր ձիրքով ու ամեն ինչ իմանալու ներքին մղումով բուն ռազմադաշտում եւ ռազմաճամբարներում ռազմական գործը յուրացրել էր հիմնովին:

Ի դեպ, Հայաստանում եւ Արցախում տարածված է այն թյուր կարծիքը, թե ԽՍՀՄ-ի` Աֆղանստան ներխուժման տարիներին Մոնթեն իբր թե մոջահեդների կողքին կռվել է խորհրդային զորքի դեմ, եւ նա ու Կոմանդոսն առաջին անգամ ծանոթացել են այնտեղ եւ այլն, եւ այլն: Սա ժողովրդական երեւակայության պտուղ է, մտքի վառ հորինվածք: Մոնթեն Աֆղանստանում եղել է ընդամենը մեկ շաբաթ՝ 1978 թ. ամռանը: Պարսկաստանում գտնվելու կեցության արտոնագիրը լրանալու պատճառով անհրաժեշտ էր, որ նա մեկներ այդ երկրից՝ դրսից վերստին մուտքի արտոնագիր խնդրելու համար: Մոնթեն որոշեց այդ բանն անել Աֆղանստանից: Եվ դա ԽՍՀՄ-ի՝ Աֆղանստան ներխուժումից մեկուկես տարի առաջ էր: Ներխուժման տարիներին Մոնթեն Բուրջ-Համուդում էր, ԱՍԱԼԱ-ում, ընդհատակում կամ Ֆրանսիայի բանտերում: Բացի այդ, Մոնթեն գաղափարական ոչ մի ընհանուր բան չուներ աֆղան մոջահեդների հետ, ընդհակառակը: Բնույթով միակ ոչ հայկական զինյալ բախումները, որոնց մասնակցել է, եղել է Լիբանանում 1981 թ. եւ 1982 թ. իսրայելյան հարձակումների ու ներխուժումների դեմ՝ լիբանանյան եւ պաղեստինյան ուժերի դիմադրությանն ընդգրկվելով: Այդ մասնակցությունը եղել է այն խորին համոզվածությամբ, որ իսրայելյան (նաեւ` ամերիկյան) ագրեսիան ուղղված է բոլոր ազատագրական շարժումների՝ ներառյալ հայկական ազատագրական շարժման դեմ, եւ որ Ամերիկայի ու Իսրայելի հաղթանակը համազոր է տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի հզորացմանը:

Մեծամտության բացակայությունը եւ մտքի անընդհատական վերլուծահամադրական աշխատանքը՝ ի տարբերություն շատ շատերի, որոնք կարծում են, թե ամեն ինչ գիտեն, ամենագետ են, տվեցին իրենց բարի արդյունքը: 70-ականների վերջերին եւ 80-ականների սկզբներին մեր զրույցների ընթացքում Մոնթեն քանիցս ասել է. «Ես կուզեմ սորվիլ, կուզեմ լավ գիտնալ»: Ինքը, որ արդեն իսկ շատերից շատ ավելին գիտեր, ուզում էր դարձյալ նոր բաներ սովորել, իմանալ՝ հանուն իր գործի կատարյալ իրականացման: Արցախում կատարած իր մեծ գործը նաեւ դրա արդյունքն էր: Առանց իր բարոյական էության եւ ամբարած գիտելիքների անկարելի պիտի լիներ իրագործել ընդհանուր հաջողությունները: Մինչեւ վերջին պահն էլ նա մնաց ուսումնատենչ: Իր կյանքի վերջին օրն էլ սնարի մոտ գիրք կար՝ ռազմարվեստի ամենահին դասականներից Սուն-Ցուի «Պատերազմելու արվեստը»: Դա իր հոգեբանությունն էր, կյանքի նկատմամբ վերաբերմունքը, որը դրդում էր ոչ թե պարզապես նյութ քաղել, այլ փորձել համադրել, սովորել ոչ միայն գրքերից, այլեւ փոխադարձ շփումներից, կենսական իրողությունների անմիջական դիտարկումներից: Իմացության նրա ծարավն անհագ էր, որն ավելի է արժեւորվում նրա գործնականությամբ: Քանզի կյանքում երկու ծայրահեղությունները լինում են առանձին-առանձին, իսկ նրանում դրանք ներդաշնակ միասնություն էին:

Որքան ցանկալի պիտի լիներ, որ Մոնթեի կերպարը լիներ համատարած, մեր շուրջ հաճախ Մոնթեներ տեսնեինք, յուրաքանչյուրս լինեինք թեկուզ մի քիչ Մոնթեի նման: Այդ պարագայում որքան տարբեր կլիներ մեր ազգը, հայկական հասարակությունը, ամբողջ աշխարհը: Ցավոք մեզ համար եւ ի պատիվ իրեն, Մոնթեն յուրահատուկ երեւույթ է իր էությամբ, եղած ձեւով, անեղծությամբ, գործին ամբողջական նվիրումով: Արցախում ու Հայաստանում Մոնթեի հետ շփվողները համաձայն կլինեն, որ նա յուրահատուկ երեւույթ էր: 1991-93 թթ.-ից շատ առաջ՝ դեռեւս 1978-79 թթ.-ին, Լիբանանում Մոնթեին մի քիչ ուշադիր եւ անշահախնդրությամբ հետեւողներն էլ չէին կարող չնկատել, որ նա երեւույթ էր դեռեւս այն ժամանակ: Չնայած լիբանանահայությունը շարունակում էր հանդես գալ որպես սփյուռքի ամենակազմակերպված եւ ազգային բարձր ինքնագիտակցությամբ ապրող գաղութներից մեկը, եւ լիբանանահայերը մասնակցում էին թուրքական պետության դեմ ուղղված, արդեն իսկ սկիզբ առած զինյալ արարքներին, ու չնայած Լիբանանի հայկական թաղամասերն ազգային ավանդական կուսակցությունների ղեկավարությամբ կազմակերպում էին զինյալ ինքնապաշտպանություն, լիբանանահայությունն արդեն հետընթաց էր ապրում: Հազարավոր լիբանանահայեր թողնում էին Լիբանանը եւ հեռանում ամերիկյան ափեր, Եվրոպա ու Ավստրալիա: Հայոց թաղամասերը պաշտպանող զինյալ մարդկանցից շատերը եւս երազում էին հեռանալ ու հաստատվել վերոնշյալ երկրներում: Չնայած Դաշնակցության ծավալած «քաղաքականացման» եւ «հեղափոխականացման» կարգախոսներին եւ հակաթուրք մի շարք արարքների՝ ընդհանուր մթնոլորտը շատ հեռու էր մեր կորցրած հայրենիքը` Արեւմտյան Հայաստանը, վերստին ձեռք բերելու նպատակաուղղված ռազմավարական քայլերից:

Եւ ահա նմանօրինակ պայմաններում Լիբանանում հանկարծ հայտնվում է հայերեն չիմացող, բայց իր կյանքի իմաստը հայկական ինքնությամբ ապրելու մեջ տեսնող, հայոց պատմական հողերի վրա հայ ժողովրդի ազատ ինքնորոշման ու կենսագործման իրավունքի իրականացումն իր համար կենաց նպատակ դարձրած, վերադարձի եւ ինքնորոշման պայքարը հակակայսերապաշտական եւ ընդհանրապես սոցիալիստական պայքարի համատեքստում տեսնող, գերազանցապես հայ հայրենասեր, բայց միաժամանակ աշխարհի բոլոր ժողովուրդների հավասարությանը խորապես հավատացող եւ այդ ամենի մասին ոչ թե պարզապես խոսող, այլ դրանցով ապրող անձնուրաց մի երիտասարդ: Եվ իր անհատական բնավորության գծերի ինքնուրույնությամբ, եւ իր վերոնշյալ գաղափարներով, եւ իր էությունն այդ գաղափարների հետ նույնացնելու իրողությամբ Մոնթեն այն ժամանակ արդեն երեւույթ էր:

Յուրահատուկ էություն ու նկարագիր, չափից ավելի ինքնատիպ, պարզ արտաքին, ընդհանուր առմամբ զվարթ, պայթող ծիծաղ, միամիտ ու դյուրահավատ, անմիջական եւ ջերմ, յուրահատուկ գաղափարակիր, միաժամանակ ազատասեր ու կարգապահ, հատկապես ինքնակարգապահության ջատագով, նյութական ունեցվածքի նկատմամբ անտարբեր, եւ այս ամենն առանց որեւէ արհեստականության, առանց այդպիսին լինելու ցանկության, այլ կատարյալ ինքնաբուխ ու բնական: Ահա Մոնթեն:

Այդ տարիներին հաճախ էի փորձում հասկանալ այդ ամբողջության գաղտնիքը: «Ամերիկայի գյուղացի»` կեսլուրջ-կեսկատակ մի անգամ փորձեցի բնութագրել նրան՝ արժանանալով իր ընկերական բռունցքի «փափուկ» հարվածին: Իհարկե, այդ բնութագրումը ճիշտ չէ, թեկուզ այն պատճառով, որ իր եղբայր Մարգարը, որի հետ մեծացել էին նույն պայմաններում, ունենալով որոշ նմանություններ, միանգամայն տարբեր անհատականություն էր: Իր բոլոր յուրահատկություններով Մոնթեն ինքն էր ու ինքը, միանգամայն ինքնատիպ մարդկային տեսակ՝ ուրիշ տեսակի հետ դժվար բաղդատելի: Այս ամենին ավելացնենք քաղաքական եւ սոցիալական կյանքի օրինաչափությունների քաջագետ իմացությունը, աշխարհի մեծաթիվ երկրներ տեսած, տարբեր մշակույթներ ճանաչած, մի շարք լեզուներ տիրապետող, գրեթե զրոյից ազգային ինքնագիտակցության հասած եւ սեփական վճռով ու ամբողջական գիտակցությամբ պատմական իր հայրենիքում հայ ժողովրդի ազգային-ինքնորոշման իրավունքի համար պայքարը կյանքի իմաստ դարձրած անխոնջ նվիրյալը:

Մի հայացք 20-րդ դարի երկրորդ կեսի հայոց ազատագրական շարժմանը

Լիբանանում, Մերձավոր Արեւելքում հայկական գաղթօջախը կարելի է ասել 100 տոկոսով հայախոս էր. պահպանվում եւ երիտասարդ սերնդին էր փոխանցվում հայկականության, հայրենասիրության ոգին: Ընտանիքում խոսակցական լեզուն մայրենին էր: Երեխան ծնվում եւ լսում էր այդ լեզուն, դաստիարակվում հայաշունչ մթնոլորտում: Անշուշտ, կար համեմատության աստիճան, նայած ընտանիք, շրջապատ, որոշակի պարագաներ, հանգամանքներ: Իսկ եթե այդ մթնոլորտը կա, ուղղակի թե անուղղակի ձեւով հասունանում ես հայրենասիրական գաղափարներով: Հատկապես ջարդերի, հայրենիքը կորցնելու գիտակցումից ոչ բոլորի, բայց շատերի մեջ ծնվում է կորցրածը վերագտնելու գաղափարը: Պարագան տարբեր էր Խորհրդային Հայաստանում, որտեղ ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի թեման արգելված էր մինչեւ 1965 թ. ապրիլի 24-ի նշանավոր ցույցը: Հայոց ցեղասպանության 50-ամյակի համահայկական ոգեկոչումն անկյունադարձային նշանակություն ունեցավ նաեւ սփյուռքահայության համար: Այլեւս ակնհայտ էր այն փաստը, որ կատարվածից 50 տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել, եւ այդ առումով վաղուց արդեն մտորելու ժամանակն է: 1965 թ. հաջորդող տարիները երիտասարդության համար ինքնագիտակցման, ուշքի գալու, ինչ անելու փնտրտուքի տարիներ էին: Ամբողջ աշխարհում էլ այդ ժամանակաշրջանն ազգային-ազատագրական արթնացումի, պայքարի վերազարթոնք էր: Տարբեր մայրցամաքներում ժողովուրդները զինյալ ազատագրական պայքար էին մղում՝ օտար լուծը թոթափելու, կամ երկրում տիրող անարդար կարգերը փոխելու նպատակով: Այդ տարիներին ըմբոստացման ոգով էր համակված նաեւ Արեւմտյան Եվրոպայի, Ամերիկայի երիտասարդությունը: Ամերիկայում, օրինակ, ծավալվեցին ուսանողական շարժումներ` ընդդեմ վիետնամական պատերազմի, 1968-ի մայիսին ուսանողական հուժկու շարժումը ցնցեց Ֆրանսիան եւ այլն: Մերձավոր Արեւելքում էլ, ուր բնակվում էր հոծ հայկական գաղութ, արդեն ծավալվել էր պաղեստինյան շարժումը: Հայ երիտասարդությունն այդ ամենը տեսնում էր, եւ կատարվածն ինչ-որ բան էր հուշում նրան՝ հատկապես նրա որոշակի մի հատվածին, որն էլ, ապրելով այդ մթնոլորտում, ինչ-որ բանի զգացողություն էր ապրում: 1965-75 թթ. ցեղասպանության ճանաչմանը նպատակաուղղված որոշակի շարժումներ եղան Մերձավոր Արեւելքի եւ արեւմուտքի հայոց գաղթօջախներում. կազմակերպվեցին հանրահավաքներ, ծավալվեց քարոզչություն, Մեծ Եղեռնի մասին հրատարակվեցին գրքեր, տարբեր ատյաններ հղվեցին հուշագրեր եւ այլն: Սակայն այդ փորձերը զգալի արդյունք չտվեցին: Հայ երիտասարդությունը տեսնում էր, որ ուրիշ ժողովուրդների ազատագրական պայքարի զինյալ եղանակներն ավելի արդյունավետ են եւ, համենայնդեպս, նրանք ինչ-որ բան ստանում էին, իրենց հարցը մտցնում էին քաղաքական թատերաբեմ, գոնե իրենց խնդիրների վրա ուշադրություն էին հրավիրում եւ այլն: 1965-75 թթ. պայքարը գոնե մեկ իմաստով անհետեւանք չմնաց. սփյուռքահայ երիտասարդության մի հատված կարեւոր գաղափարի հանգեց. «Չէ, մենք էլ պիտի զինյալ պայքարի դիմենք»: Եվ 1975-ին սփյուռքում ծայր առավ զինյալ պայքար: Այդ պայքարը լուրջ ուսումնասիրության առանձին նյութ է այն առումով, թե ինչ էին իրենցից ներկայացնում ԱՍԱԼԱ-ն, «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները» եւ մյուս շարժումները:

Հայկական հարցի յուրահատկությունն այն է, որ արեւմտահայությունից սերված սերունդները իրենց պատմական հողերի վրա չէին գտնվում, սփռված էին աշխարհով մեկ եւ, բնականաբար, իրենց պայքարը պիտի սկսեին առարկայական այդ պայմաններում, այսինքն՝ այդ երկրներում Թուրքիա պետությունը խորհրդանշող թիրախների դեմ: Զինյալ գործունեության այն ձեւը, որ 1975 թ. սկսած կիրառվեց Հայաստանից դուրս` արտերկրում, կարելի է բնութագրել որպես «զինյալ քարոզչություն», պրոպագանդա: Հայկական զինյալ արարքների թիրախ էին հանդիսանում տարբեր երկրներում գործող թուրք դիվանագետները, պաշտոնական խոշոր ներկայացուցչությունները, դեսպանատները, հյուպատոսությունները, օդանավային ընկերության գրասենյակներ եւ թուրքական ներկայության այլ խորհրդանիշներ: Այդ արարքների նպատակն առաջին հերթին Թուրքիայի պետությանն ու հասարակությանը փաստելն էր, որ չնայած ցեղասպանությունից 60 տարի է անցել, բայց Հայկական հարցը չի վերացել եւ իրենք դեռեւս հաշվի պիտի նստեն հայության հետ:

Երկրորդ նպատակը նույն պատգամն աշխարհի ճակատագիրը տնօրինող մեծ պետություններին փոխանցելն էր: Եվ վերջապես այդ արարքները նպատակամղված էին աշխարհացրիվ հայությանը զորաշարժի ենթարկել իր իրավունքներին տիրապետելու գաղափարի շուրջ: «Զինյալ քարոզչության» այս փուլն առավել կամ նվազ չափով իրագործվեց եւ հասավ նպատակին: Թուրքական պետության համար ստեղծվեց լուրջ գլխացավանք, արեւմտյան պետությունների համար գնալով անհնարին դարձավ հայոց հարցի իրողության անտեսումը, եւ ծայր առան ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւերը:

Եվ վերջապես մեծապես փոխվեց տարբեր երկրներում բնակվող հայերի ինքնագիտակցությունը: Կային տեղեր, որ այդ գիտակցումը կար վաղուց ի վեր, տեղեր էլ՝ ոչ: Օրինակ՝ Ֆրանսիայի հայկական գաղութում մի ամբողջ սերունդ, որ ուծացման ճանապարհին էր, ազգային ինքնագիտակցության եկավ այդ արարքների շնորհիվ: Սփյուռքյան կազմակերպությունների այդ արարքների արձագանքները հասնում էին Հայաստան՝ հաղթահարելով խորհրդային պատնեշները: Այդ արձագանքներն առաջացրին հայրենասիրության հզոր ալիք, ինքնագիտակցում, դարասկզբին կատարվածը խորությամբ ուսումնասիրելու եւ խորամուխ լինելու ձգտում: Մի առիթով Վազգեն Սարգսյանն ասել է, որ եթե մենք այստեղ ունեցանք Արցախի ազատագրման փայփայած գաղափարն ու պատկերացումը, դրանում մեծ է եղել ձեր դերը: Եվ մինչեւ հիմա էլ մարդիկ, երբ իմանում են, որ մեկը սփյուռքի զինյալ պայքարին է մասնակցել, ակնածանքով են վերաբերվում: Տարիներ անց, իհարկե, պարզ դարձավ, որ սփյուռքում ծավալված զինյալ պայքարի մասին պատկերացումը Հայաստանում շատ ուռճացված էր, քան եղել էր իրականում:

«Զինյալ քարոզչության» նպատակի առավել կամ նվազ չափով իրագործումից հետո պայքարը պիտի անցներ մեկ ուրիշ փուլ, որն այդ պայքարի մասնակիցների մի հատվածի համար նշանակում էր պայքարը փոխադրել բռնագրավված Արեւմտյան Հայաստան, այսինքն` անցնել որակական մեկ այլ փուլ` պայքար ծավալելով բուն Արեւմտյան Հայաստանում: Այդ մտածողության ամենաջերմեռանդ ջատագովներից էր Մոնթեն: Նա ոչ միայն մասնակցեց «զինյալ քարոզչության» փուլին, այլեւ կարեւոր ներդրում ունեցավ այդ փուլի նպատակների իրականացման գործում: Բայց Մոնթեի համար թուրք դիվանագիտական թիրախների դեմ ուղղված հարվածներով պայքարը իր ավարտին չեր հասնում: Մոնթեի համար այդ արարքները միտված էին ոչ թե վրեժ լուծելու, այլ հետապնդելու ազգային-քաղաքական նպատակ: Զինյալ արարքների ու գործնական քայլերի դիմելը դեռեւս չէր նշանակում, որ դու ունես լիարժեք կայացած կազմակերպություն, հստակ գաղափարախոսություն: Ի վերջո զինյալ արարքների դիմելը պետք չէ լինի ինքնանպատակ. պայքարը պիտի ունենա հստակ քաղաքական նպատակ, որին հասնելու ռազմավարական գլխավոր եղանակը պիտի լինի զենքը: Մոնթեն ուներ հստակ ծրագրված փուլերի, հանգրվանների պատկերացում: Իր համար նույնիսկ ցեղասպանության ճանաչումը այնքան էական չէր, որքան, ինչպես ասվեց, հայ ժողովրդի` իր պատմական հայրենիք վերադառնալու եւ այնտեղ ազատ ինքնորոշվելու ու կենսագործելու ռեալ պայմանների ստեղծումը:

1970-ականների վերջերին եւ 1980-ականների սկզբներին Թուրքիայում արդեն ծավալվել էին պետության հիմքերը սասանող, հակապետական, հեղափոխական եւ քրդական ազգային-ազատագրական շարժումները: Մոնթեն այն կարծիքին էր, որ վաղ թե ուշ Թուրքիայում տեղի է ունենալու հեղափոխություն, եւ ստեղծվելու է նոր իրավիճակ: Նա համոզված էր, որ հայկական առաջադիմական-ազատագրական շարժումը որպես ինքնուրույն գործոն պետք է մասնակից լինի Թուրքիայում առկա գործընթացներին, որպեսզի սպասված հեղափոխության ընթացքում ստեղծված նոր իրավիճակում հայերն ունենային շոշափելի ձեռքբերում: Նա մտածում էր, որ որքան ակտիվ եւ զորեղ լինի հայերի մասնակցությունը Թուրքիայում ընթացող գործողություններին, այնքան մեծ կլինեն պատմական մեր հողերի վրա հայ ժողովրդի վերադարձի եւ ինքնորոշման ակնկալիքները: Եվ հակառակը` որքան փոքր լիներ մասնակցությունը, նույնքան էլ սակավ պիտի լինեն սպասվող պտուղները: Իհարկե, Թուրքիայում զարգացումները Մոնթեի եւ իր համախոհների ակնկալած ուղղությամբ չընթացան: Թուրքական պետությանը հաջողվեց կոտրել հակապետական շարժումները, առանց այն վերացնելու որոշակի հարվածներ հասցնել քրդական ազատագրական շարժմանը: Իր հերթին Մոնթեն հնարավորություն չունեցավ իր ծրագրած ուղղությամբ պայքարն իրագործել, այն է` Արեւմտյան Հայաստանի հողերի վրա կազմակերպել հայկական զինյալ ներկայություն եւ որոշակի արդյունքի հասնել, որովհետեւ հարկադրվեց անցնել ընդհատակ, ապա բանտարկվեց:

Ինչպես գիտենք, ոչ միայն Թուրքիայում պայմանները փոխվեցին, այլեւ տեղաշարժերը ցնցեցին ամբողջ աշխարհը` հասցնելով մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզմանը: Այս անգամ հայոց աշխարհի Արցախ նահանգում ծարացավ հայ ժողովրդի ազատ ինքնորոշվելու եւ կենսագործելու հիմնահարցը: Արցախն ու Մոնթեն գտան իրար: Արցախը սուր կարիքն զգաց Մոնթեի որակով կազմակերպչի ու հրամանատարի: Իսկ Մոնթեն Արցախում գտավ այն դաշտը, որտեղ նա պիտի կարողանար դրսեւորվել լիովին եւ լավագույնս, ինչպես վայել էր իրեն: Եւ նա պարզապես գերազանցեց ինքն իրեն:

ք. Երեւան, 2005 թ., օգոստոս

Հատված Ասպրամ Ծառուկյանի «Բարեւ, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» անտիպ գրքից


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter