HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Աշխարհը սկսվում է այստեղից

«Աշխարհի սկիզբն այստեղից է սկսվում, բայց երկրագնդից այսքան դուրս ենք» ,- երկու մատով մի փոքր տարածություն ցույց տալով` ասում է հիմնաշենցի Յուրան:

Ես Յուրային այլեւս չէի լսում, նա արդեն կես ժամ առանց դադարի խոսում էր ու կարծես թե ուզում էր Երեւանից իրենց հեռավոր գյուղում հայտնվածներիս միանգամից պատմել ամեն ինչ:

Ինը տարվա մենության, լքվածության, մտածմունքների մասին: Նա խմում էր թթի օղին եւ, ավելի տաքանալով, շարունակում խոսել:

Զրույցի ամբողջ ընթացքում ես մտածում էի նրա այդ մտքի մասին: Դրա մեջ բողոք կար բոլորիս դեմ: Յուրան ասում է, որ աշխարհն իրենց 4 ընտանիքով բնակեցված գյուղից է սկսում, սակայն իրենք երկրագնդից դուրս են, իրենք տեղ չունեն երկրագնդի վրա: Սա փայլուն ձեւակերպում էր, քաշաթաղցիների կարգավիճակի փայլուն ձեւակերպում:

Քաշաթաղի շրջանի Շալուա գետի հովտում կա 13 անհոսանք գյուղ: Դրանցից մեկն էլ Հիմնաշենն է: Այն բնակեցրել են «Արաբո» ջոկատի զինվորները: Գյուղապետը ջոկատի նախկին զինվորներից մեկն է` Գեւորգը: Գեւորգի ընտանիքը Երեւանից է: Գյուղում կար 15 ընտանիք, որոնցից 11-ը անցած տարիներին հեռացել են:

Յոթ երեխաների մայր Օֆիկ Մանուկյանն ասում է, որ արդեն հարմարվել են առանց հոսանքի ապրելուն: «Բայց շատ դժվար է փոքր երեխաներով էսքան տարի առանց լույսի ապրելը: Խանութ էլ չկա, երեխեքի շորերը լվանալու համար օճառ է պետք, բայց ոչ մի տեղից չենք կարող գնել, պիտի 60 կմ գնանք, հասնենք Բերձոր, էնտեղից առնենք: Այստեղից մինչեւ մի մեքենա է գնում, կարող է ամիսներ տեւի: Մի քանի տարի առաջ էստեղ մեքենա էր գալիս, հիմա չկա, լրիվ կտրվել ենք»,- ասում է Օֆիկը:

Երբ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղից տեղափոխվեցին Հիմնաշեն, Կամոն եւ Օֆիկը չորս տղա ունեին: Օֆիկն այստեղ ունեցել է եւս երեք երեխա` երկու տղա եւ մեկ աղջիկ: Տղաներից երկուսը բանակում են: Յոթերորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետությունը երեխայի անունով բանկում հաշիվ է բացել եւ հատկացրել 2 հազար դոլար: Մինչեւ երեխայի չափահաս դառնալն ընտանիքը չի կարող այդ գումարն օգտագործել, նրանք կարող են տնօրինել միայն տոկոսները:

Գյուղում հայտնված մեքենայի ձայնը Կամոյենց տուն էր բերել բոլոր գյուղացիներին: Այստեղ բոլորն ամեն ինչ գիտեն` ով ինչ է կերել այդ օրը, անասունը որքան կաթ է տվել, ում երեխան է հիվանդ: Այս մարդկանց կյանքում ուրիշ հետաքրքրություն չկա: Հիմնաշենցիները հավաքվել էին Կամոյենց տանը եւ ուզում էին խոսել: Այս մարդիկ շփվելու կարիք ունեն:

Յուրան երեք տղա ունի: Նրանցից մեկին ամուսնացրել է, մյուսը բանակում է, երրորդն էլ դպրոցական է: Յուրան դարձյալ խոսում է գյուղի էլեկտրաֆիկացման եւ տրանսպորտի մասին, եթե դրանք լինեն, հիմնաշենցիներն իրենց կենցաղային խնդիրները կլուծեն: «Մենք չենք կարողանում իրացնել մեր արտադրածը, բայց, փառք Աստծո, ողորմություն չենք խնդրում: Առաջին չորս տարիները շատ նեղ վիճակում էինք, հիմա լավ ենք: Հոգեբանորեն նույնն է, ապրելակերպը, համեմատած հինգ տարի առաջվան, լավ է»,- ասում է Յուրան:

Սեղանին արագ հայտնվում են մածունը, պանիրը, կանաչին եւ, իհարկե, հիմնաշենցիների պատրաստած տանձի օղու շշերը: Յուրան շարունակում է խոսել, նրա խոսակցությունը վերածվում է փիլիսոփայության: Իսկ փիլիսոփայության առանցքը հետեւյալն է` այստեղի մարդիկ ուզում են, որ իրենց մասին իմանան, խոսեն, որ մենակ չզգան, որ իրենք իրենց հայության մասնիկը զգան: Երբ ղարաբաղյան հարցի բանակցությունների մասին հարց տվեցի, Յուրան քմծիծաղ տալով ասաց. «Այս հողում գիտե՞ս ինչպիսի արմատներ ենք գցել: Բա մեր արմատները ո՞նց կարող ենք տալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter