HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Մահացել է բանաստեղծ Հրաչյա Սարուխանը

Կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը։

Սարուխանի առավել հայտնի ստեղծագործություններն ամփոփված են  «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուներում։ Նա 1960-ականների բանաստեղծական սերնդի հայտնի ներկայացուցիչներից մեկն էր։

Հրաչյա Սարուխանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 9-ին ժամը 17-ին` Վանաձորի Մարգարյան նրբանցքի 13 տանը, վերջին հրաժեշտը ապրիլի 10-ին, ժամը 11։00-ից, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հուղարկավորությունը՝ բանաստեղծի ծննդավայր Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:

Ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Հրաչյա Սարուխանի ընտանիքին եւ ընթերցասեր հանրությանը։

Ստորեւ ներկայացնում ենք Սարուխանի բանաստեղծություններից․

 

 ԱՄԵՆԱՆԱԽԵՐԳ
   
   Անարեւ արդեն, անվառարան,
   Երբ իրարով ենք լոկ ջերմանում,
   Խղճմտանքներիս խե՛ղճ բառարան,
   Էլ ո՞ւմ ես իզուր խոստովանում,
   
   Որ խարդավանքով սեր չենք պեղել,
   Չենք խեղել բախտ ու ճակատագիր.
   Նեղել ենք իրար՝ արցունք հեղել, 
   Ողբերգակ եղել ու ողբակիր,-
   
   Որ սիրակորույս մեզ չե՜նք դեղել՝
   Ողջամտության որջում ցամաք
   Ի խորոց սրտի սե՛ր ենք զեղել -
   Հեղեղել էլի հոգով համակ...
   
   Հեղեղել, բայց, ա՜խ, մեզ չենք շեղել
   Առասպելաշունչ վարք ու ոճով,
   Զի Օրփեոս չենք կյանքում եղել 
   Սիրասեւեռ ու սիրատոչոր,-
   
   Եւ ոչինչ, ավա՜ղ, չենք անթեղել՝
   Հրեղեն ոչինչ չունենք թողած,
   Որ կարողանար գեթ կանթեղել
   Հադեսի պատանդ մեզ Սիրողաց...
   
   Էլ ի՜նչ ես իզուր խոստովանում,
   Խղճմտանքներիս խե՛ղճ բառարան,
   Երբ իրարով ենք լոկ ջերմանում -
   Անարեւ արդեն, անվառարան։
   
   ԸՆԴՈՒՆԻՐ ՆԱԵՎ ԱՅՍ ԵՐԳԸ ՎԵՐՋԻՆ
   
   Թղթախաղի մեջ բախտս բանում է։
   Թղթախաղի մեջ բախտս չի բանում։
   Հիմա քեզ համար միայն անուն եմ։
   Դու էլ ես հիմա մի՛միայն անուն։
   
   Կիսատ ու պռատ մեր հրեշտակին
   Թվում էր, թե մեր չարն է խափանում...
   Ե՞ս եմ, թե՞ դու ես այսպես շեշտակի
   Հուշերի դուռը բաց ու խուփ անում...
   
   Քո արտասուքն էր. պա՜ղ պսպղալով
   Գալիս՝ քիչ ու միչ գորով էր տանում...
   Հիմա դու ո՞ւմ ես լալ ու խնդալով
   Հալումաշ եղած սերդ խոստանում։
   
   Դեռ մղկտում են զուռնա ու սրինգ.
   Նույն մեղեդին է հուշադարանում...
   Եղանակների մեռյալ ուսերին
   Այս ի՜նչ երկար է հուշը քարանում։
   
   «Ես եմ,- մի ձայն է մտաբերում մեզ,-
   Ես էլ եմ արդեն անսեր թառամում...
   Մենք շատերին ենք սիրել հենց այնպես.
   Հիշենք բոլորին անուն առ անուն։
   
   Ե՛ս եմ մեղքերս մեկ առ մեկ թվել,
   Ներման խոսքեր եմ լույս աշխարհ հանում...
   Տեսնես Շռայլը մեզ տե՞ղ է տվել
   Հավիտենական լուսաշարանում»...
   
   Փշաքաղվել է գիշերը ձմռան։
   Ձյո՞ւն է, թե՞ պատրանք՝ չեմ զանազանում...
   Հին օրերի հետ ուզում եմ ծմրամ,
   Իմ հեռո՜ւ-հեռու Հեզանազ Անուն...
   
   Թղթախաղի մեջ բախտս բանում է։
   Թղթախաղի մեջ բախտս չի բանում։
   Տապանաքարիս գրված Անունը
   Անունդ կտա Համզաչիմանում։
   
   ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՐԱԺԵՇՏ ԵՐԵՎԱՆԻՆ
   
   Իմ առաջին երգից ես մի բառ եմ հիշում,
   Որ գնչուհուն տվի գրոշների տեղակ,
   Սակայն հրաժեշտն այս ի՞նչ է կանխանշում,
   Շնացո՞ղ է քշում,
   Թե՞ աբեղա։
   
   Գուրգուրանքս կտամ կատուներին
   Եւ շներին կտամ խոսքերս ջերմ,
   Իսկ մարմրող լույսը քո տների
   Երակներիս կարմիր գիշերներում
   Լուսնահարի նման հար կշրջե։
   
   Փողոցներդ արդեն առավոտ են ծամում։
   Թող օրհնվի հավետ քո երեկոն,
   Որ ձգվում էր ինչպես ամերիկյան ծամոն...
   Օրհնյալ լինի նաեւ գիշերը քո։
   Մի աղջիկ կար -
   Կառչած քո առօրյա հոգսին։
   Մի մահճակալ -
   Հյուրանոցի երրորդ հարկում...
   Հետո պատմությունն այդ ողորկ ու սին
   Շարունակվեց ինչ-որ ներքնահարկում...
   
   Կամուրջներից կախվող քո կեսօրվա շոգը,
   Երեւան,
   Ուղեղս հար կխանձի։
   Շամիրամից շա՜տ ավելի խենթ ու վավաշոտ են
   Փափկամարմին տիկնայք հայաստանցի։
   
   Սո՛ւտ է, թե գերել են մեր արքային։
   Օ աչքե՛ր իմ, ձեր արցունքը թող չերեւա։
   Թող Լաուրան ների Պետրարկային...
   Մնաս բարով, մա՜յր իմ՝ իմ Երեւա՛ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter